Jump to content

Խոսրովի անտառ պետական արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսրովի անտառ պետական արգելոց
Տեսակարգելոց
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԱրարատի մարզ
Հիմնվել էսեպտեմբերի 13, 1958
Մակերես23 213,5 հեկտար[1]
Անվանված էԽոսրով Գ
Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է Հայաստանում
Խոսրովի անտառ պետական արգելոց

Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Արարատի մարզում[2]։ Պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Խոսրով Գ.Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից[3]։ Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ։ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ[4]։

Հիմնադրում ու անվանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոսրովի անտառ» անվանումն արգելոցը ստացել է Խոսրով Գ Կոտակ թագավորի պատվին։ Խոսրովի անտառը ստեղծվել է 334-338 թթ.։

Ըստ Խորենացու՝ Խոսրովի գահակալության ժամանակ Գառնու ամրոցից մինչև Դվին կատարվել են անտառատնկումներ։ Անտառի մի մասը կոչվել է «Տաճար մայրի», իսկ մյուսը՝ «Խոսրովակերտ», որը մինչև Երասխ էր հասնում։ Հարյուրավոր տարիների ընթացքում անտառի «Խոսրովակերտ» հատվածը վերացել է։ «Տաճար մայրուց» պահպանվել են առանձին հատվածներ, որոնք ձուլվել են բնական անտառին։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնադրվել է 1958 թվականին։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայք Այրարատ նահանգում։

Արգելոցում պահպանվում են 3-րդ դարաշրջանից մեզ հասած գիհու և կաղնու անտառները, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտների չորասեր համակեցությունները և այլ միջերկրածովյան ռելիկտային բուսականության էկոհամակարգերը, ինչպես նաև այդ միջավայրերին հարմարված հազվագյուտ կենդանինների ու բույսերի գենոֆոնդը։

Արգելոցի գիտական, գործնական և կազմակերպչական աշխատանքներն 2002 թ․-ից իրականացվում են Հայաստանի բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից։

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ են գտնվում՝

  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը կազմված է 4 տեղամասերից՝ Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից[3]։
  • «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր՝ 95,99 հա
  • «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ 50,28 հա

2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ[5]։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը գտնվում է Արարատի մարզում, Գեղամա լեռնավահանի հարավային հատվածի բարձրադիր լեռնաբազուկների Ուղտուպար, Տասանորդ (Դահնակ), Խոսրովասար և լեռնային համեմատաբար ցածրադիր համակարգի Արարատյան դաշտն արևելյան կողմից երիզող Երանոսի և Երախի լեռների և դրանց լեռնաբազուկների վրա։ Լեռնագագաթները, որոնք գտնվում են համանուն լեռնաբազուկների և լեռնաշղթաների վրա, հետևյալն են. Ուղտուսար (3170 մ), Մանկունք (2927 մ), Տասանորդ (Դահնակ 2535 մ), Կոտուց (2061 մ), Խոսրովասար (1988 մ), Երանոս (1824 մ), Իլկասար (1462 մ), Երախ (1419 մ)։

Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն։ Զբաղեցնում է 23213.5 հա տարածք և տարածվում ծովի մակարդակից 700-2800մ բարձրություններում։

Արգելոցի տարածքի մակերևույթը լեռնային է և գետային ցանցի շնորհիվ մասնատված խորը ձորերի, որն երկրաբանական անցյալի ակտիվ տեկտոնական գործունեության արդյունք է։ Ներկայումս շարունակվում են լավ արտահայտված էրոզիայի գործընթացները։ Արգելոցի տարածքի մեծ մասը տեղաբաշխված է թեք լեռնալանջերի վրա։

Արգելոցի տարածքի 15%-ը կազմում են մինչև 20˚ թեքությունները, 19%-ը՝ 20-30˚, 66%-ը՝ 30˚և բարձր։

Արգելոցի տարածքի մոտ 50%-ը զբաղեցնում է միջին լեռնային գոտին (1500-2300 մ), որը բնութագրվում է ռելիեֆի խոր մասնատվածությունը։

Արգելոցի կլիման չոր ցամաքային է, ամառային բարձր ջերմաստիճաններով և ցուրտ ձմեռներով։ Արգելոցի տարածքում ձևավորվում է կլիմայի հետևյալ տիպերը՝ չոր ցամաքային, չափավոր տաք՝ չոր, բարեխառն և չափավոր ցուրտ կլիման։

Չոր ցամաքային կլիման ընդգրկում է նախալեռնային գոտին՝ 900 մ-ից մինչև 1300 մ բարձրությունները։ Կլիմայի այս տիպը բնութագրվում է մեղմ ձմեռներով, անկայուն ձնածածկույթով։ Ամառը շոգ է, հաճախակի են երաշտները։ Գարունը և աշունը կարճատև է և խոնավ։ Տեղումների տարեկան միջին քանակը 350-450 մմ.:

Ծովի մակերևույթից 1400-ից մինչև 2000 մ բարձրությունները տարածվում է չափավոր տաք՝ չոր և բարեխառն կլիմայական գոտին։

Ձմեռը ցուրտ է, գոյանում է կայուն ձյունածածկույթ։ Գարունը խոնավ է, հաճախակի ցրտահարություններով։ Աշունը տաք է, երկրորդ կեսից բավական խոնավ։

Տարեկան տեղումների միջին քանակը 500-600 մմ է։ Անսառնամանիք օրերի քանակը 200 օր։

2000-ից մինչև 2500 մ բարձրությունների վրա տարածվում է չափավոր ցուրտ կլիմայական գոտին։ Ձմեռը ցուրտ է, բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -42˚C:

Գարունը ցուրտ է, ցրտահարությունները ավարտվում են մայիսի վերջերին։ Ամառը զով է և խոնավ։ Աշունը կարճատև է։ Տարեկան տեղումների միջին քանակը մինչև 800 մմ[6]։ Անսառնամանիք օրերի քանակը 90-120 օր[7]։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահագնի ջրվեժ

