Ջեք Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Թեյլոր
անգլ.՝ Jack Taylor
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1930(1930-05-21)
ԾննդավայրՎուլվերհեմպտոն, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհուլիսի 27, 2012(2012-07-27) (82 տարեկան)
Մահվան վայրShifnal, Shropshire, Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
 Jack Taylor (referee) Վիքիպահեստում

Ջոն Քիթ Թեյլոր (անգլ.՝ John Keith Taylor, ավելի հայտնի որպես Ջեք Թեյլոր (անգլ.՝ Jack Taylor, մայիսի 21, 1930(1930-05-21), Վուլվերհեմպտոն, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հուլիսի 27, 2012(2012-07-27), Shifnal, Shropshire, Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մրցավար։ Անգլիայի ֆուտբոլային լիգան նրան անվանել է «բոլոր ժամանակների անգլիացի հնարավոր է լավագույն մրցավարը»[1]։ Թեյլորը 1974 թվականի Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղի մրցավարն էր, որտեղ նա երկու 11-մետրանոց հարված նշանակեց հանդիպման առաջին երեսուն րոպեներին[2]։ Գերմանիայի հավաքականի դարպասին առաջին 11-մետրանոցը նա նշանակեց արդեն հանդիպման երկրորդ րոպեին։ Դա աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում նշանակված առաջին 11-մետրանոցն էր[3]։

Մասնագիտությամբ նա մսագործ էր։ Մրցավարական կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է որպես ֆուտբոլի մրցավարների մարզիչ։

Մրցավարական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո 14-ամյա Թեյլորը սկսել է աշխատել հոր մսագործական խանութում։ Այնտեղ նա հանդիպել է տեղի ֆուտբոլային մրցավարական բաժնի քարտուղար Ջիմ Լոքին, որը Ջեքին խորհուրդ է տվել ֆուտբոլի մրցավարություն սովորել։ Թեյլորը հետևել է այդ խորհրդին և 17 տարեկանում արդեն վարել է իր առաջին ֆուտբոլային խաղը[4]։

Լոքի և Միդլենդսի այլ մասնագետների օգնությամբ Թեյլորը սկսել է տեղական մակարդակով ավելի շատ հանդիպումներ վարել։ 1953 թվականին Բիրմինգհեմի ֆուտբոլային ասոցիացիան Թեյլորին առաջադրել է որպես մրցավարի օգնական ազգային հավաքականների առաջիկա հանդիպման համար, որը պետք է անցկացվեր Ֆրանսիայում[4]։

25-ամյա Թեյլորը դարձել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի ամենաերիտասարդ եզրային մրցավարը, երբ 1955 թվականի օգոստոսին որպես մրցավարի օգնական աշխատել է երրորդ հարավային դիվիզիոնի «Քովենթրի Սիթի» - «Բորնմութ» հանդիպմանը[4]։ Երեք տարի անց նա ընդգրկվել է Ֆուտբոլային լիգայի «օժանդակ» մրցավարների ցուցակում, որից հետո եղել է Չորրորդ դիվիզիոնի «Սաութպորտ» - «Հարթլպուլ Յունայթեդ» հանդիպման մրցավարը։ 1962 թվականին 31-ամյա Թեյլորը նշանակվել է Անգլիայի Սիրողական գավաթի եզրափակիչ խաղի մրցավար, որտեղ «Ուեմբլի» մարզադաշտում «Քրուկ Թաունը» հաղթել է «Հանսլոուին»։ Միաժամանակ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Թեյլորին ներառել է ՖԻՖԱ-ի մրցավարների ցուցակում[4]։

1964 թվականին Թեյլորը Ռիո դե Ժանեյրոյում Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների հանդիպման մրցավարն էր, իսկ մեկ տարի անց նա վարում էր Բրազիլիայի և ԽՍՀՄ հավաքականների միջև հանդիպումները, որոնք պատրաստվում էին Աշխարհի գավաթի առաջիկա խաղարկությանը[4]։ Ինքը՝ Թեյլորը, աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է 1970 թվականին Մեքսիկայում կայացած մրցաշարում։ Նա խմբային փուլի Իտալիա - Շվեդիա հանդիպման մրցավարն էր[3]։ Նա եղել է նաև աշխարհի այդ առաջնության երեք այլ հանդիպումների եզրային մրցավարը։ Չորս տարի անց Թեյլորն ընդգրկվել է Արևմտյան Գերմանիայում կայացած 1974 թվականի աշխարհի առաջնության մրցավարների ցուցակում, որտեղ նա երկու հանդիպումներում եզրային մրցավար էր, իսկ եզրափակիչ խաղից առաջ ևս երկու խաղում՝ գլխավոր մրցավար[4]։

1974 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորը եզրափակիչ հանդիպման ժամանակ շփվում է Յոհան Կրոյֆի հետ

Թեյլորը նշանակվեց 1974 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման մրցավար։ Խաղում էին Գերմանիայի և Նիդերլանդների հավաքականները։ Խաղը կայացավ Մյունխենի Օլիմպիական մարզադաշտում 1974 թվականի հուլիսի 7-ին[5]։

Հանդիպման մեկնարկը հետաձգվել էր խաղադաշտում անկյունային դրոշակների բացակայության պատճառով, ինչի մասին Թեյլորը հայտնեց մարզադաշտի տեխնիկական անձնակազմին։ Դրոշակները հանել էին մինչև եզրափակիչը տեղի ունեցած հանդիսավոր արարողության համար, բայց հետո մոռացել են վերադարձնել։ Հանդիպումը սկսվելուն պես Թեյլորը պատմություն կերտեց՝ նշանակելով աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերում առաջին 11-մետրանոց հարվածը։ Խաղի երկրորդ րոպեին Արևմտյան Գերմանիայի հավաքականի խաղացող Ուլի Հյոնեսը խախտեց կանոնները հոլանդացի Յոհան Կրոյֆի նկատմամբ։ 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Յոհան Նեսկենսը[5]։

Հանդիպման 26-րդ րոպեին Թեյլորը երկրորդ 11-մետրանոցը նշանակեց՝ այս անգամ Գերմանիայի հավաքականի օգտին Բերնդ Հյոլցենբայնի նկատմամբ Վիմ Յանսենի խախտման համար[5]։ Երբ թիմերը լքում էին խաղադաշտը առաջին խաղակեսի ավարտից հետո, Յոհան Կրոյֆը դեղին քարտ ստացավ Թեյլորի հետ վիճելու համար[6]։ Ընդհանուր առմամբ, նա այդ խաղում չորս դեղին քարտ է ցույց տվել (երեքը՝ նիդերլանդցիներին, մեկը՝ գերմանացիներին)[7]։

Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ Թեյլորը հիշում էր. «Ես մսագործի գոգնոցս բառացիորեն փոխարինեցի մրցավարի սուլիչով, որպեսզի աշխատեի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում»։ Այնուամենայնիվ, 1974 թվականի եզրափակիչ խաղից հետո Թեյլորը դադարեց մսագործական խանութում աշխատելուց և կենտրոնացավ մրցավարական կարիերայի վրա։ Նա թոշակի անցավ 1977 թվականին[4][8]։

Թեյլորի մրցավարական կարիերան տևել է 33 տարի, նա սպասարկել է ավելի քան հազար հանդիպում, ներառյալ՝ հավաքականների հարյուրից ավելի հանդիպումներ վաթսուն երկրներում։ Նա եղել է Անգլիայի գավաթի 1966 թվականի եզրափակիչ խաղի մրցավարը, որում «Էվերթոնը» հաղթել է «Շեֆիլդ Ուենսդեյին»։ Նա նաև եղել է 1971 թվականի Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ խաղի մրցավարը, որում «Այաքսը» հաղթել է «Պանաթինաիկոսին»[9]։

Անգլիայում մսագործական խանութը փակելուց հետո՝ Թեյլորը երկու մրցաշրջան անցկացրել է Բրազիլիայում՝ վարելով ֆուտբոլային հանդիպումներ։ Այնուհետև նա վերադարձել է Անգլիա և 1979 թվականին դարձել «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբի կոմերցիոն տնօրենը։ 1982 թվականի օգոստոսին նա հեռացվել է, երբ ակումբը գնել է նոր կոնսորցիում։ Հետագայում նա աշխատել է որպես ֆուտբոլի մրցավարների մարզիչ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Սաուդյան Արաբիայում, Ռուսաստանում, Չինաստանում և Բրազիլիայում[10]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Թեյլորը ստացել է Բրիտանական կայսրության շքանշան (OBE)[4]։ 1999 թվականի փետրվարի 1-ին նա ընդգրկվել է ՖԻՖԱ-ի փառքի սրահում[9]։ 2007 թվականին Անգլիայի ֆուտբոլային լիգան նրան հատուկ մրցանակ է շնորհել՝ «բոլոր ժամանակների անգլիացի հնարավոր է լավագույն մրցավարը» նկարագրությամբ[4]։ 2013 թվականի սեպտեմբերին Ջեք Թեյլորը դարձել է առաջին մրցավարը, որն ընդգրկվել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահում[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վուլվերհեմպտոնում, մսագործի ընտանիքում[4]։ Նա մեծացել է մսագործական խանութում, որը գտնվում էր «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ֆուտբոլային ակումբի «Մոլինյու» մարզադաշտի մոտ։ Երկար ժամանակ նա համատեղել է ընտանեկան բիզնեսը (աշխատանքը մսագործական խանութում) հանգստյան օրերին մրցավարական աշխատանքի հետ[12]։

Երկու անգամ ամուսնացած է եղել։ 1956 թվականի նոյեմբերին նա ամուսնացել է մսագործի դստեր՝ Հեյզել Մերի Ուայթհաուսի (ծնված 1932 թվականին) հետ։ Նրանք ունեցել են երկու որդի և երկու դուստր։ Այնուհետև զույգն ամուսնալուծվել է։ 1982 թվականին Թեյլորն ամուսնացել է Սյուզան Միլիսենտ Սպանի հետ (ծնված 1933 թվականին)[4]։

Թեյլորը 25 տարի ծառայել է որպես հաշտարար դատավոր Վուլվերհեմպտոնում։ Նա նաև ունեցել է գրեյհաունդներ և եղել է շների վազքի ազգային ասոցիացիայի ստյուարդը, ինչպես նաև Վուլվերհեմպտոնի ձիարշավարանի ստյուարդը[4]։

Մահացել է թոքաբորբից Շրոփշիրի իր տանը 2012 թվականի հուլիսի 27-ին 82 տարեկանում[1][12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Jack Taylor: Referee best known for awarding the first penalty in a World Cup final» (անգլերեն). The Independent. 2021 թ․ հուլիսի 29.
  2. «Jack Taylor OBE, referee of 1974 World Cup final, dead aged 82» (անգլերեն). Daily Telegraph. 2012 թ․ հուլիսի 27.
  3. 3,0 3,1 Tom Dunmore {{{заглавие}}}. — Scarecrow Press, 2015. — P. 326. — ISBN 978-0-8108-8743-5
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 «Taylor, John Keith (Jack) (1930–2012), football referee». Oxford Dictionary of National Biography (online ed.) (անգլերեն). Oxford University Press. 2016.
  5. 5,0 5,1 5,2 «The greatest World Cup tragedies: Holland 1974» (անգլերեն). The Score. 2014 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին.
  6. «West Germans on top of the World» (անգլերեն). Glasgow Herald (Page 4). 1974 թ․ հուլիսի 8.
  7. «Netherlands 1-2 Germany. 1974 FIFA World Cup Germany» (անգլերեն). FIFA.
  8. «From the Oxford Dictionary of National Biography — John Keith (Jack) Taylor». ratetheref.createaforum.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. 9,0 9,1 «World Cup final referee Taylor dies aged 82» (անգլերեն). Fourfourtwo. 2012 թ․ հուլիսի 27.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Jack Taylor obituary» (անգլերեն). The Guardian. 2012 թ․ հուլիսի 29.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Hall of Fame Inductees Announced» (անգլերեն). National Football Museum. 2013 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին.
  12. 12,0 12,1 «Jack Taylor: The World Cup Final referee from Wolverhampton who knew no fear» (անգլերեն). Express & Star. 2016 թ․ հունվարի 11.
  13. Evans, Harriet. (2021 թ․ մայիսի 26). «Jack Taylor's World Cup watch going under the hammer» (անգլերեն). Express & Star.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Թեյլոր» հոդվածին։