Միրիամ Լիսետե
Միրիամ Լիսետե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1885[1] |
Ծննդավայր | Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 11, 1969[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ռեդինգ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Lowther College? |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Միրիամ Լիսետե (սեպտեմբերի 9, 1885[1], Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 11, 1969[1], Ռեդինգ), անգլիացի օպերային սոպրանո, որի կարիերան տևել է 35 տարի՝ 1910-ական թվականների կեսերից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Եղել է նաև երգեցողության ուսուցչուհի և հիմնադրել «Միրիամ Լիսետե կրթաթոշակը»։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրիամ Լայսետը ծնվել է 1885 թվականին Անգլիայի Չեշիր կոմսության Օվեր գյուղում։ Վաղ մանկությունն անցկացրել է տարբեր վայրերում՝ Հոնկոնգ և Սինգապուր, քանի որ հայրը «Blue Star Shipping Line» ընկերության նավապետ էր[2][3]։
Երգել սովորել է Լանկաշիր կոմսության Լիթամ քաղաքի Լոութեր քոլեջում։ Նրան առաջինը նկատել է Նելլի Մելբան ու խորհուրդ տվել մեկնել Փարիզ՝ ուսումը շարունակելու իր ուսուցչուհու՝ Մաթիլդա Մարքեզիի մոտ։ Կատարելագործվել է նաև իր՝ Մելբայի, Յան Ռեշկեի, իսկ Միլանում՝ Վինչենցո Սաբատինիի մոտ[4]։ Դեբյուտը կատարել է Հռոմում 1911 թվականի նոյեմբերի 7-ին Միրիամ Լիսետե անունով՝ կատարելով «Մադամ Բատերֆլայ» օպերայի գլխավոր դերը[2]։
Որպես Միրիամ Լիսետե Լոնդոնում հանդես է եկել 1912 թվականին Քեննինգթոնյան թատրոնում։ Նույն տարում ամուսնացել է օպերային երգիչ Ջորջ Էդուարդ Վեբստեր Ռոբինսոնի հետ։ 1913 թվականի հունիսի 16-ին ծնվել է նրանց միակ երեխան՝ Մորիս Ռոբինսոնը[2]։ 1915 թվականի մայիսին սըր Թոմաս Բիչեմը նրան առաջին անգամ լսել է «Տրավիատա» օպերայում ու անմիջապես հրավիրել երգելու Տատյանայի դերերգը Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում։ Նա դարձել է Բիչեմի սիրելի երգչուհին ու պարբերաբար հանդես եկել վերջինիս «Beecham Opera Company» ընկերության հետ[5]։
Դեկտեմբերի 28-ին հանդես է եկել Լիզա Լեհմանի «Everyman» օպերայի պրեմիերայի ժամանակ, այնուհետև՝ Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից Անտոնինայի ու «Կախարդական սրինգը» օպերայից Պամինայի դերերգերով։ 1916 թվականի հոկտեմբերի 14-ին երգել է Մանչեստերում՝ ռուսական ու ֆրանսիական երաժշտության համերգներին[2]։
Կովենտ գարդեն արքունական թատրոնում երգել է 1919 -1929 թվականներին[6]։ 1922 թվականին միացել է Բրիտանական ազգային օպերային ընկերությանը, իսկ նույն տարում ավելի ուշ՝ ամուսնալուծվել։ 1929 թվականին Աստրա Դեզմոնդի հետ երգել է Ֆրեդերիկ Դիլիուսի «A Mass of Life» օպերայում։
1931 թվականի սեպտեմբերի 19-ին նրա որդի Մորիսը մահացել է ստրեպտոկոկային վարակից, երբ ընդամենը 18 տարեկան էր։ Մայրը շարունակել է երգել՝ հանդես գալով Ռիխարդ Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերայից Մարշալինի դերերգով[2], իսկ 1935 թվականին հանդես է եկել Պաուլ Հինդեմիթի «Կարդիլյակ» օպերայի բրիտանական պրեմիերային։ 1944 թվականին, համարյա 60 տարեկան հասակում Միջին Արևելքում հանդես է եկել բրիտանական զորաջոկատների առջև[2]։
Հանգստի անցնելուց հետո զբաղվել է դասվանդելով։ Վախճանվել է 83 տարեկան հասակում՝ 1969 թվականի օգոստոսի 11-ին Անգլիայի Ռեդինգ քաղաքի «Royal Berks» հիվանդանոցում[2]։ Նրա ունեցվածքի մեծ մասն օգտագործվել է «Միրիամ Լիսետե կրթաթոշակ»-ի հիմնադրման համար, որը հնարավորություն է տալիս դրան արժանացածներին կրթություն ստանալ Ֆրանսիայի ցանկացած վայրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ֆրանսիական երաժշտության մեկնաբանման վրա[7]։
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսետեի ձայնագրությունների մեջ մտնում են՝ «Ֆաուստ» օպերան ամբողջությամբ[8], կարևոր հատվածներ իռլանդացի կոմպոզիտոր Ուիլյամ Վինսենտ Ուոլասի «Մարիտանա» օպերայից[9], Սանտուցցայի դերերգը «Գեղջկական ասպետություն» օպերայից և Նեդդան «Պայացներ» օպերայից[10]։ Նախապատրաստվել է ամբողջական դիսկոգրաֆիա[5]։
Նրա ձայնագրություններին մասնակցել են տարբեր երաժիշտներ ու դիրիժորներ[5]։
Գլխավոր դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրիամ Լիսետեի կատարած գլխավոր դերերն էին՝
- Շարպանտյեի «Լուիզ» օպերայի գլխավոր հերոսուհու դերը
- Գունոյի «Ֆաուստ» օպերայից՝ Մարգուերիտը
- Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայից՝ Ջուլիետը
- Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից՝ Պամինան
- Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից՝ Դոննա Աննան
- Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից՝ կոմսուհի Ալմավիվան
- Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից՝ գլխավոր սոպրանոն
- Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայից՝ Չիո-Չիո Սանը
- Պուչինիի «Բոհեմ» օպերայից՝ Միմին
- Վերդիի «Օթելլո» օպերայից՝ Դեզդեմոնան
- Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայից՝ Էվան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Music Web International: Miriam Licette, Charles A Hooey
- ↑ This may have given rise to the erroneous information found in various sources that she was born in Singapore in 1892, of Scots and French parentage.
- ↑ Grove's Dictionary of Music and Musicians, 5th ed, 1954, Vol. V, p. 231
- ↑ 5,0 5,1 5,2 Music Web International: Miriam Licette Discography
- ↑ Historic Opera Արխիվացված 24 Հունվար 2012 Wayback Machine
- ↑ UK Performing Arts Արխիվացված 5 Հունվար 2009 Wayback Machine
- ↑ «Arkiv Musik». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Divine Art: British National Opera Company Արխիվացված 18 Նոյեմբեր 2009 Wayback Machine
- ↑ Presto Classical
|