Արգելոցի տարածքով հոսում են Արաքս գետի ձախակողմյան երկու խոշոր վտակներ՝ Ազատ և Վեդի գետերը։

Ազատ գետը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից։ Ունի մեծ անկում, քարքարոտ հուն։ Երկարությունը 55 կմ, ջրհավաք ավազանի մակերեսը 550 կմ²։ Գառնի գյուղի մոտ առաջացնում է համանուն խորը կիրճը, ստորին հոսանքում դուրս է գալիս Արարատյան դաշտ։ Ունի խառը սնուցում, հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով, հորդացումը ապրիլ հունիս ամիսներին։ Աջից ընդունում է Գողթ վտակը՝ երկարությունը 16 կմ։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների կենտրոնական մասի արևմտյան լանջերից։

Քաջառու գետը ունի 15 կմ երկարություն։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավ-արևմտյան լանջերից։ Ջրհավաք ավազանի մակերեսը 25 կմ²։

2000 թվականին Ազատ գետը ներառվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) Համաշխարհային ժառանգության ցանկում։

Աստղիկի ջրվեժ

Վեդի գետը սկիզբ է առնում Մանկունք լեռնագագաթի հարավ-արևելյան լանջից՝մոտ 2700 մ բարձրությունից։ Վեդի գետի վտակներից արգելոցի տարածքով հոսում են Խոսրովը (երկարությունը 18 կմ), Սպիտակաջուրը (երկարությունը 16 կմ), Մանկուկը (երկարությունը 16 կմ)։ Արգելոցի տարածքում կան մեծ քանակությամբ քաղցրահամ և հանքային աղբյուրներ, որոնք առանձնանում են ռեժիմի կայունությամբ[8]։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվում են 4 ջրվեժներ, որոնցից 2-ին ժողովուրդն անվանում է հին հեթանոսական աստվածների անուններով՝ Վահագնի և Աստղիկի։

Հողային ծածկույթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առանձնացվում է հողերի հետևյալ տիպերը՝

  • Կիսաանապատային գորշ հողեր
  • Լեռնատափաստանային շագանակագույն հողեր
  • Լեռնանտառային դարչնագույն հողեր
  • Գորշ անտառային հողեր
  • Լեռնամարգագետնային սևահողեր

Կիսաանապատային գորշ հողերը տարածվում են ծովի մակարդակից մինչև 1250 մ բարձրությունները։ Կիսաանապատային գորշ հողերը ձևավորվում են հիմքերով հարուստ հրաբխային ապարների վրա, չոր ցամաքային կլիմայի և կիսաանապատային բուսականության պայմաններում։ Այս հողերում հումուսի պարունակությունը 1-2% է, ունեն սակավ հզորություն, կարբոնատների մեծ պարունակություն։ Մեխանիկական կազմը կավավազային է։

Լեռնատափաստանային շագանակագույն հողերը տարածվում են ծովի մակերևույթից 1250 մ-ից մինչև 1500-1600 մ բարձրությունները։ Այս հողերը ձևավորվում են չափավոր տաք և չոր կլիմայական պայմաններում, չոր տափաստանային բուսականության տակ։ Հումուսի պարունակությունը այս հողերում 2-3.5% է։ Այս հողերը ունեն կավավազային մեխանիկական կազմ։

Լեռնանտառային դարչնագույն և գորշ անտառային հողերը տարածվում են ծովի մակերևույթից 1600-2200 մ բարձրությունները։

Լեռնանտառային դարչնագույն հողերը ձևավորվում են չափավոր տաք և ոչ կայուն խոնավության պայմաններում, թփուտներով հարուստ կաղնու, բոխու անտառներում։ Հումուսի պարունակությունը 4-10% է։ Այս հողերը գլխավորապես ունեն կավավազային մեխանիկական կազմ։

Անտառային գորշ հողերը ձևավորվում են տաք և խոնավ կլիմայական պայմաններում, ստվերահայաց լանջերին լայնատերև ծառատեսակների տակ։ Այս հողերում հումուսի պարունակությունը 5-12% է։

2200-2600 մ բարձրություններում տարածվում են լեռնամարգագետնային սևահողերը։ Սրանք ձևավորվում են ցուրտ և խոնավ կլիմայական պայմաններում։ Հումուսի պարունակությունը 10-15% է, ունեն կավային և կավավազային մեխանիկական կազմ[9]։

Բուսական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանում արգելոցն առանձնահատուկ է իր բուսական աշխարհի տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ։ Հայաստանի 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակներ (Հայաստանի բուսական աշխարհի ավելի քան 50%-ը, իսկ Կովկասի ֆլորայի մոտ 1/3), որոնք ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքներով։

Բույսերից 80 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:Արգելոցի տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են։

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներից են՝

Սզնի պոնտական /Crataegus pontica/
  • Ադիանտում Վեներայի վարս (Adiantum capillus-veneris),
  • Վարդատերեփուկ Սոսնովսկու (Amberboa sosnovskyi)
  • Տերեփուկ Երևանյան (Centaurea erivanensis)
  • Խինձ Շովիցի (Scorzonera szowitzii)
  • Ստեպտորամֆուս պարսկական (Steptorhamphus persicus)
  • Սապնարմատ արեցանման(Gypsophila aretioides)
  • Մինուարցիա կոշտածաղիկ (Minuartia screlantha)
  • Ծվծվուկ ավազուտային(Silene arenosa)
  • Ծվծվուկ Մեյերի (Silene meyeri)
  • Օշան Թամամշյանի (Salsola tamamschjanae)
  • Գազ բթաթեփուկ(Astragalus amblolepis)
  • Գազ բասիանիական (Astragalus Basianicus)
  • Գազ խզմզաբաժակ (Astragalus grammocalyx)
  • Սզնի պոնտական (Crataegus pontica)
  • Քարբեկ Երմատնանի (Saxifrag atridactylites)
  • Երեքօրնիկ պարսկական(Hesperis persica)
  • Բոգ Օլիվյեի (Gentiana olivieri) և այլ տեսակներ։
Կակաչ վարդագույն/ Papaver roseolum/

