Jump to content

Վիջայանթհիմալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիջայանթհիմալա
անգլ.՝ Vyjayanthimala
թամիլերեն՝ வைஜெயந்திமாலா
Ծնվել էօգոստոսի 13, 1936(1936-08-13)[1] (88 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
ԿրթությունGood Shepherd Convent, Chennai?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի, քաղաքական գործիչ, պարուսույց և դերասանուհի
Ծնողներմայր՝ Վասունդհարա Դևի[3]
Երեխա(ներ)Սըչինդրա Դևի[4]
Պարգևներ և մրցանակներ

Վիջայանթհիմալա (հինդի` वैजयन्तीमाला, իրական անունը` Վիջայանթհիմալա Ռաման, ամուսնական անունը՝ Վիջայանթհիմալա Բալի, օգոստոսի 13, 1936(1936-08-13)[1], Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]), հնդիկ դերասանուհի, պարուհի, մանկավարժ, պարուսույց և քաղաքական գործիչ։ Ստեղծագործական կյանքի 20 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 65 ֆիլմում։ Կանացի լավագույն դերի համար երեք անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակին։ 1968 թվականին պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի պարգևով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիջայանթհիմալան ծնվել է Մադրասում (ներկայիս Չեննայ)` թամիլյան ուղղափառ հինդուիստների ընտանիքում։ Նրա մայրը` Վասունդարա Դևին, 1940-ական թվականների թամիլյան կինոյի դերասանուհի էր։ Երբ Վիջայանթհիմալան ծնվել է, նրա մայրը 16 տարեկան էր։ Տարիքային փոքր տարբերության պատճառով նրանք միմյանց ավելի շատ քույրերի նման էին վերաբերվում։ Քանի որ մայրը զբաղված էր նկարահանումներով, Վիջայանթհիմալայի դաստիարակությամբ զբաղվել են հայրը և մայրական տատը։

Վիջայանթհիմալան միջնակարգ դպրոցն ավարտել է Մադրասում։ Մանուկ հասակից սովորել է հնդկական դասական բհարատա-նատյամ պարային ոճը՝ արդյունքում դառնալով այդ ոճի պրոֆեսիոնալ պարուհի։ Միաժամանակ նա անցել է հնդկական դասական կարնատակ ոճի երաժշտության դասընթացներ։ 1939 թվականին՝ վեց տարեկանում Վիջայանթհիմալան Վատիկանում` Հռոմի Պիոս 12-րդ պապի առջև ելույթ է ունեցել իր պարային համարով՝ ստանալով նրա օրհնությունը։ 13 տարեկանից արդեն ելույթներ էր ունենում որպես պրոֆեսիոնալ պարուհի։ Հետագայում ` 1969 թվականին, նա ՄԱԿ-ի մարդու իրավունքների օրվան նվիրված 20-րդ տոնախմբությունների ժամանակ ելույթ է ունեցել իր պարային համարներով։

Պարային ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է ընտանիքի բարեկամ ռեժիսորներից մեկը և հրավիրել է կինոյում նկարահանվելու։ Կինոդեբյուտը կայացել է 1949 թվականին, երբ Վիջայանթհիմալան 15 տարեկան էր։ Առաջին ֆիլմը թամիլյան «Vazhkai» կինոնկարն էր։ Մի քանի ֆիլմերից հետո Բոլիվուդում նա Կիշոր Կումարի հետ միասին նկարահանվել է «Ladki» (1953 թ.) կինոնկարում։ Ֆիլմը բավականին հաջողված էր։ Վիջայանթհիմալային ճանաչում բերեց 1954 թվականին նկարահանված «Օձը» կինոնկարը։ Նրա լավագույն դերերից է նաև Բիմալ Ռոյի «Դևդաս» ֆիլմում պարուհու և կուրտիզանուհու կերպարը։ Այդ ֆիլմով սկսվեց նրա համագործակցությունը Դիլիպ Կումարի հետ։ Հետագայում նրանք միասին նկարահանվել են ևս յոթ ֆիլմում։ «Դևդաս» ֆիլմի համար Վիջայանթհիմալային շնորհվեց Filmfare Award՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար, սակայն դերասանուհին հրաժարվեց ընդունել մրցանակը՝ պատճառաբանելով, որ իր կարծիքով իր դերը երկրորդ պլանի դեր չէր և իր կերտած կերպարն այնքան կարևորություն ուներ, որքան Սուչիտրա Սենի հերոսուհին։ Դա Filmfare Award-ի պատմության մեջ առաջին և միակ նման դեպքն էր։

