Նորվեգիայի զինանշան
Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | Հայտնի է 1285 թվականից[1] |
Թագ | Նորվեգիայի թագավորական թագ |
Շքանշաններ | Սուրբ Օլաֆի շքանշան |
Նորվեգիայի զինանշան (բուկմոլ՝ Norges riksvåpen), երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Իրենից ներկայացնում է թագավորական թագով պսակավորված կարմիր վահան` ոսկեգույն, թագադրված առյուծով, որը առջևի թաթերով բռնել է ոսկեգույն բռնակով արծաթե սակր։ Երկրի ղեկավարը օգտագործում է հատուկ անձնական զինանշան` ունենալով պատմուճան, Սուրբ Օլաֆի շքանշան և նորվեգական թագավորական թագ։ Նորվեգիայի զինանշանը Եվրոպայի ամենահին զինանշաններից է։ Ժամանակակից տեսքով հայտնի է 1285 թվականից Էրիկ Մագնուսսոն թագավորի մետաղադրամներից։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ Նորվեգիայում, համաձայն 1937 թվականի մարտի 19-ի թագավորական հրամանի, կա օրենք Պետական զինանշանի մասին, որտեղ ասվում է[2].
1. Նորվեգիայի պետական զինանշանը իրենից ներկայացնում է թագավորական թագով պսակավորված կարմիր վահան` ոսկեգույն, թագադրված առյուծով, որը առջևի թաթերով բռնել է ոսկեգույն բռնակով արծաթե սակր։ 2. Պետական զինանշանը պետք է լինի վահանաձև։ Վահանը պետք է պսակավորված լինի թագավորական թագով, որն առանձնանում է խաչով և իշխանությամբ։ 3. Պետական զինանշանի ցանկացած փոփոխություն, պետական մարմինների կողմից օգտագործվելու համար, պետք է համաձայնեցվի Արտաքին գործերի նախարարության հետ, բացի այն դեպքերից, երբ նրանք փոխվում են երկրի ղեկավարի կողմից։ 4. Նորվեգիայի Պետական կնիքը կազմված է թագավորական գահով պսակադրված Պետական զինանշանից և թագավորի ստորագրությամբ։ 5. Պետական զինանշանի և կնիքի մասին թագավորական հրամանը ուժի մեջ է մտնում 1905 թվականի դեկտեմբերի 14-ից։ |
Զինանշանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինանաշանի վրա նորվեգական թագավորների կողմից առյուծն առաջին անգամ հայտնվել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Հոկոն 4-րդն ու նրա տղան իրենց վահանների վրա ունեին առյուծի պատկերը։ Իսկ Էյրիկ Մագնուսսոնը առյուծին ավելացրեց նաև սուրն ու զինվորական սակրը։ Այդ օրվանից ոսկեգույն թագադրված առյուծը, որը առջևի թաթերով բռնել է ոսկեգույն բռնակով արծաթե սակր, հանդիսանում է Նորվեգիայի անփոփոխ զինանշանը։
Առյուծն ուժի խորհրդանիշն է, իսկ սակրը` ոչ միայն հին նորվեգացիների սիրողական զենքն է, այլև Նորվեգիայի երկնային հովանավոր Սուրբ Օլաֆի պիտույքներից[4][5]։ «Սուրբ Օլաֆի առասպելի» համաձայն[6], վերքը, որը հասցվել էր Օլաֆին սակրով, դարձել էր նրա մահվան պատճառ։
Զինանշանի օգտագործումը երբեք ամրագրված չի եղել օրենքով, այլ հիմնվել է միայն ավանդույթների վրա։ Ուշ միջնադարում սակրի բռնակը աստիճանաբար երկարացվել է, սակրը նմանվել է ալեբարդայի։ Իսկ ալեբարդան նորից սակրի է փոխարինվել 1844 թվականի հուլիսի 10-ի թագավորական հրամանով։
Նորվեգիայի զինանշանի վրա թագավորական թագի առկայության ավանդույթը վերաբերում է ռեֆորմացիայի ժամանակներին և վերջնականապես հաստատվել է 1671 թվականին[7], երբ միջնադարի բաց թագի փոխարեն պատկերել են փակ թագավորական թագով, որն առանձնանում է խաչով և իշխանությամբ։
1319 թվականին Նորվեգիան Շվեդիայի տիրապետության տակ էր, իսկ ավելի ուշ` Դանիայի։ Միայն 1905 թվականին Նորվեգիայի պետականությունը լիովին վերականգնվեց։
1905 թվականի հունիսի 7-ին Նորվեգիայի պառլամենտը չեղյալ հայտարարեց շվեդ-նորվեգիական պայմանագիրը և դրանից հետո Նորվեգիան գլխավորեց անկախ օրենսդրական միապետությունը։ Նորից ընտրված Նորվեգիայի թագավոր Հոկոն 7-րդի 1905 թվականի դեկտեմբերի 14-ի թագավորական դեկրետով հաստատվեց նոր Պետական զինանշանի նախագիծը, որը պետք է դառնար վերադարձ միջնադարի կանոնին և գործնականորեն տարբերվում էր 12-13-րդ դարերում հին դրամների և կնիքների վրա պատկերվածից։
1937 թվականի մարտի 19-ի թագավորական դեկրետով Պետական զինանշանի պատկերը նորից փոխվեց։ Զինանշանը ստացավ իր այժմեական տեսքը։
Զինանշանի վրա վերջին փոփոխությունները կատարվել են 1992 թվականի դեկտեմբերի 16-ին։ Թեթևակի փոխվել է առյուծի բաշի և առջևի թաթերի ուրվագծերը։
Նորվեգիայի թագավորական զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականի դեկտեմբերի 30-ին հատուկ Թագավորական հրամանով ներմուծվեց Նորվեգիայի թագավորական զինանշանը, որը պետք է դառնար իշխանության ղեկավարի անձնական զինանշանը և Պետական զինանշանից տարբերվում էր նրանով, որ առանց թագի նորվեգական վահանը տեղադրված էր ոսկեգույն ծոպերով ծիրանագույն պատմուճանի ֆոնին` թագադրված նորվեգական թագավորական թագով։ Վահանը շրջապատված էր Սուրբ Օլաֆի շքանշանի շղթայով։
Նորվեգիայի զինանշանի միջնադարյան պատկերները
[խմբագրել | խմբագրել կոդը]12-րդ դարում ասպետական պահպանիչ հանդերձանքի և փակ սաղավարտի հայտնվելով` անհնարին դարձավ տեսնել զինվորների դեմքերը և տեսակավորել նրանց «մերոնք-թշնամի»։ Ճակատամարտի ժամանակ դա կարող էր խնդիր առաջացնել, և դրանից ելնելով անհրաժեշտություն առաջացավ զինվորների հեռվից տեսնելու տարբերիչ նշանների։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Norwegian national coat of arms on coins
- ↑ Королевский декрет от 19 марта 1937года.(չաշխատող հղում)
- ↑ Также изображает герб Швеции во втором и третьем полях, т.к. Хокон претендовал на шведский престол, и в 1362—1364 был королём Швеции под именем Хокан II Магнуссон.
- ↑ «Святой Олаф и церковь Олевисте в Таллине». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Олаф Харальдссон, король Норвегии 1016—1030, прославлен в лике святых как Святой благоверный Олаф II Харальдссон, король Норвегии креститель и просветитель норвежцев.
- ↑ ««Сага об Олаве Святом», глава CCXXVIII, Снорри Стурлусон. Круг Земной. — М.: Наука, 1980. Издание подготовили: А. Я. Гуревич, Ю. К. Кузьменко, О. А. Смирницкая, М. И. Стеблин-Каменский». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Norwegian National Coat of Arms(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Закон о гербе 1992 года (նորվ.)
- Закон о гербе 1937 года из университетской библиотеки Осло(չաշխատող հղում) (անգլ.)
- История норвежского герба на странице университетского колледжа Осло Արխիվացված 2013-11-18 Wayback Machine (նորվ.)
- Королевский герб Норвегии на странице норвежской королевской семьи (անգլ.)
- Герб Норвегии на странице Heraldry of the World (անգլ.)