Jump to content

Կառլ Նորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Նորում
նորվ.՝ Karl Martin Norum
Ծնվել էփետրվարի 16, 1852(1852-02-16)[1][2]
ԾննդավայրԼևանգեր, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա
Մահացել էհոկտեմբերի 9, 1911(1911-10-09)[1] (59 տարեկան)
Վախճանի վայրՏրոնհեյմ, Տրոնհեյմ, Նորվեգիա
Ուշագրավ աշխատանքներStangvik Church?, Frei Church?, Sortland Church?, Neiden Chapel?, Levanger Church?, Buksnes Church?, Veøy Church?, Holm Church?, Britannia Hotel?, Hjorten Revy- og Varietéteater? և Mathesongården?
 Karl Norum Վիքիպահեստում

Կառլ Մարտին Նորում (նորվ.՝ Karl Martin Norum, փետրվարի 16, 1852(1852-02-16)[1][2], Լևանգեր, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա - հոկտեմբերի 9, 1911(1911-10-09)[1], Տրոնհեյմ, Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ, որը զգալի ներդրում է ունեցել Թրոնհեյմի ճարտարապետության մեջ, որտեղ զբաղվել է նաև հասարակական և մանկավարժական գործունեությամբ։ Մասնակցել է Օլեսունի վերականգնման աշխատանքներին։ Յակոբ Դիգրեի շինարարական ընկերությունում զբաղեցրել է գլխավոր ճարտարապետի պաշտոնը, որտեղ նրա հետ իրականացրել է մի շարք նախագծեր դրագեստիլի՝ նորվեգական ազգային ճարտարապետական ոճի շինությունների մասով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Մարտին Նորումը ծնվել է 1852 թվականի փետրվարի 16-ին Լևանգերում։ Ընտանիքն աղքատ էր, հայրը ֆերմերությամբ էր զբաղվում։ Մայրը մահացել է, երբ Կառլն ընդամենը չորս տարեկան էր։ Նրա հետագա դաստիարակությամբ զբաղվել են հայրն ու խորթ մայրը։

Ապագա ճարտարապետը կրթություն ստացել է Թրոնհեյմի տեխնիկական ուսումնարանում, որտեղ սովորել է 1872-1875 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այս ուսումնարանը դարբնոց հանդիսացավ նորվեգացի շատ ականավոր ճարտարապետների համար, սակայն այն տալիս էր կիսատ կրթություն ու թերի մասնագետի որակավորում։ Ըստ արմատացած սովորության՝ կրթությունը ավարտին հասցնելու համար շրջանավարտը պիտի մեկներ արտասահման, մասնավորապես Գերմանիայի համալսարաններ, սակայն Կառլ Մարտին Նորումի ընտանիքը այդքան միջոցներ չուներ նրա երազանքը իրականացնելու համար։ Արդյունքում Նորումը հետո դարձավ այդ ուսումնարանի դասավանդող, ընտրվեց քաղաքային խորհրդի անդամ ու մասնակցեց համապետական մասշտաբի բանավեճերին և լոբբինգին՝ Թրոնհեյմի ուսումնարանի բազայի հիման վրա նոր՝ Նորվեգիայի տեխնիկական ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ հարցերին. հակառակորդները պնդում էին, որ այդ ինստիտուտը բացվի և գործի մայրաքաղաք Օսլոյում։ Սա դարձավ առաջին նմանատիպ ինստիտուտն ամբողջ Նորվեգիայում։

1875 թվականից 1880-ական թվականներին Կառլ Մարտին Նորումը՝ որպես գեոդեզիայի մասնագետ, աշխատեց երկաթուղիների շինարարության ժամանակ։

Դիգրեի շինարարական ընկերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի չառնելով այն փաստը, որ Կառլ Մարտին Նորումը լիակատար կրթություն չուներ ճարտարապետության ոլորտում, 1880 թվականին նա աշխատանքի է ընդունվում Յակոբ Դիգրեի շինարարական ընկերությունում որպես գծագրող մասնագետ։ Յակոբ Դիգրեն իր կարիերան սկսեց Թրոնհեյմի նավաշինարարական ընկերություններից մեկում որպես սովորական շարքային ատաղձագործ, իսկ ավելի ուշ բացեց իր անձնական ընկերությունը. այն դարձավ իր ժամանակի Նորվեգիայի ամենամեծ շինարարական ընկերություններից մեկը, որը մասնագիտանում էր քարե և փայտե շինությունների կառուցման ոլորտում։ Դիգրեի ֆիրման ուներ իր սեփական փայտասղոցարանը, ատաղձագործական ֆաբրիկան և նախագծերի բյուրոն, որը զբաղվում էր ճարտարապետական և կոնստրուկցիոն խնդիրներով[3]։ Այդ ընկերությունը կոչվում էր «Jacob Digres Ferdighusfabrik»: Սա փայտյա հավաքովի տների կառուցելու երեք գլխավոր ֆաբրիկաներից մեկն էր։ Մյուս երկուսն էին՝ «M. Thams & Co»[4] և «Strømmen Trævarefabrik»[5]: Յակոբն ուներ հինգ զավակ, որոնք զբաղվում էին ընտանեկան բիզնեսով։ Ավագ որդին՝ Յուհան Դիգրեն, կրթություն ստացավ մայրաքաղաք Կոպենհագենում՝ Դանիայի թագավորական ակադեմիայում։ Նա Դիգրեի շինարարական ընկերության գլխավոր ճարտարապետն էր[6]։

