Լրացման սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրացման սկզբունք, քվանտային մեխանիկայի կարևորագույն սկզբունքներից մեկը։ Ձևակերպել է Նիլս Բորը 1927 թ, ՝ ելնելով միկրոմասնիկների ալիքային և մասնիկային հատկություններից։ Ըստ լրացման սկզբունքի՝ քվանտային երևույթների տիրույթում որևէ համակարգի առավել ընդհանուր ֆիզիկական հատկությունները պետք է արտահայտվեն իրար լրացնող անկախ փոփոխականների զույգերով, որոնցից յուրաքանչյուրը ավելի ճիշտ կարող է որոշվել մյուսի անորոշության մեծացման հաշվին։

Փոխլրացնող փոփոխականների զույգեր են՝

Լրացման սկզբունքի մասնավոր դեպքերից է Հայզենբերգի անորոշությունների սկզբունքը։

Լրացման սկզբունքն ընկած է քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանման[1] և միկրոօբյեկտների բնութագրերի չափման պրոցեսի հիմքում[2]։

Ելնելով լրացման սկզբունքից՝ Բորը ցույց տվեց, որ բնության ֆիզիկական պատկերի երկու հակադիր կողմերը (դասական և քվանտային) իրար լրացնում են և որ այդ պատկերի ամբողջական նկարագրման համար անհրաժեշտ է միավորել դասական և քվանտային պատկերացումները։ Նման մոտեցումը հնարավորություն տվեց մատերիալիստորեն մեկնաբանելու քվանտային մեխանիկայի փիլիսոփայական հիմքերը։ Միկրոմասնիկը դասական իմաստով ոչ ալիք է և ոչ էլ մասնիկ, նրա նկարագրման համար փորձնական որոշ պայմանների դեպքում պետք է ելնել մասնիկային, իսկ որոշ պայմանների դեպքում՝ ալիքային հատկություններից։ Այդ երկու հակադիր պատկերացումները գտնվում են իրար լրացնող այնպիսի հարաբերակցության մեջ, որը թույլ է տալիս քվանտային մեխանիկայում դասական հասկացությունները կիրառել առանց որևէ հակասության։ Սա քվանտային մեխանիկայի, այսպես կոչված, Կոպենհագենյան մեկնաբանման առաջին ուղղությունն է։ Համաձայն լրացման սկզբունքի, Բորը ցույց է տվել, որ իմացության տարբեր ոլորտներում երկու հակադիր իրավիճակներ նկարագրող հասկացությունների խմբերը միանգամայն համարժեք են։ Բորը դեմ էր այդ սկզբունքի հիման վրա դասական տրամաբանության օրենքների որևէ փոփոխման, վկայակոչելով այն հանգամանքը, որ ամեն մի փորձնական տվյալ, վերջին հաշվով, պետք է արտահայտել սովորական լեզվով։

Լրացման սկզբունքի էական կարևորության պատճառով Վոլֆգանգ Պաուլին առաջարկեց քվանտային մեխանիկան անվանել «լրացման տեսություն»՝ հարաբերականության տեսության համանմանությամբ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эволюция понятий квантовой механики / Макс Джеммер; Пер. с англ. В. Н. Покровского; Под ред. [и с предисл.] Л. И. Пономарева. М. : Наука, 1985. С. 348.
  2. Эволюция понятий квантовой механики / Макс Джеммер; Пер. с англ. В. Н. Покровского; Под ред. [и с предисл.] Л. И. Пономарева. М. : Наука, 1985. С. 357.
  3. Эволюция понятий квантовой механики / Макс Джеммер; Пер. с англ. В. Н. Покровского; Под ред. [и с предисл.] Л. И. Пономарева. М. : Наука, 1985. С. 343.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։