Ջարդված պատուհանների տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լքված կինոթատրոնի ջարդված պատուհաններ: Սանկտ Պետերբուրգ, 2011 թվական

Ջարդված պատուհանների տեսություն (ՋՊՏ), քրեաբանական տեսություն, որը մանր հանցագործությունները դիտում է ոչ միայն որպես քրեական իրավիճակի ցուցիչ, այլև որպես ընդհանուր հանցավորության վրա ազդող ակտիվ գործոն: Ձևակերպվել է 1982 թվականին ամերիկացի սոցիոլոգներ Ջեյմս Ուիլսոնի և Ջորջ Քելլինգի կողմից[1]: Անվանումն առաջացել է հեղինակի կողմից մեջբերված տեսության գործողության տիպական օրինակից. «Եթե շենքում կոտրված է մեկ ապակի, և ոչ ոք այն չի փոխում, ապա որոշ ժամանակ անց այդ շինությունում ամբողջական ոչ մի ապակի չի լինի»: Տեսությունը բազմիցս քննադատվել է[2]:

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսությունը պնդում է, որ հասարակության ներողամիտ լինելը մանր հանցագործությունների նկատմամբ, ինչպիսիք են աղբը չթույլատրված վայրերում թափելը, վանդալությունը, հանրային հարբեցողությունը, պտուտադռնակով մետրո ցատկելը և այլն, ուղղակիորեն մարդկանց հրահրում են նման կամ ավելի լուրջ հանցագործություններ կատարելու: Կենցաղային մակարդակում նման պրովոկացիաների հոգեբանական մեխանիզմը ներկայացվում է հետևյալ արտահայտությամբ. «Եթե մյուսներին կարելի է, ապա ինչո՞ւ ինձ չի կարելի»: Մարդը տեսնում է, որ հասարակության մյուս անդամների կողմից վարքի կանոնների խախտումներին վերջ չի տրվում, և, որպես արդյունք, դադարում է հաշվի առնել իր համար պարտադիր կանոնները (ընդ որում ոչ միայն նրանք, որոնց խախտումը նա նկատել է, այլ նաև ցանկացած մյուսները): Այդպիսով, հասարակության մեջ «թույլատրելի խախտման» պայմանական միջին նշաձողն աստիճանաբար ընկնում է, և վաղ թե ուշ դա հանգեցնում է արդեն լուրջ հանցագործությունների թվի աճին:

Եվ ընդհակառակը, աննշան խախտումները կանխարգելելու և նույնիսկ առավել աննշան կանոնները խախտողներին պատժելու համար ակտիվ աշխատանքը (այսպես կոչված «զրոյական հանդուրժողականությունը») ընդհանուր առմամբ խախտումների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում, իսկ աննշան հանցագործությունները կանխարգելելու գործունեությունը թույլ է տալիս «համընթացորեն» կասեցնել կամ զգալիորեն սահմանափակել կրկնահանցագործների հնարավորությունները, որոնք սովորաբար անտեսում են հասարակական վայրերում անհրաժեշտ վարքի կանոնները[3]:

Որպես պատկերավոր ապացույց՝ տեսության հեղինակները ներկայացրել են ջարդված պատուհանների օրինակը. եթե տանը չեն փոխում կոտրված մեկ ապակին, ապա շուտով այդ տանը ոչ մի ամբողջական ապակի չի մնա, իսկ այնուհետև կսկսվի դիակապտություն և տարածքի ընդհանուր հանցավոր վիճակի կտրուկ վատթարացում: Այս օրինակը դարձել է տեսության ոչ պաշտոնական անվանումը[Ն. 1]:

Գործնական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսությունը գործնականում լայն կիրառություն է գտել սկզբում Նյու Յորքում, իսկ այնուհետև՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հարավային Աֆրիկայի, Ինդոնեզիայի և այլ երկրների շատ այլ քաղաքներում: Ռուդոլֆ Ջուլիանին, որը 1994 թվականին ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ, և Նյու Յորքի ոստիկանության նոր կոմիսար պայքար են հայտարարել այնպիսի մանր խախտումների դեմ, ինչպիսիք են գրաֆիտին և մետրոյով անտոմս երթևեկելը, մուրացկանությունը, ռետինե մահակներով կռիվները և նմանատիպ այլ իրավախախտումները: Այն, ինչին նախկինում մեծ ուշադրություն չէին հատկացրել, դարձել էր անընդունելի: Չնայած քննադատությանն ու ծաղրին՝ Ջուլիանին հետևողականորեն պայքարել է «ջարդված պատուհանների» դեմ, ինչը հանգեցրել է քաղաքում հանցագործությունների թվի նվազմանը: Բնակիչներն ստացել են ավելի մաքուր և անվտանգ քաղաք, ինչպես նաև վստահություն ոստիկանության՝ ոչ միայն մանր իրավախախտումների, այլև ծանր հանցագործությունների դեմ պայքարելու կարողությունների նկատմամբ[4]: 1990-ական թվականների վերջին Նյու Յորքում անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է 56 %-ով[5]:

Այլ ուսումնասիրությունները, սակայն, չեն կարողացել գտնել ուղիղ պատճառահետևանքային կապ նման քաղաքականություն վարելու և այդ քաղաքում հանցավորության անկման միջև[6][7]: Հանցագործությունների նվազում տեղի է ունեցել ոչ միայն Նյու Յորքում, այլև ամբողջ Միացյալ Նահանգներում և նույնիսկ այն քաղաքներում, որտեղ նման քաղաքականություն չի կիրառվել: Ի թիվս այլ հնարավոր պատճառների, բացի մանր հանցագործությունների դեմ պայքարից, նշվել են հետևյալները. 1992-1999 թվականներին Նյու Յորքում գործազրկության մակարդակի անկում 39 %-ով և ավելի ծանր հանցագործություններ կատարած անձանց (ֆելոնիա) ավելի ինտենսիվ ձերբակալություն 1980-ական թվականների համեմատ[5]: Նյու Յորքում կոտրված պատուհանների տեսության կիրառման հնարավոր բացասական հետևանքներից էին հետևյալները՝ քրեական արդարադատության համակարգի չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը, մանր հանցագործությունների համար բարձր տուգանքներով աղքատ քաղաքացիներին ծանրաբեռնելը և հարաբերությունների վատթարացումը ոստիկանության ու ազգային փոքրամասնությունների միջև, որոնք, ըստ քննադատների, ենթարկվել էին ոստիկանության չափազանց ագրեսիվ վերահսկողության[6]:

Փորձարարական ստուգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոնինգենի համալսարանի (Նիդեռլանդներ) սոցիոլոգներն անցկացրել են վեց փորձ, որպեսզի ստուգեն կոտրված պատուհանների տեսության ճշմարտացիությունը[8]:

Առաջին փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փորձն անցկացվել է բազմաթիվ խանութներ ունեցող փողոցում՝ տան պատի մոտ, որտեղ գնումների եկած գրոնինգենցիները կայանում էին իրենց հեծանիվները: Այդ պատի մոտ կար վառ, աչքի ընկնող մի նշան, որն արգելում էր նկարել պատերին: Սկզբում պատը մաքուր էր: Փորձարարները յուրաքանչյուր հեծանիվի (ընդհանուր 77-ն էին) ղեկից կախել էին «Բոլորին մաղթում ենք երջանիկ արձակուրդներ» բառերով և մարզական իրերի գոյություն չունեցող խանութի պատկերանշանով թղթեր: Թաքնվելով աննկատելի վայրում՝ հետազոտողներն սկսել են դիտարկել հեծանվորդների գործողությունները: Փողոցում աղբարկղեր չկային, այդ պատճառով էլ մարդիկ կարող էին կա՛մ թուղթը գցել գետնին, կա՛մ կախել մյուս հեծանիվներից, կա՛մ վերցնել իրենց հետ, որպեսզի հետո թափեն: Առաջին երկու տարբերակները համարվել են որպես ընդունված նորմերի խախտում, երրորդը՝ որպես դրանց համապատասխանություն:

77 հեծանվորդներից միայն 25-ն են (32 %) վարվել անբարեկիրթ: Այնուհետև փորձը կրկնել են նույն եղանակին և օրվա նույն ժամին՝ նախօրոք պատին նկարելով անբովանդակ պատկերներ: Այս անգամ 77 հոգուց թուղթը թափել է 53-ը (69 %): Բացահայտված տարբերությունն ունի վիճակագրական նշանակության բարձր աստիճան: Այսպիսով՝ պատերին նկարելու արգելքի խախտումը դարձել է լուրջ խթան՝ մարդկանց հրահրելով խախտելու մեկ այլ՝ փողոցները չկեղտոտելու համընդհանուր կանոնը:

Երկրորդ փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ փորձը պետք է պարզեր՝ կոտրված պատուհանների տեսությունը վավեր է միայն ընդունված նորմերի համար, թե դրա ազդեցությունը տարածվում է որոշակի իրավիճակի կամ վայրի համար սահմանված տեղական կանոնների վրա: Հետազոտողներն ավտոկայանատեղիի գլխավոր մուտքը փակել են ցանկապատով, որում, սակայն, մնացել է լայն ճեղք: Նրա կողքին կանգնեցրել են մի նշան, որում ասվում էր. «Մուտքն արգելվում է, շրջանցումը 200 մետր աջից», ինչպես նաև «Արգելվում է հեծանիվները ցանկապատին ամրացնել» հայտարարություն: Փորձը կրկին իրականացվել է երկու տարբերակով՝ «կարգը պահպանվում է» և «կարգը խախտվում է»: Առաջին դեպքում չորս հեծանիվները կանգնեցվել են ցանկապատից մեկ մետր հեռավորության վրա և դրան ամրացված չեն եղել: Երկրորդ դեպքում նույն հեծանիվներն ամրացված են եղել ցանկապատին: Աննկատելի վայրից փորձարարները դիտել են, թե ինչպես կվարվեն քաղաքացիները, որոնք եկել էին իրենց մեքենաները վերցնելու. կշրջանցեն ցանկապատը կամ կխցկվեն բացված մասով: Արդյունքն ստացվել է դրական. «կարգը պահպանվում է» իրադրությունում բացվածքով ներս են սողոսկել ավտոսեփականատերերի միայն 27 %-ը, իսկ «կարգը խախտվում է» դեպքում՝ 82 %-ը:

Երրորդ փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ փորձն անցկացվել է սուպերմարկետի մոտակայքում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում, որտեղ կար մեծ և լավ նկատելի հայտարարություն՝ «Խնդրում ենք վերադարձնել խանութից վերցված սայլակները»: «Կարգը պահպանվում է» իրադրությունում ավտոկայանատեղիում սայլակներ չեն եղել, իսկ «կարգը խախտվում է» դեպքում այնտեղ եղել է չորս սայլակ: Դրանց բռնակներին հետազոտողներն զգուշորեն մազութ են քսոել, որպեսզի այցելուները դրանք օգտագործելու ցանկություն չունենան: Մեքենաներին ամրացրել են այնպիսի թղթեր, ինչպիսին առաջին փորձում էր: Ստացվել է նմանատիպ արդյունք. առաջին դեպքում թղթերը գետնին են գցել վարորդների 30 %-ը, երկրորդ դեպքում՝ 58 %-ը:

