Արտադպրոցական դաստիարակությունը Հայաստանում
Արտադպրոցական դաստիարակություն ՀՀ-ում հանրակրթության կարևոր օղակներից է։ Նրա նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպումն է, նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական, կիրառական և տեղեկատվական գիտելիքների ձեռքբերմանը նպաստելը։ Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան կազմակերպությունների, ստեղծագործական, գեղագիտական, տեխնոլոգիական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցների, ակումբների, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների և զբոսաշրջային կայանների, մարզադպրոցների, մարզաառողջարարական ճամբարների և այլ կազմակերպությունների միջոցով։ Արտադպրոցական կրթադաստիարակչական ուրույն համակարգ է սկաուտականությունը, որի նպատակը պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր և ազատասեր սերունդ դաստիարակելն է։
Հայկական առաջին սկաուտական խմբերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկաուտի նշանաբանև է՝ «Միշտ պատրաստ», հայ սկաուտինը՝ «Բարձրացիր, բարձրացրու»։ Հայկական առաջին սկաուտական խմբերն ստեղծվել են սկաուտական շարժման սկզբնավորմանը (20-րդ դարի սկիզբ, Մեծ Բրիտանիա) զուգընթաց՝ 1908 թվականին՝ Հնդկաստանի Մադրաս և Բոմբեյ քաղաքներում, 1910 թվականին՝ Վանի ամերիկյան որբանոցում և Կ. Պոլսում։ Մեծ եղեռնից հետո՝ 1917-1918 թվականներին, շարժումը Կ. Պոլսում վերականգնվել է, ստեղծվել է Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ), որն այնտեղ գործել է մինչև 1922 թվականը։ Այնուհետև շարժումը տարածվել է Սփյուռքում՝ ստանալով կուսումնական հովանավորություն, և մեծապես նպաստել է հայապահպանությանը։ Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1919 թվականին հանրային կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի նախաձեռնությամբ և Կ. Պոլսից հրավիրված սկաուտական շարժման նվիրյալներ Վահան Չերազի, Տիգրան Խոյյանի, Օնիկ Յազմաճյանի և ուրիշներ ջանքերով հիմնադրվել է ՀՄԸՄ-ի սկաուտական միությունը։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո միության գործունեությունն արգելվել է։ Սկաուտական խմբերը Հայաստանում վերսկսել են գործել միայն 1989 թվականից։
Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը (ՀԱՍԿ)
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՄԸՄ-ի հանրապետական կառույցը՝ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը (ՀԱՍԿ), պաշտոնապես գրանցվել է 1995 թվականին։ 1997 թվականից այն անդամակցում է Համաշխարհային սկաուտական շարժմանը։ ՀԱՍԿ-ը մասնաճյուղեր, ստորաբաժանումներ և խմբեր ունի ՀՀ գրեթե բոլոր մարզերում ու Արցախում։ ՀԱՍԿ-ն ունի իր դրոշը, խորհրդանշանը, քայլերգը, նշանաբանը, համազգեստը։ Ապրիլի 18-ը Հայ սկաուտի օրն է։ խորհրդային տարիներին գործել են պիոներների և դպրոցականների պալատներ՝ զանազան մասնագիտական խմբակներով, որ տեղ ընդգրկվել է դպրոցականների զգալի մասը, անցկացվել են օլիմպիադաներ, սպարտակիադաներ, ռազմամարզական խաղեր, կազմակերպվել գիտաճանաչողական արշավներ, էքսկուրսիաներ, մանկական ստեղծագործության ցուցահանդեսներ, նշվել են կարևոր իրադարձություններ, տոներ և այլն։
