Դրեզդենի պետական օպերա
Դրեզդենի պետական օպերա | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն և համերգասրահ |
Երկիր | Գերմանիա[1] |
Գտնվելու վայրը | Altstadt?[1] և Դրեզդեն |
Անվանված է | Գոդֆրիդ Զեմպեր |
Ճարտարապետ | Գոդֆրիդ Զեմպեր |
Semperoper Վիքիպահեստում |
Դրեզդենի պետական օպերա[2][3] (գերմ.՝ Dresdner Staatsoper, Դրեզդենի օպերա Զեմպերոպեր (գերմ.՝ Semperoper)), օպերային թատրոն Դրեզդենում։ Կառուցվել է Գոդֆրիդ Զեմպերի նախագծով (այստեղից էլ թատրոնի անվանումը)։ Գտնվում է «Հին քաղաքում» (գերմ.՝ Altstadt)` Ցվինգերի և Դրեզդենյան պալատի անմիջական հարևանությամբ[4]։ 1841 թվականին բացված թատրոնի շենքը երկու անգամ ենթարկվել է ավերածության 1869 թվականին՝ հրդեհի, 1945 թվականին՝ ռմբակոծությունների հետևանքով։ Այս ավերածություններից հետո թատրոնը վերականգնվել է 1878 թվականին և 1985 թվականին։
Դրեզդենի օպերային թատրոնում կայացել են բազմաթիվ օպերաների պրեմիերաներ, այդ թվում՝ Ռիխարդ Վագների («Թռչող հոլանդացի», «Ռիենցի», «Տանհոյզեր») և Ռիխարդ Շտրաուսի («Սալոմե», «Վարդի ասպետը», «Էլեկտրա») օպերաների պրեմիերաները։
Դրեզդենի օպերան համարվում է աշխարհի ամենահին նվագախմբերից մեկի` Սաքսոնյան պետական կապելլայի համերգասրահը[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերայի առաջին շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1648 թվականին Դրեզդենի օպերայի տեղում գործում էր թատրոն, որն առաջին մշտական թատրոններից մեկն էր Ալպերի հյուսիսում։ Այնուհետև մոտակայքում կառուցվեցին ևս 8 թատրոն, և այն հրապարակը, որի շուրջը տեղակայված էին դրանք, կոչվեց Թատերական[6]։
Նոր օպերային թատրոն կառուցելու գաղափարը պատկանել է Սաքսոնիայի թագավոր Ֆրեդերիկ Ավգուստ Երկրորդին։ Նա պալատական թատրոնի շինարարությունը հանձնարարեց ճարտարապետ Գոդֆրիդ Զեմպերին։ Շինարարությունը շարունակվել է 1838 թվականից մինչև 1841 թվականը։ Սկզբնապես նախատեսվում էր շինարարությունը ֆինանսավորել թագավորի միջոցներով, բայց 1839 թվականին նա պահանջեց, որ խորհրդարանն իր վրա վերցնի այդ ծախսերը։
Թատրոնի բացումը տեղի է ունեցել 1841 թվականի ապրիլի 13-ին` Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Հոբելյանական նախերգանք» և Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Տորկվատո տասսո» պիեսների բեմադրությամբ[7]։ Մեկ տարի անց Ռիխարդ Վագները տեղափոխվեց Դրեզդեն և ստանձնեց թատրոնի նվագախմբի ղեկավարի պաշտոնը։ Դրեզդենի օպերայում տեղի ունեցավ կոմպոզիտորի այնպիսի ստեղծագործությունների պրեմիերան, ինչպիսիք են «Ռիենցի», «Թռչող հոլանդացի» և «Տանհոյզեր»։ Դրանց մեջ Ռիխարդ Վագները հանդես էր գալիս նաև որպես դիրիժոր[6]։
Օպերային թատրոնի բացումը հռչակ բերեց Գոդֆրիդ Զեմպերին եվրոպական թատերական աշխարհում։ Առաջին շենքի ոճը դժվար էր միանշանակ պարզել, քանի որ այն ուներ մի շարք առանձնահատկություններ, որոնք բնորոշ են վաղ Վերածննդի դարաշրջանին և բարոկկոյին։
Գերմանիայում 1848-1849 թվականների հեղափոխության պարտության արդյունքում Զեմպերը և Վագները ստիպված եղան փախչել Դրեզդենից։ 1869 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ուժեղ հրդեհի արդյունքում Դրեզդենի օպերային թատրոնի առաջին շենքն ամբողջովին ավերվեց։