Չորրորդ փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ փորձը հիշեցրել է առաջինը, միայն այն տարբերությամբ, որ «այլ մարդկանց կողմից նորմերի խախտման» նշանները այժմ ոչ թե տեսողական են եղել, այլ ձայնային: Նիդեռլանդներում ճայթռուկների և հրավառության օգտագործումն օրենքով թույլատրվում է միայն նախաամանորյա շաբաթում: Պարզվել է, որ հեծանվորդները թղթի կտորներն ավելի հաճախ են գցում գետնին, երբ լսում են ճայթռուկների պայթյունի ձայնը:

Հինգերորդ և վեցերորդ փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ և վեցերորդ փորձերում մարդկանց հրահրել են մանր գողության: Փոստարկղից դուրս էր ցցվել ծրար, որի թափանցիկ պատուհանիկից պարզ երևում էր 5 եվրոանոց թղթադրամ: Փորձարարները հետևել են անցնող մարդկանց՝ հաշվելով գողությունների քանակը: «Կարգը պահպանվում է» իրադրությունում փոստարկղը մաքուր էր, և մոտակայքում աղբ չկար: «Կարգը խախտվում է» իրադրությունում կամ արկղի վրա արված էր անիմաստ գրաֆիտիներով (5-րդ փորձ), կամ էլ շրջակայքում աղբ էր ցաքուցրիվ արված (6-րդ փորձ):

«Կարգը պահպանվում է» իրադրությունում անցորդների միայն 13 %-ն է (71 հոգուց) յուրացրել ծրարը: Սակայն ներկված արկղից ծրարը գողացել է անցորդների 27 %-ը (60 անցորդից), իսկ թափոտած աղբը գողության է հրահրել մարդկանց 25 %-ին (72-ից):