Պիոներ տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԽՍՀ-ում առաջինը բացվել է Երևանի պիոներ տունը (1922, 1937-1993-ին՝ Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատ. 1982-83 ուսումնական տարում ունեցել է 266 խմբակ, որտեղ ընդգրկված են եղել 5 հազար դպրոցական, 1993 թվականից՝ Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն)։ 1922 թվականին բացվել է նաև Լենինականի պիոներ տունը։ 1982-1983 թվականներին ուսումնական տարում գործել են 57 նմանատիպ պալատներ, որոնց 2600 խմբակներում և բաժանմունքներում ընդգրկված էին ավելի քան 40 հազար պիոներ-դպրոցականներ։ Խորհրդային շրջանում գործել են նաև արտադպրոցական այլ հաստատություններ՝ պատանի բանասերների (1982-1983 թվականին՝ 8 կայան, 2,5 հազար երեխա), պատանի տեխնիկների (26 կայան, շուրջ 9 հազար երեխա) կայաններ և այլն։ Երեխաների ամառային և ձմեռային հանգիստը կազմակերպվել է պիոներ, ճամբարներում, քաղաքներում և գյուղերում ստեղծվել են նաև բակային ճամբար ներ։ ՀԽՍՀ-ում առաջին ճամբարը բացվել է 1924 թվականին (Ծաղկաձոր)։ Հետագայում բազմաթիվ ճամբարներ են բացվել Վանաձորում («Հայկական Արտեկ» և այլն), Ծաղկաձորում, Հանքավանում և այլ վայրերում։ 1986 թվականին գործել են 1398 պիոներ, ճամբարներ, որտեղ ամառային արձակուրդն անցկացրել է ավելի քան 216 հազար երեխա։ Արտադպրոցական հաստատությունների առանձին գործառույթներ են իրականացրել նաև մանկական գրադարանները, թատրոնները, կինոթատրոնները, աշխատանքներին աջակցել են Հայաստանի երգչախմբային և թատերական ընկերությունները, ստեղծագործական միությունները, ԴՕՍԱԱՖ-ը, մարզական և այլ կազմակերպություններ։
Արտադպրոցական դաստիարակությունը վաղ շրջանից մինչև մեր օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում արտադպրոցական դաստիարակության օրինակելի հաստատություններ են հայորդաց տները, որտեղ պատանիները, արվեստի և արհեստի տարբեր ճյուղերում մասնագիտանալուց բացի, ստանում են նաև ազգային և հոգևոր կրթություն ու դաստիարակություն։ Հայորդաց տները բացվել են 1993 թվականից՝ խորհրդային տարիների պիոներ-պալատների հիմքի վրա՝ Հայ առաքելական եկեղեցու, ՀԲԸՄ-ի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, մի շարք բարերարների հովանավորությամբ։ 2011 թվականին Հայաստանում գործել են 8 հայորդաց տներ՝ 3500 սաներով։ Արտադպրոցական դաստիարակության ստեղծագործական կենտրոններից ուշագրավ է Գեղագիտության ազգային կենտրոնի գործունեությունը, որը հիմնադրվել է 1978 թվականին Երևանում՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ 1970 թվականին ստեղծված աշխարհում առաջին մանկանան ստեղծագործության թանգարանի հիման վրա (մինչև 1999 թվականը՝ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոն)։ Կենտրոնում գործում են կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, պարարվեստի ստուդիաներ, որտեղ սովորում է 4-16 տարեկան շուրջ 5 հազար երեխա, ինչպես նաև «Գորանի» ազգագրական, «Հայկական զարդանախշեր» ժողովրդական պարերի, «Տալվորիկ» վոկալ-գործիքային, հարվածային գործիքների անսամբլները, ժողգործիքների 7-ամյա երաժշտական դպրոցը, ժամանակակից պարերիխումբը, «Մետրո» երիտասարդական թատրոնը, «Փոքր թատրոնը»՝ դրամատիկական և տիկնիկային թատերախմբերով, թատերական դիզայնի ստուդիայով։ Գեղագիտական ազգային կենտրոնը լույս է ընծայում նաև պատկերազարդ մանկական գրքեր (հայերեն և այլ լեզուներով)։ Կենտրոնը մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Գորիսում, Մեղրիում։ Կարևոր է նաև Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դերը, որի պարարվեստի, ձեռարվեստի, երաժշտական, թատերական, նկարչական 56 խմբակներում ընդգրկված են շուրջ 700 դպրոցականներ, գործում են «Կռունկ» ազգային, «Երևան», «Մատադոր» ժամանակակից պարերի և այլ ստուդիաներ։
