Jump to content

Ուղղափառ խալիֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար · համայնք
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Ուղղափառ խալիֆա կամ Ռաշիդուն (արաբերեն՝ لخليفة الراشد‎, al-Khulafā’u r-Rāshidūn), սուննիական ավանդույթում առաջին չորս խալիֆաների՝ Աբու Բաքրի, Օմարի, Օսմանի և Ալիի տիտղոսը, ինչպես նաև Ուղղափառ խալիֆայության և աշխարհի բոլոր մուսուլմանների ղեկավարի պաշտոնը։

Ուղղափառ խալիֆաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվան գեղագրություն Խալիֆա Կառավարման սկիզբ Կառավարման ավարտ Տևողություն Ծանոթագրություն
1
Աբու Բաքր

(573-634)

արաբ․՝ أبو بكر الصديق‎‎

632 թվականի հուլիսի 8 634 թվականի օգոստոսի 23 776 [1][2][3]
2
Օմար իբն ալ-Խատտաբ

(590—644)

արաբ․՝ عمر بن الخطاب‎‎

634 թվականի օգոստոսի 23 644 թվականի նոյեմբերի 3 3725 [4][5][6]
3
Օսման իբն Աֆֆան

(573/576-656)

արաբ․՝ عثمان بن عفان‎‎

644 թվականի նոյեմբերի 6 656 թվականի հունիսի 17 4241 [7][8]
4
Ալի իբն Աբի Տալիբ

(600-661)

արաբ․՝ علي بن أبي طالب‎‎

656 թվականի հունիսի 18[9][10] 661 թվականի հունվարի 29 1685 [11][12]
5
Հասան իբն Ալի

(625-670)

արաբ․՝ الحسن بن علي‎‎

661 թվականի հունվարի 29 661 թվականի օգոստոս 208 [13][14]

Իսլամի այլ ուղղություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբադական իսլամում ուղղափառ են համարվում միայն առաջին և երկրորդ խալիֆաները՝ Աբու Բաքրը և Օմար իբն Խատտաբը։

Իսլամի շիա ուղղությունը ուղղափառ խալիֆա է համարում միայն չորրորդ խալիֆա Ալի իբն Աբու Տալիբին։ Սակայն շիիզմի զեյդական ճյուղը առաջին երեք խալիֆաներին մեծ հարգանքով են վերաբերվում։

Ուղղափառ խալիֆայություն (արաբ․՝ الخلافة الراشدية‎‎), պետություն, որը ստեղծվել է Մուհամմադ մարգարեի մահից հետո 632 թվականին։ Խալիֆայությունը ղեկավարում էին չորս ուղղափառ խալիֆաներ՝ Աբու Բաքր, Օմար իբն ալ-Խաթաբ, Օսման իբն աֆան և Ալի իբն Աբու Թալիբ։ Խալիֆայության տարածքը ներառում էր Արաբական թերակղզին, Շամը, Կովկասը, Հյուսիսային Աֆրիկայի մի մասը Եգիպտոսից Թունիս, իրանական լեռնաշխարհը և Կենտրոնական Ասիան։ Ուղղափառ խալիֆայությունը սկիզբ է դրել Արաբական խալիֆայությանը։

Իշխանության փոխանցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր նշանակումից հետո առաջին օրերից Աբու Բաքրը ստիպված էր դժվարությունների հանդիպել։ Իսլամին երբեմնի հավատարիմ արաբական ցեղերը հեռացել էին իսլամական համայնքից՝ սպառնալով նրա միասնությանն ու կայունությանը։ Հավատուրացությունը (ռիդդ) սկսվել է Մուհամմադ մարգարեի կենդանության օրոք, սակայն հավատուրացների հետ պատերազմները սկսվել են նրա մահից հետո։ Հավատուրացությունն այնքան մեծ էր, որ ազդել է Արաբիայի բոլոր ցեղերի վրա, բացառությամբ Հիջազի (Մեքքա և Մադինա)։ Որոշ ցեղեր հրաժարվել են վճարել պարտադիր ողորմությունը (զաքաթ), ինչը նույնպես դիտվում էր որպես հեռացում իսլամի հիմնական սկզբունքներից։ Որոշ ցեղապետեր մարգարեության պահանջներ են ներկայացրել (Մուսայլիմա, Սաջահ, Տուլայհա և այլն)։