Էնդեմիկ տեսակներից են՝

  • Աննշմարակող անհարթապտուղ (Aphanopleura trachysperma)
  • Տերեփուկ Վավիլովի (Centaurea vavilovii)
  • Ստեպտորամֆուս Չերեպանովի (Steptorhamphus czerepanovii)
  • Տոմանթեա Դարեղեգիսի (Tomanthea daralaghezica)
  • Ծովակաղամբ հայկական (Crambe armena),
  • Երուկաստրում Թախտաջյանի (Erucastrum takhtajanii),
  • Գազ ամբողջատերև (Astragalus holophyllus)
  • Գազ Մասսալսկու(Astragalus Massalskyi)
  • Չմենի հայկական (Cotoneaster armena),
  • Տանձենի Ֆյոդորովի (Pyrus fedorovii),
  • Տանձենի խոսրովյան (Pyrus chosrivica) և այլ տեսակներ։ Տարածքի մոտ 64%-ը զբաղեցնում են լեռնային չորասեր համակեցությունները, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները։
Գազ ասեղնակերպ /Astragalus pycnophyllus/

Արգելոցի տարածքում ծովի մակարդակից 800 մ մինչև 1200-1300 մ, երբեմն նույնիսկ 1400 մ բարձրությունների վրա տարածվում են կիսաանապատային բուսականությունը՝ օշինդր բուրավետ (Artemisia fragrans  ), օշան ծառանման (Salsola dendroides), աղածաղիկ նոսրատերև (Halanthium rarifolium), բորբոսատեսուկ գորշ (Eurotia ceratoides), տերեփուկ երևանյան (Centaurea erevanensis), դաշտավլուկ սոխուկային (Poa bulbosa), եղեսպակի (Salvia), կապարի (Capparis), դժնիկի (Rhamnus), փշամանդիկի (Acantholepis), գազերի (Astragalus), իշակաթնուկի (Euphorbia), կակաչի (Papaver) և այլ ցեղերի տեսակներ։

Կիսաանապատային գոտուց վեր՝ 1400-1700 մ բարձրությունների վրա տարածվում է Արմենա-իրանական ֆրիգանան (հունարեն չորացած) իր բազմաթիվ տեսակներով։

Ֆրիգանան բնութագրվում է որպես չորասեր, ցածրահասակ, խիտ ճյուղավորված, հաճախ փշոտ թփերի ու թփիկների համակեցություն։ Այն արգելոցում ներկայացված է Ֆենցլի նշենու (Amygdalus fenzliana), մահալեբյան և ալեհեր բալենիների (Cerasus incana, mahlebi), Պալլասի դժնիկի (Rhamnus pallasii), ասպիրակի (Spiraea), տանձենու (Pyrus) ավելի հաճախ ուռատերև տեսակով։ Նշված տեսակներին տեղ-տեղ զուգակցում են մերկատերև փռշնին (Celtis glabrata), բթատերև պիստակենին (խնկենի (Pistacia mutica), դաբաղային աղտորը (սմախ Rhus coriaria), թալատերև զուգատերևը (Zygophyllum atriplicoides ), լեռնաչամիչը (Ephedraceae) և այլ տեսակներ։ Թփերն աճում են ցաք ու ցրիվ, երբեք չեն առաջացնում համատարած ծածկոց։

Արգելոցում 1400-2200 մ.ծ.մ. բարձրության վրա ներկայացված են լեռնային տափաստանները, արիդ նոսրանտառները և կաղնու անտառները։

Արգելոցի զարդն են հանդիսանում երրորդական դարաշրջանի ռելիկտներ գիհու և կաղնու կղզիացած անտառները, որոնք բավականին խիտ են հատկապես Խոսրով և Խաչաձոր տեղամասերում։

Գիհի բազմապտուղ /Juniperus polycarpos/

Արգելոցում աճում է գիհու 3 տեսակ՝ գիհի բազմապտուղ (Juniperus polycarpos C. Koch), գիհի երկարատև (Juniperus oblonga Bied) և գիհի ցածրաճ (Juniperus depressa Stev): Գիհու նոսրանտառներում որպես գերիշխող տեսակ հանդես է գալիս բազմապտուղ գիհին (Juniperus polycarpos), հազվադեպ դրան խառնվում են գիհի երկարատերև (Juniperus oblonga), գիհի ցածրաճ (Juniperus depressa) տեսակները։ Սովորաբար գիհուն ուղեկցում են թխկի վրացականը (Acer ibericum), փռշնի մերկը (Celtis glabrata), Ֆենցլի նշենին (Amygdalus fenzliana), Պալլասի դժնիկը (Rhamnus pallasii), ցախակեռաս վրացականը (Lonicera iberica), բռնչին (գերիմաստի) (Viburnum lantana), պիստակենի բթատերևը (Pistaca mutica) և այլն։ Առանձին հատվածների վրա առատորեն ներկայացված են տանձենու (Pyrus) և արոսենու (Sorbus) տեսակները։ Գիհու նոսրանտառները տարածվում են հարավային դիրքադրության արևկող, թեք և չոր լեռնալանջերին։

Արգելոցի տարածքում խոշորառէջ կաղնու անտառները տարածվում են 1600-2300 մ բարձրություններում, որոնք առավել խիտ են Խոսրով տեղամասի «Թռչնաբերդ» տեղանունով հայտնի լեռնալանջին։

Մասրենի /Rosa/

Կաղնու անտառներում որպես ուղեկցող տեսակներ հանդես են գալիս սովորական և կլորատերև հացենին (Fraxinus excelsior, Fraxinus rotundifolia), սովորական արոսենին (ծտի խնձոր, Sorbus aucuparia ), թխկենու (Acer) և տանձենու (Pyrus) տարբեր տեսակներ և այլն։ Անտառում շատ են նաև թփերը՝ գերիմաստին (Viburnum lantana), ցախակեռասը ( Lonicera), մասրենու (Rosa), սզնու (ալոճենի, Crataegus) տարբեր տեսակները, իսկ խոտածածկը հարուստ է դաշտավլուկազգիներով։