1914 թվականից Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ն կազմակերպում է Վիքիճամբար գիտակրթական ճամբարը։ Այստեղ երեխաները սովորում են խմբագրելՎիքիպեդիայում և այլ վիքիհարթակներում (Վիքիբառարան, Վիքիդարան, Վիքիփոքրիկ)[1]։
Վիքիճամբար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքի ճամբարը Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության նախագծերից մեկն է, որի նպատակն է զարգացնել հայերեն Վիքիպեդիան Հայաստանի մայրաքաղաքի ու մարզերի տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։ Նախագիծն առաջին անգամ իրականացվել է Վանաձորում, հետագայում՝ Ստեփանավանում, Աղվերանում և Ծաղկաձորում։ Ճամբարի ընթացքում մասնակիցնրը խաղում են ինտելեկտուալ, սպորտային, ժամանցային խաղեր, մասնակցում են մշակութային, ճանաչողական և ուսուցողական միջոցառումների։
2014 թվականին Լոնդոնում տեղի ունեցած ամենամյա Վիքիմանիա 2014 համաժողովի ընթացքում Վիքիմեդիա Հայաստանի «Վիքիճամբար» նախագիծը ճանաչվել է տարվա ամենազիլ նախագիծ[2]։
ԹՈՒՄՈ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում բացվել է աշխարհում նախադեպը չունեցող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը նորարար, բաց ստուդիա է (անվճար)՝ հագեցած առաջատար թվային տեխնոլոգիայով։ Կենտրոնն իրականացնում է արտադպրոցական կրթական ծրագրեր, որոնք նպաստում են 12-18 տարեկան երեխաների ստեղծագործական առաջընթացին և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հմտանալուն։ «Թումոյում» ներառված են անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և թվային մեդիա ուսումնական ոլորտները։ Կենտրոնում երեխաները սովորում են համակարգչային զանազան ծրագրեր, ինչպես նաև ձեռք են բերում տեխնիկական (համակարգչային գրաֆիկա, եռաչափ մոդելավորում, համակարգչային ծրագրավորում) հմտություններ, մասնակցում երաժշտական, նկարչական, ստեղծագործական խմբակների։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մայիսին Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Լոռու մարզում բացվեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը։ Դա կրթական հանգույց է, որտեղ երեխաներն ու մեծահասակները նոր գիտելիք, հմտություններ, գաղափարներ են ձեռք բերում, ստեղծագործում են ու կյանքի նոր ճանապարհներ հարթում իրենց համար։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը առաջատար տեխնոլոգիայով հագեցած, նորարարական կրթական կենտրոն է, որտեղ երեխաներն ուսումնասիրում են լեզուներ, համակարգիչ, ռոբոտիկա, մեդիա գրագիտություն, դիզայն, նկարչություն, պարեր, երաժշտություն, գյուղատնտեսություն և այլն։ ՍՄԱՐԹ-ում կրթությունն անվճար է, ՔՈԱՖ-ն ապահովում է նաև տրանսպորտը՝ գյուղերից ՍՄԱՐԹ երեխաների հաճախումը կազմակերպելու համար։ Կենտրոնը արտադպրոցական խմբակներ է իրականացնում, և երեխաներն այստեղ հաճախում են դասերից հետո միայն։ Նրանք ոչ միայն հաճախում են կոնկրետ խմբակների, այլև պարբերաբար մասնակցում են տարատեսակ փառատոների, վարպետության դասերի, համերգների, հյուր-բանախոսների ելույթների։
-
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ news.am-ի անդրադարձը Վիքի Ճամբարին
- ↑ «Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |