Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան
|
|
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
|
|
Կարճ ասած՝
|
Վիքիպեդիան համացանցային հանրագիտարան է և հիմնված է համացանցային համայնքի փոխադարձ հարգանքի վրա, որի նպատակը բարձրորակ հանրագիտարանի ստեղծումն է։ Հետևաբար, գոյություն ունեն որոշակի բաներ, որոնք Վիքիպեդիան չէ։
Ոճ և ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան թղթե հանրագիտարան չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան թղթե հանրագիտարան չէ, այլ թվային հանրագիտարանի նախագիծ։ Բացի տեղեկությունների ստուգելիությունից (verifiability) և այս էջում թվարկված այլ սկզբունքներից, Վիքիպեդիայում թեմաների քանակի և պարունակության ծավալի սահմանափակումներ գործնականում չկան։ Սակայն կա կարևոր տարբերություն՝ ինչ կարող է արվել և ինչ պետք է արվի, ինչը ներկայացված է «Պարունակություն» բաժնում։ Հետևաբար, այս կանոնը ամեն ինչ ավելացնելու թույլատվություն չէ․ հոդվածները պետք է համապատասխանեն պարունակությանը վերաբերող կանոններին, հատկապես հինգ սյուների պահանջներին։
Հոդվածի ծավալը խելամիտ սահմաններում պահելը կարևոր է Վիքիպեդիայի հասանելիության համար, հատկապես դանդաղ ինտերնետային կապ ունեցողների կամ բջջային սարքերից օգտվողների համար։ Հոդվածի չափը անմիջականորեն ազդում է էջի բեռնման արագության, ինչպես նաև բեռնումից հետո էջի օգտագործման հարմարավետության վրա (տե՛ս Վիքիպեդիա:Հոդվածի չափս)։ Երկար հոդվածները ավելի փոքր հոդվածների տրոհելը և հիմնական հոդվածում կարճ նկարագրություն թողնելը հոդվածի զարգացման բնական ուղին է։ Տպագիր հանրագիտարաններում որոշ թեմաներ ներկայացվում են կարճ և անփոփոխ հոդվածներով, մինչդեռ այստեղ հնարավոր է ներառել ավելի շատ տեղեկություն, ավելացնել արտաքին հղումներ և հաճախակի թարմացնել պարունակությունը։ Վիքիպեդիայի և տպագիր հրատարակությունների տարբերությունների մասին կարելի է իմանալ Ոճական ուղեցույցից։
Հանրագիտարանային պարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայում տեղեկատվությունը չի ներառվում միայն այն պատճառով, որ այն օգտակար է կամ ճիշտ։ Հանրագիտարանային հոդվածը չպետք է պարունակի թեմայի մասին ամբողջ տեղեկատվությունը․ այն պետք է պարունակի ընդհանուր և հակիրճ տեղեկություն տվյալ թեմայի վերաբերյալ։ Ստուգելիությունը և աղբյուրները պետք է լինեն չեզոք։ Չնայած հանրագիտարանային հոդվածների պարունակության շուրջ կան բազմաթիվ վիճելի հարցեր, գոյություն ունեն հստակ օրինակներ, թե ինչ Վիքիպեդիան չէ։
Վիքիպեդիան բառարան չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան բառարան կամ ժարգոնային ուղեցույց չէ։ Ստորև ներկայացված է, թե ինչ չեն Վիքիպեդիայի հոդվածները․
- Սահմանումներ: Հոդվածները կարող են սկսվել լավ սահմանումներով, սակայն եթե սահմանումից բացի այլ տեղեկատվություն չեն պարունակում, անհրաժեշտ է դրանք լրացնել համապատասխան հանրագիտարանային տեղեկություններով։ Եթե նման տեղեկություն հնարավոր չէ ավելացնել, ապա այդ հոդվածները չպետք է մնան Վիքիպեդիայում։ Պետքական տեղեկատվությունը ջնջելուց առաջ պետք է տեղափոխել Վիքիբառարան։