Արգելոցի տարածքում լեռնատափաստանները զբաղեցնում են ընդարձակ տարածք և ներկայացված են տարբեր ֆորմացիաներով։

Ազատ և Խոսրով գետերի կիրճերում 1450-2200 մ բարձրություններում տարածվում են փետրախոտային տափաստանները։ Փետրախոտային տափաստաններում գերակշռող են՝ փետրախոտի տխուր, գեղեցիկ, մազոտ, Լեսսինգի, կովկասյան Հոհենակերի տեսակներն։

Խոսրով և Մանկուկ գետերի կիրճերում 2200-2400 մ բարձրություններում տարածվում են հացազգա-տարախոտային տափաստանները։ Հացազգա-տարախոտային տափաստաններում գերակշռում են՝ բարակոտնուկ սանրանման, սիզախոտի 2 տեսակ, սեգ սանրային, մակարդախոտ գարնանային, սաղավարտուկ արևելյան, ուրց Կոչիի, կղմուխ և այլն։

Շյուղախոտային տափաստաններում գերակշռում են շյուղախոտի տարբեր տեսակներ՝ շյողախոտ կոշտատերև, ոչխարի և այլն։

Տարախոտային տափաստաններում դոմինանտում է կատվադաղձի (Nepeta), առվույտի (Medicago), երեքնուկի (Trifolium) տարբեր տեսակներ։

Տրագականտային տափաստաններում գերակշռում են գազերը (Astragalus microcephalus, Astragalus lagurus), կորնգան եղջյուրավորը (Onobrychis cornuta), պրանգոս նարդեսանմանը և այլ տեսակներ։

Մարգագետնային բուսականությունը հանդիպում է 2100-2200 մ-ից սկսած և տարածվում դեպի վեր՝ մինչև 2600-2800 մ բարձրությունները։

Արգելոցի տարածքում նեղ շերտով գետերի հուների երկարությամբ տարածվում է տուգայանման բուսականությունը, որը կազմված է հացենու (Fraxinus), բարդու (Populus), ուռենու (Salix), փշատենու (Elaeagnus), կարմրանի (Tamarix) և այլ տեսակներից[10]։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոսրովի արգելոցին նվիրված ՀՀ 1999 թվականի փոստային նամականիշ

Արգելոցում հանդիպում են 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որից

Ողնաշարավոր կենդանիներից 58 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 51 տեսակ Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում։

Կաթնասուններից հանդիպում է կովկասյան ընձառյուծը, լուսանը, գորշ արջը, աղվեսը, անտառային կատուն, հնդկական մացառախոզը, աքիսը, քարակզաքիսը, գորշուկը, նապաստակը, գայլը, բեզոարյան այծը, վայրի խոզը և այլ տեսակներ:

Կովկասյան ընձառյուծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Արգելոցի տարածքում հանդիպում է չորասեր գիհուտներով ծածկված դարավանդներում։ Որ­պես բույն օգտագործում են քարանձավները, ժայռաճեղքերը, խիտ թփուտները։

Լուսանը նախընտրում է կերով հարուստ գիհու նոսրանտառները։ Տաք ժամանակաշրջանում բարձրանում է նաև ենթալպյան և ալպյան մարգագետիններ։ Լուսանները սնվում են կրծողներով, նապաստակներով, թռչուններով, կարող են նաև որ­սալ երիտասարդ բեզոարյան այծեր և վայրի խոզի ձագեր։ Վարում է գիշե­րա­յին և մթնշաղային գաղտնի կյանք։

Արգելոցի ամենամեծ գիշատիչը գորշ արջն է։ Նրա նախընտրած կենսամիջավայրերն են տերևաթափ և խառը ան­տառները, մշտադալար գիհուտները, քարանձավները և ժայռոտ վայրերը։ Արեալը զգալի չափով նե­րա­ռում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ և ընկու­զե­­նիներ, որոնցով արջը սնվում է։ Գրանցված է Հայաստանի և նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքերում, ինչպես նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Բեզոարյան այծը (Capra aegagrus) արգելոցի բնիկներից է։ Իր անվանումը ստացել է շնորհիվ ստամոքսում կերի հանքային խտանյութերից առաջացած գնդերի՝ բեզոարների, որոնք ժամանակին լայնորեն օգտագործել էին ժողովրդական բժշկության մեջ։ Կյանքի տևողությունը 10-17 տարի է, քաշը՝ 60-100 կգ։ Սնվում են չոր և կոշտ բուսատեսակներով։ Նախընտրում է տեղանքի ժայռաշատ, քարքարոտ, հաճախ հողմահարված ու խոր ձորերով մասնատված անմատչելի զառիթափերը։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքերում, ինչպես նաև Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում։

Վայրի խոզը (Sus scrofa) հանդիպում է լայնատերև անտառում։ Լեռնատափաստանային և մերձալպյան տարածքները նրանք օգտագործում են մի լանջից մյուսը անցնելու ժամանակ[11]։

Կաթնասուններից 13 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արգելոցի տարածքում հանդիպում է 192 տեսակի թռչուններ, որոնք պատկանում են 44 ընտանիքի, որն էլ կազմում է Հայաստանի թռչնատեսակների ընդհանուր քանակի 56 տոկոսը։ Գիշատիչ թռչուններից արգելոցի տարածքում հանդիպում են գառնանգղը (Gypaetus barbatus), գիշանգղը (Neophron percnopterus), սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), սև անգղը (Aegypius monachus), տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus), սապսանը (Falco peregrinus), միջերկրածովյան բազեն (Falco biarmicus), դաշտային մկնաճուռակը (Circus cianeus), մեծ ճուռակը (Buteo buteo), ցախաքլորաորսը (Accipiter gentilis), քարարծիվը (Aquila rapax) և այլ տեսակներ։

Արգելոցը միակ տարածքն է Հա­­յա­­­ս­­­­­տա­­նում, որտեղ բնադրում է սև անգղը։ Բույնը կառուցում է գիհու ծառերի կատարին։ Սև անգղի թևերի բացվածքը կարող է հասնել մոտ 3 մ, իսկ քաշը մինչև 12,5 կգ։ Մյուս անգղների համեմատ, գերադասում է սնվել կենդանիների մկանային հյուսվածքներով, ավելի քիչ քանակությամբ՝ մաշկով և ոսկորներով։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում։

Հավազգիները արգելոցում ներկայացված են չորս տեսակներով։ Կասպիական ուլար (Tetraogallus caspius) բնակվում է ժայռային ելքերով և քարքարոտ զառիվայրերով ենթալպյան մարգագետիններում։ Մոխրագույն կաքավը (Perdix perdix) հանդիպում է անտառային տափաստաններում, թփուտներում, իսկ քարակաքավները (Alectoris chukar) հանդիպում են կիսաանապատների, լեռնային տափաստանների և մարգագետինների ժայռոտ բիոտոպներում։ Բարձրախոտ մարգագետիններում բույն է դնում լորը (Coturnix coturnix)։

Կիսաանապատներում և արիդային բիոտոպերում ապրում են երկբծավոր արտույտը (Melanocorypha bimaculata), փոքր արտույտը (Calandrella brachydactyla), փուփուլավոր արտույտը (Galerida cristata), կարճամատ ճնճղուկը (Carpospiza brachydactyla), մոնղոլական և անապատային խածկտիկը (Bucanetes mongolicus, Bucanetes githagineus), կարմրաթև ոսպնուկը (Rhodopechys sanguineus), պարող, սևավիզ քարաթռչնակները (Oenanthe isabellina, Oenanthe finschii), շիկապոչ սոխակը (Cercotrichas galactotes): Այստեղ չորասեր թփուտներում հանդիպում են անապատային մորեհավը (Hippolais languida), սպիտակաբեղ շահրիկը (Sylvia mystacea), սևափոր դոլոնը (Pterocles orientalis), սովորական այծկիթը (Caprimulgus europaeus), տնային բվիկը (Little owl), ներկարարը (Coracias garrulus), հոպոպը, (Upupa epops) ոսկեգույն մեղվակերը (Merops apiaster), չուի ընթացքում հազվադեպ հանդիպում է նաև կանաչ մեղվակերը (Merops persicus)։

Անտառային տարածքները բնակեցնում են կրետակերը (Pernis apivorus), սև ցինը (Milvus migrans), օձակեր արծիվը (Circaetus gallicus), սովորական ճուռակը (Buteo buteo), լորաճուռակը (Accipiter nisus) և մեծ լորաճուռակը (Accipiter gentilis), գաճաճ արծիվը (Hieraaetus pennatus), անտառային արտույտը (Lullula arborea), սպիտակախածի կեռնեխը (Turdus torquatus), մորու շահրիկը (Sylvia curruca), կարմրաճակատ սերինոսը (Serinus pusillus), լեռնային դրախտապանը (Emberiza cia), խայտաբղետ նրբագեղիկը (Prunella ocularis), անտառային ձիուկը (Anthus trivialis), անտառային նրբագեղիկը (Prunella modularis), սովորական կարմրատուտը (Phoenicurus phoenicurus), երգող կեռնեխը (Turdus philomelos), դեղնափոր գեղգեղիկը (Phylloscopus trochiloides), սև երաշտահավը (Parus ater), երկնագույն երաշտահավը (Parus coeruleus), մեծ երաշտահավը (Parus major), սովորական խածկտիկը (Pyrrhula pyrrhula), հատբեկիչը (Coccothraustes coccothraustes), անտառային կաչաղակը (Garrulus glandarius), ամուրիկը (Fringilla coelebs), կանաչ սերինոսը (Carduelis Chloris), ձմռանը այստեղ հանդիպում են ազնվասարեկը (Carduelis spinus), սովորական սերինոսը (Fringilla mantifringilla), դեղնագլուխ արքայիկը (Regulus regulus)։

Անտառաթփուտներում բնակվում են սև կեռնեխը (Turdus merula), մոխրագույն և այգու շահրիկները (Sylvia communis, Sylvia borin), եղնջաթռչնակը (Troglodytes troglodytes) և այլ տեսակներ։

Լեռնային տափաստաններում լայն տարածում ունի հայկական չքչքանը (Saxicola maurus), կանեփնուկը (Carduelis cannabina), այգու դրախտապանը (Emberiza hortulana), սովորական տատրակը (Streptopelia turtur)։

Բարձրլեռնային գոտիներում բնակվում են ժայռային ծիծեռնակները (Ptyonoprogne rupestris), ալպիական նրբագեղիկը (Prunella collaris), սևուկ կարմրատուտը (Phoenicurus ochruros), խայտաբղետ քարակեռնեխը (Monticola saxatilis), փոքր ժայռային սիտեղը (Sitta neumayer), կարմրաթև սիտեղը (Tichodroma muraria), ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis) և կարմրակտուց ճայը (Pyrrhocorax pyrrhocorax)։

Գարնանային և աշնանային չուերի ժամանակ արգելոցի բոլոր բաց լանդշաֆտներում հանդիպում են ճահճային մկնաճուռակը (Circus aeruginosus), դաշտային մկնաճուռակը (Circus cyaneus) տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus), մարգագետնային մկնաճուռակը (Circus pygargus), տափաստանային արծիվը (Aquila nipalensis), տափաստանային հողմավար բազեն (Falco naumanni)։

