Սոցիալական ուսուցման տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սոցիալական ուսուցման տեսություն, հոգեբանության մեջ հայտնի ուսուցման տեսություն, ըստ որի՝ մարդու վարքը պայմանավորվում է վարքային, կոգնիտիվ (ճանաչողական) և միջավայրային գործոնների մշտական փոխազդեցության արդյունքում։

Տեսությունը, 1969 թվականին, առաջ է քաշել Ալբերտ Բանդուրան՝ թույլ տալով հեռանալ դասական բիհեյվորիզմից։

Սոցիալական ուսուցման տեսության նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական ուսուցման տեսությունն առաջարկել է հոգեբանական գիտությունների թեկնածու Ա․ Բանդուրան՝ 1969 թվականին։ Նա քննադատել է հոգեբանությունում տարբեր տեսությունների մոտեցումներ, այն բանի համար, որ նրանք մարդու վարքը հայտարարել էին անձի ներսում կամ արտաքին միջավայրի կողմից տարբեր առանձին գործոնների ազդեցություն, բայց հաշվի չէին առել դրանց փոխներգործությունը։ Ըստ այս տեսության՝ մարդու վարքը պայմանավորվում է վարքային, կոգնիտիվ և միջավայրային գործոնների փոխազդեցությամբ։ Դա նշանակում է, որ ոչ միայն միջավայրը և անձնային գործոններն են ազդում մարդու վարքի վրա, այլ հենց մարդը կարևոր դեր է խաղում շրջակա միջավայրի պայմանների ստեղծման գործում[1]։

Մարդու վարքի ակունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան օրվանից մարդն օժտված է սահմանափակ թվով ռեֆլեքսներով, որոնց հիման վրա նրա մոտ՝ կյանքի ընթացքում, աստիճանաբար ձևավորվում են վարքի նոր ձևեր[2]։ Առաջատար գործընթացը, որի շնորհիվ ընդլայնվում են մարդու վարքային դրսևորումները, դա ուսուցումն է։ Ըստ սոցիալական ուսուցման տեսության՝ մարդը կարող է սովորել ոչ միայն սեփական փորձի, այլև ալյ մարդկանց վարքի դիտման միջոցով, ինչն այս տեսության սկզբունքային տարբերությունն է ծայրահեղական բիհեյվորիզմից։ Սեփական փորձի հիման վրա ուսուցումը տեղի է ունենում դրական կամ բացասական ամրացումների հաշվին, որոնք գործում է մարդը։ Տեղի է ունենում վարքի արդյունավետ ձևերի ընտրություն[2]։ Դիտարկման միջոցով ուսուցանումը մարդու մոտ ձևավորում է պատկերացում այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել նոր վարքը, այն ընդունում է վարքի մոդելի խորհրդանշական տեսք[2]։ Հետագայում այդպիսի տեղակատվությունը ծառայում է որպես գործողությունների ուղեցույց։ Բանդուրան հիմնական շեշտը դնում է դիտարկման միջոցով ուսուցման վրա, որի միջոցով ձեռք է բերվում վարքային հմտություններ։

Սոցիալական ուսուցման չորս գործընթացային կոմպոնենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտման միջոցով ուսուցումը կարգավորվում է չորս փոխկապակցված գործընթացներով․ ուշադրություն, հիշողություն, շարժողական-վերահիշվող գործընթացներ և մոտիվացիա[2]։ Ուշադրության գործընթացները սահմանում են, որ ընտրողաբար դիտվում ու որոշակիորեն առանձնացվում է տարբեր մոդելային ազդեցություններ[2]։ Հիշողության գործընթացները պատասխանատու են երկարաժամկետ հիշողությունում դիտարկվող վարքի մտապահման համար[2]։ Շարժողական-վերահիշվող գործընթացներն ապահովում են սիմվոլիկ պատկերացումների վերափոխում՝ համապատասխան գործողության։ Մոդելավորող վարքի սկզբնական փուլում ռեակցիաները ընտրվում և կազմակերպվում են կոգնիտիվ մակարդակում։ Այնուհետև գործողությունն իրականացվում է իրական կյանքում։ Կոգնիտիվ մակարդակի գաղափարները հազվադեպ են անմիջապես դառնում գործողություն։ Անհրաժեշտ են շտկողական ջանքեր, որպեսզի գործողությունները կատարվեն ճիշտ[2]։ Ավելի հավանական է, որ մարդը հիշի այն վարքը, որն ունեցել է դրական արդյունք։ Մենք փորձում ենք գործել այնպես, որպեսզի ունենանք ինքնաբավարարվածության զգացում և վանում ենք այն, ինչն անձամբ հավանություն չենք տալիս։ Այդ պատճառով, թե ինչ արդյունքի է հանգեցնում վարքի մոդելը, կազդի մարդու մոտիվացիայի վրա[2]։

