Պաուլ Վերհուվեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Վերհուվեն
հոլ.՝ Paul Verhoeven
Ծնվել էհուլիսի 18, 1938(1938-07-18)[1][2][3][…] (85 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
ԿրթությունԼեյդենի համալսարան, Gymnasium Haganum? և Netherlands Film Academy?
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0000682

Պաուլ Վերհուվեն (հոլանդ.` Paul Verhoeven, անգլոամերիկյան աղբյուրներում` Պոլ (Փոլ) Վերհովեն, ՄՀԱ. [ˈpʌu̯l vər'ɦuvə(n)], ծնվ. 1938թ. հուլիսի 18, Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդական և ամերիկյան կինոռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Վերհուվենը ծնվել է Ամստերդամում` դպրոցի ուսուցիչ Վիմ Վերհուվենի և գլխարկագործ Նել վան Շարդենբուրգի ընտանիքում։ 1943 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Հաագա։ 1960 թվականին ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ ուսանել է մաթեմատիկա և ֆիզիկա։ Սովորելու տարիներին հաճախել է Նիդերլանդների կինոակադեմիայի դասընթացներին։ Այդ տարիներին նկարահանել է Նիդերլանդների ծովային հետևակազորի մասին պատմող քարոզչական ֆիլմեր։ 1960-ական թվականներին, տեղափոխվելով հեռուստատեսություն, սկսել է նկարահանել վավերագրական և խաղարկային կարճամետրաժ կինոնկարներ։ 1969 թվականին ծանոթացել է դերասան Ռուտգեր Հաուերի հետ, ով հետագայում դարձավ նրա ֆիլմերի այցեքարտը։ Նրանք միասին ստեղծել են միջնադարյան ասպետ Ֆլորիսի արշավանքների մասին պատմող հեռուստասերիալը։

Առաջին լիամետրաժ կինոնկարը Պաուլ Վերհուվենը նկարահանել է 1971 թվականին։ Դա «Գործը գործ է» կինոնկարն էր, որը պատմում էր ամստերդամյան երկու մարմնավաճառուհիների մասին։ Երկրորդ ֆիլմը` 1973 թվականին նկարահանված «Թուրքական հաճույքներ» կինոնկարն էր, որի պատճառով ռեժիսորը ձեռք բերեց սկանդալիստի համբավ, ով մերկացնում էր ժամանակակից հասարակության արատները և նկարագրում ցնցող իրականությունը։ 1977 թվականին նկարահանել է Նիդերլանդներում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Նարնջագույն զինվորը» կինոնկարը, իսկ 1983 թվականին էկրանավորել է հոլանդացի գրող Գերարդ Ռևեի «Չորրորդ տղամարդը» վեպը։

Պաուլ Վերհուվենի առաջին անգլերեն լեզվով նկարահանված պատմական «Միս և արյուն» (1985 թ.) կինոնկարը պատմում էր 16-րդ դարում Ֆլանդրիայում ժանտախտի համաճարակի մասին։ Այդ կինոնկարը ռեժիսորի, այսպես կոչված, «նիդերլանդական շրջան»-ի վերջին ֆիլմն էր։

1980-ական թվականների կեսերին նա տեղափոխվել է ԱՄՆ և սկսել է նկարահանել կոմերցիոն բլոկբաստերներ։ Նրա «Ռոբոտ-ոստիկանը» (1987 թ.) և «Հիշել ամեն-ինչ» (1990 թ.) կինոնկարները ունեցել են կոմերցիոն մեծ հաջողություններ։ Այդ վերջին ֆիլմում նկարահանվել էր Առնոլդ Շվարցենեգերը։ 1992 թվականին էկրան է բարձրացել Պաուլ Վերհուվենի «Հիմնական բնազդ» էրոտիկ թրիլերը, որտեղ գլխավոր դերերով հանդես էին եկել Մայքլ Դուգլասը և Շերոն Սթոունը։

Պաուլ Վերհուվենը «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի առաջին թեկնածուն էր, ով ներկա է գտնվել մրցանակաբաշխությանը և անձամբ ստացել այն[4]։ Նա այդ հակամրցանակն ստացել էր որպես տարվա վատթարագույն ռեժիսոր` «Շոուգյոլզ» («Շոու-աղջիկներ») կինոնկարի համար։ Կինովարձույթում այդ ֆիլմի տապալումից հետո, նա կրկին վերադարձավ ֆանտաստիկայի ժանրին։ 1997 թվականին էկրանավորել է Ռոբերտ Հայնլայնի «Աստղային դեսանտ» վեպը, իսկ 2000 թվականին նկարահանել է «Անտեսանելին» կինոնկարը։ 2006 թվականին Նիդերլանդներում նկարահանել է «Սև գիրքը» կինոնկարը, որի գործողություններն ընթանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին։ Ֆիլմը հսկայական հաջողություն է ունեցել Նիդերլանդներում և ստացել «Ոսկե հորթ» ազգային երեք բարձրագույն կինոմրցանակներ, այդ թվում` «լավագույն ֆիլմ» և «լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։

Մեծ հաջողություն է ունեցել նաև 2016 թվականին նկարահանված «Նա» կինոնկարը, որտեղ գլխավոր դերով հանդես է եկել Իզաբել Հյուպպերը։ Կինոնկարը բարձր է գնահատվել քննադատների կողմից[5] և ներկայացվել «Օսկար», Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ», «Ոսկե գլոբուս» և այլ մրցանակների[6]։

Պաուլ Վերհուվենը ամուսնացած է և ունի երեք երեխա։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1968  Անտոն Ադրիան Մյուսերտի դիմանկարը Portret van Anton Adriaan Mussert
1969  Ֆլորիս Floris
1971  Գործը գործ է Wat zien ik
1973  Թուրքական հաճույքներ Turks fruit
1975  Թեթևսոլիկ Կիտին Keetje Tippel
1977  Նարնջագույն զինվորը Soldaat van Oranje
1983  Չորրորդ տղամարդը De vierde man
1985  Միս և արյուն Flesh+Blood
1987  Ռոբոտ ոստիկանը RoboCop
1990  Հիշել ամեն-ինչ Total Recall
1992  Հիմնական բնազդ Basic Instinct
1995  Շոուգյոլզ (Շոու-աղջիկներ) Showgirls
1997  Աստղային դեսանտ Starship Troopers
2000  Անտեսանելին Hollow Man
2006  Սև գիրքը Zwartboek
2012  Հիմարացածը Steekspel
2016  Նա Elle

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Վերհուվեն» հոդվածին։