Կառլ Մարտին Նորումը Յուհան Դիգրեի ենթավարպետ էր։ Յուհանն իր մահկանացուն կնքեց 1886 թվականին՝ քառասուներկու տարեկան հասակում, որից հետո գլխավոր ճարտարապետի պաշտոնն զբաղեցրեց Կառլ Մարտին Նորումը։ Այդ պաշտոնում Նորումը մնաց ավելի քան քառորդ դար[7]։

«Վիլլա Շուրենը» Կառլ Մարտին Նորումի առաջին ինքնուրույն ճարտարապետական աշխատանքն է, որը կառուցվել է 1880-1881 թվականների միջև ընկած ժամանակահատվածում և հասել է մինչև մեր օրերը։ Փայտյա առանձնատունը հարուստ վաճառականի որբևայրի կնոջ տունն էր, որի բոլոր կոնստրուկցիաները պատրաստվել են Դիգրեի ֆաբրիկայում։ Տունը կառուցված է ինքնատիպ ոճով, որի ճարտարապետության մեջ ներառված են շվեյցարական շալեի, նեոգոթիկայի և ազգային-ռոմանտիզմի տարրեր։ Այն նման է ազգային դրագեստիլին, բայց միաժամանակ նաև արտաքին հարդարանքից բացակայում են վիշապի գլուխների քանդակները[8][9][10]։

1888 թվականին Դիգրեի հավաքովի տունը, որը կառուցվել էր Կառլ Մարտին Նորումի նախագծով, Կոպենհագենում ներկայացվում է Հյուսիսային երկրների ինդուստրիալ ցուցահանդեսին։ Տունը, որ պարգևատրվում է մեդալով, կառուցված էր նորվեգական փայտյա տների ազգային ավանդույթների համաձայն, բայց ինչպես «Վիլլա Շուրենի», այնպես էլ սրա արտաքին զարդարանքից բացակայում էին վիշապի գլուխների քանդակները[7]։ Այսօր այն գտնվում է Տիվոլիի զվարճանքների այգու տարածքում՝ Կոպենհագենի Tietgensgade, 10 հասցեում[11]։

Վիլլա Բալդերսլունդ, 2006 թվական

Լինելով Դիգրեի ճարտարապետական ընկերության գլխավոր ճարտարապետ՝ Կառլ Նորումը մշակեց տասնվեց հավաքովի փայտյա տների նմուշներ[8]։ Դրանցից մի քանիսն արված են դրագեստիլի ոճով, որոնք ապահովեցին Բալեսթրանի ինքնատիպ ճարտարապետական դիմագիծը[12]։ 1890 թվականին Նորումի նախագծով Դիգրեի ֆաբրիկայում նախագծվեց «Վիլլա Նորմանը» նկարիչ Ադելսթեն Նորմանի համար։ Առանձնատունը վեր է հառնում Բալեսթրանում, որտեղ ամառային ամիսներին նկարիչը ստեղծագործում էր ու կտավներ վրձնում։ Տունն դրագեստիլի ոճով կառուցած փայտյա շինություն է։ Հարուստ է մեծ քանակությամբ քանդակներով, որոնք ներկված են սպիտակ գույնով, իսկ պատերը՝ շվեդական հայտնի կարմիր ներկով՝ ֆալունով։ Դեռևս շինարարական աշխատանքի ժամանակ այս առանձնատունը գրավում էր բոլորի ուշադրությունն իր յուրօրինակությամբ։ Ավարտելուց հետո այս շինության համբավն էլ ավելի մեծացավ։ Նոր կառուցվելիք հարակից տների համար այս առանձնատունը դարձավ յուրահատուկ նմուշ և նորաձևություն թելադրող[13][14]։ Հենց այդ ժամանակահատվածում կառուցվում է նաև «Վիլլա Սթրանհեյմը»՝ գեղանկարիչ, բնանկարների վարպետ Հանս Դալի տունը[15][16]։ 1906 թվականին կառուցվեց «Կուպերհուսեթը»՝ բնակելի տուն և արվեստանոց անգլիացի նկարիչ Ալֆրեդ Կուպերի համար։ Այն կառուցված է դրագեստիլի ոճով, սակայն ունի է նաև անգլիական ճարտարապետության որոշակի տարրեր։ 1990-ից 2014 թվականներն ընկած ժամանակահատվածում Կուպերսհուսեթը Նորվեգիայի զբոսաշրջության թանգարանի շենքն էր[17][18]։ 1907 թվականին Կառլ Մարտին Նորումը կառուցեց «Վիլլա Բալդերսլունդը», որը պատկանում էր ամերիկացի հարուստ մի կնոջ՝ Գերթրուդ Էբբոտին Կալիֆոռնիայից[19][20]։

