Գրինվիչի աստղադիտարան (անգլ.՝ Royal Observatory, Greenwich, ավելի վաղ՝ Royal Greenwich Observatory (RGO), Անգլիայի հնագույն աստղադիտարանը։ Հիմնադրվել է 1675 թվականին, Լոնդոնի համանուն արվարձանում։ Մթնոլորտային անբարենպաստ պայմանների պատճառով 1950-ական թվականներին Գրինվիչի աստղադիտարանը տեղափոխվել է Սասեքս՝ հնադարյան Հերսթմոնսյու ամրոցը (70 կմ Գրինվիչից դեպի հարավ), որտեղ բացի հին գործիքներից (76 և 70 սմ ռեֆլեկտորներ, 66 սմ ռեֆրակտոր, միջօրեական շրջաններ) տեղակայվել է Իսահակ Նյուտոնի անվան աստղադիտակը (հայելու տրամագիծը՝ 2,5 մ)։ Աստղերի դիրքերի և ժամանակի որոշումից զատ Գրինվիչի աստղադիտարանում զբաղվում են ծովային և օդային աստղագիտական տարեգրքերի հրատարակությամբ, հետազոտում երկնային օբյեկտներ ու երևույթներ։ Գրինվիչի աստղադիտարանի տնօրենը կրում է «Թագավորական աստղագետ» տիտղոսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 230)։