Սերվիոս Տուլլիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերվիոս Տուլլիոս (լատ.՝ Servius Tullius) (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), ըստ ավանդության Հին Հռոմի վեցերորդ թագավորը (մեր թվարկությունից առաջ մոտավորապես 578-534/533 թվականներ)։ Ծագումով էտրուսկ։ Սերվիոս Տուլլիոսին են վերագրվում պետական կարգի ձևավորմանը նպաստող ռեֆորմները։ Ցենտուրիական ռեֆորմով ցեղային նախկին 3 տրիբուսները (յուրաքանչյուր տրիբուսում սկզբնապես կար 100 տոհմ) փոխարինվել են տերիտորիալ (21) տրիբուսներով, պլեբեյներն ընդգրկվել են հռոմեական համայնքի մեջ։ Հռոմի ամբողջ արական բնակչությունը գույքացենզով բաժանվել է 5 դասի, յուրաքանչյուր դասի որոշակի քանակությամբ ցենտուրիա (հարյուրյակ) է տրամադրել հռոմեական աշխարհազորին և դրան համապատասխան ձայն ստացել ցենտուրիական կոմիտիաներում։ Սերվիոս Տուլլիոսին վերագրվում են նաև կրոնական ռեֆորմներ, Հռոմի պարսպի կառուցումը։ Սերվիոս Տուլլիոսի ռեֆորմները ծանր հարված հասցրին տոհմական կարգին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png