Նորվեգիայի պատմություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հոդված Սկանդինավիա շարքից։ |
Սկանդինավիա |
---|
Աշխարհագրություն |
Վիկինգների դարաշրջան |
Երկրներ |
Նախկին քաղաքական սուբյեկտներ |
Պատմություն |
Այլ |
Նորվեգիայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել հավանաբար մ․ թ․ ա․ VI հազարամյակից։ Հետագայում բնիկները խառնվել են գերմանական ցեղերին, որոնք եկել են Սկանդինավիայի հարավից մոտ մ․ թ․ ա․ XVII դարում։ Բնակիչները զբաղվել են որսորդությամբ ու ձկնորսությամբ, մ․ թ․ սկզբին ապրել են նահապետական-տոհմատիրական կարգով, որը քայքայվել է VIII-IX դարերում։ Հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ համայնականները (բոնդերը) և տոհմացեղային ավագանին (յառլերը), ռազմական առաջնորդները՝ կոնունգները, իրենց նշանակությունը մեծապես պահպանել են ժողովրդական ժողովները (թինգի)։ IX-XI դարերի մեծ չափերի են հասել նորմանների (վիկինգների) առևտրակողոպտչական արշավանքները Իսլանդիա և այլ երկրներ։ IX-X դարերի սահմանագծին սկսվել է Նորվեգիայի քաղաքական միավորումը (կոնունգ Հարալդ Գեղեցկածամը իր իշխանությանն է ենթարկել մի շարք մարզեր և ստեղծել Նորվեգական կայսրությունը), որն ավարտվել է XI դարում Օլաֆ II (1016-1028) թագավորի օրոք։ X դարի վերջից սկսվել է Նորվեգիայի քրիստոնեացումը։ Ստեղծված վաղ ֆեոդական պետության պայմաններում ուժեղացել է շահագործումը, որի հետևանքն էին գյուղացիական ապստամբությունները և ժողովրդական շարժումները XII դարի 2-րդ կեսին և XIII դարում։ Նորվեգիայի գյուղացիներին հաջողվել է մնալ անձնապես ազատ։ 1262 թվականին Նորվեգիան իրեն է ենթարկել Իսլանդիան։ 1319 թվականին կնքվել է Նորվեգիայի անձնական ունիան Շվեդիայի հետ, 1380 թվականին՝ Դանիայի, որի հետևանքով Նորվեգիան տնտեսապես և քաղաքականապես ենթարկվել է Դանիային, իսկ 1397 թվականին կնքվել է Կալմարյան ունիան Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) միջև։ 1536 թվականին Նորվեգիայումում բռնի անցկացվել է Ռեֆորմացիա՝ Լյութերականության ձևվ, որը նպաստել է դանիական տիրապետության ամրապնդմանը։ Ուժեղացել է դանիական լուծը և նորվեգացիների ֆեոդական շահագործումը, որը հանգեցրել է գյուղացիական խոշոր ապստամբությունների (XV դար կես-XVI դարի սկիզբ)։
XVII-XVIII դարերում Նորվեգիան ներքաշվեց Դանիայի մղած ավերիչ պատերազմների մեջ։ Նորվեգական բուրժուազիան, որը սկսել էր ձևավորվել XVII դարի վերջին, պայքարում էր Դանիայից Նորվեգիան անջատելու համար։ Դանիան պարտություն կրելով Շվեդիայից, 1814 թվականին նրան հանձնեց Նորվեգիան։ Շվեդիան ուժով Նորվեգիային պարտադրեց շվեդա-նորվեգական ունիա (1814-1905)։ Նորվեգական ժողովուրդը պայքար ծավալեց հանուն անկախության։ 1887 թվականին հիմնադրվեց նորվեգական բանվորական կուսակցությունը (ՆԲԿ)։ 1905-1907 թվականի ռուսական հեղափոխության ազդեցությամբ, Եվրոպայում բանվորական շարժման ակտիվացումը մի կողմից, իմպերիալիստական հակասությունների աճը՝ մյուս կողմից, Նորվեգիային հնարավորություն տվեցին 1905 թվականին խզել Շվեդիայի հետ ունիան։ Անկախությունը նպաստեց Նորվեգիայի տնտեսական վերելքին, սակայն օտարերկրյա (գլխավորապես անգլիական) կապիտալի ներթափանցումը պայմանավորեց Նորվեգիայի՝ որպես իմպերիալիստական խոշոր տերությունների տնտեսական կցորդի, տնտեսության միակողմանի զարգացումը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նորվեգիան չեզոքություն պահպանեց։ Նորվեգական բուրժուազիան առևտուր էր անում պատերազմող երկու կողմերի հետ։ Դրա շնորհիվ Նորվեգիան դարձավ վարկատու երկիր։ Միևնույն ժամանակ ապրանքների պակասի և թանկության պատճառով վատթարացավ ժողովրդի վիճակը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ բանվորական շարժումը Նորվեգիայում ակտիվացավ։ 1918 թվականին ստեղծվեցին աշխատավորների պատգամավորների խորհուրդներ, 1919 թվականին բանվորները ձեռք բերեցին 8-ժամյա աշխատանքային օրվա իրավունք։ 1919 թվականին ՆԲԿ-ի ղեկավարությունից հեռացվեցին աջերը, 1919 թվականին ՆԲԿ մտավ Կոմինտերն։ 1923 թվականին, երբ ցենտրիստները զավթեցին ՆԲԿ-ի ղեկավարությունը, և կուսակցությունը դուրս եկավ Կոմինտերնից, ՆԲԿ-ի ձախ թևը խզեց կապերը կուսակցության հետ և հիմնադրեց Նորվեգիայի կոմունիստական կուսակցությունը։ XX դարի 20-ական թվականներին նորվեգական բուրժուազիան դիմեց զանգվածային լոկաուտների (1921, 1924, 1926), իջեցրեց աշխատավարձը (1925-1928 թվականներին՝ 30-40%), բարձրացրեց հարկերը։ 1926-1928 թվականներին ընդունվեցին հակաբանվորական օրենքներ։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը 1930 թվականին ընդգրկեց նաև Նորվեգիան։ 1940 թվականի ապրիլի 9-ին գերմանա-ֆաշիստական զորքերը օկուպացրին Նորվեգիան։ Թագավորն ու կառավարությունը տեղափոխվեցին Լոնդոն։ 1942 թվականին Նորվեգիայում ֆաշիստները ստեղծեցին Վ․ Կվիսլինգի ֆաշիստական կառավարությունը, որի դեմ ծավալվեց Դիմադրության շարժումը։ Նորվեգիայի կոմունիստական կուսակցությունը կազմակերպեց պարտիզանական խումբ Նորվեգիայի հյուսիսում։ 1944 թվականի աշնանը խորհրդային բանակը ազատագրեց Հյուսիսային Նորվեգիայի մի մասը։ 1945 թվականի մայիսի 8-ին Նորվեգիայում գերմանա-ֆաշիստական զորքերը անձնատուր եղան։ 1945 թվականի հունիսին ետպատերազմյան զարգացման դեմոկրատական ծրագրի հիման վրա կազմվեց կառավարություն՝ կոմունիստների մասնակցությամբ։ Սակայն 1945 թվականի հոկտեմբերին այն վերակազմվեց ՆԲԿ-ի միակուսակցական կառավարության, որը հեռացավ նախանշված դեմոկրատական ծրագրից։
Կողմնորոշվելով դեպի Անգլիան և ԱՄՆ-ը՝ Նորվեգիան ընդգրկվեց արևմտյան քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինքների մեջ․ 1948 թվականին Նորվեգիան միացավ «Մարշալի պլանին», 1949 թվականին՝ ՆԱՏՕ-ին, 1954 թվականին ստորագրեց Փարիզի համաձայնագրերը, 1960 թվականից Նորվեգիան Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (ԱԱԵԱ) անդամ է։ Երկրում տեղի ունեցող սոցիալտնտեսական տեղաշարժերի, դասակարգային պայքարի և ներքին հակասությունների սրման հետևանքով 1960-1970-ական թվականներին Նորվեգիան հաճախ ապրել է քաղաքական և կառավարական ճգնաժամեր։ 1973 թվականի պառլամենտական ընտրությունների նախօրեին Նորվեգիայում գրանցվել են 14 քաղաքական կուսակցություն և խմբավորում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 386)։ |