Միջինասիական կոբրա
Միջինասիական կոբրա | |
Միջինասիական կոբրա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Ասպիդներ (Elapidae) |
Ցեղ | Իսկական կոբրաներ (Naja) |
Տեսակ | Միջինասիական կոբրա (N. oxiana) |
Միջազգային անվանում | |
Naja oxiana | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Միջինասիական կոբրա[1] (լատին․՝ Naja oxiana), ասպիդների ընտանիքին պատկանող թունավոր օձ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի ընդհանուր երկարությունը՝ ներառյալ պոչը, կազմում է գրեթե 2 մետր, սովորաբար փոքր է 160-180 սանտիմետրից։ Իրանի առավելագույն երկարությունը 161 սանտիմետր է[2]։ Պոչի երկարությունը 4-8 անգամ փոքր է իրանի երկարությունից։ Մարմնի վերին մասի գունավորումը բաց դեղնականաչից անցնում է մուգ շագանակագույնի, որովայնը բաց դեղնավուն է։ Երիտասարդ կոբրաների որովայնի վրա կան լայնակի օղակաձև զոլեր։ Աճի հետ մեկտեղ օձերի գունավորումը մգանում է, օղակները խամրում են և լայնանում, որովայնի զոլերը անհետանում են, և նրանց փոխարեն առաջանում են մանր ու խոշոր բծեր[3]։ Բիբը կլոր է, թեփուկները՝ հարթ[2]։
Պաշտպանական վարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհանգստացած կոբրան մարմնի առջևի մասը վեր է բարձրացնում մինչև իր երկարության 1/3-ը՝ լայնացնելով պարանոցի և իրանի հարակից մասը և արձակելով բարձր ֆշշոցներ։ Եթե մարդը կամ կենդանին, չնայած նախազգուշացմանը, մոտենում են, կոբրան սկզբում փորձում է վախեցնել հակառակորդին և կտրուկ առաջ է նետում մարմնի առջևի մասը։ Թունավոր ատամները կոտրվելուց պաշտպանելու համար բերանը փակ գլխով հարվածում է թշնամուն, ապա կեղծ խայթում նրան։ Պաշտպանական ցուցադրական կեցվածքը վարքի բնածին տարր է, և նորածին օձերն այն ընդունում են ցանկացած վտանգի դեպքում։
Արեալ և բնակեցման վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել տարածված են Թուրքմենստանում (բացի հյուսիսարևմտյան ծայրամասային շրջաններից), հարավարևմտյան Տաջիկստանում, հարավային Ուզբեկստանում՝ հյուսիսում մինչև Նուրա Տաու լեռնաշղթան, Բել Տաու Ատա լեռները և Թուրքեստանի լեռնաշղթայի արևմտյան լեռնաճյուղավորումները, Ղրղզստանում, Աֆղանստանում, Պակիստանում, հյուսիսարևելյան Իրանում և հյուսիսարևմտյան Հնդկաստանում[2]։ Բնակվում են կավային և խճաքարային նախալեռնային շրջաններում, ոչ բարձր լեռներում, տեռասավոր ափեր ունեցող գետերի հովիտներում, լեռնաձորերում և լանջերի վրա՝ քարերի և թփուտների արանքներում, ոչ հազվադեպ՝ լքված շինություններում, ոռոգված հողամասերում, դաշտերի ծայրամասերում և այգիներում։ Հաճախ հանդիպում են գետափներում, ավազային ջրազուրկ անապատներում, որտեղ հետևում են ավազաթմբերում և նրա լանջերին բնակվող ավազամկների խմբերին։ Լեռներում տարածված են ծովի մակարդակից մինչև 2000 մետր բարձրության վրա։
Ապրելակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնանը և աշնանը ակտիվ են ցերեկը, ամռանը՝ առավոտյան, երեկոյան և գիշերային ժամերին։ Աշնանը երկրի մակերեսին հայտնվում են ավելի հազվադեպ, քան գարնանը։ Տարվա տաք եղանակին կոբրաների համար թաքստոց են ծառայում կրծողների բները, քարերի տակ գտնվող խորշերը, հողի ճեղքվածքները և ճաքերը, թփուտները (մոշենի, էֆեդրա), ջրամբարների մոտ գտնվող եղեգնուտները և այլն։ Ձմեռում են խորը ավազային բներում, ճեղքերում, երբեմն՝ բնակելի շինությունների տակ։ Ձմեռում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների վերջին օրերից մինչև մարտ-ապրիլ ամիսների ավարտը։ Պաճուկափոխությունը կատարվում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։ Կուտակումներ չեն ձևավորում, ուստի խմբերով ոչ մի տեղ չեն հանդիպում։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջինասիական կոբրայի սննդակարգի մոտ 40 %-ը կազմում են երկկենցաղները, հատկապես մեծ քանակությամբ ուտում են կանաչ դոդոշներ։ Գետերի հովիտներում բնակվող պոպուլյացիաներն ուտում են լճագորտեր։ Սնվում է նաև սողուններով, այդ թվում՝ օձերով (վիշապօձերով և այլն, որոնք կազմում են սննդակարգի 30-35%-ը), մանր կաթնասուններով (կրծողներով, 15-20%), թռչուններով (մանր ճնճղուկներով և այլն, 5-10%), թռչուններիի ձվերով[2]։ Երիտասարդ կոբրան կարող է ուտել նաև անողնաշարավորներ։
Որսի վրա հարձակվելու ժամանակ կոբրան, կառչելով զոհից, ոչ թե անմիջապես հետ է նետվում, այլ մի քանի անգամ ամուր սեղմում է ծնոտը, որպեսզի թունավոր ատամները ավելի լավ խրի զոհի մարմնի հյուսվածքների մեջ և ներարկի թույնի անհրաժեշտ չափաբաժինը։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոբրաները սովորաբար զուգավորում են մայիսին։ Հղիությունը տևում է 60-65 օր։ Հուլիսին էգերը դնում են 6-19 երկարավուն ձու՝ 40-45 միլիմետր երկարությամբ և 12-19 գրամ զանգվածով։ Երիտասարդ կոբրաները ձվից դուրս են գալիս օգոստոսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբեր։ Նորածին ձագերի երկարությունը 31-39 միլիմետր է։ Սեռահասունության են հասնում կյանքի երրորդ-չորրորդ տարիներին։
Թույն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափազանց թունավոր օձ է, սակայն մարդկանց և կենդանիների խայթոցների դեպքերը հազվադեպ են։ Միջինասիական կոբրայի թույնն ունի վառ արտահայտված նեյրոտոքսիկ ազդեցություն։ Խայթված կենդանին սկզբում թուլանում է և պասիվանում, բայց շուտով առաջանում են ցնցումներ, շնչառությունը արագանում է, դառնում մակերեսային, և որոշ ժամանակ անց մահը վրա է հասնում շնչառական կենտրոնի լուծանքի հետևանքով։ Խայթոցից հետո տեղական երևույթներ (ուռուցքներ, արյունազեղում) չեն նկատվում։
Կոբրայի թույնն օգտագործվում է դեղամիջոցներ պատրաստելու և փորձարարական կենսաբանության մեջ։ Այս օձի թույնի դեմ շիճուկն ինքնին վտանգ է ներկայացնում մարդու համար՝ ալերգիայի և շոկի տեսքով իմունային պատասխանի բարձր հավանականության պատճառով։ Դրա հետևանքով անգամ «հակակոբրին» նյութի ժամանակին օգտագործման դեպքում տուժածների 1/3-ի շրջանում գրանցվում է մահ, ինչը շատ բարձր ցուցանիշ Է կոբրայի այլ տեսակների համեմատ։
Պահպանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ կոբրայի թվաքանակը համատարած ցածր է, ուստի այն ենթակա է պահպանության։ Ավազային անապատներում իրավիճակն ավելի բարենպաստ է, մյուս շրջաններում թիվը կրճատվում է բնակավայրերի ոչնչացման պատճառով։ Հատկապես խոցելի են պոպուլյացիաները գետերի հովիտներում, նախալեռնային անապատներում և նախալեռներում, որտեղ բնակավայրերը ոչնչացվում են արտադրողական տնտեսական զարգացման արդյունքում։
Որպես հազվադեպ տեսակ (3-րդ կատեգորիա)՝ գրանցվել է Թուրքմենստանի (1985), Ուզբեկստանի (1983), ԽՍՀՄ-ի (1984) Կարմիր գրքերում։ Պահպանվել է Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի արգելավայրերում։ Ներկայումս թվաքանակով կրճատվող այս տեսակը (2-րդ կատեգորիա) ներառված է Թուրքմենստանի (1999) և Ուզբեկստանի (2003) Կարմիր գրքերում, ունի NT կարգավիճակ։
Միջազգային կարմիր գրքում, որպես անհետացող տեսակ, գրանցված է եղել 1986-ից մինչև 1994 թվականները (Endangered): 1990-ականների կեսերից մինչ այժմ Բնության պահպանության միջազգային միություն կարմիր ցուցակում անորոշ կարգավիճակ ունի, քանի որ նրա թվաքանակի վերաբերյալ ժամանակակից տվյալներ չկան։
1980-ականների սկզբին կենդանաբանական այգիներում և սերպենտարիաներում տարեկան 300-350 կոբր էր պահվում։
Միջինասիական կոբրան նամականիշների և մետաղադրամների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]-
ԽՍՀՄ նամականիշ, 1977
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գիրք:Атлас пресмыкающихся Северной Евразии. էջ=177
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Naja oxiana - General Details, Taxonomy and Biology, Venom, Clinical Effects, Treatment, First Aid, Antivenoms». WCH Clinical Toxinology Resource. University of Adelaide. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Species of Asiatic Naja». The Asiatic Cobra Systematics Page. Bangor University. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Красная книга СССР: Редкие и находящиеся под угрозой исчезновения виды животных и растений. Том 1 / Главная ред. коллегия: А. М. Бородин, Банников, Андрей Григорьевич, Владимир Евгеньевич Соколов и др. — 2-е изд. — М.: Лесная промышленность, 1984. — С. 197. — 392 с.
- Андрей Григорьевич Банников, Илья Сергеевич Даревский, Ищенко В. Г., Рустамов А. К., Николай Николаевич Щербак, Определитель земноводных и пресмыкающихся фауны СССР. — М.: Просвещение, 1977. — С. 317. — 415 с.
- Ананьева Н. Б., Орлов Н. Л., Халиков Р. Г., Илья Сергеевич Даревский, Рябов С. А., Барабанов А. В. Атлас пресмыкающихся Северной Евразии (таксономическое разнообразие, географическое распространение и природоохранный статус). — СПб.: Зоологический институт РАН, 2004. — С. 177—178. — 232 с. ISBN 5-98092-007-2
- Даревский И. С., Орлов Н. Л. Редкие и исчезающие животные. Земноводные и пресмыкающиеся: Справ. пособие. — М.: Высшая школа, 1988. — С. 381—382. — 463 с. ISBN 5-06-001429-0
- Жизнь животных. Том 5. Земноводные. Пресмыкающиеся / под ред. А. Г. Банникова, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1985. — С. 316—317. — 399 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սողունների տվյալների բազա-Միջինասիական կոբրա
- Wuster, W. 1996. Naja oxiana. In: IUCN 2011. IUCN Red List of Threatened Species. Version 2011.2.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջինասիական կոբրա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջինասիական կոբրա» հոդվածին։ |
|