Եկեղեցիների շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոլդեի եկեղեցին, 2006 թվական
Հոլմ եկեղեցին Ռյոյումում, 2007 թվական

Կառլ Մարտին Նորումը հայտնի էր նաև իր կառուցած եկեղեցիներով։ Նա 1895-1897 թվականներին դրագեստիլի ոճով կառուցեց Ֆրյոյ կոմունայի համանուն եկեղեցին։ Երկու քարե եկեղեցիներ կառուցեց Սթեյնհերեում և Նամսուսում, որոնք ավերվեցին Գերմանիայի կողմից սանձազերծված Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1940 թվականին տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ[21]։ Կառլ Մարտին Նորումը այլ ճարտարապետների հետ համատեղ նաև աշխատել է Սորթլանի և Ստանգվիկի եկեղեցիների կառուցման ժամանակ։

1902 թվականին Կառլ Մարտին Նորումի նախագծով իր հայրենի քաղաքում՝ Լևանգերում, կառուցվել է եկեղեցի։ 1899 թվականին նրա նախագիծն է ընդունվել նոր եկեղեցի կառուցելու համար։

Կառլ Մարտին Նորումի ամենահայտնի աշխատանքներից մեկն է համարվում Նեյդենի եկեղեցին, որը կառուցված է դրագեստիլի ոճով։ 1898 թվականին կառավարությանը խնդրանքով դիմեցին Ֆինմարք ֆյուլքեի Նեյդեն բնակավայրի քսանվեց ընտանիքներ, որպեսզի գերեզմանատանը ժամատուն կառուցեն։ Եկեղեցու փայտյա կառույցները պատրաստվեցին Դիգրեի ֆաբրիկայում՝ Թրոնհեյմում։ Այսպիսով եկեղեցին կառուցվեց և օծվեց 1902 թվականին։ Շուտով այստեղ վեր հառնեցին ևս երեք փայտյա եկեղեցիներ, որոնք նույնպես կառուցեց Կառլ Մարտին Նորումը[22]։

1905 թվականին ավարտին հասցվեցին Բուքսնենսի (Buksnes kirke) եկեղեցու շինարարական աշխատանքները Լոֆոտենյան կղզիներում։ Սա կառուցվեց, քանզի նախկին եկեղեցին այրվել էր կայծակի հարվածի հետևանքով։ Նոր եկեղեցին կարող է ընդունել մինչ 800 այցելու։ Կառլ Մարտին Նորումի կողմից իրականացվել են լրացուցիչ ամրացումներ փոթորիկներին դիմակայելու նպատակով[23]։

1907 թվականին Մոլդում կառուցվեց Վեյոյի եկեղեցին (Veøy kirke), իսկ Ռյոյումում՝ Հոլմ եկեղեցին (Holm kirke): Նրանք երկուսն էլ ունեն նմանություն Նեյդենի և Գրաբդալեի եկեղեցիներին[24]։

«Յորթեն Ռևյու» թատրոն-վարյետե

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Յորթեն Ռևյու» թատրոն-վարյետե, 1900-ականների լուսանկար

1899 թվականին Թրոնհեյմում կառուցվում է թատրոն-վարյետե և ռեստորան՝ Յորթեն Ռևյու անվանումով (Hjorten Revy): «Յորթեն Ռևյուն» կազմված էր շինությունների շարքից և ուներ մեծ այգի հետին հատվածում, որտեղ ամառները անցկացվում էին ռևյու ներկայացումներ։ Գլխավոր մասնաշենքը ծառայում էր որպես ռեստորանային համալիր։ Այդ ռեստորանը կառուցված էր վառ արտահայտված դրագեստիլով։ Սա միակ փայտյա շինությունն էր այս ոճի մեջ, որը կառուցված էր Կառլ Մարտին Նորումի կողմից Թրոնհեյմում։ Այն ժամանակ, երբ կառուցվեց այս թատրոնը, տարածքը քիչ էր բնակեցված և համարվում էր քաղաքի կենտրոնի միակ զվարճանքի կենտրոնը։ «Յորթեն Ռևյու»-ն պատկանում էր գերմանացի քաղաքացիներին։ Այս թատրոնում վերջին ելույթը տեղի է ունեցել 1947 թվականին։ Իսկ ռեստորանը աշխատեց ընդհուպ 1955 թվականը, որից հետո երկուսն էլ փակվեցին։ 1961 թվականին շինությունները քանդվեցին և դրանց տեղը կառուցվեց ծերանոց։