Ժամանակավոր շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրդեհից չորս շաբաթ անց օպերայի շենքի ավերակների տեղում կառուցվեց ժամանակավոր փայտե թատրոն, որտեղ կարող էին տեղավորվել 1800 հանդիսական։ 1869 թվականի դեկտեմբերի 2-ին «Փայտե թատերաշենքում» տեղի ունեցավ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Իֆիգենիան Տավրիդայում» դրամայի պրեմիերան։
Օպերայի երկրորդ շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավերումից հետո ծագեց թատրոնի վերականգնման հարցը։ Կարծիքները բաժանվեցին, քաղաքացիների մի մասը առաջարկեց վերականգնել ավերված շենքը, իսկ մյուսները առաջարկում էին բոլորովին նոր շենք կառուցել և արդյունքում որոշվեց կառուցել նոր շենք։ Նաև բուռն քննարկումները ծավալվեցին նոր օպերայի շենքի գլխավոր ճարտարապետի թեկնածության շուրջը։ Քաղաքի բնակիչների կողմից հավաքված ստորագրությունների շնորհիվ Գոտֆրիդ Զեմպերը, ով եղել էր առաջին շենքի ճարտարապետը, երկրորդի կառուցման համար պատվեր ստացավ[7]։
Եվ արդեն 1871 թվականին սկսվեց օպերայի նոր շենքի կառուցումը։ Շինարարությունը ղեկավարում էր Գոտֆրիդ Զեմպերի ավագ որդին Մանֆրեդ Սեմփերը։ Ինքը՝ Գոդֆրիդ Զեմպերը, նամակների միջոցով իր որդուն խորհուրդներ էր տալիս շինարարությանը առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։ Հետագայում արխիվում պահպանված այս նամակները օժանդակեցին 20-րդ դարի վերջին օպերայի շենքի վերականգնմանը։ Շինարարությունն ավարտվեց 1878 թվականին։ Շինության շքամուտքը զարդարված էր քանդակագործ Յոհաննես Շիլինգի (գերմ.՝ Johannes Schilling) Դիոնիսի և Արիադնայի բրոնզե քառաձի մարտակարգով։ Թատրոնի մուտքի մոտ տեղադրվել էին Յոհան Վոլֆգանգ Գյոթեի և Ֆրիդրիխ Շիլլերի, կողային ճակատային որմնախորշերում` Շեքսպիրի, Սոֆոկլեսի, Մոլիերի և Եվրիպիդեսի քանդակները։ Բացի Շիլինգից, նոր թատրոնի համար արձանների ստեղծմանը մասնակցել էին այնպիսի քանդակագործներ, ինչպիսիք են Էռնստ Ռիտշելը և Էռնստ Հենելը։ Շենքի ներքին հարդարանքի և զարդանկարների համար առատորեն օգտագործվել էին թանկարժեք նյութեր։
Օպերայի շենքի երկրորդ բացումը տեղի ունեցավ 1878 թվականի փետրվարի 2-ին՝ Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Հոբելյանական նախերգանք» ներկայացմամբ և Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Իֆիգենիան Տավրիդայում» պիեսով[7]։
19-րդ դարի վերջին Ռիխարդ Ստրաուսի ստեղծագործության դրեզդենյան շրջանում գրվեցին և բեմադրվեցին այնպիսի օպերաներ, ինչպիսիք են՝ «Մարված կրակներ» (1901), Սալոմե (1905), «Էլեկտրա» (1909) և «Վարդերի ասպետը» (1911)։
Առաջին աշխարհամարտից հետո սաքսոնական թագավորը հրաժարվեց գահից և պալատական թատրոնը վերանվանվեց Սաքսոնական պետական թատրոն։
1922 թվականին Ֆրից Բուշը դարձավ թատրոնի գլխավոր դիրիժորը։ Նրա անմիջական մասնակցությամբ տեղի ունեցան Ռիխարդ Շտրաուսի «Ինտերմեցցո» (1924), «Եգիպտական Հելենա» (1928) և «Արաբելա» (1933), ինչպես նաև Ֆերուչիո Բուսոնիի «Դոկտոր Ֆաուստ», Կուրտ Վեյլի «Պրոտոգոնիստ» (1926) և Պաուլ Հինդեմիթի «Կարդիլյակ» (1926) օպերաների պրեմիերաները։ 1933 թվականին Ֆրից Բուշը ազատվեց զբաղեցրած պաշտոնից Ազգային սոցիալիստների կողմից։