- Բառարանային եզրույթներ: Հանրագիտարանի հոդվածները վերաբերում են անձանց կամ խմբերի, վայրերի, առարկաների, իրադարձությունների և այլնի։ Հաճախ բառերը կամ արտահայտությունները կարող են ունենալ հանրագիտարանային բնույթ, օրինակ՝ «Ներըմբռնում» կամ «Հայեցողություն»։ Այնուամենայնիվ, շատ բառեր սահմանումից բացի այլ տեղեկություն չեն պարունակում․ նման հոդվածները նույնպես անհրաժեշտ է տեղափոխել Վիքիբառարան։
- Ժարգոնային կամ լեզվական ուղեցույց: Վիքիպեդիան լեզվական կամ ժարգոնային ուղեցույց չէ, որոնք, օրինակ, կօգնեն զբոսաշրջիկներին կողմնորոշվել անծանոթ քաղաքում կամ բնակավայրում։
Վիքիպեդիան հրատարակող կամ սկզբնական հետազոտող չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան այն վայրը չէ, որտեղ կարելի է հրապարակել սեփական մտքերը կամ վերլուծությունները որպես նոր տեղեկատվություն։ Խնդրում ենք հետևել «Ոչ մի սկզբնական հետազոտություն» կանոնին:
- Սկզբնական հետազոտություններ են տեսլականները կամ լուծումները, օրիգինալ մտքերը, որոշումները, նոր բառերի օգտագործումը և այլն։ Վիքիպեդիայում ցանկացած պնդում պետք է հաստատվի տպագրված վստահելի աղբյուրով, այդ թվում՝ առցանց հասանելի աղբյուրներով։ Ցանկացած միտք, որոշում կամ լուծում, որոնք չեն հաստատվում վստահելի աղբյուրներով, կհամարվեն սկզբնական հետազոտություն և աղբյուր չգտնելու դեպքում ենթակա կլինեն հեռացման։
- Անձնական հայտնագործություն․ եթե Դուք կամ Ձեր ընկերը հայտնագործել եք նոր պարային շարժում կամ տեխնիկական սարք, այդ մասին գրել Վիքիպեդիայում չի կարելի, քանի դեռ անկախ երկրորդական աղբյուրներում այդ մասին հրապարակում չի եղել:
Վիքիպեդիան հայտարարությունների կամ գովազդային հարթակ չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան հայտարարությունների, գաղափարախոսությունների, գովազդային տեղեկատվության, հեռախոսային կամ հասցեների տեղեկատվական հարթակ չէ: Սա ներառում է անձնական էջերը, օգտագործողների անունները, կատեգորիաները, նիշքերը և էջերի քննարկումները: Վիքիպեդիայի պարունակությունը չպետք է օգտագործել որպես.
- Հայտարարություններ, գաղափարախոսություն կամ այս տեսակի ցանկացած առևտրային, քաղաքական, գիտական, կրոնական, ազգային և այլ տեսակի տեղեկատվություն տարածելու համար:
- Որևէ անձի մասին կարծիք: Հոդվածները պետք է գրված լինեն չեզոք տեսակետից։ Չի կարելի մարդկանց ներկայացնել միայն մեկ կողմի կարծիքով՝ առանց հաշվի առնելու հակառակ տեսակետները։
- Բամբասանքային թեմաներ։ Հատկապես ապրող անձանց վերաբերյալ չի կարելի տեղադրել բամբասանքային, սկանդալային և չճշտված տեղեկատվություն:
- Ինքնակենսագրական նյութեր: Նույնիսկ եթե դուք նշանակալի անձ եք, Վիքիպեդիայում ինքնակենսագրական նյութեր տեղադրելը թույլատրելի չէ, քանի որ դրանք, մեծ հավանականությամբ, չեն լինի չեզոք։
- Գովազդ, մարքեթինգ կամ հասարակական կապեր: Ընկերությունների և դրանց արտադրանքի մասին տեղեկատվությունը պետք է գրված լինի օբյեկտիվ և անաչառ ոճով՝ առանց գովազդային ենթատեքստի։ Բոլոր հոդվածները պետք է հիմնված լինեն ստուգելի անկախ երկրորդական աղբյուրների վրա։ Այս պատճառով փոքր կամ ոչ նշանակալի ընկերությունների մասին հոդվածները Վիքիպեդիայում տեղ չունեն։ Կազմակերպություններին թույլատրվում է ցույց տալ իրենց նշանակալիությունը միայն արտաքին հղումների միջոցով։
Վիքիպեդիան հղումների, նկարների և մեդիա նիշքերի պահոց չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան հայելային կայք կամ նկարների, հղումների, մեդիա նիշքերի պահոց չէ: Վիքիպեդիայի հոդվածները չեն համարվում հետևյալ գործիքների պահոց.
