Բազմաթիվ աշխարհների մեկնաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվանտամեխանիկական «Շրյոդինգերի կատվի» պարադոքսն ըստ բազմաթիվ աշխարհների մեկնաբանության։ Այս մեկնաբանությամբ յուրաքանչյուր իրադարձություն առանձին ճյուղի կետ է․ կատուն և՛ մեռած է, և՛ ողջ, նույնիսկ արկղը բացելուց առաջ, բայց «մեռած» և «ողջ» կատուները տիեզերքի տարբեր «ճյուղերում» են, որոնք հավասարապես իրական են, բայց մեկը մյուսի հետ չի փոխազդում։[1]

Բազմաթիվ աշխարհների մեկնաբանություն, քվանտային մեխանիկայի մեկնաբանություն, որը հաստատում է տիեզերական ալիքային ֆունկցիայի օբյեկտիվ ռեալիզմը և ժխտում է ալիքային ֆունկցիայի կոլապսի իրականությունը։ Բազմաթիվ աշխարհները նշանակում են, որ բոլոր հնարավոր այլընտրանքային պատմությունները և ապագաները իրական են․ դրանցից յուրաքանչյուրը իրական «աշխարհ» (կամ «տիեզերք») է նկարագրում։ Պարզ ասած, այս հիպոթեզը պնդում է, որ կան շատ մեծաթիվ, հավանաբար անսահման[2] քանակով տիեզերքներ, և որ ամեն ինչ, որ հնարավոր է տեղի ունենար մեր անցյալում, բայց չի կատարվել, տեղի է ունեցել մեկ այլ տիեզերքի կամ տիեզերքների անցյալում։ Այս տեսությունը հայտնի է նաև հարաբերական վիճակի ձևակերպում, Էվերետի մեկնաբանություն, տիեզերական ալիքային ֆունկցիայի տեսություն, բազմաթիվ տիեզերքների մեկնաբանություն կամ պարզապես բազմաթիվ աշխարհներ անունով։

Հարաբերական վիճակի սկզբնական ձևակերպումը տվել է Հյու Էվերետը 1957 թվականին[3][4]։ Ավելի ուշ՝ 1960-ականներին և 1970-ականներին, Բրյուս Դևիթը ձևակերպումը հանրամատչելի դարձրեց և անվանեց բազմաթիվ աշխարհներ[1][5][6][7]։ Քվանտային տեսության մեկնաբանության վերաբերյալ դեկոհերենտության մոտեցումը ընդլայնվեց և մշակվեց[8][9][10]՝ դառնալով հանրաճանաչ։ Ֆիզիկայում և փիլիսոփայության մեջ բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունը բազմատիեզերքի հիպոթեզներից մեկն է։ Ներկայումս այն մյուս դեկոհերենտության մեկնաբանությունների հետ (կոլապսի տեսությունը, ներառյալ պատմական կոպենհագենյան մեկնաբանությունը[11] և թաքնված փոփոխականների տեսությունը, ինչպես օրինակ դը Բրոյլ-Բոմի տեսությունը) համարվում է գերիշխող մեկնաբանություն։

Բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունից առաջ իրականությունը միշտ դիտարկվում էր որպես միակ բացահայտ պատմություն։ Մինչդեռ բազմաթիվ աշխարհներում իրականությունը դիտարկվում է որպես բազմաթիվ ճյուղերով ծառ, որտեղ յուրաքանչյուր հնարավոր քվանտային ելք իրականանում է[12]։ Բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունը հաշտեցնում է ոչ դետերմինիստական իրադարձությունը, ինչպես օրինակ պատահական ռադիոակտիվ տրոհումն է, քվանտային մեխանիկայի ամբողջապես դետերմինիստական հավասարումների հետ։

Բազմաթիվ աշխարհների մեկնաբանության մեջ ալիքային ֆունկցիայի կոլապսի սուբյեկտիվ տեսքը բացատրվում է քվանտային դեկոհերենտության մեխանիզմով, և ենթադրվում է, որ սա պետք է լուծի քվանտային մեխանիկայի բոլոր կոռելյացիոն պարադոքսները, ինչպես օրինակ Այնշտայն-Պոդոլսկի-Ռոզենի պարադոքսը[13][14] և Շրյոդինգերի կատուն[1], քանի որ յուրաքանչյուր իրադարձության յուրաքանչյուր հնարավոր ելք գոյություն ունի իր սեփական «պատմության» մեջ կամ «աշխարհում» կամ սահմանում է դրանք։

Հիմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մինչև Հյու Էվերետի սկզբնական աշխատանքը բազմաթիվ աշխարհների մի քանի տարբերակներ էին առաջարկվել[4], դրանք բոլորը մեկ գաղափար էին արտահայտում․ ֆիզիկայի հավասարումները, որոնք մոդելավորում են համակարգերի ժամանակային էվոլյուցիան առանց դիտորդներ ներառելու, բավական են մոդելավորելու համար այնպիսի համակարգեր, որոնք ներառում են դիտորդներ․ մասնավորապես, գոյություն չունի դիտման հետևանքով առաջացած ալիքային ֆունկցիայի կոլապս, ինչն առաջարկում է կոպենհագենյան մեկնաբանությունը։ Եթե ընդունենք, որ տեսությունը գծային է ալիքային ֆունկցիայի նկատմամբ, ապա մոդելավորված քվանտային մեխանիկայի ճշգրիտ տեսքը, լինի դա ոչ ռելյատիվիստական Շրյոդինգերի հավասարումը, ռելյատիվիստական քվանտային դաշտի տեսությունը կամ քվանտային գրավիտացիայի կամ լարերի տեսության որևէ տարբերակ, չի խախտում բազմաթիվ աշխարհների մեկնաբանության հիմնավորվածությունը, քանի որ բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունը մետատեսություն է, որն ընդունելի է բոլոր գծային քվանտամեխանիկական տեսություններում, և ֆիզիկայում ալիքային ֆունկցիայի ոչ գծայնությունը վկայող որևէ փորձնական հաստատում չկա[15][16]։ Բազմաթիվ աշխարհների մեկնաբանության հիմնական եզրակացությունն այն է, որ տիեզերքը (կամ, այս կոնտեքստում, մուլտիվերսը) կազմված է շատ, հավանաբար անհաշվելի[2] անվերջ ճյուղավորվող, չփոխազդող զուգահեռ տիեզերքներից կամ քվանտային աշխարհներից[7]։

Բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունը սկզբնավորվել է Էվերետի «Տիեզերական ալիքային ֆունկցիայի տեսությունը»[7] դոկտորական թեզում (Պրինստոնի համալսարան), որը մշակվել է թեզի խորհրդատու Ջոն Արչիբալդ Ուելլերի ղեկավարությամբ։ Թեզի ավելի կարճ ամփոփ տարբերակը հրապարակվել է 1957 «Քվանտային վիճակի հարաբերական վիճակի ձևակերպումը» վերնագրով (վերնագրի «հարաբերական վիճակի» ձևակերպումը Ուելլերին է)[17]։ Սկզբնապես Էվերետն իր մոտեցումն անվանել է «կոռելյացիոն մեկնաբանություն», որտեղ «կոռելյացիոնը» վերաբերում է քվանտային խճճվածությանը։ «Բազմաթիվ աշխարհներ» արտահայտությունը Բրյուս Դևիթինն է[7], որը շնորհիվ Էվերետի տեսությունը ավելի հանրաճանաչ դարձավ։ Դևիթի «բազմաթիվ աշխարհները» ավելի հանրաճանաչ դարձավ, քան Էվերետի «տիեզերական ալիքային ֆունկցիան» կամ Էվերետ-Ուելլերի «հարաբերական վիճակի ձևակերպումը», այնպես որ շատերը մոռացան, որ սա պարզապես տերմինների տարբերություն է, և Էվերետի ու Դևիթի հանրամատչելի հոդվածների բովանդակությունը նույնն է։

Բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունը շատ նմանություններ է կիսում քվանտային մեխանիկայի հետագա, «հետէվերետյան» մեկնաբանությունների հետ, որոնք նույնպես կիրառում են դեկոհերենտությունը՝ բացատրելու համար չափումների պրոցեսը կամ ալիքային ֆունկցիայի կոլապսը։ Բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունը մյուս պատմություններին կամ աշխարհներին վերաբերում է որպես իրականի, քանի որ տիեզերական ալիքային ֆունկցիան համարում է «հիմնական ֆիզիկական էություն»[18] կամ «հիմնարար էություն, որը բոլոր ժամանակներում ենթարկվում է դետերմինիստական ալիքային ֆունկցիային»[19]։ Մյուս դեկոհերենտային մեկնաբանությունները, ինչպիսիք են կայուն պատմությունները, էկզիստենցիալ մեկնաբանությունը և այլն, կամ վերաբերում են հավելյալ քվանտային աշխարհներին որպես մետաֆորիկ ինչ-որ իմաստով, կամ ագնոստիկ են իրենց իրականության նկատմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bryce Seligman DeWitt, Quantum Mechanics and Reality: Could the solution to the dilemma of indeterminism be a universe in which all possible outcomes of an experiment actually occur?, Physics Today, 23(9) pp 30–40 (September 1970) "every quantum transition taking place on every star, in every galaxy, in every remote corner of the universe is splitting our local world on earth into myriads of copies of itself." See also Physics Today, letters followup, 24(4), (April 1971), pp 38–44
  2. 2,0 2,1 Osnaghi, Stefano; Freitas, Fabio; Olival Freire, Jr (2009). «The Origin of the Everettian Heresy» (PDF). Studies in History and Philosophy of Modern Physics. 40: 97–123. doi:10.1016/j.shpsb.2008.10.002. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  3. Hugh Everett Theory of the Universal Wavefunction, Thesis, Princeton University, (1956, 1973), pp 1–140
  4. 4,0 4,1 Everett, Hugh (1957). «Relative State Formulation of Quantum Mechanics». Reviews of Modern Physics. 29: 454–462. Bibcode:1957RvMP...29..454E. doi:10.1103/RevModPhys.29.454.
  5. Cecile M. DeWitt, John A. Wheeler eds, The Everett–Wheeler Interpretation of Quantum Mechanics, Battelle Rencontres: 1967 Lectures in Mathematics and Physics (1968)
  6. Bryce Seligman DeWitt, The Many-Universes Interpretation of Quantum Mechanics, Proceedings of the International School of Physics "Enrico Fermi" Course IL: Foundations of Quantum Mechanics, Academic Press (1972)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Bryce Seligman DeWitt, R. Neill Graham, eds, The Many-Worlds Interpretation of Quantum Mechanics, Princeton Series in Physics, Princeton University Press (1973), ISBN 0-691-08131-X Contains Everett's thesis: The Theory of the Universal Wavefunction, pp 3–140.
  8. H. Dieter Zeh, On the Interpretation of Measurement in Quantum Theory, Foundation of Physics, vol. 1, pp. 69–76, (1970).
  9. Wojciech Hubert Zurek, Decoherence and the transition from quantum to classical, Physics Today, vol. 44, issue 10, pp. 36–44, (1991).
  10. Wojciech Hubert Zurek, Decoherence, einselection, and the quantum origins of the classical, Reviews of Modern Physics, 75, pp 715–775, (2003)
  11. «The Many Worlds Interpretation of Quantum Mechanics». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  12. David Deutsch argues that a great deal of fiction is close to a fact somewhere in the so called multiverse, Beginning of Infinity, p. 294
  13. Bryce Seligman DeWitt, R. Neill Graham, eds, The Many-Worlds Interpretation of Quantum Mechanics, Princeton Series in Physics, Princeton University Press (1973), ISBN 0-691-08131-X Contains Everett's thesis: The Theory of the Universal Wavefunction, where the claim to resolves all paradoxes is made on pg 118, 149.
  14. Hugh Everett, Relative State Formulation of Quantum Mechanics, Reviews of Modern Physics vol 29, (July 1957) pp 454–462. The claim to resolve EPR is made on page 462
  15. Steven Weinberg, Dreams of a Final Theory: The Search for the Fundamental Laws of Nature (1993), ISBN 0-09-922391-0, pg 68–69
  16. Steven Weinberg Testing Quantum Mechanics, Annals of Physics Vol 194 #2 (1989), pg 336–386
  17. John Archibald Wheeler, Geons, Black Holes & Quantum Foam, ISBN 0-393-31991-1. pp 268–270
  18. Everett 1957, section 3, 2nd paragraph, 1st sentence
  19. Everett [1956]1973, "Theory of the Universal Wavefunction", chapter 6 (e)