Jump to content

Ռաֆիկ Գրիգորյան (հասարակական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիկ Գրիգորյան
 
Կուսակցություն՝ Էստոնակն կենտրոնական կուսակցություն
Կրթություն՝ Սարատովի համալսարան և Տարտուի համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ պատմաբան
Ծննդյան օր նոյեմբերի 20, 1948(1948-11-20) (76 տարեկան)
Ծննդավայր Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Էստոնիա

Ռաֆիկ Գրիգորի Գրիգորյան (էստ․՝ Rafik Grigorjan, նոյեմբերի 20, 1948(1948-11-20), Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական գործիչ, փիլիսոփայության դոկտոր[1], պրոֆեսոր, պատմաբան։ Երկու անգամ եղել է Էստոնիայի ազգաբնակչության նախարարի խորհրդական, ընտրվել է Տարտուի քաղաքային ժողովի պատգամավոր։ Պարգևատրվել է Էստոնիայի Պետական զինանշանի 5-րդ աստիճանի շքանշանով։ Տալլին քաղաքի պատվավոր քաղաքացի է[2], «Բլագովեստ» բարեգործական հիմնադրամի մրցանակի դափնեկիր։ Ավելի քան 250 գիտական և գիտահանրամատչելի հրապարակումների հեղինակ է։ Զեկույցներով հանդես է եկել ավելի քան 150 գիտաժողովներում և սեմինարներում, եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ։ Գիտամանկավարժական ստաժը 40 տարուց ավելի է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 20-ին Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Բելայա Ցերկով քաղաքում` Հայրենական մեծ պատերազմի մասնակցի ընտանիքում։ Ռաֆիկ Գրիգորյանի պապերն առաջին անգամ ծանոթացել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` գտնվելով Պեռնովում (Պյառնու) ռուսական զորքերի կազմում, որտեղ նրանց միջև սկսվեց ռազմաճակատային բարեկամությունը, որն հռտագայում 1946 թվականին իր ծնողների ամուսնությամբ վերաճել է ազգակցական հարաբերությունների։ Ստալինի մահից և Խրուշչովյան համաներումից հետո, երբ վերականգնվեցին աքսորյալ ժողովուրդները, և Կովկաս վերադարձան չեչեններն ու ինգուշները, սկսվեց ազգամիջյան կոտորած։ Ռաֆիկ Գրիգորյանի հայրը տեղափոխվել է Հյուսիսային Օսիա, և նրա ընտանիքը հայտնվել է հակամարտության կիզակետում։ 1955 թվականին Ռաֆիկ Գրիգորյանի ծնողները նրան տարել են Հայկական ԽՍՀ Լենինական քաղաքի թիվ 14 հայկական դպրոցից և տեղափոխել Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոց, որտեղ նա սովորել է մինչև 5-րդ դասարան։ 1959 թվականին նրա հայրը հայտնվել է Խրուշչովյան բանակի բարեփոխման տակ և զորացրվել զինվորական կենսաթոշակից 6 ամիս առաջ, իսկ ընտանիքը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան։ 1959-1966 թվականներին սովորել է Լենինականի թիվ 14 դպրոցում։ 11-րդ դասարանն ավարտելուց հետո որոշել է իրավաբանություն սովորել։ ԽՍՀՄ-ում կային ընդամենը երեք մասնագիտացված իրավաբանական ինստիտուտներ՝ Սարատովում, Խարկովում և Սվերդլովսկում։ Ռաֆիկ Գրիգորյանն ընտրեց Սարատովինը, բայց առաջին տարում փաստաթղթերը չընդունեցին, որովհետև բացակայում էր Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեից բնութագիրը, քանի որ նա նոր էր ավարտել դպրոցը։ Արդյունքում Ռաֆիկ Գրիգորյանը ստիպված է եղել աշխատել Սարատովի հաստոցաշինական գործարանում։ Գործարանում աշխատանքի հետ մեկտեղ մեծ հասարակական աշխատանք է կատարել կոմերիտմիության գծով և ընտրվել գեղարվեստական մասով կոմերիտական կազմակերպության քարտուղարի տեղակալ։ Հաճախ հանդես է եկել գործարանի գեղարվեստական ինքնագործունեության համերգներով։ Երգել ու նվագել է հարվածային գործիքների վրա։

Կրթություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Գրիգորյանն ընդունվել է Սարատովի պետական համալսարանի պատմության բաժին, որն ավարտել է 1972 թվականին՝ ստանալով «Պատմաբան, պատմության և հասարակագիտության դասախոս» որակավորումը։ Պարզվել է, որ պատմաբանի որակավորում ունենալը բավարար չէ, աշխատանքի տեղավորվելու համար անհրաժեշտ էր լինել ԽՄԿԿ-ի անդամ։ ԽՍՀՄ-ում պատմաբանները կոչված էին սպասարկել կուսակցության և կառավարության քաղաքականությունը։ Ռաֆիկ Գրիգորյանը ստիպված կրկին վերադարձել է Հայաստան, տեղավորվել գործարանում որպես փականագործ, որպեսզի անդամակացի կուսակցությանը։ Գորիսի տրիկոտաժի ֆաբրիկայում, որտեղ նա աշխատանքի է ընդունվել 1972 թվականին, կատարել է ոչ միայն փականագործի, այլ նաև իրավաբանի, առաքիչի, անվտանգության տեխնիկայի ինժեների աշխատանքը, իսկ աշխատանքից հետո ստիպված է եղել ժամային դրույքաչափով դասախոսություններ կարդալ մանկավարժական ինստիտուտում։ 1973 թվականին առաջին անգամ այցելել է Տարտու, որտեղ բանասիրական ֆակուլտետում սովորում էր նրա ապագա կինը՝ Նինա Լիննասմյագին։ Հանդիպումներից մեկի ժամանակ Տարտուի համալսարանի ԽՄԿ պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Կալիտսը Գրիգորյանին հրավիրել է ԲՈՒՀ աշխատանքի՝ պայմանով, որ նա անդամակցի ԽՄԿԿ-ին։ 1974 թվականին դառնալով ԽՄԿԿ անդամության թեկնածու, եկել է Տարտու և սկսել աշխատել որպես ԽՄԿԿ պատմության կաբինետի վարիչ։ 1975 թվականին ամուսնացել և ընդունվել է Տարտուի համալսարանի ասպիրանտուրա։ 1975-1978 թվականներին եղել է Տարտուի համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս։

1978 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի ասպիրանտուրան։ Ավելի ուշ բարձրացրել է որակավորումը Մոսկվայի պետական համալսարանում և Աախեն քաղաքում (Գերմանիա)։ 1980 թվականին աշխատելով Տարտուի համալսարանի դասախոս, պաշտպանել է Էստոնիայում բարձրագույն կրթության պատմության գծով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ընտրվել ավագ դասախոս։ 1983 թվականին ստացել է դոցենտի որակավորում։ Վերապատրաստվել է Մոսկվայի պետական համալսարանին կից, ընտրվել է Տարտուի համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի գիտական խորհրդի անդամ, իսկ 1989 թվականից՝ Տարտուի քաղաքային ժողովի պատգամավոր։ 1989-1992 թվականներին եղել է Տարտուի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դոկտորանտ։ 1992 թվականին լինելով Տարտուի քաղաքային ժողովի պատգամավոր, Ռաֆիկ Գրիգորյանը, ինչպես նաև 1940 թվականից հետո Էստոնիա ժամանած շատ էստոնացիներ զրկվել են քաղաքացիությունից, այսինքն քաղաքական իրավունքներից։ Ավելին, երբ նա վերադարձել է Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոն, որտեղ որպես դոկտորանտ էր ամրագրված, նրան հայտարարել են, որ նա այլևս չի աշխատում։