- Արտաքին հղումների կամ Համացանցային տեղեկատուներ: Թույլատրելի է հոդվածին ավելացնել մեկ կամ մի քանի թեմային վերաբերվող արտաքին հղումներ, սակայն դրանք չպետք է լինեն չափից շատ և շեղեն Վիքիպեդիայի հիմնական նպատակից։ Օրինակ՝ սպորտային ակումբի մասին հոդվածում մեկ հղումը երկրպագուների կայքին բավարար է, և անհրաժեշտ չէ հղում կատարել բոլոր նմանատիպ կայքերին։ Տե՛ս Վիքիպեդիա:Արտաքին հղումներ կանոնը հավելյալ տեղեկատվության համար:
- Ներքին հղումներ։ Բացառությամբ բազմիմաստ էջերից, որոնց անվանումները կարող են վերաբերվել տարբեր թեմաների, ինչպես նաև թեմայի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն պարունակող ներքին հղումներից, խորհուրդ չի տրվում տեղադրել այլ ներքին հղումներ։ Տե՛ս Վիքիպեդիա:Ներքին հղումներ կանոնը հավելյալ տեղեկատվության համար:
- Հանրության սեփականություն կամ այլ նմանատիպ նյութեր, ինչպիսիք են գրքերը կամ պատմական փաստաթղթերը, նամակները, օրենքները, հայտարարությունները և այլն: Նման նյութերը Վիքիպեդիայում պետք է տեղադրվեն վերախմբագրված և վիքիֆիկացված եղանակով, այլ ոչ թե ամբողջությամբ պատճենված: Նման նյութերը կարող եք տեղադրել Վիքիդարանում:
- Լուսանկարների կամ այլ մեդիա նիշքեր՝ առանց համապատասխան նկարագրության: Եթե ցանկանում եք տեղադրել նկար որևէ հանրագիտարանային հոդված նկարազարդելու համար, ապա այն պետք է բավարարի Վիքիպեդիայի չափանիշներին։ Ոչ բոլոր ազատ պատկերներն է թույլատրվում ներբեռնել Վիքիպեդիա․ դրանք պետք է ունենան հանրագիտարանային նշանակություն։
Վիքիպեդիան երգերի բառերի, տեքստերի պահոց չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայում երգերի մասին հոդվածներում բառերը տեղադրելու դեպքում անհրաժեշտ է համոզված լինել, որ դրանք պաշտպանված չեն հեղինակային իրավունքով։ Բացի այդ, բառերը տեղադրելու ժամանակ հոդվածում պետք է ներառվի տեղեկատվություն երգի հեղինակի, երգչի, ալբոմի և ստեղծման տարեթվի վերաբերյալ։ Միայն երգի բառերով հոդվածներ ստեղծելը արգելված է․ դրա համար գոյություն ունի քույր նախագիծ՝ Վիքիդարանը:
Վիքպեդիան բլոգների, վեբ հոսթինգ ծառայությունների, սոցիալական ցանցի կամ հիշողությունների կայք չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան Ֆեյսբուքի կամ Թվիթերի նման սոցիալական հարթակ չէ։ Վիքիպեդիայում չի կարելի ստեղծել սեփական կայք կամ բլոգ։ Վիքիպեդիան
- Անձնական համացանցային կայք չէ։ Վիքիպեդիայի յուրաքանչյուր մասնակից ունի իր մասնակցի էջը, որը պետք է օգտագործվի միայն Վիքիպեդիայի պահանջներին համապատասխան։ Սահմանափակ ինքնակենսագրական տվյալները թույլատրելի են, սակայն մասնակցի էջերը չեն կարող ծառայել որպես անձնական կայք կամ պարունակել մեծ քանակությամբ տեղեկատվություն, որը չի բերի օգուտ Վիքիպեդիային։ Եթե ցանկանում եք ունենալ սեփական կայք, բլոգ կամ տեղադրել ձեր ռեզյումեն, դրա համար համացանցում կան բազմաթիվ անվճար հարթակներ։
- Նիշքերի պահոց չէ: Վիքիպեդիայում պետք է ներբեռնել միայն այն նիշքերը, որոնք օգտագործվում են հոդվածներում։ Մնացած բոլոր նիշքերը ենթակա են ջնջման։ Ազատ պատկերները կարելի է ներբեռնել Վիքիպահեստ, որտեղից դրանք կարելի է հղել հոդվածում:
- Ծանոթությունների կայք չէ։ Վիքիպեդիան ծանոթությունների հարթակ չէ։ Այնուամենայնիվ, այստեղ հնարավոր է ձեռք բերել նոր ընկերներ, որոնց հետ միասին կզարգացնեք Վիքիպեդիան։