Արգելոցի չվող թռչուններից հատկանշական են մոխրագույն կռունկը (Grus grus), գեղանի կռունկը (Anthropoides virgo), ճնճղուկ ավազակտցարը (calidris minuta), մորակտցարը (Gallinago gallinago)[12]:

Թռչուններից 37 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում։

Արգելոցում սողունները ներկայացված են 33 տեսակներով։

Կիսաանապատային գոտում հանդիպող տեսակներից են՝ Կովկասյան Լեռնային Ագամա (Laudakia caucasia), Ռադդեի ժայռային մողես (Darevskia raddei), բարեկազմ օձագլուխ (Ophisops elegans), բծավոր մողես (Lacerta strigata), արևմտյան վիշապիկ (Eryx jaculus), զոլավոր մերկաչք (Ablepharus bivittatus) և այլ տեսակներ։

Անտառային գոտում հանդիպում է որդանման կույր օձը (Typhlops vermicularis), վզնոցավոր էիրենիսը (Eirenis collaris), Հայկական էիրենիսը (Eirenis punctatolineatus), կարմրափոր (Շմիդտի) սահնօձը (Hidrophis schmidti), կովկասյան գյուրզան (Vipera lebetina), անդրկովկասյան մողեսիկը (Eremias pleskei), Շտրաուխի մողեսիկը (Eremias strauchi), ջարդվող իլիկամողեսը (Anguis fragilis) և այլ տեսակներ։

Լեռնատափաստանային գոտում հանդիպում են միջին մողեսը (Lacerta media), բազմագույն և կապարագույն սահնօձերը (Coluber ravergieri, Columber nummifer), քառաշերտ սահնօձը (Elaphe sauromates) և այլ տեսակներ։

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներից են՝

  • Միջերկրածովային կրիա (Testudo graeca)
  • Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ (Phrynoephalus horvathi)
  • Առաջավորասիական մաբույա (Trachylepis septemtaeniata)
  • Երկարաոտ սցինկ (Eumeces schneideri)
  • Անդրկովկասյան մողեսիկ (Eremias pleskei)
  • Անդրկովկասյան սահնօձ (Elaphe hohenackeri)
  • Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս (Rhynchocalamus melaibis)
  • Կովկասյան կատվաօձ (Telescopus fallax)
  • Հայկական կամ Ռադեի իժ (Vipera (Montivipera) leucorodia)
  • Հայկական լեռնատափաստանային իժ (Vipera (Pelias) eriwanensis)

Հայկական լեռնատափաստանային իժը (Vipera (Pelias) eriwanensis) Հայկական բարձրավանդակի էնդեմիկ տեսակ է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում։ Արգելոցի տարածքում հանդիպում է 1800-2500 մ.ծ.մ. բարձրությունների վրա։ Սնվում են մողեսներով, մանր կրծողներով, թռչունների ձագերով։

Հայկական կամ Ռադեի իժ (Vipera (Montivipera) leucorodia) Հայկական բարձրավանդակի էնդեմիկ։ Արգելոցի տարածքում հանդիպում է լեռնային չորասեր համակեցություններում, կաղնու անտառում, գիհու նոսրանտառներում, լեռնային տափաստաններում ծ.մ. 1300–1800 մ բարձրության վրա։ Սնվում են մանր կրծողներով, թռչուններով, մողեսներով, հոդվածոտանիներով։ Հայկական իժը գրանցված է Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում և Հայաստանի Կարմիր գրքում։ Արգելոցի տարածքում նոսր թփուտային և խոտածածկված լեռների և կիրճերի քարքարոտ լանջերին մինչև ծ.մ. 1500-2000 մ բարձրության վրա հանդիպում է Կովկասյան գյուրզան (Macrovipera lebetina): Գյուրզաները սնվում են կրծողներով, թռչուններով, մողեսներով։

Արգելոցի երկկենցաղների ֆաունան ներկայացված է 5 տեսակներով՝ լճագորտը, փոքրասիական գորտը, կանաչ դոդոշը, սիրիական սխտորագորտը, փոքրասիական ծառագորտ։ Սիրիական սխտորագորտը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ձկնա­տե­սակները ինն են. կարմրախայտը, Քուռի բեղլուն, Քուռի կողակ, Քուռի սպիտակաձուկ, անդր­կովկասյան սպիտակաձուկ, հայկական տառեխիկ, ոսկեգույն ծական, անգորական լերկաձուկ և կովկասյան լերկաձուկ[13]։

Անողնաշարավոր կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում անողնաշարավոր կենդանիների ֆաունան ներկայացված է ավելի քան 1500 տեսակներով, որոնցից փափկամարմիններ՝ 62 տեսակ, կարիճներ՝ 3 և 1427-ը միջատներ։ Միջատների ֆաունան արգելոցում ներկայացված է կարգաբանական 11 կարգերի ներկայացուցիչներից, այդ թվում ճպուռների, աղոթարարների, ականջմտնուկների, ուղղաթևերի, կարծրաթևերի, թեփուկաթևերի, թաղանթաթևերի և այլ կարգերի տեսակներից։

Համեմատաբար հարուստ է կիսաանապատային գոտու տեսակային կազմը, որտեղ շատ են միայն արգելոցում տարածված էնդեմներն՝ Հայկական սևամարմին (Armenohelops armeniacus), Վեդիական Մելիթեա (Melitaea vedica), Ռոմանովի տոմարես (Thomares romanovi), Գեղարդյան ոսկեբզեզ (Sphenoptera geghardica), Արաքսյան տերևակեր (Cryptocephalus araxicola) և այլն։

Լեռնատափաստանային գոտում Հայաստանի Կարմիր գրքում գրանցած տեսակներից հանդիպում է սիմպեկմա ճպուռը (Sympecma paedisca), կեղծ խոտային չրխկանը (Cardiophorus pseudo gramineus), կոռոստելյովի երկարաբեղիկ (Agapanthia korostelevi), մնեմոզինա կամ սև ապոլոն (Parnassius mnemosyne), Ավրորինա դեղնաթիթեռ (Colias aurorina), կանաչավուն դեղնաթիթեռ (Colias chlorocoma), աֆրիկական փրոթերեբիա (Proterebia afra hyrcana), հուբերտի կապտաթիթեռ (Agrodiaetus huberti), սուռակովի կապտաթիթեռ (Agrodiaetus surakovi), Մոմախոտի մեղու (Osmia cerinthides), իշամեղու հայկական (Bombus armeniacus), իշամեղու ձնափայլ (Bombus niveatus):

Անտառային գոտում հանդիպող տեսակներից են՝ Ալեքսանոր առագաստաթիթեռ (Papilio alexanor orientalis), Արիոն կապտաթիթեռ(Maculinea arion zara), Կպչուկի իլիկաթիթեռ (Hyles hippophaes caucasica), պրոզերպինա իլիկաթիթեռ (Hyles hippophaes caucasica), Ավետյանի երկրաչափ թիթեռ (Cidaria avetianae), կաղնու մեծ երկարաբեղիկ (Cerambyx cerdo acu minatus) և այլ տեսակներ։

Անողնաշարավոր կենդանիներից 44 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրովի անտառ պետական արգելոցը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ հաշվառված է 312 հուշարձան, որոնցից 29-ը վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը՝ բնակատեղի, 2-ը՝ ամրոց, 222-ը՝ խաչքարեր և տապանաքարեր, 40-ը՝ այլ բնույթի միջնադարյան հուշարձաններ, որոնք գտնվում են կիսավեր վիճակում։

Հավուց Թառ վանական համալիր

Հավուց Թառ վանական համալիրը (10-13-րդ) գտնվում է Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ, բարձրադիր ափին։ Այս վանական համալիրը հայտնի է նաև Ամենափրկիչ, Դարունից վանք, Կարմիր վանք անուններով։ 1013 թ. այս վանական համալիրում Գրիգոր Մագիստրոսը կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIVդդ., ավերվել է 1679 թ.-ի երկրաշարժից։ XVIII դ. վանքը վերանորոգել է Աստվածատուր կաթողիկոսը։ Վանական համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան խումբը հիմնովին վերակառուցվել է 18-րդ. 1-ին կեսում, օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թ.-ին Աստվածատուր կաթողիկոսը հիմնել է Ս. Կարապետ եկեղեցին։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, իսկ հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։ Հավուց Թառը միջնադարյան Հայաստանում գիտական խոշոր կենտրոն է եղել, ուր բազում գրքեր են գրվել ու նկարազարդվել։

Աղջոց վանք

Աղջոց վանք համալիրը գտնվում է Գեղարդից 7 կմ հարավ-արևելք, լեռան լանջին։ Ըստ ավանդության՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին՝ որպես կուսանաց վանք։ Ներկայիս վանքը կառուցվել է XIII դ.: Եղել է կրոնական և մշակութային կենտրոն։ Պարսպապատերով շրջապատված վանական համալիրը բաղկացած է գլխավոր՝ Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավթից, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց, բնակելի և տնտեսական շինություններից։

Աղջոց վանք համալիր

Ս. Ստեփանոս եկեղեցի - գլխավոր եկեղեցին է՝ կառուցված 1212-1217 թթ.: Ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք։ Աչքի է ընկնում ներքին և արտաքին պարզ ճարտարապետությամբ։

Գավիթ- կից է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից։ Կառուցվել է 1217-1234 թթ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով։ Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը։

Ս.Պողոս-Պետրոս եկեղեցի - համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է։ Կից է Ս. Ստեփանոս եկեղեցուն հյուսիսային կողմից։ Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 1270 թ. եղած շինարարական արձանագրությունը։ Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է։ Եկեղեցին ուշագրավ է արևմտյան մուտքի երկու կողմերում արված՝ Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների բարձրաքանդակներով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են։ Վանական համալիրի շրջակայքում խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցն է։ Վանքը կործանվել է 1679 թ. երկրաշարժից։

Գեղմահովիտ գյուղատեղին և համանուն եկեղեցին գտնվում է պետական արգելոցի Գառնի տեղամասում։ Գյուղի կենտրոնական մասում գտնվում է եկեղեցին որը, 5-7-րդ դարերի կառույց է։ Միակ մուտքը բացվում է հարավային ճակատից։ Հուշարձանի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է հունարեն արձանագրությունով մի քար, որը շրջված տառերով հայերեն նշանակում է «Առողջություն» և «Երանություն»։

Ավանիկ կամ Փոքր Շեն գյուղատեղին գտնվում է Կաքավաբերդ տեղամասում՝ Ազատ գետի ափին։ Գյուղատեղիի արևելյան մասում կիսավեր եկեղեցին է, որն կառուցվել է 6-7-րդ դարերում։

Կաքավաբերդ

Կաքավաբերդը/ Գեղի բերդ, Քեղի բերդ, Թաթուլի բերդ/ գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-X դդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XI դ. Կաքավաբերդ ամրոցը անցել է Պահլավունիների, իսկ XII-XIII դդ.՝ Պռոշյանների տոհմին։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թ.-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։

Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ[14]։

Բերդատակ գյուղատեղին գտնվում է Ազատ գետի աջ ափին՝ Կաքավաբերդի ստորոտում, որտեղից էլ ծագել է անվանումը։ Բերդատակից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի Հազարաձոր, Կաքավաբերդի քարափներ և Քաջառուի կիրճ։

Խոսրով գյուղատեղին գտնվում է պետական արգելոցի Խոսրով տեղամասում, Խոսրով գետի աջ ափին։ Գյուղատեղին հիմնադրվել 13-րդ դարում։