Կենտրոնական Արաբիայում ուրացության շարժումը ղեկավարել է կեղծ մարգարե Մուսայլիման։ Աբու Բաքրը մուսուլմանական բանակը բաժանել է 11 ջոկատի, որոնցից ամենաուժեղը Խալիդ իբն Ալ-Վալիդի ջոկատն էր։ Խալիդն ուղարկվել է դժվարին վայրեր և հաղթել է բոլոր մարտերում, այդ թվում՝ Մուսայլիմային Յամամայում։ Տարվա ընթացքում շարունակվել են ռազմական գործողությունները հավատուրացների դեմ, որոնք ավարտվել են Աբու Բաքրի հաղթանակով և արաբական ցեղերի միավորմամբ։

Ապստամբությունները ճնշելուց հետո Աբու Բաքրը սկսել է նվաճողական պատերազմներ Արաբական թերակղզու սահմաններից դուրս։ 633 թվականին Աբու Բաքրը Խալիդ իբն ալ-Վալիդին ուղարկել է Իրաք, որը Սասանյան կայսրության ամենահարուստ նահանգներից մեկն էր։ Դրանից հետո նա 4 բանակ է ուղարկել Սիրիա և 634 թվականին այնտեղ տեղափոխել Խալիդ իբն Ալ-Վալիդի բանակը։

634 թվականին Աբու Բաքրը հիվանդացել է և մահվանից առաջ կտակել խալիֆա նշանակել Օմար իբն ալ-Խաթաբին։ Նոր խալիֆան շարունակել է նվաճողական պատերազմները Սասանյանների, Բյուզանդական կայսրության և Եգիպտոսի դեմ։ Երբեմնի ուժեղ պետությունները՝ Բյուզանդիան և Սասանյան պետությունը, թուլացրել են միմյանց, ինչը թույլ է տվել խալիֆայության զորքերին հեշտությամբ հաղթահարել դրանք։ 640 թվականին ամբողջ Միջագետքը, Սիրիան և Պաղեստինը նահանջել են խալիֆայության վերահսկողության տակ։ 642 թվականին գրավվել է Եգիպտոսը, իսկ մեկ տարի անց՝ ամբողջ Սասանյան կայսրությունը։

Օմար իբն ալ-Խաթաբը դրել է խալիֆայության քաղաքական կառուցվածքի հիմքերը։ Նա ստեղծել է «դիվան»՝ հարկման արդյունավետ համակարգ։ Բոլոր փոխարքաները՝ էմիրները, նշանակվել են ուղղակիորեն խալիֆայի կողմից։ Օմարը շրջանառության մեջ է դրել մի օրացույց, ըստ որի՝ հաշվարկը սկսվել է Մուհամմադ մարգարեի Մեքքայից Մադինա տեղափոխվելուց (Հիջրա) հետո։ 644 թվականին Օմարը մահացու վիրավորվել է պարսիկ ստրուկ Աբու Լուլու Ֆիրուզի կողմից։

Մահվանից առաջ Օմար իբն ալ-Խատտաբը նշանակել է վեց հոգանոց խորհուրդ՝ «շարա», որոնք պետք է ընտրեին իրենցից մեկին խալիֆա։ Բոլոր հավակնորդները քուրայշիտներ էին։ Խորհուրդը թեկնածուների թիվը նվազեցրել է երկուսի (Օսման և Ալի) և խալիֆայի պաշտոնում ընտրել Օսման իբն Աֆֆանին։

Չնայած ներքին խնդիրներին՝ Օսմանը շարունակել է իր նախորդների նվաճողական պատերազմները։ Խալիֆայության բանակը գրավել է Հյուսիսային Աֆրիկան, Պիրենեյան թերակղզու ափամերձ շրջանները և ամբողջությամբ գրավել Սասանյան կայսրությունը՝ հասնելով Ինդոս գետի ստորին հոսանք։ Օսմանի օրոք ավարտվել է Ղուրանի գրավոր տեքստի հավաքագրումը մեկ գրքում։

Երրորդ խալիֆի սպանությունից հետո Մուհամմադ մարգարեի ուղեկիցները որպես նոր խալիֆա են ընտրել Ալի իբն Աբի Տալիբին։ Դրանից անմիջապես հետո Ալին պաշտոններից հեռացրել է մի շարք փոխարքաների, որոնցից մի քանիսը Օսմանի հարազատներն էին, և նրանց փոխարինել է իր վստահված անձանցով։ Ալիի օրոք խալիֆայության մայրաքաղաքը Մադինայից տեղափոխվել է Կոֆու։

Օսմանի սպանությունից հետո խալիֆայության բնակչության մի մասը՝ ազ-Զուբայրի, Թալխայի և Այշայի գլխավորությամբ, հանդես է եկել հանցագործներին պատժելու պահանջով։ Ապստամբների կողմից հավաքված բանակը մտել է Բասրա և մահապատժի ենթարկել մոտ 600 կասկածյալների, որոնք ներգրավված էին այս սպանության մեջ։ Ապստամբների հետ բանակցելու համար Բասրա է ժամանել խալիֆա Ալին իր բանակի և նրան երդված Օսմանի մարդասպանների հետ։ Սուննի աղբյուրների համաձայն՝ Օսմանի մահվան մեղավորները ռազմական գործողություններ են նախաձեռնել՝ վախենալով, որ Ալիի և ապստամբների միջև բանակցությունները կավարտվեն նրանց հետապնդմամբ և մահապատժով։ Ալիի և ապստամբների միջև ճակատամարտը մուսուլմանների միջև առաջին ճակատամարտն է և հայտնի է որպես «ուղտի օր»։ Խալիֆա Ալին հաղթանակ է տարել, Թալհան և ազ-Զուբայրը սպանվել են մարտում, իսկ Մուհամմադ մարգարեի կինը՝ Այիշան, Հասան իբն Ալիի ուղեկցությամբ ուղարկվել է Մադինա։

Դրանից հետո Սիրիայի խալիֆայի փոխանորդ Մուավիան, որը Օսմանի ազգականն էր, հրաժարվել էր երդվել խալիֆային այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանի մարդասպանները չեն պատժվել։ Ալիի և Մուավիայի միջև տեղի է ունեցել Սիֆինի ճակատամարտ, որն ավարտվել է արբիտրաժային դատարանով և դժգոհների մի մասի (խարիջիների) Ալիի բանակից դուրս գալով։ Արդյունքում Ալին կորցրել է վերահսկողությունը խալիֆայության տարածքի մեծ մասի վրա։

661 թվականին Ալին սպանվել է խարիջի իբն Մուլջամի կողմից։ Խարիջիները հույս ունեին սպանել մուսուլմանական համայնքի պառակտման «մեղավորներին»՝ Ալիին, Մուավիային և Ամր իբն ալ-Ասային, բայց նրանց չի հաջողվել սպանել Ամրին և Մուավիային։ Ալին Մարգարեի դուստր Ֆաթիմայից երկու որդի ուներ՝ Հասանը և Հուսեյնը։ Ըստ հադիսներից մեկի՝ Մարգարեն ասել է, որ «ալ-Հասանը և ալ-Հուսեյնը դրախտում երիտասարդների տերերն են»։ Այս հայտարարությունը շատ կարևոր է շիա մուսուլմանների համար, քանի որ այն նրանց համար ծառայում է որպես իմամի նկատմամբ Մարգարեի սերունդների իրավունքների հիմնական հիմնավորումներից մեկը։

Հասան իբն Ալին Մուավիայի հետ պայմանավորվել է, որ երկրորդի մահից հետո խալիֆայության իշխանությունն պետք է անցնի Հասանին, սակայն Մուավիան գահը կտակել է իր որդուն՝ Եզիդին և հիմնել կառավարիչների դինաստիան։ 661 թվականին Օմայյան խալիֆայության ստեղծումը վերջ է դրել ուղղափառ խալիֆայությանը։

7-րդ դարի 30-ական թվականներին խալիֆայությունը ջախջախիչ պարտություն է կրել իր հիմնական հակառակորդների՝ Բյուզանդիային և Սասանյան պետության նկատմամբ։ 639 թվականին սկսվել է արաբների արշավը դեպի Եգիպտոս, որն ավարտվել է վերջինիս ամբողջական նվաճմամբ։ Խալիֆա Ալիի սպանությունից հետո՝ 661 թվականին, խալիֆայության գահը ստանձնել է Օմայյանների դինաստիան, իսկ խալիֆայության մայրաքաղաքը տեղափոխվել է Դամասկոս։

Հասանի և Մուավիայի միջև պայմանագիրը վճռականորեն մերժել է Հուսեյնը։ Նա հրաժարվել է Մուավիային երդվել։ Մուավիայի մահից հետո իշխանությունն անցել է նրա որդուն՝ Եզիդ I-ին, որին Հուսեյնը նույնպես հրաժարվել է երդվել։ Քուֆիները անմիջապես հավատարմության երդում են տվել Հուսեյնին և նրան կանչել իրենց մոտ։ Շրջապատված իր հարազատներով և ամենամոտ մարդկանցով՝ Հուսեյնը Մեքքայից տեղափոխվել է Կոֆու։ Ճանապարհին նրան լուր է հասել, որ Իրաքում ելույթը ճնշվել է, բայց, այնուամենայնիվ, Հուսեյնը շարունակել է իր ճանապարհը։ 680 թվականի հոկտեմբերին Նայնավա քաղաքում Հուսեյնի 72 հոգանոց ջոկատը բախվել է խալիֆի 40-հազարանոց բանակին։ Համառ ճակատամարտում նրանք սպանվել են (սպանվածներից շատերը Մուհամմադ մարգարեի ընտանիքի անդամներ էին), այդ թվում հենց ինքը՝ Հուսեյնը, մյուսները գերեվարվել են։ Հուսեյնի մահը նպաստել է Ալի ընտանիքի հետևորդների կրոնական և քաղաքական միավորմանը, և նա ինքը դարձել է ոչ միայն շիական շարժման խորհրդանիշ, այլև ամբողջ մուսուլմանական աշխարհի նշանակալի գործիչ։

Իսլամում շիաների, խարիջիների, մութազիլիտների և տարբեր փիլիսոփայական դպրոցների հետ կատաղի հակասությունների արդյունքում սուննիների համոզմունքների տեսական հիմքերը մշակվել են և համակարգվել։ Այս ամենն արտացոլվել է մատուրիդացիների, աշարացիների և ասարացիների (սալաֆիների) սուննի աշխարհայացքային դպրոցներում, որոնք մինչ օրս ներկայացնում են սուննիների վարդապետությունը։ Ուղղափառ իսլամական մտքի այս երեք ուղղություններն իրենց մեջ ունեն որոշ տարբերություններ, որոնք հիմնարար բնույթ չեն կրում։ Աշխարհայացքային դպրոցների հետ միաժամանակ զարգացան նաև սուննիական իրավական դպրոցները (մազհաբներ), որոնց մեջ լայն տարածում են գտել հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալիական մազհաբները։

Արաբական հետագա նվաճումների արդյունքում իսլամը տարածվել է Միջին և Մերձավոր Արևելքում, ավելի ուշ՝ Հեռավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի որոշ երկրներում։ 711 թվականին արաբները ներխուժել են Պիրենեյան թերակղզի, սակայն նրանք 732 թվականին՝ Եվրոպայով դեպի հյուսիս հետագա առաջխաղացման ժամանակ, պարտվել են Պուատիեի մոտ և դադարեցրել առաջխաղացումը դեպի Եվրոպա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Al-Jubouri, I. M. N Islamic Thought: Chapter II, Mohammed's Caliphs., Abu Bakr Al-Siddic. — Berlin, 2001.
  2. Saritoprak, Zeki "Abu Bakr Al-Siddiq". — Oxford University.
  3. Кампо, Хуан Эдуардо (15 апреля 2009). «Abu Bakr». Encyclopedia of Islam (2nd ed.). ISBN 9781438126968. «His father was Abu Quhafa ..., and he is therefore sometimes known as Ibn Abi Quhafa. ... The names Abd Allah and Atiq ('freed slave') are attributed to him as well as Abu Bakr, but the relation of these names to one another and their original significance is not clear. ... He was later known by Sunni Muslims as al-Siddiq, meaning 'the Truthful', 'the Upright', or 'the One who counts true'.»
  4. Али Мухаммад ас-Салляби Умар ибн аль-Хаттаб. Второй праведный халиф / Пер. с араб., прим., комм. Е. Сорокоумовой. — М.: Умма, 2011. — 496 с. — (История Халифата). — ISBN 978-5-94824-150-0
  5. Umar I // Encyclopædia Britannica Արխիվացված 2023-07-21 Wayback Machine (անգլ.)
  6. Али Мухаммад ас-Салляби - «Умар ибн аль Хаттаб — второй праведный халиф», стр.31
  7. Али-заде А. Осман ибн Аффан // Исламский энциклопедический словарь. — Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8. Архивировано из первоисточника 27 Նոյեմբերի 2022.
  8. Hazrat Usman — by Rafi Ahmad Fidai, Publisher: Islamic Book Service Pages: 32
  9. Madelung 1997, стр. 141—145
  10. Ashraf 2005, стр. 119 и 120
  11. Али бен-Аби-Талеб // Энциклопедический словарь / И. Е. Андреевский. — Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 438. Архивировано из первоисточника 27 Նոյեմբերի 2022.
  12. Illustrated Dictionary of the Muslim World. — Marshall Cavendish Reference, 2011. — P. 86. — ISBN 978-0-7614-7929-1
  13. Большаков О. Г. История Халифата. — М.: Восточная литература, 1998. — Т. 3. Между двух гражданских войн (656—696). — С. 90—109.
  14. Al Balagh Foundation. Imam Hasan bin 'Ali Արխիվացված 2011-09-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղղափառ խալիֆա» հոդվածին։