Միջազգային քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի հայտնի քաղաքական մեկնաբան Բրեդ Սթիվենսը գտնում էր, որ միջազգային քաղաքականության մեջ ջարդված պատուհանների տեսության օգտագործումը կօգնի երկարաժամկետ հեռանկարում Երկրի վրա պահպանել խաղաղություն: Մոլորակի վրա խաղաղություն պահպանելու համար, ըստ Սթիվենսի, աշխարհի առաջատար տերությունները, առաջին հերթին ԱՄՆ-ը, պետք է վճռականորեն և անմիջապես ճնշեն բոլորի կողմից ընդունված համաշխարհային իրավակարգի խախտումները: Նմանատիպ հաջող գործողությունների թվում Սթիվենսը նշել է 1999 թվականին ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Սերբիայի ռմբակոծումը՝ Կոսովոյում էթնիկ զտումները դադարեցնելու համար: Որպես առանց պատիժ մնացած խախտման օրինակ՝ Սթիվենսը նշել է Բաշշար ալ-Ասադի կառավարության կողմից զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը սեփական բնակչության դեմ և Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին[9]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պաշտոնական փաստաթղթերում ընդունված է «Զրոյական հանդուրժողականություն» (անգլ.՝ Zero tolerance) անվանումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. James Q. Wilson, George L. Kelling (1982-03)։ «Broken windows» (անգլերեն)։ The Atlantic Monthly։ Վերցված է 2015-03-06 
  2. «Is Broken Windows Policing Broken?», Legal Affairs, http://www.legalaffairs.org/webexclusive/debateclub_brokenwindows1005.msp 
  3. «What “broken windows” policing is» (անգլերեն)։ The Economist։ 2015-01-27։ Վերցված է 2015-03-06 
  4. Майкл Ливайн, 2015, էջ 12
  5. 5,0 5,1 «Criticism for Giuliani's broken windows theory», Business insider, Aug 2013, http://www.businessinsider.com/criticism-for-giulianis-broken-windows-theory-2013-8 .
  6. 6,0 6,1 Sarah Childress (28 июня 2016)։ «The Problem with “Broken Windows” Policing»։ Frontline (անգլերեն)։ Public Broadcasting Service։ Վերցված է 2017-09-07 
  7. Ludwig, Jens (2006) (PDF), Broken windows, U Chicago, http://home.uchicago.edu/~ludwigj/papers/Broken_windows_2006.pdf .
  8. Kees Keizer, Siegwart Lindenberg, Linda Steg The Spreading of Disorder(անգլ.) // Science. — 2008. — Vol. 322. — № 5908. — P. 1681—1685. — doi:10.1126/science.1161405
  9. Stephens B. Rules of Disorder // America in Retreat: The New Isolationism and the Coming Global Disorder. — Penguin, 2014. — 288 p. — ISBN 978-1-101-63142-3.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Braga Anthony A., Welsh Brandon C., Schnell Cory (June 4, 2015)։ «Can Policing Disorder Reduce Crime? A Systematic Review and Meta-analysis»։ Journal of Research in Crime and Delinquency 52 (4): 567–588։ doi:10.1177/0022427815576576 
  • Garland, D (2001), The Culture of Control: Crime and Order in Contemporary Society, Chicago, IL: The University of Chicago Press .
  • Herbert, Steve; Brown, Elizabeth (September 2006), «Conceptions of Space and Crime in the Punitive Neoliberal City», Antipode 38 (4): 755–77, doi:10.1111/j.1467-8330.2006.00475.x .
  • Hinkle, Joshua C.; Weisburd, David (November 2008), «The irony of broken windows policing: A micro-place study of the relationship between disorder, focused police crackdowns and fear of crime», Journal of Criminal Justice 36 (6): 503–512, doi:10.1016/j.jcrimjus.2008.09.010 .
  • Jacobs, J (1961), The Death and Life of Great American Cities, New York: Vintage Books .
  • Ranasinghe, P (2012), «Jane Jacobs' framing of public disorder and its relation to the 'broken windows' theory», Theoretical Criminology 16 (1): 63–84, doi:10.1177/1362480611406947 .
  • Sampson, RJ; Raudenbush, SW (2004), «Seeing Disorder: Neighborhood Stigma and the Social Construction of "Broken Windows"», Social Psychology Quarterly 67 (4): 319–42, doi:10.1177/019027250406700401 .
  • Stewart, Gary (May 1998), «Black Codes and Broken Windows: The Legacy of Racial Hegemony in Anti-Gang Civil Injunctions», The Yale Law Journal 107 (7): 2249–79, doi:10.2307/797421 .
  • Wilcox, P; Quisenberry, N; Cabrera, DT; Jones, S (2004), «Busy places & broken windows?: Toward Defining the Role of Physical Structure and Process in Community Crime Models», Sociological Quarterly 45 (2): 185–207, doi:10.1111/j.1533-8525.2004.tb00009.x .
  • Wilson, James Q; Kelling, George L (Mar 1982), «Broken Windows: The police and neighborhood safety», The Atlantic, https://www.theatlantic.com/magazine/archive/1982/03/broken-windows/4465/, վերցված է 2007-09-03  ( Broken windows, Manhattan institute, http://www.manhattan-institute.org/pdf/_atlantic_monthly-broken_windows.pdf ).
  • Bratton, William J (1998), Turnaround: How America's Top Cop Reversed the Crime Epidemic, Random House .
  • Eck, John E; Maguire, Edward R (2006), «Have Changes in Policing Reduced Violent Crime?», in Blumstein, Alfred; Wallman, Joel, The Crime Drop in America (rev տպ.), Cambridge University Press .
  • Gladwell, Malcolm (2002), The Tipping Point: How Little Things Can Make a Big Difference, Back Bay, ISBN 978-0-316-34662-7 .
  • Silman, Eli B (1999), NYPD Battles Crime: Innovative Strategies in Policing, Northeastern University Press .
  • Skogan, Wesley G (1990), Disorder and Decline: Crime and the Spiral of Decay in American Neighborhoods, University of California Press .
  • Майкл Ливайн Разбитые окна, разбитый бизнес: Как мельчайшие детали влияют на большие достижения = Broken windows, broken business. — М.: Альпина Паблишер, 2015. — 151 с. — ISBN 978-5-9614-4951-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]