Վիքիպեդիա:Ոչ մի անձնական վիրավորանք
|
|
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Ոչ մի դեպքում մի դիմեք հարձակումների և մի հասցրեք անձնական բնույթի վիրավորանքներ Վիքիպեդիայի այլ մասնակիցներին։ Քննարկեք հոդվածները, ոչ թե հեղինակներին, փորձեք հակաճառել ըստ էության։ Անձնական վիրավորանքները և սպառնալիքները ոչ մի կերպ չեն օգնի պաշտպանել ձեր տեսակետը, դրանք միայն վնասում են Վիքիպեդիա համայնքին և խանգարում են մյուս մասնակիցներին աշխատել որակյալ հանրագիտարանի վրա։
Յուրաքանչյուր մասնակից, ըստ հնարավորության պետք է նպաստի Վիքիպեդիա համայնքում բարեհամբույր մթնոլորտի ստեղծմանը և պահպանմանը։ Անձնական հարձակումները ցանկացած մասնակցի նկատմամբ՝ անկախ նրա նախկին վարքից, հակասում են համայնքի ոգուն։
Հիշեք, որ ցանկացած մասնակից կարող է մասնակցել քննարկման էջերում ծավալվող բանավեճերին։ Վիքիպեդիայում աշխատելիս յուրաքանչյուր մասնակցի վարք իր հետքն է թողնում հենց այդ անձի վրա և ընդհանրապես անդրադառնում է Վիքիպեդիայի հեղինակության վրա։ Բարեհամբույր եղեք և պահպանեք հանգստությունը և արժանապատվությունը. Նախ և առաջ աշխատեք խուսափել խմբագրումների ամփոփումների մեջ վիրավորական արտահայտությունների օգտագործումից. մի մոռացեք, դրանք հնարավոր չէ հեռացնել։
Վիրավորանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձի նկատմամբ հարձակումներ և անձնական վիրավորանքներ համարվում են.
- Հայտարարություններն այն մասին, որ այս կամ այն մասնակիցն ի վիճակի չէ որակյալ հոդված գրել կամ ընդհանրապես լինել Վիքիպեդիայի արժանի անդամ՝ կապված իր տարիքի, սեռի, գենդերի, ռասայի, արտաքին տեսքի, կրոնի, մասնագիտության, ազգային պատկանելության կամ այլ սոցիալական խմբի հետ։ Սրա մեջ են մտնում նաև վիրավորական հարձակումներն ու նշված հատկանիշներով պայմանավորված վիրավորական մականունների օգտագործումը։ Ընդ որում՝ էական չէ, թե արդյոք մասնակիցն իրականում պատկանում է տվյալ խմբին, թե ոչ։
- Մասնակցի ներդրման ընդհանուր բացասական գնահատականները (օրինակ՝ «նա վատ խմբագիր է» և այլն), որոնք չեն ուղեկցվում մանրամասն փաստարկմամբ (կոնկրետ խմբագրումների զգալի քանակի վերլուծությամբ և այլն)։
- Բացասական երանգավորում ունեցող բառապաշարը, որը բնութագրում է մասնակցին կամ նրա վարքագիծը. օրինակ՝ «հիմար», «անմեղսունակ», «հիստերիկ», «շատախոս» տիպի գնահատականները, ինչպես նաև ցանկացած հայհոյանք կամ անպարկեշտ արտահայտություն (այդ թվում՝ տառերի բացթողումով կամ փոխարինումով և այլն)։
- Բացասական արտահայտություններն այլոց հասցեին կամ գերազանցության դիրքերից արված հարձակումները (օրինակ՝ «Ես գիտությունների դոկտոր եմ, իսկ դու ընդհանրապես ո՞վ ես»)։
- Մասնակցային անվան կամ օգտանվան միտումնավոր վիրավորական աղավաղումը։
- Պնդումներն այն մասին, որ մասնակիցը տառապում է որևէ հիվանդությամբ, ունի մտավոր կամ ֆիզիկական թերություններ և այլն։
- Հղումները Վիքիպեդիայի հոդվածներին կամ արտաքին աղբյուրներին, որոնք վերաբերում են այս կամ այն բացահայտ բացասական երևույթներին, եթե այդ հղումները տեղադրված են այնպես, որ տվյալ երևույթն ուղղակիորեն կապվի տվյալ մասնակցի հետ (օրինակ՝ «Դուք, %օգտանուն%, պետք է ծանոթանաք ... հոդվածին»)։
Ընդ որում՝ նշանակություն չունի՝ վիրավորանքը հասցվել է տվյալ մասնակցի հետ անմիջական շփման ժամանակ, թե այլ իրավիճակում։ Նույնպես էական չէ՝ թիրախավորված անձը նշվել է անունով, թե նրա ինքնությունը միանշանակ բխում է այն համատեքստից, որում հնչել է վիրավորանքը։
Եթե դուք հանդիպել եք անձնական վիրավորանքի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցին, ով գտնում է, որ իրեն հասցվել է վիրավորանք, խորհուրդ է տրվում դիմել ընդդիմախոսին,պարզելու՝ արդյոք վիրավորանքը եղել է կանխամտածված և խնդրել, որ ներողություն հայտնեն։ Այն դեպքում երբ հասցված վիրավորանքի փաստը կասկած չի հարուցում և ընդդիմախոսը չի պատասխանում խնդրանքին, մասնակիցը իրավունք ունի դիմելու անկողմնական ադմինիստրատորներից որևէ մեկին, ով համոզվելով, որ տեղի է ունեցել նման դեպք, պաշտոնական զգուշացում է ներկայացնում նմանատիպ գործողությունների անթույլատրելիության մասին։
Եթե մասնակիցը հայտնաբերել է վիրավորանք և գտնում է, որ դա պատահական չէ, խորհուրդ է տրվում այդ մասին տեղեկացնել մյուս մասնակիցներին հետևյալ էջում Վիքիպեդիա:Խորհրդարան։
Անձնական վիրավորանքների հեռացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկացած քննարկման ժամանակ հնչած կարծիքները, որոնք ամբողջովին բաղկացած են անձնական վիրավորանքներից, կարող են հեռացվել ցանկացած մասնակցի կողմից, ով հեռացված հաղորգադրության փոխարեն պետք է գրի. Անձնական վիրավորանք։ Հեռացված է։
Կարծիքները, որոնք մասամբ բաղկացած են անձնական վիրավորանքներից, կարող են խմբագրվել ցանկացած մասնակցի կողմից՝ վիրավորական մասի հեռացման նպատակով։ Այդ դեպքում անհրաժեշտ է թողնել հետևյալ նշումը. Անձնական վիրավորանք։ Տեքստը խմբագրված է։
Սպառնալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեք մի սպառնացեք այլ մասնակիցների։
- իրավական հետևանքներով (այդ թվում՝ դատական հայցերով),
- ֆիզիկական հաշվեհարդարով,
- այնպիսի գործողություններով, որոնց արդյունքում Վիքիպեդիայի մեկ այլ մասնակից կարող է ենթարկվել քաղաքական կամ կրոնական հալածանքների կառավարության, գործատուի, որևէ այլ անձի կամ կազմակերպության կողմից։
Նման սպառնալիքներ թույլ տվող մասնակիցը կարող է անմիջապես արգելափակվել՝ երկարաժամկետ կամ անժամկետ հիմունքներով՝ առանց նախազգուշացման և նախնական քննարկման։
Խարդախություն և կեղծարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայում լուրջ խախտումներ են համարվում նաև խարդախությունն ու կեղծարարությունը, այսինքն.
- Ուրիշի հաղորդագրությունների միտումնավոր փոփոխությունը, որն ազդում է դրանց իմաստի վրա, կամ ուրիշի անունից հաղորդագրություններ գրելը։
- Այլ մասնակիցների անունների միտումնավոր կեղծումը և նրանց անձնական էջերի կամ քննարկումների էջերի դժվար տարբերակելի պատճենների ստեղծումը, որոնց բովանդակությունը կարող է արատավորել այն մասնակցին, որի էջից կատարվել է պատճենումը։
- Այլ մասնակիցների անունների միտումնավոր կեղծումը և նրանց անձնական էջերի ու քննարկումների դժվար տարբերակելի պատճենների ստեղծումը՝ նպատակ ունենալով կատարել այնպիսի խմբագրումներ, որոնք արատավորում են տվյալ մասնակցին կամ այլ մասնակիցների։