Միխայիլ Լերմոնտով
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Միխայիլ Յուրևիչ Լերմոնտով (3.10.1814, Մոսկվա – 15.7.1841, Պյատիգորսկ), ռուս բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր:
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է պաշտոնաթող կապիտանի ընտանիքում, երեք տարեկանում զրկվել է մորից, դաստիարակվել տատի՝ Ե. Ա. Արսենևայի մոտ: Մանկությունն անցել է Պենզայի նահանգի Տարխանի (այժմ՝ Լերմոնտովո) գյուղում, մի քանի անգամ տատի հետ եղել է Կովկասում: 1827-ին տեղափոխվել է Մոսկվա, սովորել համալսարանին կից պանսիոնում, ապա՝ համալսարանում (1830-32): Ընդհարվելով հետադեմ դասախոսների հետ՝ Լ. կիսատ է թողել ուսումը, փոխադրվել Պետերբուրգ, սովորել յունկերական հեծելազորային դպրոցում (1832-1834): 1834-ից մինչև կյանքի վերջը եղել է զինվորական ծառայության մեջ: Լ. 1828-ից և մինչև 1832-ը գրել է մոտ 300 բանաստեղծություն, ինչպես նաև երկու տասնյակ պոեմ («Կովկասի գերին», «Վերջին զավակն ազատության», «Իզմայիլ Բեյ», «Մահվան հրեշտակ»), մի քանի դրամա («Իսպանացիներ», «Մարդիկ և կրքեր», «Տարօրինակ մարդը»): Լ. XIX դ. ռուս հեղափոխական ռոմանտիզմի վերջին խոշորագույն ներկայացուցիչն էր, դեկաբրիզմի ավանդույթների շարունակողը: «Վադիմ» (1832-34) անավարտ վեպում պատկերել է գյուղացիության տարերային ըմբոստացումը, իսկ «Դիմակահանդես» (1835) չափածո դրամայում արիստոկրատական վերնախավի հետ չհաշտվող, ընդվզող և կործանվող հերոսի (Արբենին) ողբերգական կերպարը:
Լերմոնտովի ճակատագրի և ստեղծագործության մեջ շրջադարձային կետ եղավ Պուշկինի սպանության առթիվ գրված «Պոետի մահը» (1837) բանաստեղծությունը: Նա աքսորվեց Կովկաս, որտեղ պետք է մասնակցեր լեռնեցիների դեմ ռազմ. գործողություններին: Լերմոնտովի կյանքի վերջին չորս տարիներն անցան մերթ Կովկասի տարբեր վայրերում, որտեղ նա երկրորդ անգամ աքսորվեց 1840-ի սկզբներին: Այդ շրջանում Լերմոնտովը գրեց իր լավագույնգոծերը: «Երգ… Կալաշնիկովի մասին» (1838) պոեմում, օգտագործելով ռուս. բիլինաների ոճն ու մոտիվներy, ստեղծեց ազատության և մարդկային արժանապատվության համար մարտնչող հերոսի կերպար: Լերմոնտովի հեղափոխական ռոմանտիզմի բարձրակետը եղան «Մծիրի» (1839) և «Դև» (1829-41) պոեմները: Այս, ինչպես և «Փախստականը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծություների ու բալլադների մեջ դեպքերը ծավալվում են կովկասյան բնության ֆոնի վրա: 1838-39-ին Լերմոնտովը գրեց «Մեր ժամանակի հերոսը» ռեալիստական վեպը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է: Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը վեպը դասում են համաշխարհային արձակի նվաճումների շարքը:
Վերջին անգամ 1841-ի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվեց մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում, մինչև այժմ լրիվ չպարզաբանված հանգամանքներում: Լերմոնտովի պոեզիան և արձակը հզոր ներգործություն ունեցան ռուս գրականության հետագա զարգացման վրա: Մեծ եղավ Լերմոնտովի ազդեցություն նաև հարևան ժողովուրդների, այդ թվում և հայ գրականության վրա: Նրա երկերի հայերեն թարգմանությունը սկսվել է անցյալ դարի 1840-ական թվականերից (Հ. Համազասպյանի, Մ. Նալբանյանի, Ս. Նազարյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Սադաթյանի թարգմանությունները): Լերմոնտովի ստեղծագործությունները թարգմանվել են նաև Ալ. Ծատուրյանը, Հ. Թումանյանը, Ե. Չարենցը, Ն. Զարյանը, Պ. Սևակը, Վ. Հովակիմյանը և ուրիշներ: Հայ կերպարվեստում լերմոնտովյան թեմաներով կտավներ են ստեղծվել Հ. Այվազովսկին, Վ. Սուրենյանցը, Գ. Բաշինջազյանը, Մ. Սարյանը, երաժշտության մեջ՝ Ա. Սպենդարյանը («Երեք արմավենի»), Ա. Խաչատրյանը («Դիմակահանդեսի» համար գրված երաժշտությունը): Հայ թատրոնում, Արբենինի դերում հանդես են եկել Պ. Ադամյանը, Վ. Փափազյանը, Վ. Վաղարշյանը: