Երվանդ Խարազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Խարազյան
Դիմանկար

Երո, իսկական անունը՝ Անուշավան Ղևոնդի Խարազյան ( ծնվել է 1883 թ․ի մարտի 14-ին Թբիլիսիում, համաձայն պաշտոնական տարբերակի, ինքնասպանություն է գործել 1938 թ․ին, թաղված է Երևանում՝ Նուբարաշենի գերեզմանատանը, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ։ Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։ Հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ամո Խարազյանի հարազատ եղբայրը։ Որոշ աղբյուրներում, հաշվի առնելով նրա երկրորդ անունը՝ Երո, ընդունված է եղել նրա մասին գրել նաև՝ Երվանդ Խարազյան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է թիֆլիսահայ հոգևորական Ղևոնդ ավագ քահանա Խարազյանի և նրա կնոջ՝ Եփեմիա Մելքոնյան-Խարազյանի ընտանիքում։ Ունեցել են 11 երեխա՝ երկու աղջիկ, ինը տղա։ Կնքվելիս ստացել է Անուշավան անունը։ Մայրը շուտ է մահացել և խնամքը հիմնականում ընկել է Ղևոնդ քահանայի վրա, որը միաժամանակ դասավանդել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս)։ Աշակերտներից մեկի հուշերի համաձայն հեղինակել է Եկեղեցու պատմության դասագիրքը, որով և դասավանդել են Ներսիսյան դպրոցում։ Նրա աշակերտների թվում է եղել նաև Հովհաննես Թումանյանը։ Ինքը Երվանդը սովորել է Կրասնոդարի ռեալական դպրոցում։ Այն ավարտել է 1904 թ․ին և հոր նախաձեռնությամբ կրթությունը շարունակել է Ֆրանսիայի Նանսի քաղաքի բժշկական համալսարանում, որը սակայն չի ավարտել։ Կապված 1907 թ․ին հոր՝ Ղևոնդ քահանա Խարազյանի մահվան հետ, նա վերադարձել է Թիֆլիս։ Նույն թվականին ավելի ուշ ամուսնացել է Նինա Մանուչարյանի հետ։ 1908 թ․ի հոկտեմբերի 18-ին ծնվել է զույգի միակ դուստրը՝ Էմմա Խարազյանը, որից հետո կրկին մեկնել է Ֆրանսիա կրթությունը շարունակելու, որտեղից 1909 թվականին վերադարձել է Թիֆլիս։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին՝ Կովկասյան ճակատում։ Ունտեր-օֆիցերի սպայական կոչմամբ ծառայել է Կովկասյան ճակատի 252-րդ Սամարյան դրուժինայի հետևակում, ապա 1917 թ․ին տեղափոխվել հետևակի 231-րդ պահեստազորային գումարտակ։ Նույն թ․ի ապրիլին արժանացել է պորուչիկի կրտսեր սպայական կազմի աստիճանի, որից հետո արդեն դարձել է կապիտան և տեղափոխվել նույն գումարտակի շտաբ։ Կապված Փետրվարյան հեղափոխությունից հետո քաղաքական վերադասավորումների հետ, նույն թ․ի նոյեմբերին դարձել է հայկական զինվորական խորհրդի գործադիր կոմիտեի անդամ, որն էլ կարգել է Երո Խարազյանին նախ ծառայության Նախիջևանի Ջուլֆայի կայազորում, որպես հրամանատար, ապա 1918 թ․ի ապրիլի 18-ին Հայաստանի առաջին հանրապետության մաս կազմող Նախիջևանի գավառում որպես արտակարգ լիազորություններով կոմիսար[1]։

Անդրանիկ Օզանյանի հայկական հատուկ գնդի հետ միասին փորձել է կարգավորել ռազմական դրությունը Նախիջևանում և կազմակերպել նախահարձակ թուրքական ուժերի նկատմամբ դիմադրությունը։

Հայաստանի խորհրդայնացումից հետո շարունակել է զինվորական ծառայությունն արդեն Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող զինված ուժերում։ 1923 թ․ին մարտին ավարտել է ծառայությունը։ Ակսել է հետաքրքրվել կինոմատոգրաֆիայով։ 1925 թ․ին նշանակվել է ՀԽՍՀ Պետկինոյի ղեկավար։ 1926-ին գործուղվել է Իրան՝ Թավրիզ, որտեղ կազմակերպել սովետական արտադրության՝ սոցիալիստական կարգերի և Հայաստանի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություններ, սակայն որոշ ժամանակ անց Թավրիզում գործող ԽՍՀՄ հյուպատոսարանի կողմից թիրախավորվել նախկին դաշնակցականների հետ հնարավոր կապերի պահպանման համար։ Վերադարձից հետո շատ կարճ ժամանակ անց զրկվել է իր զբաղեցրած պաշտոնից և աշխատել Լենինականի առաջին կինոթատրոնում, որտեղից կրկին վերադարձել է Երևան։

Հակահեղափոխական գործունեության մեղադրանքով ձերբակալվել է 1938 թ․ի մայիսի 17-ին։ Համաձայն պաշտոնական տարբերակի, հարցաքննությունների մեկի տեղափոխության ժամանակ, դուրս է ցատկել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ ԽՍՀՄ ՆԳԺԿի շենքի պատուհանից և մահացել։ Թաղված է Երևանում՝ Նուբարաշենի գերեզմանատանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամատունի Վիրաբյան և Սոնյա Միրզոյան - Армянские офицеры Первой мировой войны. Офицеры Армии Республики Армения в 1914-1920 гг.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Армянские офицеры Первой мировой войны. Офицеры Армии Республики Армения в 1914-1920 гг.