Բիմալ Ռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիմալ Ռոյ
բենգալերեն՝ বিমল রায়
Ծնվել էհուլիսի 12, 1909(1909-07-12)[1]
ԾննդավայրԴաքքա, Eastern Bengal and Assam, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 7, 1966(1966-01-07)[3] (56 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունԿալկաթայի համալսարան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող
Երեխա(ներ)Rinki Bhattacharya?
Պարգևներ և մրցանակներ
bimalroymemorial.org/default/

Բիմալ Ռոյ (բենգալի` বিমল রায়, հուլիսի 12, 1909(1909-07-12)[1], Դաքքա, Eastern Bengal and Assam, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - հունվարի 7, 1966(1966-01-07)[3], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և օպերատոր։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանել է 17 գեղարվեստական կինոնկար և մի քանի վավերագրական ֆիլմեր։ Որպես լավագույն ռեժիսոր յոթ անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի։ Համարվում է հնդկական կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկը։ Նրա ֆիլմերը չորս անգամ արժանացել են Filmfare Award մրցանակի` որպես լավագույն ֆիլմ և վեց անգամ Հնդկաստանի Ազգային Կինոմրցանակի՝ տարբեր աստիճանակարգերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիմալ Ռոյը ծնվել է ներկայիս Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի մոտ գտնվող Սուապուր գյուղում ` կալվածատիրոջ ընտանիքում։ Ընտանիքի ութ երեխաներից վեցերորդն էր։ 1930 թվականին իր այրիացած մոր և երկու եղբայրների հետ տեղափոխվել է Կալկաթա։ 1932-1933 թվականներին կինոխցիկով աշխատելու ունակության շնորհիվ, նա աշխատանք է գտել վավերագրական ֆիլմերի նկարահանման ասպարեզում։ Այնուհետև աշխատել է որպես գովազդային լուսանկարիչ և օպերատորի օգնական։ Որպես օպերատոր, մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի նկարահանումների։

Բիմալ Ռոյի ռեժիսորական դեբյուտը բենգալերեն լեզվով 1944 թվականին նկարահանված «Առավոտյան ճանապարհին» կինոնկարն է։ 1945 թվականին ֆիլմը վերանկարահանվել է հինդի լեզվով՝ «Ուղեկիցները» վերնագրով։ 1950 թվականին Բիմալ Ռոյը տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ 1952 թվականին նկարահանել է «Մոր սերը» կինոնկարը։ Նույն թվականին հիմնել է իր սեփական Bimal Roy Production ստուդիան։ Հաջորդ 11 տարիների ընթացքում նա բեմադրել է 13 կինոնկար, որոնք ունեցել են հսկայական հաջողություններ։ 1953 թվականին Բիմալ Ռոյը նկարահանել է «Երկու բիգհ հող» կինոնկարը, որը Կաննի և Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոններում արժանացել է մրցանակների։ 1955 թվականին Բիմալ Ռոյը նկարահանել է «Դևդաս» կինոնկարը՝ Դիլիպ Կումարի և Վիջայանթհիմալայի գլխավոր դերակատարմամբ։ Հաջորդ ֆիլմը կրկին Դիլիպ Կումարի և Վիջայանթհիմալայի մասնակցությամբ նկարահանված «Մադհումատի» (1958 թ.) կինոնկարն է, որը դարձավ 1950-ական թվականների հիթերից մեկը։

Բիմալ Ռոյի հետագա ֆիլմերում առաջ էր մղվում կնոջ դերը հասարակության մեջ, հատկապես կարևորվում էին կանանց նկատմամբ բռնաճնշումների և շահագործման թեմաները։ Այդպիսի ֆիլմերից էին «Բիրաջ Բահու» (1954 թ.), «Անձեռնմխելին» (1959 թ.), «Կալանավորուհին» (1963 թ.) և այլ ֆիլմեր։

Բիմալ Ռոյի ազդեցությունը խոր հետևանքներ է թողել ինչպես հնդկական, այնպես էլ համաշխարհային կինեմատոգրաֆի վրա։ Նրա ֆիլմերով ներշնչված շատ կինոգործիչներ հետագայում նկարահանել են բազմաթիվ կինոարժեքներ։ Բիմալ Ռոյի ֆիլմերը մինչ օրս ցուցադրվում են խոշորագույն միջազգային և ազգային կինոփառատոններում։ Ներկայումս նրա ֆիլմերը Պունայում գտնվող Հնդկաստանի Ազգային Կինոարխիվի կողմից վերականգնվել ու թվայնացվել են։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Բիմալ Ռոյն ամուսնացել է Հնդկաստանի առաջին կին-լուսանկարչուհիներից մեկի՝ Մանոբինա Ռոյի հետ և ունեցել չորս երեխա՝ երեք դուստր և մեկ որդի։ Նրա ավագ դուստրը՝ Ռինկի Բհատտաչարյան, հայտնի գրող, լրագրող և կինովավերագրող է։

Բիմալ Ռոյը մահացել է 1966 թվականի հունվարի 7-ին՝ թոքերի քաղցկեղից։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1944  Առավոտյան ճանապարհին Udayer Pathey
1945  Ուղեկիցները Hamrahi
1948  Անջանգարհ Anjangarh
1949  Հմայվածը Mantramugdhu
1950  Ամենաառաջին մարդը Pehla Aadmi
1952  Մոր սերը Maa
1953  Ամուսնացածը Parineeta
1953  Երկու բիգհ հող Do Bigha Zamin
1954  Հայր ու դուստր Baap Beti
1954  Բիրաջ Բահու Biraj Bahu
1954  Ծառայություն Naukari
1955  Դևդաս Devdas
1958  Հրեուհին Yahudi
1958  Մադհումատի Madhumati
1960  Փորձություն Parakh
1960  Անձեռնմխելին Sujata
1962  Սիրային նամակներ Prem Patra
1963  Կալանավորուհին Bandini

Պրոդյուսեր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1952  Մոր սերը Maa
1953  Երկու բիգհ հող Do Bigha Zamin
1954  Ծառայություն Naukari
1955  Դևդաս Devdas
1955  Գրավատուն Amaanat
1956  Ընտանիք Parivar
1957  Ով է հանցագործը Apradhi Kaun?
1958  Մադհումատի Madhumati
1960  Փորձություն Parakh
1960  Անձեռնմխելին Sujata
1960  Նա ասաց Usne Kaha Tha
1961  Քաբուլցին Kabuliwala
1962  Սիրային նամակներ Prem Patra
1963  Կալանավորուհին Bandini
1964  Բենազիր Benazir

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #130617911 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիմալ Ռոյ» հոդվածին։