Սըր Ֆրենսիս Բոֆորտ
Սըր Ֆրենսիս Բոֆորտ, (անգլ.՝ Sir Francis Beaufort, մայիսի 27, 1774[1][2][3][…], Navan, Լենստեր - դեկտեմբերի 17, 1857[4][1][2][…], Hove, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ադմիրալ, զինվորական հիդրոգրաֆ և քարտեզագիր:
1805 թվականին մշակել է քամու արագության գնահատման 12 բալային սանդղակը՝ հենվելով առարկաների վրա ունեցած քամու ազդեցության և ծովի ալեկոծության դիտարկման վրա: 1838 թվականին Բոֆորտի սանդղակը ընդունվել է անգլիական նավատորմի կողմից, իսկ հետո՝ ամբողջ աշխարհի ծովագնացների կողմից: 1829-1855 թվականներին գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիդրոլոգիական ծառայությունը: 1831 թվականին դարձել է Թագավորական միացյալ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման նախաձեռնողներից մեկը: Ընտրվել է Իռլանդական թագավորական ակադեմիայի անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենսիս Բոֆորտը սերում է ֆրանսիացի հուգենոտների ընտանիքից, ովքեր 16-րդ դարում փախել էին Մեծ Բրիտանիա՝ պաշտպանվելով ֆրանսիական կրոնական զինվորականներից:
Նրա ծնողները Լոնդոնից տեղափոխվել էին Իռլանդիա: Նրա հայրը՝ Դանիել Ավգուստ Բոֆորտը, բողոքական եկեղեցու ծառայող էր Իռլանդիայի Միթ դքսության Ան Ուավ բնակավայրում, միաժամանակ Իռլանդական թագավորական ակադեմիայի անդամ էր: Նրա մայրը եղել է Ալենսթոունների ընտանիքից՝ Վիլյամ ՈՒոլլերի աղջիկը և ժառանգորդը: Ֆրենսիսը ծնվել է Ան Ուավում 1774 թվականի մայիսի 27-ին [5]: Ուներ մեծ եղբայր՝ Վիլյամ Լուի Բոֆորտը, և երեք քույր՝ Ֆրենսիսը, Հարիետը և Լուիզան: 1792 թվականին նրա հայրը ստեղծել և հրատարակել է Իռլանդիայի նոր քարտեզը [6]:
Ֆրենսիսը մեծացել է Ուելսում և Իռլանդիայում: 14 տարեկան հասակում թողել է դպրոցը և զբաղվել ծովագնացությամբ, թեև երբեք չի դադարել կրթվել: Հետագայում նա բավականին կրթված էր, որպեսզի կարողանար շփվել իր ժամանակի որոշ հզոր գիտնականների և կիրառական մաթեմատիկոսների հետ, այդ թվում՝ Ջոն Հերշելի, Ջորջ Բիդել Էյրիի և Չարլզ Բէբիջի հետ [7]:
Սեփական փորձից ելնելով, ողջ կյանքի ընթացքում, Ֆրենսիս Բոֆորտը կարևորում էր ծովագնացության ճշգրիտ քարտեզների արժեքը, քանի որ 15 տարեկանում ենթարկվել էր նավաբեկության՝ սխալ կազմված քարտեզի պատճառով: Բոֆորտի ամենաակնառու նվաճումները կապված են տեղորոշման քարտեզների կազմման հետ:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ ռազմածովային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքային գործունեությունը սկսելով բրիտանական «Արևելահնդկական» ընկերության առևտրական նավից, Բոֆորտը հասել է միչմանի, լեյտենանտի (1796 թվականի մայիսի 10) և հրամանատարի (1800 թվականի նոյեմբերի 13) աստիճանների: Նա ծառայել է «Ակվիլիոն» հնգաթև ֆրեգատում, մասնակցել՝ «Փառապանծ Հունիսմեկյան ճակատամարտ»-ին: 1800 թվականին, Մալագայի ռազմական գործողություններին մասնակցելիս, «Ֆաետոն» նավի վրա Բոֆորտը ծանր վիրավորվել է: Վերականգնվելու ընթացքում, երբ ստանում էր 45 ֆունտ ստեռլինգ չնչին թոշակ, իր փեսա Ռիչարդ Լովել Էջուորտի հետ Դուբլինից Գոլվեյ հատվածում կառուցել են մի շարք լուսազդանշանորդներ՝ սեմաֆորներ: Նա այդ գործին նվիրեց կյանքի երկու տարիները՝ չարժանանալով որևէ պարգևատրման [8]:
Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերադառնալով ծառայության՝ Բոֆորտը նշանակվեց Թագավորական նավատորմի կապիտան (1810 թվականի մայիսի 30): Այն ժամանակ, երբ մյուս սպաները մասնակցում էին ակտիվ գործողությունների, Բոֆորտն ազատ ժամանակն անց էր կացնում կատարելով զոնդավորման և տեղանքի կողմնորոշման աշխատանքներ, աստղագիտական դիտարկումների միջոցով որոշում էր լայնություններ և երկայնություններ, չափում ափագծերի երկարությունը: Նրա աշխատանքի արդյունքները ամփոփ ներկայացվել են նոր դիագրամներով:
Առաջին անգամ Բոֆորտը նշանակվեց հրամանատար «Վուլիջ» նավի վրա: Նա նավարկեց դեպի Օստ Ինդիա՝ ուղեցելով Օստ Ինդիայից դեպի Բրիտանիա նավարկող պահակախմբին: Այնուհետև Ծովակալության հանձնարարությամբ հիդրոլոգիական հետազոտություններ իրականացրեց Հարավային Ամերիկայի Ռիո դե լա Պլատայի գետաբերանի շրջանում: Փորձագետները շատ տպավորված էին Բոֆորտի անցկացրած հետազոտություններից: Մասնավորապես, Ալեքսանդր Դելրիմփլը 1808 թվականի մարտին Ծովակալության գրանցամատյանում նկատել է, որ. «մեր մոտ ծառայող սպաներից քչերն են (իրականում ես ոչ մեկին չեմ ճանաչում), որ ունեն նրա մասնագիտական գիտելիքների և հնարավորությունների կեսը, իսկ ձգտումներով և կամային հատկանիշներով՝ նմանը չունի» [9]:
Անատոլիա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վուլիջ»-ից հետո Բոֆորտը նշանակվեց «Ֆրեդերիկշտեյն» [9] նավի հրամանատար: 1811-1812 թվականներին Բոֆորտը ուսումնասիրեց հարավային Անատոլիան, հայտնաբերեց բազմաթիվ հնագիտական ավերակներ: Ադանայից ոչ հեռու, Այասում, նավի անձնակազմի վրա թուրքերի անսպասելի հարձակումը ընդհատեց իրականացվող աշխատանքները, իսկ Բոֆորտը ազդրի շրջանում ստացավ լուրջ հրազենային վնասվածք: Նա վերադարձավ Անգլիա և կազմեց Անատոլիայի քարտեզը: 1817 թվականին Բոֆորտը հրատարակեց իր «Caramania» գիրքը, որը վերբերում էր Փոքր Ասիայի հարավային ափագծին և հնագիտական ավերակների:
Նավատորմի հիդրոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
1829 թվականին Բոֆորտը ընտրվեց Թագավորական աստղագիտական ընկերության անդամ [10], և 55 տարեկան հասակում (այն ժամանակվա վարչական աշխատողների թոշակային տարիքը) Բոֆորտը նշանակվեց բրիտանական ծովակալության նավատորմի հիդրոգրաֆ: Այս պաշտոնում նա ծառայեց 25 տարի: Բոֆորտը կարողացավ այդ հիդրոգրաֆիական ընկերությունը դարձնել աշխարհի լավագույն գեոդեզիական և քարտեզագրական հաստատությունը: Գրասենյակի կողմից հրատարակված գրաֆիկները և քարտեզները օգտագործվում են մինչ օրս: Այդ պաշտոնում աշխատելու տարիներին նա նաև ստանձնեց Անգլիայի Գրինվիչի և Աֆրիկայի Բարեհուսո հրվանդանի աստղադիտարանների ղեկավարումը, ինչպես նաև՝ այն ժամանակաշրջանի ծովային հետազոտություններն ու փորձարկումները: Ութ տարվա ընթացքում ղեկավարել է Արկտիկական խորհուրդը, որն այդ ժամանակ զբաղված էր դեպի լեգենդար Հյուսիսարևմտյան միջանցք նավարկության ժամանակ անհետ կորած սըր Ջոն Ֆրանկլինի որոնողական աշխատանքներով: Լինելով Թագավորական ընկերության խորհրդի, Թագավորական աստղադիտարանի և Թագավորական աշխարհագրության ընկերության (որի ստեղծմանը ինքն էր նպաստել) անդամ, Բոֆորտն օգտագործում էր իր դիրքը և հեղինակությունը, հանդես գալով որպես միջնորդ, և օգնելով իր ժամանակի գիտնականներին: Բոֆորտը ներկայացնում էր աշխարհագրագետների, աստղագետների, օվկիանոսագետների, գեոդեզիստների, օդերևութաբանների խնդիրները այդ կառավարական գործակալություններում, Հիդրոգրաֆիական բյուրոյում՝ օգնելով և նպաստելով նրանց հետազոտություններին:
Բոֆորտն շատ բան էր սովորեցրել Ռոբերտ Ֆիցրոյին: Ֆիցրոյը ժամանակավորապես ծառայում էր «Բիգլ» հետախուզական նավի վրա այն բանից հետո, երբ նավի նախորդ կապիտանը ինքնասպան էր եղել: «Բիգլ»-ի երկրորդ ճանապարհորդության հաջողությունից հետո Ֆիցրոյը դարձավ հայտնի և նշանակվեց նավի հրամանատար: Նա խնդրեց Բոֆորտին «գտնել լավ կրթված և գիտնական ջենթլմենի»՝ որպես ճանապարհորդության ուղեկից: Բոֆորտը հարցուփորձերի արդյունքում հրավիրեց Չարլզ Դարվինին, ով հետագայում իր հայտնագործությունները վերաձևակերպեց որպես «Էվոլյուցիայի տեսություն» և ներկայացրեց է իր «Տեսակների ծագումը» գրքում:
Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, Բոֆորտը ստացավ Ջեյմս Կլարկ Ռոսսի կառավարական աջակցությունը 1839-1843 թվականների անտարկտիկական ճամփորդությունը իրականացնելու համար: Այդ ճամփորդության ընթացքում կատարվել է երկրի հրաբխականության լայնամասշտաբ չափումներ:
Բոֆորտը նպաստել է Մեծ Բրիտանիայի ափերի մոտ դիտվող մակընթացությունների և տեղատվությունների վերաբերյալ ճշգրիտ աղյուսակների ստեղծմանը,որով իսկ ոգեշնչել է նման հետազոտություններ կատարելուն Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Օգնելով ընկերոջը՝ Վիլյամ Ուիվելլին, ստացավ վարչապետ հերցոգ Վելինգտոնի համաձայնությունը՝ Բրիտանիայի առափնյա շերտի պահպանությանն ուղղված 200 առափնյա կայաններում աշխատանքների ընդլայնման հարցում:
Բոֆորտը խանդավառությամբ աջակցել է իր ընկերոջը՝ թագավորական աստղագետ և հայտնի մաթեմատիկոս սըր Ջորջ Էյրիին՝ նպաստելով Գրինվիչի և Բարեհուսո աստղադիտարաններում պատմական նշանակության չափումների իրականացմանը:
Պաշտոնաթողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոֆորտը թագավորական նավատորմից պաշտոնաթող է եղել 1846 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 72 տարեկան հասակում, փոխծովակալի կոչումով: 1848 թվականի ապրիլի 29-ին ստացավ «Բանի շքանշանի ասպետ» շքանշանը, և դարձավ «սըր Ֆրենսիս Բոֆորտ», ինչը համեմատաբար ուշացած տիտղոս էր, եթե հաշվի առնենք նրա առաջխաղացումը՝ սկսած 1829 թվականից։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոֆորտն ամուսնացած է եղել Ալիսիա Մագդալենա Ուիլսոնի հետ: Նրանց որդին՝ Ֆրենսիս Լեստոկ Բոֆորտը (1815-1879), հետագայում ուղևորվել է Հնդկաստան և 1837-1876 թվականներին քաղաքացիական ծառայության անցել Բենգալիայում, որտեղ տասներկու տարի դատավոր է աշխատել: Նա հայտնի «Բենգալիայի քրեական դատավարության նորմերի ժողովածու» գրքի (1850) հեղինակն է, մահացել է 1879 թվականին:
Բոֆորտի փոքր աղջիկը՝ Էմիլի Էնն Սմայթը, Բուլղարիայի հերոս է, բանաստեղծ, նկարազարդող, կողմ էր բուժքույրական ուսուցման մեջ փոփոխություններին [11]:
Ալիսիա Բոֆորտը՝ Ֆրենսիսի կինը, մահացել է 1834 թվականի օգոստոսի 27-ին: 1838 թվականին Ֆրենսիսը երկրորդ անգամ ամուսնացել է իր աներորդի Ռիչարդ Էջուորտի և նրա երկրորդ կնոջ աղջկա՝ Հոնորե Էջուորտի հետ:(Ֆրենսիսի քույրը՝ Ֆրենսիս Բոֆորտն ամուսնացել էր Էջուորտի հետ 1810 թվականին, և նրա չորորդ կինն էր):
Ավելի քան 200 նամակներում և ամսագրերում պահպանվել են Բոֆորտի նամակագրությունները, որոնք պարունակում են անձնական գաղտնագրումներ։ Բոֆորտը փոխել է Վիժեների ծածկագիրը, ծածկագրի այբուբենը, և ստացել այլ տարբերակ, որն այժմ հայտնի է Բոֆորտի ծածկագիր անունով: Վերծանված գրառումների միջոցով բացահայտվել է ընտանեկան և անձնական խնդիրներ, այդ թվում՝ սեքսուալ բնույթի։ Ըստ այդ բացահայտումների, 1835-1838 թվականներին, երբ Բոֆորտն ամուսնացած է եղել Հոնորե Էջուորտի հետ, նոյեմբեր ամսին արյունապիղծ հարաբերություններ է ունեցել իր քրոջ՝ Հարիետի հետ: Նրա օրագրերի գաղտնագրված գրառումները ցույց են տալիս, որ այդ արարքի համար Բոֆորտը տառապել է մեղքի զգացումով [7]։
Բոֆորտը մահացել է 1857 թվականի դեկտեմբերի 17-ին, 83 տարեկան հասակում, Հոուվում, Սուսեքս, Անգլիա: Բոֆորտը թաղված է Լոնդոնի Սուրբ Հովհաննես եկեղեցու այգում: Նրա տունը գտնվում է Լոնդոնում, Վեսթմինսթերում, Մանչեսթրի Սթրիթ 51 հասցեում: Այն նշված է պատմական «կապույտ ցուցանակով», որի վրա կան տեղեկություններ նրա բնակության և ձեռքբերումների մասին [12]:
Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամու ուժգնության սանդղակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրամանատարության առաջին տարիներին Բոֆորտը մշակել է քամու ուժի սանդղակի և օդերևութաբանական նշագրության առաջին տարբերակները, որոնք նա պետք է օգտագործեր իր գրանցամատյաններում մինչև կյանքի վերջ:
Աշխարհագրական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոֆորտի պատվին անվանվել են մի քանի աշխարհագրական օբյեկտներ, որոնցից են.
- Բոֆորտի ծովը, որը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանում, Կանադայի ափերի մոտ
- Բոֆորտի կղզին, որը գտնվում է Անտարկտիդայում:
Կրիպտոգրաֆիական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոֆորտի ծածկագիրը, որը համարժեք է Վիժեների ծածկագրին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Kindred Britain
- ↑ 3,0 3,1 Իռլանդական կենսագրական բառարան — Cambridge University Press, Royal Irish Academy, 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mollan, R Charles Irish Innovators. — Royal Irish Academy, 2002. — С. 49. — ISBN 978-1-874045-88-5
- ↑ «A new map of Ireland : civil and ecclesiastical»։ Library of Congress։ Վերցված է 2017-07-07
- ↑ 7,0 7,1 Alfred Friendly, Beaufort of the Admiralty, Hutchinson, 1977
- ↑ Royal Naval Biography (1828), p. 85
- ↑ 9,0 9,1 John de Courcy Ireland։ «Francis Beaufort (Wind Scale)»։ On-line Journal of Research on Irish Maritime History.։ Վերցված է 2014-11-29
- ↑ Hume Robert (2014-03-17)։ «Why wind guru Beaufort had to hide a stormy personal life»։ Irish Examiner։ Վերցված է 2016-03-16
- ↑ Elizabeth Baigent, ‘Smythe, Emily Anne, Viscountess Strangford (bap. 1826, d. 1887)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 accessed 2 May 2015
- ↑ «Francis Beaufort Blue Plaque»։ openplaques.org։ Վերցված է 2013-05-13
|