Տորոն ներկատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տորոն ներկատու
Տորոն ներկատու
Տորոն ներկատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ցեղ Տորոն (Rubia)
Տեսակ Տորոն ներկատու (R. tinctorum)
Միջազգային անվանում
Rubia tinctorum

Տորոն ներկատու (լատ.՝ Rubia tinctorum), տորոնազգիների ընտանիքին պատկանող բույս (հայկական տարանունները՝ գունարմատ, տորուն):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 1,5-2 մ երկարություն: Մանր կարթաձև փշերով պատված, մագլցող ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի նշտարաձև կամ ձվաձև, կոշտ տերևներ: Կոճղարմատը դարչնակարմիր գույն է: Ծաղիկները մանր են, ձուլաթերթ, անիվանման, դեղին պսակով: Հասուն պտուղները սև են ու հյութալի, ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատով: Բույսը հողի նկատմամբ պահանջկոտ չէ, աճում է խաղողի և պտղատու այգիներում, թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրին և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ: Մեր հանրապետությունում, բացի ներկատու տեսակից, մեծ չափերով հանդիպում է նաև վրացականը, որը բուժական առումով, չի զիջում առաջինը: Դեղաբույսը հաճախ հանդիպում է նաև Իջևանի, Էջմիածնի, Աշտարակի, Մեղրու և հանրապետության այլ շրջաններում: Ցեղի անունը առաջացել է լատիներեն «ռուբեռ» բառից, որը նշանակում է կարմիր, ելնելով բույսի արմատների և կոճղարմատի գույնից, իսկ «պետիոլարիս» կամ «տինկտորում» նշանակում է ներկատու:

Նկարը «Köhler’s Medizinal-Pflanzen» (1887) գրքից

Քիմիական տարանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճղարմատը և արմատները պարունակում են օքսիմեթիլ և օքսիանտրախինոային ածանցյալների 5-6 % գլիկոզիդներ, որոնք ճեղքելով տալիս են ներկանյութեր՝ ալիզարին, քսանթոպուրպուրին, պսրդոպուրպուրին, միաժամանակ՝ շաքար, պեկտինային և դաբաղիչ նյութեր, կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու, սպիտ: Տերևներում հայտնաբերված են կիտրոնաթթու, ալկալոիդների հետքեր, իսկ մատղաշ ընձյուղներում՝ գլիկոզիդ ասպերուլոզիդ:

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են բույսի կոճղարմատն ու արմատները, որոնք հանում են բահով, մարտ-ապրիլ ամիսներին, ինչպես նաև՝ օգոստոսից մինչև ուշ աշուն, անջատում վերգետնյա մասերից, մաքրում հողից, լվանում սառը ջրով ու փռում տանիքում չորանալու, կամ չորանոցում՝ 5-50 աստիճանի պայմաններում: Հումքի պիտանելիությունը 1 տարի է: Տորոնի մասին դեռևս նշել է Պլինոսը, իսկ Դիոսկորիդն այն օգտագործել է կոկորդի հիվանդությունների, Ավիցեննան՝ ասթմայի ժամանակ:

Մխիթար Հերացին դեղաբույսն օգտագործել է որպես միզամուղ՝ ձգձգվող ջերմերի, ջրգողության, լյարդի և փայծաղի հիվանդությունների ժամանակ: Բժշկապետը նշում է, որ այլ բուսամիջոցների հետ խառնած տորոնն օգտակար է ստամոքսամուտքի ուռուցքների ժամանակ: Ամիրդովլաթը դեղաբույսը, բացի վերոհիշյալ դեպքերից, օգտագործել է նաև ճաղատության, դեղնուկի, ծնկան ցավերի, պիսակի, քսի, էկզեմայի, իմպետիգոյի, գազանահարության, քթային արյունահոսության, գլխի և դեմքի մաշկի օջախային մազաթափության, նևրալերգիաների, կոնքացավի և ընդհանուր թուլության ժամանակ: Բացի այս բոլորից, բժշկապետը նշում է, որ դեղաբույսը միզամուղ է, նպաստում է վիժմանը, լուծում է միզաքարերը, մաքրում և թարմացնում է դեմքի մաշկը: Իսկ եթե դեղորայքի օգտագործման ժամանակ առաջ գալիս մեզի գույնի փոփոխությունը, ապա այն վերանելու համար Ամիրդովլաթն առաջարկում է ընդունել եզան լեզվի հունդ՝ դարչինով կամ սոսու սերմերով: Բոլոր այս դեպքերում նա տորոնը օգտագործել է եփուկի կամ թուրմի ձևով, իսկ արտաքին՝ շփման ձևով, հաճախ խառնելով մեղրի կամ քացախի հետ: Գորտնուկը բուժելու համար Մասրճուեն առաջարկել է այն կտրելուց հետո վրան քսել տորոնի հյութ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ անանուխի հետ խառնված տորոնը օգտագործվել է դեղնուկի ժամանակ:

Չինական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես տոնուսավորող և մածող միջոց, իսկ Հնդկաստանում այն օգտագործում են միզամուղների և լեղուղիների հիվանդությունների ժամանակ: Հոմեոպաթիայում տորոնն օգտագործում են ռախիտի և դաշտանի ուշացման դեպքերում: Աշխարհի տարբեր երկրներում տորոնը օգտագործվում է նաև բազեդովյան հիվանդության, էքսուդատիվ դիազեթների, պոդագրայի, փորկապությունների, գոտկային ցավերի ժամանակ:

Փորձնական աշխատանքները ցույց են տվել, որ տորոնի պատրաստուկները բացասաբար չեն ազդում արյան ճնշման և շնչառության վրա, ընդհակառակը, ուժեղացնում են սրտի կծկումները՝ չխախտելով նրա ռիթմը, բարձրացնում են աղիների տոնուսը և ուժեղացնում կծկումները: Ունեն միզամուղ հատկություն, օժտված են որոշակի մանրէասպան ակտիվությամբ, իջեցնում են միզավազների և միզածորանների հարթ մկանների տոնուսը, միաժամանակ ուժեղացնելով այդ մկանների գալարակծկումները և նպաստումքարերի առաջշարժմանը: Այս արդյունքը ավելի ակնառու է մկանների սպաստիկ վիճակում:

Մեր կողմից տորոնի կոճղարմատի և արմատների ջրաթուրմը, փոշին և հաբերը օգտագործվել են սուր խրոնիկական պիելոցիստիտների և խոլեցիստիտների դեպքերում: Դեղորայքի դոզաները կարգավորել ենք մեզի գույնով. այսպես, եթե այն տորոնից սկսել է կարմրել, ապա դեղամիջոցների դոզան համարել ենք բավարար: Բուժման 3-4-րդ օրերից հիվանդների մեծամասնության մոտ պակասել են հաճախամիզությունը, միզուկի, վերցալյաին և գոտկաշրջանի այրոցներն ու ցավերը: Բուժման 10-րդ օրում հիվանդների գերակշռող մասի մոտ միզարձակումը դարձել է ազատ ու անցավ, կանոնավորել է մեզի գույնը, նրա մեջ պակասել է կամ լրիվ վերացել էրիթրոցիտենները, լեյկոցիտները, լորձը, միզուղիների էպիթելային բջիջները և այլ բորբոքական տարրեր:

Այլ օգտակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի ստորգետնյա մասից ստանում են ներկ, որով ներկում են բուրդը. լայնորեն օգտագործում են գորգագործության մեջ՝ վարդագույն, մորեգույն և մանուշակագույն երանգներ ստանալու համար: Տորոնի ներկը դարեր շարունակ չի խունանում: Նրանից ստանում են կարմիր թանաք: Բույսը նաև նեկտարատու է: Բուսուտների հետագա պահպանման համար տորոնը վերցված է մշակման:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]