Կառլ Մարտին Նորումի նախագծով Թրոնհեյմում կառուցվել են մի շարք քարե շինություններ։ Սրանք հիմնականում ստեղծվել են նեոբարոկկո ոճով՝ էլեկտիկայի ազդեցությամբ։ Նրանց մեջ հատկանշական են հատկապես «Բրիտանիա» (1895 թվական) թանգարանը, վաճառական Մաթեսոբի տունը (1896-1898 թվականներ), Թրոնհեյմի մասսոնական ժողովարանը (1900-1902 թվականներ, Լ. Սոլբերգի և Յու. Քրիսթենսենիհետ համատեղ)[7]։

1903 թվականին կառուցվել է Թրոնհեյմի գլխավոր փողոցներից մեկում Nordre gate 9 հասցեում գտնվող խանութի շենքը։ Այս շինությունը մոդեռն արվեստի կրողն է համարվում։ Քառահարկ շինությունը ներկված է դեղին ծեփանքով։ Ավելի ուշ շինության ճակատամասը վերափոխվել է։

Հետո Կառլ Մարտին Նորումը կառուցում է մաքսատան շենքը (1910)[25] և փոստային բաժանմունքի գլխավոր մասնաշենքը (1909-1911)[26], որոնք երկուսն էլ մոդեռն ոճով են կառուցված։

1904 թվականից 1907 թվականներն ընկած ժամանակահատվածում Կառլ Մարտին Նորումն աշխատել է նորվեգական Օլեսուն քաղաքում։ Նա այլ ճարտարապետների հետ մասնակցում էր 1904 թվականի հունվարի 24-ի գիշերը տեղի ունեցած հրդեհից տուժած քաղաքի վերականգնմանը։ Քաղաքի վերականգնմանը մասնակցում էին երեսուն ճարտարապետներ և քսան շինարարական ընկերություներ։ Գրեթե բոլոր շինությունները կառուցվեցին մոդեռն ժանրի մեջ (արտ-նուվո, յուգենդստիլ)։ Կառլ Մարտին Նորումի նախագծով քաղաքում կառուցվեցին տասնյակ շինություններ։ Ամենահայտնիներից մեկը գտնվում է Kongensgate 10B հասցեում. այս շինությունը համարվում է Նորվեգիայի ամենանեղ բնակելի կառույցը[27], որի լայնությունը կազմում է ընդամենը 2 մետր 94 սմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Strinda historielag:Jacob Digre (նորվ.)
  4. fortidsminneforeningen.no: Spennende ferdighusprosjekt (չաշխատող հղում) (նորվ.)
  5. lokalhistoriewiki.no:Strømmen Trævarefabrik (նորվ.)
  6. Strinda historielag: Johan Petter Digre (նորվ.)
  7. 7,0 7,1 7,2 Norsk biografisk leksikon:Karl Norum (նորվ.)
  8. 8,0 8,1 artemisia.no: Arkitekter:Karl Martin Norum (1852—1911) (նորվ.)
  9. Rognli, Villa Schüren, Lade Allé 48a (նորվ.)
  10. Dragestilen og historismen (1860—1910) (նորվ.)
  11. Det Norske turisthus, 1888 (նորվ.)
  12. Fylkesleksikon: Drakestilen som nasjonalsymbol (նորվ.)
  13. Fylkesarkivet: The Artist Eilert Adelsteen Normann (անգլ.)
  14. Fylkesleksikon: Villa Normann (նորվ.)
  15. Fylkesarkivet: The artist Hans Dahl (անգլ.)
  16. Fylkesleksikon: Villa Strandheim (նորվ.)
  17. Fylkesarkivet: Cooperhuset (անգլ.)
  18. Fylkesleksikon: Cooper-huset (նորվ.)
  19. Fylkesarkivet: Gertrude Abbott (նորվ.)
  20. Villa Balderslund (նորվ.)
  21. Korskirka anno 1902, som ble et krigsoffer i 1940. (նորվ.)
  22. Rasmussen, Sigrun. Neiden kapell og Svanvik kapell:Nasjonal oppbygging i Sør-Varanger (նորվ.)
  23. Buksnes kirke (նորվ.)
  24. Veøy kyrkje, Sølsnes (նորվ.)
  25. Trondheim tollkammer (Tollboden), Brattørkaia 13b (նորվ.)
  26. Posthuset - Hovedpostkontoret i Trondheim, Dronningens gt. 10 (նորվ.)
  27. Norges smaleste hus - Kongensgate 10B (նորվ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Նորում» հոդվածին։