1934 թվականին Կառլ Բյոմը զբաղեցրեց տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Նրա ղեկավարությամբ բեմադրվեցին Շտրաուսի «Լռակյաց կինը» (1935) և «Դաֆնա» (1938) օպերաները։ Օպերան շարունակեց աշխատել նաև Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Միայն 1944 թվականի օգոստոսի 31-ին դադարեցվեց թատրոնի աշխատանքը։ Վերջին ներկայացումը դարձավ Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը»։
1945 թվականի փետրվարի 13-ին Դրեզդենի ռմբակոծության ժամանակ, քաղաքի կենտրոնը համարյա ամբողջությամբ ավերվել էր, զգալիորեն վնասվել էր նաև օպերայի շենքը, միայն արտաքին պատերն ու որոշ քանդակներ էին մնացել անվնաս։
Օպերայի «երրորդ» շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո, կիսավեր շինությունների քանդման ժամանակ և քաղաքը փլատակներից մաքրելու ընթացքում թատրոնի ավերակները չեն քանդվել, և 1952 թվականին դրանք նույնիսկ ամրացվեցին, ինչը հետագայում հեշտացրեց վերականգնման աշխատանքները, որոնք սկսվեցին միայն 1977 թվականի հունիսի 24-ին։ Վերականգնումը ղեկավարում էր ճարտարապետ Վոլֆգանգ Հանսը։ Շենքի հատակագիծը փոխվեց և այն համապատասխանեցվեց օպերային թատրոնին ներկայացվող ժամանակակից պահանջներին։ Նստատեղերի քանակը նվազեց մինչև 1300։ Հակառակ կողմում ավելացվեց նոր մասնաշենք, որն օգտագործվում է փորձնական ներկայացումների համար և որպես վարչական գրասենյակ։ Վերականգնման աշխատանքներն ավարտվեցին դրանց սկսվելուց 8 տարի անց։ Թատրոնի խորհրդանշական բացումը տեղի ունեցավ Դրեզդենի ռմբակոծության 40-ամյակի օրը` 1985 թվականի փետրվարի 13-ին Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» և Ռիխարդ Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերաների ցուցադրություններով։ Բացի այդ, նորաբաց թատրոնի առաջին ներկայացումներից դարձան Զիգֆրիդ Մատուսի «Երգ կոռնետ Քրիստոֆ Ռիլկեի սիրո և մահվան մասին» օպերան և Ուդո Ցիմմերմանի`«Այրվող աշխարհը» բալետը[7]։
1986 թվականին Դրեզդենի օպերային թատրոնում առաջին անգամ կայացավ Սաքսոնական պետական կապելլայի համերգը։ Դրեզդենի կործանարար ռմբակոծության հիշատակին նվիրված համերգի ընթացքում կատարվեց Յոհաննես Բրամսի «Ռեքվիեմ»-ը։ Թատրոնի համար վերջին «փորձությունը» դարձավ 2002 թվականի օգոստոսի ջրհեղեղը, երբ Էլբա գետի ջրի մակարդակը բարձրացավ նորմալ մակարդակից 9,40 մետրով և վնասը կազմեց 27 միլիոն եվրո։ Երեք ամիս տևած վերականգնման աշխատանքներից հետո թատրոնը կրկին բաց էր հանդիսատեսի համար։ Թատերական սեզոնի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 13-ին նախատեսվածի փոխարեն, նոյեմբերի 9-ին` «Պատրանքներ ինչպես Կարապի լիճը» բալետով։ Գերմանիայի վերամիավորումից հետո Դրեզդենի օպերան պաշտոնապես կոչվեց «Սաքսոնական պետական օպերա» (գերմ.՝ Sächsische Staatsoper):