Ռաֆիկ Գրիգորյանը պատմության և քաղաքացիագիտության ուսուցիչ է աշխատել Տարտուի թիվ 13 միջնակարգ դպրոցում (այժմ Աննելինի գիմնազիա), որտեղ աշխատել է որպես մեթոդիստ-ուսուցիչ մինչև 1997 թվականը։ 1995 թվականին ստացել է Էստոնիայի Հանրապետության քաղաքացիություն։ Կրկին ակտիվորեն ընդգրկվել է հասարակական կյանքում և 1996 թվականին երկրորդ անգամ ընտրվել Տարտուի քաղաքային ժողովի պատգամավոր։ 1995 թվականից Սոցիալ-հումանիտար ինստիտուտի պրոֆեսոր է։ Դասավանդել է Էստոնիայի մի շարք բուհերում պատմություն, փիլիսոփայություն, քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն, քաղաքագիտություն, մշակութաբանություն, պատմություն և քաղաքացիագիտություն, ազգամիջյան հարաբերությունների տեսության և պրակտիկայի հատուկ դասընթացների հեղինակ է։ 1999-2005 թվականներին եղել է Տարտուի համալսարանի Նարվայի քոլեջի պատմության և փիլիսոփայության դասախոս։ 2006-2013 թվականներին դասավանդել և աշխատել է Էստոնիայի տարբեր մասնավոր բուհերում, ինչպիսիք են Սոցիալ-հումանիտար ինստիտուտը, I Studium-ը, Lex-ը, «Ecoman» տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը և այլն։

Հասարակական-քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անգամ (1997-1999 թվականներին և 2001-2002 թվականներին) եղել է Էստոնիայի ազգաբնակչության նախարարի խորհրդական, Էստոնա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամ։ Հանդիսանում է Էստոնիայի ժողովրդական ճակատի ստեղծման նախաձեռնողներից մեկը[3], մտել է Տարտուի Էստոնիայի ժողովրդական ճակատի վարչության կազմի մեջ։ Էստոնիայի ժողովրդական ճակատի բոլոր չորս համագումարների պատվիրակն է։ 1988 թվականին Էստոնիայի ժողովրդական ճակատի առաջին կոնգրեսում Յուրի Միխայլովիչ Լոտմանի, Վիկտոր Ալեքսեևիչ Պալմի և Ռ. Ն. Բլյումի հետ միասին[4] ընտրվել է Էստոնիայի ժողովրդական ճակատի խորհրդի լիազորված անդամ։ 1988-2017 թվականներին եղել է Հարավ-Էստոնական Հայ ազգային ընկերության նախագահ։ Երկու անգամ (1989-1993 թվականներին և 1996-1999 թվականներին) ընտրվել է Տարտուի քաղաքային ժողովի պատգամավոր։ Էստոնիայի ժողովուրդների ֆորումի կազմակերպիչներից և մասնակիցներից մեկն է, որը տեղի է ունեցել 1988 թվականի սեպտեմբերի 24-ին և աջակցել է Էստոնիայի ժողովրդի անկախության ձգտմանը։ 1993 թվականից Էստոնիայի «Լիրա» ազգային-մշակութային հասարակությունների միջազգային միավորման վարչության անդամ է։ 1997-2006 թվականներին եղել է Էստոնիայի նախագահներ Լեննարտ Մերիի և Առնոլդ Ռյույտելի ազգային փոքրամասնությունների կլոր սեղանի անդամ։ 2006 թվականից Intellectus վերլուծական և մշակութա- կրթական կենտրոնի ղեկավարն է։ 2006 թվականից Էստոնիայի կենտրոնամետ կուսակցության անդամ է։ 2006 թվականին «Էստոնիայի անկախության վերականգնման համար պայքարին» մասնակցելու համար պարգեւատրվել է «Պետական զինանշանի 5-րդ աստիճանի շքանշանով»։ 2007 թվականից հանդիսանում է Էստոնիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պալատի նախագահը[5], Էստոնիայի ժողովուրդների երեք կոնգրեսների կազմակերպիչը (2007, 2010, 2016)[6]։ Նման Կոնգրես կազմակերպելու գաղափարը առաջացել է 2007 թվականի աշնանը։ Պալատի կազմում ընդգրկվել են ավելի քան 200 կազմակերպություններ։ Պալատի նախագահի տեղակալ Է դարձել Լեյվի Շերը՝ փորձառու լրագրող, Տալլինի նախկին փոխքաղաքապետ,մարդ, որի ղեկավարությամբ 2001 թվականին ստեղծվել է Տալլինի ինտեգրման այլընտրանքային ծրագիրը։ 2015-ին դարձել է Տալլինի պատվավոր քաղաքացի։ Հանդիսանում է Էստոնիայի մշակույթի նախարարությանը կից ազգային-մշակութային ընկերությունների խորհրդի գործող անդամ։ Ակտիվորեն ուսումնասիրում է ազգամիջյան հարաբերություններն ու ժողովուրդների մշակութային տարբերությունները Հայաստանում[7], Հունգարիայում, Գերմանիայում, Վրաստանում, Եգիպտոսում, Իսպանիայում, Իտալիայում, Լատվիայում, Լիտվայում, Մեքսիկայում, Ռուսաստանում, Սլովակիայում, Սլովենիայում, ԱՄՆ-ում, Չեռնոգորիայում, Չեխիայում, Էստոնիայում[8] և այլ երկրներում։ Ներկայումս ավելի քան 45 տարի բնակվում է Էստոնիայում։ Ամուսնացած է էստոնուհի Նինա Գրիգորյանի (Լիննամյագի) հետ, ունի երեք երեխա[9]։

