Տրիպտոֆան, β-ինդոլիլ, α-ամինապրոպիոնաթթու, կարևորագույն բնական ամինաթթու։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվ D, L և ռացեմիկ DL ձևերով։ Փոքր քանակությամբ մտնում է y-գլոբուլինների, կազեինի և այլ սպիտակուցների կազմության մեջ։ Լ-Տ-ի քայքայման արգասիքներից մարդու և կաթնասուններիբջիջներում առաջանում են նիկոտինաթթու (վիտամին РР) և սերոտոնին, միջատների օրգանիզմներում՝ աչքի պիգմենտներ, բույսերում՝ հետերոաուքսին, ինդիգո, մի շարք ալկալոիդներ։ Նեխման պրոցեսների ժամանակ աղիքներում տրիպտոֆանից առաջանում են սկատոլ և ինդոլ։ Տրիպտոֆանը անփոխարինելի ամինաթթու է։ Հասուն մարդու օրական պահանջը 0,25 գ է։ Տրիպտոֆանի փոխանակության խանգարումները հանգեցնում են մարդու և կենդանիների ծանր հիվանդությունների (տուբերկուլոզ, քաղցկեղ և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։