Անուղղակի ամրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն անգամ, երբ հետազոտողը տեսնում է գործողության մոդելը և հետևող արդյունքը, տեղի է ունենում անուղղակի ամրացում։ Հնարավոր է, որ հետազոտողը ոչ միայն տեսել, այլ գիտակցել է մոդելի գործողությունների նախորդող արդյունքը։ Անուղղակի դրական ամրացումը մարդու մոտ կառաջացնի ցանկություն՝ կրկնել մոդելի կողմից վաղ դիտարկվող վարքը, իսկ անուղղակի պատիժը՝ հակառակը, կնվազեցնի նման վարք դրսևորելու միտումը[2]։ Բանդուրան նշում է, որ գործողության դիտորդները ավելի շուտ կսովորեն, քան այն իրականացնողները։ Դիտորդները կարող են ամբողջությամբ ուշադրություն դարձնել ճիշտ որոշման փնտրտուքի վրա, միևնույն ժամանակ, երբ իրականացնողները արդյունք են փնտրում գործողությունների և արդյունքի միջև[2]։

Ինքնաամրապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա․ Բանդուրան առաջ է քաշում ամրապնդման հատուկ տեսակ՝ ինքնաամրապնդում։ Սոցիալական համագործակցությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ ամուր կերպով հավատարիմ են մնում գաղափարական տեսակետներին, հետևաբար կարելի է հանգել այն եզրահանգման, որ գոյություն ունի անհատական վարքի ղեկավարման աղբյուր։ Մարդիկ իրենց համար մշակում են վարքի չափորոշիչներ և դրանց պատասխանում ինքնախրախուսման կամ ինքնապատժման ձևով։ Այդ չափորոշիչները սահմանվում են կամ սովորեցման, կամ մոդելավորման արդյունքում։ Հաճախ մարդիկ սովորում են գնահատել իրենց վարքը հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են այլք հակազդում իր վրա[3]։ Նրանից հետո, երբ ձևավորվում է ինքնաամրապնդման համակարգ, յուրաքանչյուր գործողություն կարող է ունենալ 2 հետևանք․ արտաքին արդյունք և ինքնագնահատման ռեակցիաներ։ Երկու տեսակի գնահատականների միջև հաշվեկշիռը կարող է տարբեր լինել, և որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել կոնֆլիկտի, եթե ինքնագնահատման ռեակցիաները զգալի կերպով տարբերվեն գործողության արտաքին արդյունքից։ Այդ դեպքում մարդը կամ կարող է ուժեղացնել գործողությունների ինքանգանահատող ամրացումը, կամ վերանայել իր գնահատման ներքին չափորոշիչները[3]։

