Սաբաթայ Զևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբաթայ Զևի
שַׁבְּתַי צְבִי
Ծնվել էօգոստոսի 1, 1626(1626-08-01)[1] Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 17, 1676(1676-09-17)[1][2] (50 տարեկան) Ուլցին, Չեռնոգորիա
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Դավանանքիսլամ, հուդայականություն, Sabbateans? և Կաբալա
ՄասնագիտությունՄիստիկա և ռաբբի
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինեբրայերեն և թուրքերեն
 Shabbatai Tzvi Վիքիպահեստում

Սաբաթայ Զևի (եբր.՝ שַׁבְּתַי צְבִי, այլ արտասանություններով` Սաբաթայ Զևի, Շաբեթայ Սեբի, Սաբաթայ Սևի, Շհաբսայ Ցվի կամ Սաբեթայ Սևի) (օգոստոսի 1, 1626(1626-08-01)[1], Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 17, 1676(1676-09-17)[1][2], Ուլցին, Չեռնոգորիա), հայտնի կաբալիստ և կեղծ Մեսիա, ով աջակիցների աննախադեպ զանգված է ձեռք բերում և զգայուն հարված է հասցնում հրեական ավանդական հոգևորականության դիրքերին Եվրոպայում և Մերձավոր Արևելքում[3]։ Հրապարակայնորեն հրաժարվել է հուդայական հավատքից և իսլամ է ընդունել։ Թուրքիայում Սաբաթայ Զևիի հետևորդները հայտնի էին դյոնմե (թուրքերեն՝ Dönme, հավատուրացներ) անվան տակ[4]։ Նրանք նշանավոր դեր են խաղացել Թուրքիայի աշխարհիկացման և մոդերնիզացիայի գործում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ շրջանը և կայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբաթայ Զևին ծնվել է 1626 թվականին Թուրքիայի Սմիրնա քաղաքում։ Նրա ծնողները ծագումով Հունաստանից էին, որտեղից նրանք տեղափոխվել էին Թուրքիա։ Նրա հայրը վաճառական էր, ով աշխատում էր Եվրոպայից ժամանած առևտրականների հետ[6]։ Սաբաթայը վաղ տարիքից ցուցաբերում էր բարձր մտավոր կարողություններ և լավ հիշողություն։ Քսան տարեկանում նա ձեռնադրվում է որպես ռաբբի՝ Սմիրնայի մի խումբ առաջատար ռաբբիների կողմից։ Նրան համարում էին Կաբալայի գիտակ ։ Ունենալով վառ անհակատակնություն և կայացած համբավ, Սաբաթայը բազմաթիվ հետևորդներ է ձեռք բերում Սմիրնայի և Թուրքիայի մյուս հրեական համայնքներում։

Սաբաթային հատուկ էին տրամադրության սուր անկումները և ընկճախտի երկար շրջանները։ Նա ապրում էր ասկետիկ կյանքով, շաբաթներ շարունակ պահք էր պահում, խմում էր միայն ջուր, զբաղվում էր ինքնախարազանմամբ(որը տարածված երևույթ էր հատկապես շիաների մոտ), ծիսական լոգանքներ էր ընդնումում օրական քսանից երեսուն անգամ։ Երբեմն Սաբաթայը վարում էր ճգնավորի կյանք և պարբերաբար մեկուսանում էր ամայի վայրերում։ Հետզհետե Սաբաթայի և Սմիրնայի ռաբիննների միջև անջրպետ է գոյանում։

Ինքնակոչ Մեսիան[խմբագրել | խմբագրել կոդը]

1648 թվականին, երբ Սաբաթայը 22 տարեկան էր, հրեական աշխարհը սպասում էր Մեսիայի մոտալուտ գալուստին։ Այդ սպասումները ուղորդվում էին հրեական համայնքներում տեղի ունեցող պարբերական ջարդերով։ Սաբաթայ Զևին հավատում է, որ նա է նոր Մեսիան։ Նա երազներ է տեսնում, որոնցում նա առաջնորդում է հրեա ժողովուրդին դեպի Սուրբ Երկիր և վերակառուցում է Տաճարը։ Սաբաթայը նախազգուշացում է ստանում, որ այդ երազները պատմելու պարագայում, նրան կարգալույծ կանեն և նա ստիպված կլինի լքել համայնքը։

1651 թվականին ռաբբիների որոշմամբ Սաբաթայը յոթ տարով հեռացվում է Սմիրնայի հրեական համայնքից։ 1651-1658 թվականներին Սաբաթայը այցելում է Հունաստանի, Թուրքիայի և Ալբանիայի բոլոր մեծ հրեական համայնքերը, որտեղ նա նոր աջակիցներ է ձեռք բերում։ Սաբաթայը ամենուրեք հայտարարում է, որ աշխարհի վերջը մոտիկ է, և հրեաները պետք է պատրաստ լինեն դրան։ Բոլոր այդ համայնքերում Սաբաթայը հանդիպում է ռաբինների ակտիվ դիմակայությանը՝ ի հեճուկ իր նոր հետևորդների ակտիվ աջակցությանը։ 1658 թվականին Զևին վերադառնում է Սմիրնա։

Ազդեցության տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1662 թվականին երեսունվեց տարեկան հասակում Սաբաթայը ճանապարհորդում է դեպի Եգիպտոս։ 1663 թվականին նա հասնում է Երուսաղեմ։ Երուսաղեմում նա հանդիպում է Նաթան անունով ինքնակոչ մի մարգարեի, ով հավատում է, որ Սաբաթայը իրոք խոստվացված Մեսիան է։ Լինելով տաղանդավոր հրապարակապխոս, Նաթանը նամակներ է գրում աշխարհի բոլոր անկյուններում սփռված հրեական համայնքերի ներկայացուցիչներին՝ տարածելով նոր Մեսիայի հայտնության լուրը։ Հրեաները Հունաստանից, Իտալիայից, Սիրիայից, Եգիպտոսից և Թուրքիայից վաճառում են իրենց ունեցվածքը և պատրաստվում են տեղափոխվել Սուրբ Երկիր։ Ամստերդամի, Համբուրգի, Ֆրանկֆուրտի հրեական համայնքերը անցնում են Զևիի կողմնակիցների հսկողության տակ։ Սաբաթայը գլխավոր ընդդիմախոսը Ամստերդամի ռաբբի ՝ Հակոբ Սասպորտասը, նամակներ է ուղարկում Եվրոպայի մյուս ռաբբիներին և հորդորում է նրանց ընդիմանալ Զևիի կողմից ծավալված շարժմանը։ Ռաբբիներից շատերը հրաժարվում են հետևել այդ կոչին, քանի որ Զևիի մասին լուրերը օգնում էր նրանց ավելի կուռ պահել հավատցյալ հրեաների շարքերը։

Կալանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաների վերադարձը Սուրբ Երկիր մեծ գումարներ է բերում թուրքական իշխանություններին, և Թուրքիայի սուլթանը երկար ժամանակ անտեսում է Զևիի գործունեությունը։ Սաբաթայը աստիճանաբար դուրս է գալիս թուրքական իշխանությունների հսկողությունից։ Նա կաշառում է տեղի կառավարիչներին և մի օր նույնիսկ հայտնվում է սուլթանի հանդերձանքը հիշեցնող հագուստով։ Հետզհետե աճում է Պաղեստինում իսլամադավան բնակչության դժոգոհությունը։

1666 թվականին Սաբաթայը չեղարկում է Առաջին և Երկրորդ Տաճարների ավերումներին նվիրված հիշատակման օրերը։ Նրա խոսքերով Մեսիան արդեն եկել է և հաջորդ տարի Տաճարը նորից պետք է վերակառուցվի։ Այս հայտարարությունը առիթ է հանդիսանում թուրքական իշխանություններին կալանովորել Սաբաթային։ Նրան տեղափոխում են Գալիպոլի և պահում առանձին դղյակում։ Հավատցյալներ ազատորեն կարող էին այցելեին Զևիին։ Նաթանը հորդորում էր իրենց բոլոր հենտնորդներին հավատարիմ մնալ Մեսիային, քանի որ նրանց բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում։

Իսլամի ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1666 թվականի սեպտեմբերին Սաբաթային տեղափոխում են Ադրիանապոլիս, որտեղ հաստատվել էր Սուլթանի արքունիքը ։ Սաբաթայը ելույթ է ունենում սուլթանի առջև և հրաժարվում է իր բոլոր մեսիական հավակնություններից։ Դրանից հետո նա հավատարմության երդում է տալիս սուլթանին։ Սաբաթային առաջարկում են ընդունել իսլամ, հակառակ դեպքում նրան կգլխատեին։ Սաբաթայը համաձայնվում է։ Նրա իսլամական անունը դառնում է Ազիզ Մեհմեդ Էֆենդի։ Սուլթանը նշանակում է Զևիին իր անձնական դռնապան։ Կրոնափոխությունից հետո Զևին կորցնում է իր գրեթե բոլոր համակիրներին։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջին շրջանում Սաբաթայը կորցնում է սուլթանի բարեհաճությունը և աքսորվում է Ալբանիա, որտեղ 1676 թվականին Զևին մահանում է։

ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժումը, որը բյուրեղացել էր Սաբաթայի Զևիի շուրջ, կոչվում էր սաբաթայանիզմ։ Այն փորձում էր հաշտեցնել Զևիի նախնական հայտարարությունները իր հետագա դավանափոխության փաստի հետ։ Ամենահավատրիմ սաբաթայանիստները մեկնաբանում էին Զևիի դավանափոխությունը, որպես կարևոր քայլ իր մեսիական առաքելության կատարման գործում և նույնապես հետևում էին նրա օրինակին։ Ուրիշները համարում էին, որ հրապարակալ դավանափոխությունը կարևոր չէ, եթե դու ներքուստ հավատարիմ ես մնում հուդայական հավատքին։ Սաբաթայի մահից հետո իր հետևորդները Թուրքիայում ստանում են դյոնմե անվանումը։

18֊րդ դարում Ջեյքոբ Ֆրանկի նիհիլսիտական և սաբաթայանիստական շարժման հետևորդները ձգտում էին փրկության ՝ օրգիաների և սանձազերծ փառատոնների միջոցով։ Ջեյքոբ Ֆրանկը նաև դրդում էր իր կողմանկցներին կաթոլիկություն ընդունել[7]։

Եվրոպայի և Ասիայի այլ համայնքներում Զևիի հայտնման նախադեպը զարկ է տալիս հուդայականության ներսում ռեֆորմիստական շարժմանը։ Հրեաները Արևմտյան Եվրոպայում և այլ տեղեր այլևս հրաժարվում են սպասել խորհրդավոր փրկությանը և Մեսիայի նոր հայտնությանը։

Ուսմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզ չեն հասել Սաբաթայ Զևիի գրավոր աշխատությունները։ Զևիի հայացաքները մեզ հայնտի են դարձել Նաթանի կողմից հեղինակված գրառումների շնորհիվ[8]։

Սաբաթայ Զևիի թագադրումը, Ամստերդամ, 1666 թվական

Սաբաթայ Զևիի ուսմունքը համահունչ էր մյուս հայնտի կաբալիստներ՝ Իցխալ Լուրիայի և Վիթալ Հաիմի կրոնական հայացնքերի հետ։ Համաձայն դրա՝ հոգիների գոյության բարձրագույն նպատակն է աշխարհի վերջնական և լիակատար ուղղումը (եբր.՝ ‏גמר תיקון‏, ‎ հմար տիկուն )։ Արարչության նպատակը կայանում է բոլոր ուղղված հոգիների վերջնական միավորման մեջ։ Աղարտված անգամ մեկ հոգու գոյությունը անհնար է դարձնում արարչության նպատակի վերջնական իրագործելիությունը։ Մեսիայի առաքելությունն է փրկել բոլորի հոգիները։ Այդ նպատակով Մեսիան իջնում է ամենաստորին կաղապարները, որպեսզի հասնի նույնիսկ ամենաթշվառ հոգիներին։ Դրանով էին բացատրում Զևիի մոտ գրանցվող ընկճախտի կրկնվող շրջանները։

Այս ամենը մանրամասն ներկայացաված էր Նաթանի «Կոկորդիլոսի մասին շարադրությունը» աշխատությունում։ Այն նկարագրում էր Էյն֊սոֆ առաջնային և անձև տարածությունը, որը հագեցած էր մարմնական և կործանարար ուժերով։ Այդ ուժերը հարկավոր էր հղկել և կարգավորել, հակառակ դեպքում դրանք վերափոխվում են չարիքի խտացումների։ Առանձին բռնկվող կայծերի հետ, այս աշխարհ է գալիս Մեսիան։ Պատսպարվելով ամենաստորին շերտերում՝ օձերի և կոկորդիլոսների շրջանում, նա դառնում է «սուրբ օձ» (եբրայերենում այս բառակապակցությունը և «Մաշիախ» բառը ունեն նույն թվային նշանակությունը)։ Տիկունի ընթացքում նրա հոգին ազատվում է և գալիս է աշխարհ։ Այս գործընթացով էր բացատրվում Զևիի մոտ նկատվող տրամադրության կտրուկ անկումները, որոնք հաջորդվում էին խանդավառության վառ արտահայտված շրջաններով։ Դրանով էին բացատրում նաև Զևիի հետագա դավանափոխության պատճառները։

Սաբաթայի կողմից իսլամի ընդունումը նրա որոշ հետևորդներ անվանում էին «Սուրբ Ուրացում», սակայն դրա պատճառները տարբեր ձև էին մեկնաբանվում։ Դյոնմե համայանքի ավանդույթների համաձայն՝ Զևին դիմել է այդ քայլին հրեաների հանդեպ հետագա հալածանքները կասեցնելու նպատակով, և այդ իսկ պատճառով այն չի կարելի դիտել որպես ուրացման լիարժեք ակտ։ Մյուս կարծիքների համաձայն, Մեսիան սահմանափակված չէր որևէ կրոնական արգելքներով, և իսլամի ընդունումը եղել է նրա գիտակցված որոշումը։ Այն արվել է արարչության վերջնական նպատակի իրագործմանը նպաստելու համար, քանի որ ոչ հրեաների հոգիները նույնպես պետք է փրկվեն և մասնակցեն աշխարհի շտկման գործընթացին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]