Կիսավեր վիճակում պահպանվել է եկեղեցին, գերեզմանատունը, ժայռափոր մատուռը (11-13-րդ դար )։ Խոսրով գյուղատեղիի եկեղեցին կենտրոնագմբեթ է, չորս անկյուններում՝ ուղղանկյունաձև ավանդատներով։ Եկեղեցուց պահպանվել է միայն հյուսիսային հատվածի պատերը։ Տարածքում կան նաև բազմաթիվ արձանագիր խաչքարեր, անկյունաքարեր ու քիվեր։ Թվագրված խաչքարերն ունեն 1501 թ.և 1530 թ. արձանագրություններ։

Սպիտակ Վանք գյուղատեղին գտնվում է Խաչաձոր տեղամասում։ Եկեղեցին կառուցվել է 1301 թ., այն ուղղանկյունաձև միանավ բազիլիկ է՝ կառուցված սպիտակ սրբատաշ ավազաքարով։ Այստեղից էլ հավանաբար ծագել է անունը՝ Սպիտակ վանք։ Եկեղեցուց պահպանվել են հյուսիսային և արևելյան պատերը, մյուս երկու պատերից մնացել են միայն հիմքերը։ Եկեղեցու մուտքի ձախ կողմում պատի մեջ տեղադրված է գեղեցիկ նախշազարդերով խաչքար։ Խաչքարի ներքևի հատվածում պահպանվել է նրան վերագրվող շինարարական բնույթի արձանագրություն, իսկ վեց արձանագրություններ էլ կան «Սպիտակ Վանք» եկեղեցու կանգուն պատերին։ Գյուղատեղին ենթադրաբար գոյատևել է մինչև շահ Աբասի կազմակերպած բնակչության զանգվածային տեղահանությունը (1604 թ.): Սպիտակ Վանք եկեղեցին քանդվել է 1679 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ:

Մանկուկ գետի հովտում է գտնվում «Մանկուք» հուշարձանախումբը (V-XVII դդ.): Խոսրով գետից ձախ, բարձր ժայռոտ սարի գագաթին տեղակայված է եղել ամրոցը (V-VIII դարեր), որն այժմ հիմնովին ավերված է։ Ստորոտում գյուղատեղին է՝ բնակելի և կենցաղային շինություններով, ինչպես նաև գերեզմանոցը՝ նրբաքանդակ խաչքարերով։ Գյուղատեղիի հարավարևմտյան մասում՝ անտառոտ լանջին է գտնվում X-XIII դարերի եկեղեցի, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ ժայռի լանջին, XIII դարի մեկ այլ եկեղեցի, որի պատերի վերին շարքերը քանդված են։ Մանկուկը, որպես բնակավայր, գոյատևել է մինչև 1950-ական թվականները։

Խոսրովասար լեռան ստորոտին է գտնվում Սագրաբերդ գյուղատեղին։ Գյուղատեղիում պահպանվել են երկու եկեղեցիներ, որոնցից մեկը (կառուցված V-VI դդ.), ավերված է. պահպանվել են միայն հիմքերը, իսկ երկրորդը՝ կիսավեր է, պահպանվել են արևելյան պատը, հյուսիսային և հարավային պատերը՝ մասամբ։

Վտանգներ և արգելոցային պահպանության ռեժիմի խախտումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որսագողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն բնապահպանների՝ բնապահպանական կազմակերպությունների հայտարարությունների և լրատվամիջոցների հրապարակումների՝ Խոսրովի անտառ պետական արգելոցը տարբեր տարիներին եղել է որսագողերի, այդ թվում՝ նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստների սիրված վայր[15][16][17][18][19]։

2017 թվականի օգոստոսի 12-ին Խոսրովի պետական արգելոցում տեղի են ունեցել մասշտաբային հրդեհներ, որոնք հանգեցրել են էկոլոգիական խոշոր աղետի[20]։ Հրդեհի առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ, և շրջանառվում են հակասական կարծիքներ։ Չի բացառվում նաև, որ հրդեհը կարող է ծագած լինել մարդկային գործոնի հետևանքով։

Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում գտնվում են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք պարբերաբար ենթարկվում են վանդալիզմի։ Այդպիսի հուշարձաններ են 11-րդ դարում հիմնադրված Հավուց Թառի վանքը, 13-րդ դարում հիմնադրված Աղջոց վանքը և այլն[21][22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 56 — 150 էջ։
  3. 3,0 3,1 Խանջյան, Նազիկ (2009). Խոսրովի անտառ արգելոց. էջ 12. ISBN 978-99941-889-1-8.
  4. «www.khosrovreserve.am». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին.
  5. «www.khosrovreserve.am». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին.
  6. «Խոսրովի անտառ» պետական արգելոց 2010-2014թթ. կառավարման պլան, էջ 16
  7. «Խոսրովի անտառ » պետական արգելոց» 2010-2014 թթ․ կառավարման պլան
  8. Խանջյան, Նազիկ (2009). Խոսրովի անտառ արգելոց. «Վարդ Հրատ» ՍՊԸ. էջ 12. ISBN 978-99941889-1-8.
  9. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թթ. կառավարման պլան էջ 17,18
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  11. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թթ. կառավարման պլան, էջ 34,35
  12. Խանջյան, Նազիկ (2009). Խոսրովի անտառ արգելոց. «Վարդ Հրատ» ՍՊԸ. էջ 17. ISBN 978-99941-889-1-8.
  13. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թթ. կառավարման պլան, էջ 42,43,44
  14. Բայբուրդ գյուղատեղի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
  15. «Ոստիկանությունը կոծկո՞ւմ է. Բնապահպանների նոր աղմկահարույց տեսանյութը՝ Խոսրովի արգելոցից - MediaLab Newsroom-Laboratory». Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  16. «Խոսրովի անտառ» արգելոցում տեղի է ունեցել որսագողություն:
  17. «Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են արձանագրվել:
  18. Ինչպես կմեկնաբանի բնապահպանության նախարարը:
  19. Ապօրինի որս և խրախճանք Խոսրովի արգելոցում:
  20. «Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  21. «Վանդալիզմ դարձող ուխտագնացություն - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  22. «PanARMENIAN.Net - Mobile». panarmenian.net. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 79