Մարգարեթ Սիեմս
Մարգարեթ Սիեմս գերմ.՝ Margarethe Siems | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1879 |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 13, 1952 (72 տարեկան) |
Մահվան վայր | Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[1] |
Գերեզման | Johannisfriedhof, Dresden[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և համալսարանի դասախոս |
Margarethe Siems Վիքիպահեստում |
Մարգարեթ Սիեմս (անգլ.՝ Margarethe Siems, դեկտեմբերի 20, 1879, Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1] - ապրիլի 13, 1952, Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[1]), գերմանացի օպերային կոլորատուրային սոպրանո և վոկալի ուսուցիչ։ Դրեզդենի պետական օպերայի կամերզենգերինը (պատվավոր կոչում, որը համապատասխանում է ժողովրդական արտիստի կոչմանը) 1909-1912 թվականների ընթացքում մարմնավորել է Ռիխարդ Շտրաուսի երեք օպերաների գլխավոր հերոսուհիներին՝ «Էլեկտրա» օպերայից Քրիսոթեմիսին, «Վարդի ասպետը» օպերայից Մարշալինին և «Արիադնան Նաքսոսում» օպերայից Զերբինետային[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բրեսլավ (այժմ՝ Լեհաստանի Վրոցլավ) քաղաքում և վաղ տարիքում դաշնամուր և ջութակ սովորելուց հետո սկսել է Դրեզդենի կոնսերվատորիայում երգեցողություն ուսումնասիրել հունգարացի սոպրանո Ագլայա Օրգենիի մոտ, որն ինքն էլ հանդիսանում էր Պոլինա Վիարդոյի ու Մաթիլդա Մարքեզիի աշակերտը։ Օպերային դեբյուտը կատարել է 1902 թվականին Պրահայի պետական թատրոնում՝ մարմնավորելով Ջակոմո Մեյերբերի «Հուգենոտներ» օպերայից Մարգարիտ դե Վալուային, որից հետո, 1908 թվականին դարձել է Դրեզդենի պետական օպերայի անդամ։ Դրեզդենում երգել է «Էլեկտրա» (1909) և «Վարդի ասպետը» (1911) օպերաների պրեմիերաներին՝ հանդես գալով համապատասխանաբար Քրիսոթեմիսի և Մարշալինի դերերում։ Վերջին դերի համար Շտրաուսը նրան համարել է իդեալական թեկնածու, և նա 1913 թվականին դրանով հանդես է եկել Կովենտ գարդեն արքունական թատրոնում՝ օպերայի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ։ Շտրաուսյան նրա երրորդ պրեմիերան եղել է 1912 թվականին Շտուտգարտում բեմադրված «Արիադնան Նաքսոսում» օպերայից Զերբինետայի դերակատարումը։
«Լոնդոնյան օպերային ընկերության» հիմնադիր Մայքլ Սկոտը Սիեմսի երգելաոճը (ինչպես նաև վերջինիս ժամանակակիցներ Էրմին Բոզետտիի ու Մարի Գութեյլ-Շոդերի ոճերը) նկարագրել է որպես ավելի շատ «գործիքային», քան թե ջերմորեն հուզական[4]։ Սակայն նա ունեցել է բազմազան երգացանկ, որտեղ ներառված էին կոլորատուրային սոպրանոյի համար նախատեսված դերեր, ինչպիսիք են՝ «Կախարդական սրինգ» օպերայից Գիշերային թագուհին ու «Լյուչիա դի Լամերմուր» օպերայից Լյուչիան, դրամատիկ սոպրանոյի համար նախատեսված դերեր, ինչպիսիք են՝ Վերդիի հերոսուհիներ Աիդան ու Ամելիան համապատասխանաբար «Աիդա» և «Պարահանդես-դիմակահանդես» օպերաներից, ու նույնիսկ Վագներյան դերերգեր, ինչպիսիք են՝ Զիգլինդը «Վալկիրիա» և Իզոլդան «Տրիստան և Իզոլդա» օպերաներից։ Նրա ձայնածավալն այնքան լայն էր, որքան իր երգացանկը, որը նրան հնարավորություն էր տալիս կատարել Զերբինետայի դերը իր բարձր F♯ նոտայով, ինչպես նաև ցածր ձայնածավալի համար նախատեսված դերեր, որոնք սովորաբար կատարվում էին մեցցո-սոպրանոների կողմից, այդ թվում՝ «Կարմեն» օպերայի գլխավոր հերոսուհու դերը և Բելլինիի «Նորմա» օպերայից Ադալգիսայի դերերգը։
Թեև մինչև 1922 թվականը հանդիսացել է Դրեզդենի պետական օպերայի անդամ, 1920-1926 թվականների ընթացքում նաև դասավանդել է Բեռլինի կոնսերվատորիայում, որից հետո դասավանդել Դրեզդենում ու Բրեսլավում մինչև 1940 թվականը։ Նրա առաջին ուսանողներից մեկը գերմանացի կոնտրալտո Զիգրիդ Օնեգինն էր։ Վերջին անգամ բեմում հանդես է եկել 1925 թվականին Բրեսլավում «Վարդի ասպետը» օպերայից Մարշալինի դերով, բայց շարունակել է երգել համերգներում, հաճախ գերմանացի երգիչ ու երգահան Գեորգ Հարթմանի հետ․ վերջինս Լյոնդրեկ-Զդրույ քաղաքի բնակիչ էր, որտեղ Սիեմսն անցկացնում էր իր կյանքի վերջին տարիները։ Կյանքի վերջում նորից վերադարձել է Դրեզդեն, որտեղ էլ վախճանվել է 1952 թվականի ապրիլի 13-ին 72 տարեկան հասակում։
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիեմսի՝ «Գրամոֆոն», «Պաթե Ռեքորդս», «HMV», «Parlophone Records» ընկերությունների հետ արված վաղ շրջանի ձայնագրությունների վերամշակված տարբերակը կոչվում է «Margarethe Siems – Königliche Sächsische Hofopernsängerin» , որտեղ ընդգրկված են դերակատարումներ բազմաթիվ օպերաներից, այդ թվում՝ «Աիդա», «Վարդի ասպետը», «Հուգենոտներ», «Լյուչիա դի Լամերմուր», «Տրավիատա», «Դինորա», «Լակմե», «Ֆիգարոյի ամուսնությունը»։ Label: Symposium SYM 1227.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #117367133 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Rosenthal and Warrack (1979) p. 461. See also Midgette (17 February 2002).
- ↑ Scott (1993) p. 168
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Midgette, Anne, "A 'Baroque' Approach to Strauss Opera", New York Times, 17 February 2002
- Rosenthal, H. and Warrack, J., "Siems, Margarethe", The Concise Oxford Dictionary of Opera, 2nd Edition, Oxford University Press, 1979, p. 461. 0-19-311321-X
- Scott, Michael, The Record of Singing, Vol. I, Northeastern University Press, 1993, p. 168. 1-55553-163-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Margarethe Siems on Isoldes-Liebestod.info – biography in German and extensive photo gallery.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Սիեմս» հոդվածին։ |
|