Դրեզդենի օպերայի պատմական շենքի ետնամասում Էլբայի կողմից կառուցվեց խորանարդաձև շինություն, որտեղ տեղակայվեց օպերայի փոքր դահլիճը (գերմ.՝ Semper 2): Շենքը հիմնականում կառուցվել էր փորձնական ներկայացումների անցկացման նպատակով, սակայն կարող էր օգտագործվել նաև ներկայացումների և բեմադրությունների համար։ Շենքն ունի թատրոնի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու հարմարությունները, ներառյալ 200 տեղանոց դահլիճը։ Փոքր դահլիճի առանձնահատկությունը նվագախմբի փոսի բացակայությունն է, ինչը թույլ է տալիս ավելի շատ կամերային միջավայր ստեղծել ներկայացումների և բեմադրությունների ժամանակ[8]։
Արտաքին տեսք և ներքին հարդարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրեզդենի օպերայի նախաբեմի կամարը զարդարված է եզրազարդով, որտեղ պատկերված են հայտնի դրամաների և ներկայացումների կերպարներ։ Ստորև ներկայացվում է կամարի վրա պատկերված գործիչների ցուցակը (ձախից աջ)՝ Պապագենո, քաղաքապետ, Կոլումբինա, Պիերո, Բազիլիա, վարսավիր, սամում, Մաքս, Ագաթա, Տանհեյզեր, Ֆենելա, Մազելելո, ջրատար, Ֆլորեստան, Դոն Ժուան, Քարե հյուր, Դոննա Աննա, Իֆիգենիա, Եվտերպե, Կոմո, Արդարադատություն, Էվումենիդա, Անտիգոնե, Օդիպուս, Մելպոմենե, Օթելլո, Դեզդեմոնա, Մեֆիստոֆելես, Գրեթչեն, Ֆաուստ, Նաթան, Վալլենշտեյն, Դոննա Դիանա, Պուկ, Ժլատ, Կալիբան, Կապուցին, մանլկավիկ և Ֆալստաֆ։
- Ստորին պատկերասրահ
- Վերին պատկերասրահ
- Թատրոնի դահլիճ
- Ժամացույց բեմի վրա
Մինչ օրս Դրեզդենի օպերայի բեմի վերևում տեղադրված հինգ րոպեանոց թվային ժամացույցը շարունակում է ցույց տալ ճշգրիտ ժամանակը։ Արքայական պալատի ժամագործ Ի. Խ. Ֆ. Գյուտկեսի և նրա օգնական Ֆ. Ա. Լանգեի պատրաստած ժամացույցի թվահարթակի միջոցով, դահլիճի հետևի շարքերից ժամանակը հեշտ է որոշել նույնիսկ այն ժամանակ, երբ ներկայացման ընթացքում լուսավորությունը ցածրացվել է։
-
Դահլիճ
-
Օպերայի բեմը
-
Դահլիճի առաստաղի որմնանկարների հատված
-
Ներքին սրահներ
-
Նախասրահ
Թատրոնի ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլաուս Գրաֆ ֆոն Զեբախ (1894-1919)
- Մաքս գերդ Շյոնֆելդեր (1984-1990)
- Քրիստոֆ Ալբրեխտ (1991-2003)
- Գերդ Յուկկեր (2003-2010)
- Ուլրիկա Հեսսլեր (2010-2012)
- Պետեր Տայլեր (2018-)
Դիրիժորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրեզդենի օպերայի գոյության տարիների ընթացքում նրա պատերի ներսում աշխատել են հետևյալ հայտնի դիրիժորները՝
- Կառլ Գոտլիբ Ռայսիգեր (1798-1859)
- Ռիխարդ Վագներ (1813-1883)
- Էրնստ ֆոն Շուխ (1846-1914)
- Ֆրից Ռայներ (1888-1963), Դրեզդենում աշխատել է 1914-192 թվականներին
- Ֆրից Բուշ (1890-1951), Դրեզդենում աշխատել է 1922-1933 թվականներին
- Կառլ Բյոմ (1894-1981), Դրեզդենում աշխատել է 1934-1942 թվականներին
- Կարլ Էլմենդորֆ (1891-1962), Դրեզդենում աշխատել է 1943-1944 թվականներին
- Յոզեֆ Կայլբերտ (1908-1968), Դրեզդենում աշխատել է 1945-1951 թվականներին
- Ռուդոլֆ Կեմպե (1910-1976), Դրեզդենում աշխատել է 1949-1952 թվականներին
- Օտմար Զույտներ (* 1922-2010), Դրեզդենում աշխատել է 1960-1964 թվականներին
- Կուրտ Զանդերլինգ (ծն. 1912), Դրեզդենում աշխատել է 1964-1967 թվականներին
- Հերբերտ Բլոմստեդտ (ծն. 1927), Դրեզդենում աշխատել է 1975-1985 թվականներին
- Հանս Վոնք (1942-2004), Դրեզդենում աշխատել է 1985-1990 թվականներին
- Ջուզեպպե Սինոպոլի (1946-2001), Դրեզդենում աշխատել է 1992-2001 թվականներին