Գիտափորձ «Բոբո» տիկնիկով[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Ալբերտ Բանդուրան, իր կոլեգաների հետ անց կացրեց «Բոբո» տիկնիկով գիտափորձը, որի նպատակն էր բացահայտել վաքի ագրեսիվ մոդելների ազդեցոիթյունը, որոնք երեխաները դիտարկում էին մեծահասակների մոտ, գործողությունների ազատության պայմաններում նրանց հետագա վարքը։ Հետազոտությաը մասնակցել են Սթենֆորդի համալսարանի 37-69 ամսական (միջին տարիքը 52 ամսական) 36 տղա և 36 աղջիկ երեխա։ Երկու մեծահասակ՝ տղամարդ և կին, կատարել են վարքային մոդելի դեր, և մի կին ղեկավարել է գիտափորձի ընթացքը[4][5]։ Հետազոտվողները բաժանվել են 8 փորձարարական խմբի՝ յուրաքանչյուրում 6 մարդ և վերահսկիչ խումբ, որում եղել է 24 մարդ։ Երեխաների՝ ագրեսիայի նկատմամբ անհատական հակումը հսկվել է։ Հետազոտվողների մի մասին ցույց է տրվել ագրեսիվ մոդել, իսկ մյուս մասին՝ ճնշված և ոչ ագրեսիվ։ Այնուհետև առանձնացվել են աղջիկների և տղաների խմբեր։ Մի կեսը դիտարկել է ագրեսիվ և ոչ ագրեսիվ վարքի մոդելներ՝ իր սեռի նեկայացուցչի կողմից, իսկ մյուս կեսը՝ հակառակ սեռի։ Ղեկավարող խումբը թեստավորվել է միայն հաջորդող ընդհանուր իրավիճակում․ ոչ մի վարքի մոդել չի ներկայացվել[4][5]։ Գիտափորձը բաժանվել է երկու մասի։ Առաջին մասում երեխաներին ներկայացվել է վարքի մոդելներ, իսկ երկրորդում՝ խաղային սենյակում դիտարկել են նրանց վարքը, որտեղ նրանց տրվել է գործողությունների ազատություն։

Գիտափորձի առաջին մասում հետազոտվողներին ուղղորդել են հատուկ սենյակ և առաջարկել զբաղվել ստեղծագործական գործունեությամբ։ Այդ ժամանակ սենյակում գտնվել է նաև մեծահասակ, ով գիտափորձի ընթացքում հետազոտվողների համար եղել է վարքային մոդել։ Երեխաներին չի տրվել հրահանգ՝ հետևել մեծահասակի վարքին։ Փորձարարական խմբերում, որտեղ դրսևորվել է ագրեսիվ մոդելը, մեծահասակը սկզբում 1 րոպե խաղացել է «Բոբո» տիկնիկով, այնուհետև դրսևորել է ագրեսիվ գործողություններն (մուրճով հարվածել է խաղալիքին, նետել այն, օգտագործել վերբալ ագրեսիայի ձևեր և այլն)։ Այն փորձարարական խմբերում, որտեղ ցուցադրվում էր ճնշված և ոչ ագրեսիվ վարքի մոդել, մեծահասակն ամբողջ ընթացքում ուղղակի խաղացել է տիկնիկի հետ, առանց ագրեսիայի։ 10 րոպե անց հետազոտվողներին ուղեկցել են այլ սենյակ, որտեղ վարքային մոդելներ չեն եղել։ Այտեղ եղել են խաղալիքներ՝ միտված առաջացնելու ագրեսիվ և ոչ ագրեսիվ վարքի ձևեր։ Ոչ ագրեսիվին են դասվել թեյի հավաքածուն, կավիճներ, ներկեր, խաղալիք մեքենաներ, պլաստիկ կենդանիներ։ Ագրեսիվ խաղալիների մեջ ներառված է եղել՝ Բոբո տիկնիկը, թխկթխկանը, 2 աղեղ, առաստաղից կախված գնդակ, որի վրա նկարված էր դեմք։ Հետազոտվողը սենյակում է մնացել 20 րոպե, որի ընթացքում նրան հետևել են 2 դիտարկողներ, որոնցից մեկին հայտնի էր գիտափորձի պայմանները, մյուսին՝ ոչ։ Երեխաների վարքը ֆիքսող կատեգորիաները հետազոտողներին տրվել է նախապես և ներառվել է հատուկ ընդգծված վարքի կարգեր։ Գնահատվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ վերբալ ագրեսիայի դրսևորումները[4][5]։

