Jump to content

Վիջայանթհիմալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիջայանթհիմալա
անգլ.՝ Vyjayanthimala
թամիլերեն՝ வைஜெயந்திமாலா
Ծնվել էօգոստոսի 13, 1936(1936-08-13)[1] (89 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
ԿրթությունGood Shepherd Convent, Chennai?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի, քաղաքական գործիչ, պարուսույց և դերասանուհի
Ծնողներմայր՝ Վասունդհարա Դևի[3]
Երեխա(ներ)Սըչինդրա Դևի[4]
Պարգևներ և մրցանակներ

Վիջայանթհիմալա (հինդի` वैजयन्तीमाला, իրական անունը` Վիջայանթհիմալա Ռաման, ամուսնական անունը՝ Վիջայանթհիմալա Բալի, օգոստոսի 13, 1936(1936-08-13)[1], Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]), հնդիկ դերասանուհի, պարուհի, մանկավարժ, պարուսույց և քաղաքական գործիչ։ Ստեղծագործական կյանքի 20 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 65 ֆիլմում։ Կանացի լավագույն դերի համար երեք անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակին։ 1968 թվականին պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի պարգևով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիջայանթհիմալան ծնվել է Մադրասում (ներկայիս Չեննայ)` թամիլյան ուղղափառ հինդուիստների ընտանիքում։ Նրա մայրը` Վասունդարա Դևին, 1940-ական թվականների թամիլյան կինոյի դերասանուհի էր։ Երբ Վիջայանթհիմալան ծնվել է, նրա մայրը 16 տարեկան էր։ Տարիքային փոքր տարբերության պատճառով նրանք միմյանց ավելի շատ քույրերի նման էին վերաբերվում։ Քանի որ մայրը զբաղված էր նկարահանումներով, Վիջայանթհիմալայի դաստիարակությամբ զբաղվել են հայրը և մայրական տատը։

Վիջայանթհիմալան միջնակարգ դպրոցն ավարտել է Մադրասում։ Մանուկ հասակից սովորել է հնդկական դասական բհարատա-նատյամ պարային ոճը՝ արդյունքում դառնալով այդ ոճի պրոֆեսիոնալ պարուհի։ Միաժամանակ նա անցել է հնդկական դասական կարնատակ ոճի երաժշտության դասընթացներ։ 1939 թվականին՝ վեց տարեկանում Վիջայանթհիմալան Վատիկանում` Հռոմի Պիոս 12-րդ պապի առջև ելույթ է ունեցել իր պարային համարով՝ ստանալով նրա օրհնությունը։ 13 տարեկանից արդեն ելույթներ էր ունենում որպես պրոֆեսիոնալ պարուհի։ Հետագայում ` 1969 թվականին, նա ՄԱԿ-ի մարդու իրավունքների օրվան նվիրված 20-րդ տոնախմբությունների ժամանակ ելույթ է ունեցել իր պարային համարներով։

Պարային ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է ընտանիքի բարեկամ ռեժիսորներից մեկը և հրավիրել է կինոյում նկարահանվելու։ Կինոդեբյուտը կայացել է 1949 թվականին, երբ Վիջայանթհիմալան 15 տարեկան էր։ Առաջին ֆիլմը թամիլյան «Vazhkai» կինոնկարն էր։ Մի քանի ֆիլմերից հետո Բոլիվուդում նա Կիշոր Կումարի հետ միասին նկարահանվել է «Ladki» (1953 թ.) կինոնկարում։ Ֆիլմը բավականին հաջողված էր։ Վիջայանթհիմալային ճանաչում բերեց 1954 թվականին նկարահանված «Օձը» կինոնկարը։ Նրա լավագույն դերերից է նաև Բիմալ Ռոյի «Դևդաս» ֆիլմում պարուհու և կուրտիզանուհու կերպարը։ Այդ ֆիլմով սկսվեց նրա համագործակցությունը Դիլիպ Կումարի հետ։ Հետագայում նրանք միասին նկարահանվել են ևս յոթ ֆիլմում։ «Դևդաս» ֆիլմի համար Վիջայանթհիմալային շնորհվեց Filmfare Award՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար, սակայն դերասանուհին հրաժարվեց ընդունել մրցանակը՝ պատճառաբանելով, որ իր կարծիքով իր դերը երկրորդ պլանի դեր չէր և իր կերտած կերպարն այնքան կարևորություն ուներ, որքան Սուչիտրա Սենի հերոսուհին։ Դա Filmfare Award-ի պատմության մեջ առաջին և միակ նման դեպքն էր։

1956 թվականին Վիջայանթհիմալայի մասնակցությամբ միանգամից թողարկվեց յոթ ֆիլմ։ 1957 թվականին նա նկարահանվել է «Նոր դար» ֆիլմում, իսկ 1958 թվականին «Մադհումատի» կինոնկարում։ Նույն թվականին նա նկարահանվել է նաև «Սադհանա» ֆիլմում, որի համար էլ ստացել է իր առաջին Filmfare Awards մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ 1961 թվականին Վիջայանթհիմալան նկարահանվել է «Գանգա և Ջամնա» ֆիլմում ` ստանալով իր երկրորդ մրցանակը։ 1964 թվականին Ռաջ Կապուրի և Ռաջենդրա Կումարի հետ միասին նա նկարահանվել է «Սանգամ» կինոնկարում։ Ֆիլմը դարձավ հիթ և Վիջայանթհիմալան ստացավ իր երրորդ Filmfare Awards մրցանակը։ Հաջողված էին նաև «Zindagi» (1964 թ.) և «Արքայադուստրն ու ավազակը» (1966 թ.) ֆիլմերը։ Հաջորդ՝ «Ամրապալի» (1966 թ.) պատմական կինոնկարը հաջողություն չունեցավ։ 1967 թվականին նկարահանված «Արժեքներ առևանգողը» ֆիլմը նրան նոր հաջողություն բերեց։ Վիջայանթհիմալայի պարային համարը այդ ֆիլմում, համարվում է հնդկական կինոյի լավագույն պարերից մեկը։ Դերասանուհին նկարահանվել է նաև Դև Անանդի հետ՝ «Ամարդիպ» (1958 թ.) և «Դատախազի որդին» (1968 թ.) ֆիլմերում։

Ամուսնությունից և որդու ծնվելուց հետո Վիջայանթհիմալան դադարեց ֆիլմերում նկարահանվելուց, սակայն շարունակում էր իր պարային ելույթներով հանդես գալ աշխարհի բեմերում։ 1984 թվականին Թամիլնադ նահանգի ընտրություններում նա հանդես եկավ որպես Հնդկական Ազգային Կոնգրես կուսակցության թեկնածու և հաղթեց ընտրություններում ` մտնելով Հնդկաստանի խորհրդարանի ներքին պալատ։ 1989 թվականին նա կրկին առաջադրեց իր թեկնածությունը և կրկին հաղթեց։ 1999 թվականին դուրս եկավ Հնդկական Ազգային Կոնգրես կուսակցությունից և ընդունվեց Հնդկական Ժողովրդական կուսակցության շարքերը։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների Վիջայանթհիմալային սիրահարված է եղել Դիլիպ Կումարը։ Լուրեր էին պտտվում Ռաջ Կապուրի և Վիջայանթհիմալայի սիրավեպի մասին։ Սակայն դերասանուհին 1968 թվականին ամուսնացավ Ռաջ Կապուրի անձնական բժիշկ Չամանլալ Բալիի հետ։ Վերջինս ամուսնացած էր և ուներ երեք երեխա։ Հանուն Վիջայանթհիմալայի` նա լքեց իր ընտանիքը։ 1976 թվականին ծնվել է նրանց որդին, իսկ 1986 թվականին Չամանլալ Բալին մահացել է։

Այժմ Վիջայանթհիմալան զբաղվում է բարեգործությամբ։ Նա հիանալիորեն գոլֆ է խաղում և նույնիսկ մասնակցել է ազգային առաջնությանը։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1954ՕձըNaginՄալա
1954Միս ՄալաMiss Mala-
1955ԴևդասDevdasՉանդրամուքհի
1955ԱստղըSitaraՎեդա
1956Նոր ԴելիNew DelhiՋանակի Սուբրամանիամ
1957Նոր դարNaya DaurՌաջնի
1958ԱմարդիպAmar DeepԱրունա
1958ՄադհումատիMadhumatiՄադհումատի, Մադհավի, Ռադհա
1958ՍադհանաSadhnaՉամպաբայ
1958ԱրդարացումRaj TilakՄանդակինի
1959ԿոչPaighamՄանջու
1961Գանգա և ՋամնաGunga JumnaԴհանո
1961ՆվերNazranaՎասանտի
1964ՍանգամSangamՌադհա
1964ԴավադրությունLeaderարքայադուստր Սունիտա
1966Արքայադուստրն ու ավազակըSurajարքայադուստր Անուրադհա Սինգհ
1966ԱմրապալիAmrapaliԱմրապալի
1966Երկու սրտերի պատմությունըDo Dilon Ki Dastaan-
1967Արժեքներ առևանգողըJewel ThiefՇալինի Սինգհ
1967Կարճաժամկետ այցելությունChhoti Si MulaqatՌուպա Չոուդհարի
1967Շուկայական հրապարակHatey BazareyՉհիպլի
1968Դատախազի որդինDuniyaՄալա
1968ԶուգընկերըSaathiՇանտի
1968ՀեղափոխությունSunghurshՄուննի, Լեյլա Յասմին
1969ԱրքայազնըPrinceարքայադուստր Ամրիտա
1969Միայն սերPyar Hi PyarԿավիտա
1970ԴաժանությունGanwaarՓարվատի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիջայանթհիմալա» հոդվածին։