- Սեմյոն Բիչկով (ծն. 1952), Դրեզդենում աշխատել է 2001-2002 թվականներին
- Բերնարդ Հայտինկ (ծն. 1929), Դրեզդենում աշխատել է 2002-2004 թվականներին
- Ֆաբիո Լուիզի (ծն. 1959), Դրեզդենում աշխատել է 2004-2012 թվականներին
- Քրիստիան Տիլեման (ծն. 1959), Դրեզդենում աշխատում է 2012 թվականից
Հայտնի մենակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
Պրեմիերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրեզդենի Օպերայի շենքում տեղի են ունեցել հետևյալ ստեղծագործությունների պրեմիերաները`
- Ռիխարդ Վագներ. Ռիենցի, վերջին տրիբունը, 20 հոկտեմբերի 1842
- Հայնրիխ Մարշներ. Նասաուի թագավոր Ադոլֆը Նասաուից, 5 հունվարի, 1845
- Ռիխարդ Վագներ. Թռչող հոլանդացին, 1843 թվականի հունվարի 2-ին
- Ռիխարդ Վագներ. Տանհեյզերը և երգիչների մրցույթը Վարտբուրգում, 1945 թվականի հոկտեմբերի 19-ին
- Կարլ Գոտլիբ Ռայսիգեր / Հանս-Գեորգ Կրիտե, Մեդուզայի խորտակումը, 16 օգոստոսի 1846
- Անտոն Գրիգորևիչ Ռուբինշտեյն / Յուլիուս Ռոդենբերգ. Ֆերամորս, 24 փետրվարի, 1863
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թատրոնի հրապարակը` թագավոր Յոհանի արձանով հանդերձ
-
Օպերային թատրոն
-
Թատերական հրապարակ
-
Օպերային թատրոնը գիշերը
-
Օպերային թատրոն, 1999 թվական
-
Գոդֆրիդ Զեմպերի հուշարձանը Դրեզդենում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Полётова Л. А. Дрезденская опера // Большая российская энциклопедия. Т.9. Москва, 2007, с.347.
- ↑ Дрезденская опера // Цодоков Е. Оперный словарь. Москва, 1999, с.132.
- ↑ Дрезденская государственная опера // www.belcanto.ru, 12 января 2011
- ↑ «Главная страница». www.semperoper.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 19 января 2012-ին.
- ↑ 6,0 6,1 Berthold, Dietmar. Дрезден. Саксонская резиденция немецких монархов. B&V Verlag. էջ 24. ISBN 978-3-938220-05-4.
{{cite book}}
: Unknown parameter|http://www.manz.at/list.html?inline=
ignored (օգնություն) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 Ильзедоре Райнсберг. «История Оперы Земпера». www.semperoper.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 18 января 2012-ին.
- ↑ «Semper 2». www.semperoper.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 22 января 2012-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Milde K., Borchert Ch., Czechowski H. Semperoper Dresden: Bilder einer Baulandschaft. 3. Aufl. Dresden, 1987. ISBN 3-364-00019-0 (фотоальбом)
- Hänsch W. Die Semperoper. 2. Aufl. Berlin, 1988. ISBN 3-345-00017-2.
- Höntzsch W. Opernmetropole Dresden. Leipzig, 1996. ISBN 90-5705-003-X.
- Magirius H. Die Semperoper zu Dresden. 2. Aufl., Leipzig, 2000. ISBN 3-361-00515-9
- Streller F. Die Dresdner Staatsoper und das neue Musiktheater // (Hrsg.): Dresden und die avancierte Musik im 20. Jahrhundert. Teil III: 1966–1999, hrsg. v. Matthias Herrmann u. Stefan Weiss. Laaber, 2004. ISBN 3-89007-511-8, S. 171–180.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրեզդենի պետական օպերա» հոդվածին։ |
|