Կառլ Բյոմ
Կառլ Բյոմ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Karl Böhm |
Ծնվել է | օգոստոսի 28, 1894[1][2][3][…] Գրաց, Ավստրիական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | օգոստոսի 14, 1981[1][2][3][…] (86 տարեկան) Զալցբուրգ, Ավստրիա |
Գերեզման | Գրաց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտական ղեկավար և կոմպոզիտոր |
Լեյբլ | EMI |
Կրթություն | Գրացի համալսարան |
Անդամակցություն | Sudetendeutsche Akademie der Wissenschaften und Künste? և Գերմանական մշակույթի ռազմատենչ միություն |
Պարգևներ | |
![]() |
Կառլ Բյոմ (գերմ.՝ Karl Böhm, օգոստոսի 28, 1894[1][2][3][…], Գրաց, Ավստրիական կայսրություն - օգոստոսի 14, 1981[1][2][3][…], Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիացի դիրիժոր, կլասիցիզմի և ռոմանտիզմի շրջանի գերմանական և ավստրիական երաժշտության նշանավոր կատարող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլ Բյոմը ծնվել է Ավստրիայի Գրաց քաղաքում, իրավաբանի ընտանիքում։ Սկզբում որոշել էր գնալ հոր հետքերով և իրավաբանություն է սովորել Գրացի համալսարանում, նույնիսկ պաշտպանել է ատենախոսություն (1919)` ստանալով իրավագիտության դոկտորի կոչում։
Երաժշտություն է ուսանել Գրացում, ապա մասնավոր ուսուցիչների` Գվիդո Ադլերի և Մանդիչևսկու մոտ` Վիեննայում (1913-1914)։ Դիրիժորական կարիերան սկսել է 1917 թվականին Գրացում։ 1921 թվականից, Բրունո Վալտերի հետ համագործակցության շնորհիվ, Կառլ Բյոմն աշխատել է Մյունխենում` Բավարիայի պետական օպերայում։ 1927 թվականին Դարմշտադտում զբաղեցրել է երաժշտական տնօրենի պաշտոն, իսկ 1931 թվականից աշխատել է Համբուրգում։ 1933 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Վիեննայում` դիրիժորելով Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերան։
1934-1943 թվականներին Կառլ Բյոմը ղեկավարել է Դրեզդենի թատրոնը։ Հենց այդ ժամանակ էլ նա մոտիկից ծանոթանում է Ռիխարդ Շտրաուսի հետ` մասնակցելով նրա մի շարք ստեղծագործությունների առաջնախաղերին («Լռակյաց կինը», 1935 և «Դափնե», 1938)։ 1943-1945 և 1954-1956 թվականներին նա եղել է Վիեննայի պետական օպերայի ղեկավարը և 1955 թվականին` թատրոնի նոր շենքի բացմանը, եղել է «Ֆիդելիոյի» բեմադրության դիրիժորը։ Նա թողել է այդ պաշտոնը այն կշտամբանքների պատճառով, որ քիչ է լինում Վիեննայում։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Հերբերտ ֆոն Կարայանը, իսկ Կառլ Բյոմը դրանից հետո դիրիժորություն է արել թատրոնում։
Կառլ Բյոմը մասնակցել է Զալցբուրգի (1938 թվականից) և Բայրոյթի (1962-1971) փառատոններին։ Հյուրախաղերով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Բուենոս Այրեսում, Տոկիոյում, Մոսկվայում և այլուր` կատարելով Մոցարտի, Շտրաուսի, Վագների, Բրուքների, Բեթհովենի ստեղծագործությունները։ Սերտորեն համագործակցել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, իրականացրել բազմաթիվ ձայնագրություններ։ 1967 թվականին կոչվել է նվագախմբի պատվավոր դիրիժոր։ 1974 թվականին ամբողջությամբ ձայնագրվել են Մոցարտի սիմֆոնիաները։ Երկու անգամ ստացել է «Գրեմմի» մրցանակ։
1980 թվականին Վիեննայի օպերայի` Ճապոնիայում կայացած հյուրախաղերի ժամանակ դիրիժորել է Ռիխարդ Շտրաուսի «Արիադնան Նաքսոսում» օպերան։ Իր մահից ոչ շատ առաջ մասնակցել է Գյոց Ֆրիդրիխի «Էլեկտրա» ֆիլմ-օպերայի ձայնագրման աշխատանքներին։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլ Բյոմին համարում են 20-րդ դարի ամենահեղինակավոր ու մասշտաբային դիրիժորներից[4]։ Նրա նվագացանկում հիմնական տեղ է զբաղեցրել գերմանական ու ավստրիական երաժշտությունը։ Բյոմի ոճը բնորոշվում է ռիթմիկ կարգապահությամբ, ոճի մաքրությամբ և դետալներին հատկացված ուշադրությամբ։
Կառլ Բյոմի ձայնագրությունները բազմաթիվ են. Մոցարտի Բեթհովենի, Շուբերտի, Բրամսի բոլոր սիմֆոնիաները, Ռիխարդ Շտրաուսի, Վագների և Ալբան Բերգի օպերաների ու սիմֆոնիկ ստեղծագործությունների մեծ մասը։ Դիրիժորի հուշերը` «Ես ամեն ինչ լավ հիշում եմ» վերնագրով, հրատարակվել են տարբեր հրատարակչությունների կողմից և թարգմանվել այլ լեզուներով[5]։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտական ծառայությունների խաչ 2-րդ աստիճանի (հունվարի 30, 1943)
- Կոմանդորի արծաթե խաչ «Ավստրիական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճան (1959)[6]
- «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» օրդենի կոմանդոր (1960)
- «Վիեննա քաղաքի պատվավոր շքանշան» (1964)
- «Արվեստի բեռլինյան մրցանակ» «երաժշտություն» անվանակարգում (1967)
- «Գիտության ու արվեստի ավստրիական պատվավոր խաչ» (1970)[7]
- «Պատվավոր լեգեոնի օրդենի կոմանդոր» (1976)
- «Շտիրիայի պատվավոր մրցանակ»
- «Բայրոյթի պատվավոր ոսկե մրցանակ»
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1911 թվականին Ավստրիայում թողարկվել է 500 շիլինգ արժողությամբ արծաթե դրամ` Կառլ Բյոմի պատկերով[8][9]։ 2012 թվականին Կառլ Բյոմը անունն ընդգրկվել է Gramophone ամսագրի Փառքի սրահում[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0
- ↑ Karl Böhm Ich erinnere mich ganz genau / Ханс Вайгель. — Мюнхен, 1980. — ISBN 978-3-423-02519-5
- ↑ «Список награждённых 1952—2012» (pdf) (German)։ էջ 58։ Վերցված է 2015-01-02
- ↑ «Список награждённых 1952—2012» (pdf) (German)։ էջ 282։ Վերցված է 2015-01-02
- ↑ «500 Schilling - Karl Böhm (1991)»։ Austria-Forum։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-24-ին։ Վերցված է 2016-01-02
- ↑ «Ein Böhm-500er in Silber» (գերմաներեն)։ Վերցված է 2016-01-02
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն)։ Gramophone։ Վերցված է 2016-01-02
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Endler, Franz Karl Böhm: ein Dirigentenleben / Vorwort von Leonard Bernstein. — Hamburg: Hoffmann und Campe, 1981. — ISBN 3455087701
|