1956 թվականին Վիջայանթհիմալայի մասնակցությամբ միանգամից թողարկվեց յոթ ֆիլմ։ 1957 թվականին նա նկարահանվել է «Նոր դար» ֆիլմում, իսկ 1958 թվականին «Մադհումատի» կինոնկարում։ Նույն թվականին նա նկարահանվել է նաև «Սադհանա» ֆիլմում, որի համար էլ ստացել է իր առաջին Filmfare Awards մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ 1961 թվականին Վիջայանթհիմալան նկարահանվել է «Գանգա և Ջամնա» ֆիլմում ` ստանալով իր երկրորդ մրցանակը։ 1964 թվականին Ռաջ Կապուրի և Ռաջենդրա Կումարի հետ միասին նա նկարահանվել է «Սանգամ» կինոնկարում։ Ֆիլմը դարձավ հիթ և Վիջայանթհիմալան ստացավ իր երրորդ Filmfare Awards մրցանակը։ Հաջողված էին նաև «Zindagi» (1964 թ.) և «Արքայադուստրն ու ավազակը» (1966 թ.) ֆիլմերը։ Հաջորդ՝ «Ամրապալի» (1966 թ.) պատմական կինոնկարը հաջողություն չունեցավ։ 1967 թվականին նկարահանված «Արժեքներ առևանգողը» ֆիլմը նրան նոր հաջողություն բերեց։ Վիջայանթհիմալայի պարային համարը այդ ֆիլմում, համարվում է հնդկական կինոյի լավագույն պարերից մեկը։ Դերասանուհին նկարահանվել է նաև Դև Անանդի հետ՝ «Ամարդիպ» (1958 թ.) և «Դատախազի որդին» (1968 թ.) ֆիլմերում։

Ամուսնությունից և որդու ծնվելուց հետո Վիջայանթհիմալան դադարեց ֆիլմերում նկարահանվելուց, սակայն շարունակում էր իր պարային ելույթներով հանդես գալ աշխարհի բեմերում։ 1984 թվականին Թամիլնադ նահանգի ընտրություններում նա հանդես եկավ որպես Հնդկական Ազգային Կոնգրես կուսակցության թեկնածու և հաղթեց ընտրություններում ` մտնելով Հնդկաստանի խորհրդարանի ներքին պալատ։ 1989 թվականին նա կրկին առաջադրեց իր թեկնածությունը և կրկին հաղթեց։ 1999 թվականին դուրս եկավ Հնդկական Ազգային Կոնգրես կուսակցությունից և ընդունվեց Հնդկական Ժողովրդական կուսակցության շարքերը։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների Վիջայանթհիմալային սիրահարված է եղել Դիլիպ Կումարը։ Լուրեր էին պտտվում Ռաջ Կապուրի և Վիջայանթհիմալայի սիրավեպի մասին։ Սակայն դերասանուհին 1968 թվականին ամուսնացավ Ռաջ Կապուրի անձնական բժիշկ Չամանլալ Բալիի հետ։ Վերջինս ամուսնացած էր և ուներ երեք երեխա։ Հանուն Վիջայանթհիմալայի` նա լքեց իր ընտանիքը։ 1976 թվականին ծնվել է նրանց որդին, իսկ 1986 թվականին Չամանլալ Բալին մահացել է։

Այժմ Վիջայանթհիմալան զբաղվում է բարեգործությամբ։ Նա հիանալիորեն գոլֆ է խաղում և նույնիսկ մասնակցել է ազգային առաջնությանը։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1954 Օձը Nagin Մալա
1954 Միս Մալա Miss Mala -
1955 Դևդաս Devdas Չանդրամուքհի
1955 Աստղը Sitara Վեդա
1956 Նոր Դելի New Delhi Ջանակի Սուբրամանիամ
1957 Նոր դար Naya Daur Ռաջնի
1958 Ամարդիպ Amar Deep Արունա
1958 Մադհումատի Madhumati Մադհումատի, Մադհավի, Ռադհա
1958 Սադհանա Sadhna Չամպաբայ
1958 Արդարացում Raj Tilak Մանդակինի
1959 Կոչ Paigham Մանջու
1961 Գանգա և Ջամնա Gunga Jumna Դհանո
1961 Նվեր Nazrana Վասանտի
1964 Սանգամ Sangam Ռադհա
1964 Դավադրություն Leader արքայադուստր Սունիտա
1966 Արքայադուստրն ու ավազակը Suraj արքայադուստր Անուրադհա Սինգհ
1966 Ամրապալի Amrapali Ամրապալի
1966 Երկու սրտերի պատմությունը Do Dilon Ki Dastaan -
1967 Արժեքներ առևանգողը Jewel Thief Շալինի Սինգհ
1967 Կարճաժամկետ այցելություն Chhoti Si Mulaqat Ռուպա Չոուդհարի
1967 Շուկայական հրապարակ Hatey Bazarey Չհիպլի
1968 Դատախազի որդին Duniya Մալա
1968 Զուգընկերը Saathi Շանտի
1968 Հեղափոխություն Sunghursh Մուննի, Լեյլա Յասմին
1969 Արքայազնը Prince արքայադուստր Ամրիտա
1969 Միայն սեր Pyar Hi Pyar Կավիտա
1970 Դաժանություն Ganwaar Փարվատի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիջայանթհիմալա» հոդվածին։