Հրապարակումներ և գիտական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռ. Գ. Գրիգորյան, Էստոնիայի Պատմություն, Հայկական հետք, Intellectus, Տալլին, 2017։
  • Ռ. Գ. Գրիգորյան, Էստոնիայի ժողովուրդների իմաստությունը առած-ասացվածքներով, անեկդոտներով, առակներով և կենացներով, Տալլին, 2014։
  • Ռ. Գ. Գրիգորյան, «Փիլիսոփայություն ներածություն» դասախոսությունների դասընթաց։ Ուսումնամեթոդական ձեռնարկ ուսանողների համար, Տարտու, 2005։
  • Ռ. Գ. Գրիգորյան, «Երգող հեղափոխության անհայտ էջեր», Սանկտ Պետերբուրգ, «Տարտուի անկախության անատոմիա»-ում, 2004, էջ 159-199։
  • Ռ. Գ. Գրիգորյան, «Բազմամշակութային հասարակություն և ազգային պետություն»։ Ժողովածու՝ «այլ ձայնի» խնդիր լեզվի, գրականության և մշակույթի մեջ։ 2003 թվականի մարտի 27-29-ը կայացած 1-ին միջազգային գիտաժողովի նյութերը։ Յանուս, Սանկտ Պետերբուրգ, 2003, էջ 26-32։
  • Ռ. Գ. Գրիգորյան, «Ելցինի Ֆենոմենը»։ Վայնախ, Մոսկվա, 1997, № 1, էջ 30-32;
  • Grigorjan, R. «Armeenia üliõpilased Keiserlikus Tartu Ülikoolis (1830—1918)» - Kogumik: Ajalooline Ajakiri 2002, 1/2(116/117). Tartu Ülikooli ajaloo osakonna ja Akadeemilise Ajalooseltsi ajakiri. 200 aastat Ülikooli taasavamisest Tartus. Ajalookirjanduse Sihtasutus Kleio, 2002, lk. 245—264:
  • Grigorjan, R. «Armeenlased. Eesti Rahvaste raamat: Rahvusvähemused-, rühmad ja- killud. Eesti Entsüklopeediakirjastus». Tallinn: 1999, lk. 26 — 32:
  • Ռ. Գ. Գրիգորյան, էթնիկական նույնականության ձևավորման առանձնահատկությունները բազմամշակութային հասարակությունում։ Գլոբալիզացիան և մշակույթը ժողովածու։ Վերլուծական մոտեցում։ Սանկտ Պետերբուրգ, 2003, էջ 150-160։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «"Колесо обозрения": жизнь в эпоху перемен». Sputnik Эстония (8.09.2018).(չաշխատող հղում)
  2. «Эстония мультикультурная: немного об армянской общине». Информационный портал Delfi (4.01.2018).
  3. «Григорян: нельзя забывать о тех, кто основал Народный фронт Эстонии». Sputnik Эстония (1.10.2018).(չաշխատող հղում)
  4. «Рафик Григорян. "Право быть свободным"». Армянский музей Москвы и культуры наций (7.03.2018).
  5. «Рафик Григорян: Эстония позабыла о своей многонациональности». Sputnik Эстония (12.11.2018).(չաշխատող հղում)
  6. «Рафик Григорян о Конгрессе национальных меньшинств». Youtube (8.11.2016).
  7. «Основной вопрос революции — это вопрос о власти». Sputnik Эстония (25.04.2018).(չաշխատող հղում)
  8. «Нельзя жить в Эстонии и чувствовать себя ее пасынком – Григорян о положении русских». BaltNews (3.10.2018). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. «Фильм о семье Р.Г. Григоряна». Youtube (22.11.2018).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]