Վարքի համեմատությունը ցույց տվեց, որ այն հետազոտվողները, ում մոտ դրսևորվել է ագրեսիվ մոդելը, ցույց են տվել մեծամասամբ ագրեսիվ ռեակցիաներ, քան նրանք՝ ում ցուցադրվել է ոչ ագրեսիվ կամ ճնշված վարքի մոդելներ։ Դրա հետ մեկտեղ, երեխաները հաճախ կրկնօրինակել են իրենց սեռի վարքային մոդելը[4][5]։

Այսպիսով, այս գիտափորձը ապացուցեց Բանդուրայի սոցիալական ուսուցման տեսական ենթադրությունները։

Սոցիալական ուսուցման տեսության քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական ուսուցման տեսության քննադատները նշում էին, որ այն վերաբերում է սոցիալ-կոգնիտիվ ուղղությանը, բայց կոգնիտիվ բաղադրիչը այս տեսության մեջ թույլ է վերլուծված։ «Բոբո» տիկնիկով գիտափորձը, որը դարձավ տեսության գործնական ապացույցը, ընդգրկել է 37-69 ամսական հետազոտվողներ, ինչը սահմանում է կոգնիտիվ ոլորտի որոշակի դաշտ, որը հետազոտությունում չի քննարկվել։ Գոյություն ունի 1960-1982 թվականին անց կացված լոնգիտյուդային հետազոտությունների տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ ագրեսիվ սյուժեով և ագրեսիվ վարքով ֆիլմեր դիտելը տարբեր տարիքային խմբերի մոտ (8, 19 և 30 տարեկան) առաջացնում են տարբեր կոռելյացիոն կապեր։ Այդպիսով, Ա․ Բանդուրայի սոցիալական ուսուցման տեսությունը տարբերակումներ չի առաջացնում տարբեր տարիքային խմբերի ուսուցման գործընթացում[6]։

Նաև նշվում էր, որ տեսությունը չի բացատրում մարդկանց անհատական տարբերությունները։ Միևնույն իրավիճակում տարբեր մարդիկ կարող են դիտարկել նման վարքի մոդելներ, սակայն հետագայում գործել տարբեր կերպով, իսկ այս տեսությունը չի բացատրում, թե ինչի հետ է դա կապված։ Սոցիալական ուսուցման տեսությունը չի դիտարկում այպիսի ներքին փոփոխականների փոխկապվածությունը, ինչպիսիք են՝ զգացմունքները, մտքերը, մարդու ցանկությունները[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хьелл Л., Зиглер Д. Теория личности. — Санкт-Петерберг: Питер, 1997.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 А.Бандура Теория социального научения. — Санкт-Петербург: ЕВРАЗИЯ, 2000. — С. 191. — 320 с.
  3. 3,0 3,1 А.Бандура. Теория социального научения. — Санкт-Петербург: ЕВРАЗИЯ, 2000. — С. 191. — 320 с.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Трансляция агрессии через имитацию модели агрессивного поведения.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Albert Bandura, Dorothea Ross, and Sheila A. Ross Transmission of aggressions through imitation of aggressive models // Journal of Abnormal and Social Psychology. — 1961. — Т. 63. — С. 575-582.
  6. Karen E. Hart, William Allan Kritsonis Critical Analysis of an Original Writing on Social Learning Theory: Imitation of Film-Mediated Agressive Models by Albert Bandura, Dorothea Ross, Sheila A. Ross (1963) // National forum of applied educational research journal. — 2006. — № 3.
  7. Walter Mischel Towards a Cognitive Social Learning Theory Reconceptualization of Personality // Psychological Review. — 1973. — Т. 80. — № 4. — С. 252-283.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бандура А. Теория социального научения. СПб. — Евразия, 2000.
  2. Хьелл Л., Зиглер Д. Теории личности. С. — Петербург: Питер, 1997.
  3. История психологии. Марцинковская Т. Д. 4-е изд., стереотип. — М.: Академия, 2004—544 с.
  4. Смирнова Е. О. Детская психология: Учебник для вузов. 3-е изд., перераб. — СПб.: Питер. — 304 с:
  5. Кагермазова Л. Ц. Возрастная психология (Психология развития)
  6. Возрастная психология (психология развития и возрастная психология) (И. В. Шаповаленко) М.: Гардарики, 2005. — 349 с.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]