Վերոնշյալ կանոնները վերաբերում են ոչ միայն մասնակցային էջերին, այլև քննարկումների էջերին։ Մասնակցի էջը ոչ սեփական կայք է, ոչ էլ բլոգ։ Իրականում մասնակցի էջը Վիքիպեդիայի մի մասն է, որի միջոցով մասնակիցները համախմբվում են ընդհանուր գործի շուրջ։
Վիքիպեդիան տեղեկատու չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան իր մեջ ներառում է բազմաթիվ ներքին և արտաքին հղումներ, որոնք վերաբերվում են համապատասխան նշանակալի թեմային: Սակայն Վիքիպեդիան ամեն ինչի մասին տեղեկատու չէ: Վիքիպեդիան
- Ամեն ինչի պահոց չէ, ինչպիսիք են մեջբերումները, աֆորիզմները կամ բոլոր անձինք (իրական կամ մտացածին): Եթե ցանկանում եք տեղադրել որևէ հայտնի մեջբերում կամ աֆորիզմ, ապա դրա համար գոյություն ունի քույր նախագիծ՝ Վիքիքաղվածքը:
- Հեռախոսային տեղեկատու կամ Դեղին էջեր չէ: Կապի միջոցների մասին տեղեկատվությունը, ինչպիսիք են հեռախոսահամարը, ֆաքսի համարը, հասցեն և այլն, հանրագիտարանային չէ:
- Ուսումնական տեղեկատու, էլեկտրոնային ծրագրի ձեռնարկ, բիզնես վարելու կամ այլ մասնագիտական ձեռնարկ չէ:
- Վաճառքի կատալոգ չէ: Հոդվածում չպետք է տեղադրված լինեն ապրանքների գները կամ նման տեղեկատվություն: Նման տեղեկատվությունները պետք է լինեն չեզոք, չպարունակեն գովազդային տարրեր:
- Ոչ հանրագիտարանային դասակարգումներ չի կատարում, օրինակ «մարդիկ X էթնիկ / մշակույթային / կրոնական խմբից, որոնք աշխատում են Y ընկերությունում» կամ «X տեսակի մթերք մատուցող ռեստորաններ Y քաղաքից»:
Վիքիպեդիան ձեռնարկ, ուղեցույց, դասագիրք կամ գիտական ամսագիր չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան հանրագիտարան է, որը չի կարելի դիտարկել որպես ձեռնարկ, ուղեցույց, դասագիրք կամ գիտական ամսագիր: Վիքիպեդիայի հոդվածները կարդալուց չպետք է այն դիտարկել որպես
- Ձեռնարկ: Թեև Վիքիպեդիան նկարագրում է մարդկանց, վայրերը և առարկաները, սակայն հոդվածը չպետք է նման լինի «ինչպես այսպես կամ այնպես գործել» ոճի: Այն չպետք է պարունակի խորհուրդներ, ուղղորդումներ: Օրինակ՝ ինչպես պատրաստել ճաշ, ինչպես բուժվել այս կամ այն հիվանդությունից, ինչպես կողմնորոշվել այս կամ այն իրավիճակում:
- Ճամփորդական ուղեցույց: Օրինակ՝ Փարիզ հոդվածը կարող է պարունակել տեղեկատվություն տեսարժան վայրերի մասին, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը և Լուվրը, սակայն այնտեղ չկա լավագույն ռեստորանի հեռախոսահամարը կամ հասցեն:
- Վիդեո խաղերի ուղեցույց: Վիդեո խաղերի մասին հոդվածում պետք է նկարագրվի խաղի մասին ընդհանուր տեղեկություն, սակայն չի կարող լինել տեղեկատվություն ինչպես անցնել խաղի այս կամ այն մասը:
- Համացանցային ուղեցույց: Վիքիպեդիայի հոդվածները պետք է նկարագրեն ոչ միայն կայքերի էությունը, արտաքին տեսքը և մատուցվող ծառայությունները, այլև պետք է նկարագրեն կայքը հանրագիտարանային տեսանկյունից, այսինքն՝ պետք է նկարագրվի կայքի ձեռքբերումները, պատմականորեն նշանակալի փաստերը:
- ՀՏՀ-ներ: Վիքիպեդիայի հոդվածները չեն ներառում հաճախ տրվող հարցերի ցանկեր (ՀՏՀ-ներ):
- Ուսուցողական տեքստեր: Վիքիպեդիան հանրագիտարան է և ոչ դասագիրք: Վիքիպեդիայի նպատակն է ներկայացնել փաստերը և ոչ թե ուսուցանել դրանց պատճառները:
- Գիտական ամսագրեր կամ հետազոտական նյութեր: Վիքիպեդիայի հոդվածների պարունակությունը չպետք է ենթադրի, որ կարդացողը տվյալ ոլորտի մասնագետն է: Վիքիպեդիայի հոդվածները պետք է գրված լինեն առավելագույնս հասկանալի՝ մարդկանց բոլոր խմբերի համար:
- Գիտական լեզու: Հոդվածները պետք է գրվեն ամենօրյա ընթերցողի համար, ոչ միայն գիտնականների: Հոդվածների անվանումները պետք է լինեն հանրամատչելի՝ հնարավորինս չօգտագործելով գիտական տերմինաբանություն:
Վիքիպեդիան չի գուշակում ապագան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան ոչ ստուգելի տեղեկատվության հարթակ չէ: Վիքիպեդիան չի գուշակում ապագան: Սպասվող իրադարձությունների վերաբերյալ հոդվածները պետք է լինեն ստուգելի: Վստահելի աղբյուներով ուղեկցվող կանխատեսումները, ենթադրությունները, գուշակությունները կարող են ներառվել հոդվածներում, բայց ընթերցողին պետք է ներկայացվի այնպես, որ դրանք միայն կանխատեսումներ, ենթադրություններ և գուշակումներ են և կարող են չիրականանալ:
Վիքիպեդիան նորությունների հարթակ չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Վիքիպեդիան թղթային աղբյուր չէ, խմբագիրները ներկայումս տեղի ունեցող նշանակալի իրադարձությունների մասին հոդվածներ գրելիս, պետք է անընդհատ փորձեն դրանք թարմացնել իրադարձություններին համընթաց: Սակայն ոչ բոլոր իրադարձությունների մասին է, որ պետք է գրել Վիքիպեդիայում: Համոզվեք, որ Վիքիպեդիայի հոդվածները
- Լրագրողական չեն: Վիքիպեդիայում տեղ չունեն առաջին ձեռքից նորությունները: Առաջնային աղբյուրները Վիքիպեդիայում չեն ընդունվում: Սակայն քույր նախագծերում ինչպիսիք են Վիքիդարանը և Վիքիլուրերը ընդունում են դրանք և հիմնված են առաջնային աղբյուրների վրա: Վիքիպեդիայում շատ հոդվածներ կարող են նորությունների հիման վրա փոփոխության ենթարկվել, սակայն հոդվածները չպետք է գրված լինեն նորությունների ոճով:
- Նորություններ չեն: Վիքիպեդիայի հոդվածները պետք է լինեն նշանակալի, իսկ անձի կամ իրադարձության մասին լրատվամիջոցներով տարածված նորությունները անձին կամ իրադարձությանը չեն դարձնում նշանակալի: Նորությունները կարող են լինել մեկանգամյա և չգրավեն հասարակության ուշադրությունը: Մյուս կողմից նորությունները կարող են լինել նշանակալի, և կարելի է անձի կամ իրադարձության մասին նորությունը ներառել Վիքիպեդիայի հոդվածներում, սակայն տվյալ տեղեկատվությունը պետք է լինի ստուգելի և չեզոք:
- Ով ով է ձեռնարկ չէ: Եթե անգամ իրադարձությունը նշանակալի է, հնարավոր է որ դա տվյալ իրադարձությանը ներքաշված անձանց չդարձնի նշանակալի:
- Օրագիր չէ: Եթե անձը նշանակալի է, դա չի նշանակում, որ բոլոր այն իրադարձությունները, որում մասնակցել է անձը նույնպես նշանակալի են: Օրինակ՝ անձի մասնակցությունը բազմաթիվ սպորտային իրադարձություններում չի նշանակում, որ այդ անձի մասին հոդվածում պետք է ներառել բոլոր չնչին ձեռքբերումները: Օրինակ՝ ֆուտբոլիստի մասին հոդվածում, երբ տվյալ ֆուտբոլիստը դարձել է 200 գոլի հեղինակ, չպետք է նկարագրվեն բոլոր գոլերը և թե ում դարպասն է գրավել:
Վիքիպեդիան անհասկանալի տեղեկատվության պահոց չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներին հանրագիտարանային արժեք տալու համար Վիքիպեդիայում դրանք պետք է ներկայացվեն ճիշտ համատեքստում, անհրաժեշտ բացատրություններով և պարունակեն հղում վստահելի անկախ աղբյուրներին: Եթե անգամ տեղեկությունները ճշգրիտ են և անգամ ստուգելի, դա չի նշանակում, որ դրանք անպայմանորեն հարմար են հանրագիտարանի համար: Վիքիպեդիայի հոդվածները չպետք է լինեն.
- Ստեղծագործությունների ամփոփ նկարագրություն: Վիքիպեդիայում ստեղծագործությունները (օրինակ, գեղարվեստական, վավերագրական, վիդեո խաղեր, հետազոտական գրքեր և զեկույցներ, կրոնական տեքստեր և այլն) ներկայացվում են հանրագիտարանային ոճով. ստեղծումը, ճանաչումը, նշանակալիությունը, ազդեցությունը և որոշ համառոտ տեղեկություններ բովանդակությունից:
- Մեջբերումների բազա: Օրինակ պոեմի մասին հոդվածում պետք է ներառել տեղեկատվություն հեղինակի, հրատարակման ամսաթվի, սոցիալական արձագանքի և այլնի մասին: Պոեմից քաղվածքները կամ պոեմի պարունակությունը կարելի է տեղադրել խելամիտ չափով` քննարկում ծավալելու և ոճի մասին պատկերացում փոխանցելու համար: Ընդհանուր պոեմի բառերը կարելի է տեղադրել Վիքիդարան նախագծում և հղումը տեղադրել հոդվածում: Շատ պոեմներ, որոնց հեղինակի մահից չի անցել 70 տարի, հեղինակային իրավունքներով պաշտպանված են և դրանց վերաբերյալ ցանկացած մեջբերում պետք է հասցնել նվազագույնի:
- Մեծաքանակ վիճակագրական տվյալներ: Համատեքստից կտրված և բացատրություններ չունեցող վիճակագրական տվյալները կարող են նվազեցնել հոդվածի ընթերցելիությունը, ուստի վիճակագրությունը պետք է ներկայացնել մատչելի աղյուսակներով և համատեքստը ներկայացնող բացատրություններով: Եթե վիճակագրական տվյալները շատ են, դրանք կարող են տրոհվել առանձին հոդվածների և ամփոփվել հիմնական հոդվածում: Սակայն եթե անհնար է վիճակագրական տվյալներ չտեղադրել, ապա կարելի է աղուսյակը դարձնել թաքցված, որպեսզի միայն ցանկացողները կարդան այդ աղյուսակները:
Վիքիպեդիան գրաքննելի չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայի հոդվածները կարող են պարունակել տեղեկատվություն, որը կարող է ընդունելի չլինել բոլոր ընթերցողների համար: Վիքիպեդիայի նպատակը չէ գրել այնպիսի հոդվածներ, որոնք դուր կգան բոլոր ընթերցողներին և կհամապատասխանեն բոլոր ընթերցողների կրոնական, քաղաքական, մշակութային հայացքներին:
Հոդվածի պարունակությունը կհեռացվի, եթե այն չի համապատասխանում Վիքիպեդիայի կանոններին կամ Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ ԱՄՆ օրենքներին (որտեղ Վիքիպեդիան գրանցված է): Քանի որ Վիքիպեդիայում խմբագրումները երևում են անմիջապես, ուստի չհամապատասխանող պարունակությունները հնարավոր է միանգամից չհեռացվեն. դրանք կհեռացվեն այլ խմբագիրների կողմից դրանք նկատելուց հետո:
Որոշ հոդվածներ կարող է պարունակեն նկարներ, տեքստեր կամ հղումներ, որոնք ոչ բոլորը կհամարեն ընդունելի: Նման պարունակությունների վերաբերյալ քննարկումները պետք է կատարվեն ոչ էմոցիոնալ հողի, այլև փաստերի հիման վրա:
Կան կազմակերպություններ, որոնց կանոնները ենթադրում են որոշակի տեղեկատվության գաղտնիություն: Նման սահմանափակումը չի տարածվում Վիքիպեդիայի վրա, քանի որ Վիքիպեդիան նման կազմակերպությունների անդամ չէ, ուստի Վիքիպեդիան հոդվածներից չի ջնջի այդ տեսակ տեղեկատվությունը, եթե այն հանրագիտարանային է:
Համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի վերոնշյալից, որը վերաբերվում էր Վիքիպեդիայի պարունակությանը հետևյալ կանոնները կվերաբերվեն Վիքիպեդիայի կառավարման գործընթացին:
Վիքիպեդիան անարխիա չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան ազատ է և բաց, բայց ազատությունը և բաց լինելը գործում են, երբ ստեղծվում է հանրագիտարան: Միաժամանակ Վիքիպեդիան ազատ խոսքի հարթակ չէ: Այն փաստը, որ Վիքիպեդիան ազատ մասնավոր նախագիծ է, չի նշանակում, որ այն անարխիստական համայնք է: Մեր նպատակն է ստեղծել հանրագիտարան, ոչ թե անարխիստական միջավայր:
Վիքիպեդիան ժողովրդավարություն չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան ժողովրդավարություն կամ այլ քաղաքական համակարգ չէ: Սա նշանակում է, որ Վիքիպեդիայում համաձայնություն հասնելու համար ընդունված չէ քվեարկելու մեխանիզմ կիրառել: Հաճախ մեկ հիմնավորված փաստ ավելի մեծ կշիռ կարող է ունենալ, քան բազում չհիմնավորված տեսակետներ: Քվեարկության մեխանիզմը կարելի է կիրառել օրինակ ադմինիստրատորի ընտրությունների ժամանակ կամ կանոններով սահմանված դեպքերում:
Վիքիպեդիան բյուրոկրատիա չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Վիքիպեդիան ունի բյուրոկրատիայի շատ տարրեր[1], այն կառավարվող նախագիծ չէ, այն դատական մարմին չէ: Չնայած կանոնները ենթակա են կատարման՝ նրանք ձևավորվում են համայնքի համաձայնության շնորհիվ:
Չնայած կանոններին և ուղեցույցներին պետք է վերաբերվել լրջորեն՝ դրանք կարելի է անտեսել: Կուրորեն մի՛ հետևեք բոլոր կանոններին՝ առանց հասկանալու դրանց իմաստը: Եթե կանոնի անտեսումը կբերի հանրագիտարանի զարգացմանը, համարձակորեն անտեսեք դրանք: Բոլոր կանոնները և ուղեցույցներն անփոփոխ չեն, յուրաքանչյուր խմբագիր կարող է քննարկել փոփոխման հարցը և համաձայնության հասնել:
Վիքիպեդիան կռվադաշտ չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան անձնական հաշիվների լուծման, տեսակետների շուրջ բախումների, անձնական բնույթի հակասությունների, միմյանց վիրավորելու կամ ստորացնելու վայր չէ։ Նման երևույթները հակասում են Վիքիպեդիայի քաղաքականությանը, և Վիքիպեդիան շատ խիստ է մոտենում դրանց։ Փոխարենը, Վիքիպեդիան ողջունում է առողջ քննարկումները, որոնք նպաստում են հանրագիտարանի զարգացմանը։
Յուրաքանչյուր մասնակից պետք է ձգտի լինել քաղաքավարի, ջերմ և անկողմնակալ։ Մի փորձեք վիրավորել կամ տհաճություն պատճառել այն մարդկանց, ովքեր չեն կիսում ձեր տեսակետը։ Աշխատեք քննարկումները պահել քաղաքավարի մակարդակի վրա։ Եթե Ձեր դիմացինը փորձում է վիրավորել Ձեզ, ապա չպետք է պատասխանել նրան․ փոխարենը կարող եք դիմել Ադմինիստրատորներից որևէ մեկին՝ վեճը հարթելու համար։
Վիքիպեդիան պարտադրանք չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան կամավոր նախագիծ է, և յուրաքանչյուր խմբագիր ազատ է և ցանկացած պահի կարող է հեռանալ Վիքիպեդիայից: Վիքիպեդիայում պարտադրանքը ոչ մի տեղ չունի, չի կարելի որևէ մասնակցի պարտադրել ինչ-որ խմբագրում անել:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Joseph Michael Reagle, Jr.; Lawrence Lessig (2010). Good Faith Collaboration: The Culture of Wikipedia. MIT Press. էջեր 90–91. ISBN 9780262014472.