Ռեցիդիվիստ
Ռեցիդիվիստ, կրկնահանցագործ, նախկինում հանցավոր արարք կատարելու համար դատապարտվելուց հետո նոր հանցագործություն կատարած անձ։ Նկատի ունենալով հասարակական մեծ վտանգավորությունը, ռեցիդիվիստի նկատմամբ օրենքով նախատեսված պատիժն ավելի խիստ է։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկին խորհրդային քրեական օրենսդրությամբ ռեցեդիվիստ ճանաչված անձանց նկատմամբ տարածվում են որոշակի իրավական հետևանքներ, նրանք երաշխավորության չեն տրվում, սահմանափակվում է ժամկետից շուտ պատժից ազատման, այն մեկ այլ ավելի մեղմ պատժով փոխարինելու հնարավորությունը, նախկինում ազատազրկման դատապարտված ռեցեդիվիստ, որպես կանոն, պատիժը կրում է խիստ ռեժիմի գաղութներում։
Դատարանը անձին կարող է ճանաչել առանձնապես վտանգավոր ռեցեդիվիստ, եթե նա՝
- նախկինում առանձնապես վտանգավոր պետ․ որևէ հանցագործության, որևէ այլ առանձնապես վտանգավոր հանցագործության համար դատապարտվելուց հետո կրկին այդ հանցագործություններից մեկի համար դատապարտվում է 5 տարուց ոչ պակաս ժամկետով․
- երկու անգամ որևէ առանձնապես վտանգավոր պետական հանցագործություն կամ օրենքում թվարկված որևէ այլ վտանգավոր հանցագործություն կատարելուց հետո նորից այդ հանցագործություններից որևէ մեկի կատարման համար դատապարտվում է 3 տարուց ավելի ժամկետով․
- երեք և ավելի անգամ ազատազրկման դատապարտվելուց հետո նորից դատապարտվում է ազատազրկման չարամիտ խուլիգանության կամ օրենքում նշված այլ ծանր հանցագործությունների համար․
- վերոհիշյալ հանցագործություններից որևէ մեկի կատարման համար ազատազրկման դատապարտվելուց հետո նոր դիտավորյալ հանցագործության համար դատապարտվում է ազատազրկման 5-ից ոչ պակաս տարի ժամկետով։
Դատարանն անձին առանձնապես վտանգավոր ռեցեդիվիստ ճանաչելու հարցը քննության առնելիս հաշվի է առնում հանցավորի անձնավորությունը, կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա շարժառիթը և այլն։ Անձին առանձնապես վտանգավոր ռեցեդիվիստ ճանաչելու հարցը լուծելիս դատվածությունը հաշվի է առնվում նրա 18 տարին լրանալուց հետո։ Դատվածությունը մարվելուց հետո անձը դադարում է կոչվել առանձնապես վտանգավոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |