Ֆինանսական հանցագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ֆինանսական հանցագործություն, հասարակական վտանգավոր գործունեություն, ոտնձգություն ֆինանսական հարաբերությունների վրա։ Այն կարգավորվում է ֆինանսական (այդ թվում հարկային, արժութային) իրավունքի նորմերով և այլ նորմատիվ ակտերով, այդ թվում դրամական միջոցների ֆոնդերի (պետական ֆինանսական ռեսուրսների), տեղական ինքնակառավարման մարմինների, այլ տնտեսական սուբյեկտների ֆոնդերի ձևավորման և դրանց բաշխման, վերաբաշխման ու օգտագործման միջոցով[1]։ Ֆինանսական իրավախախտումն իր բնույթով, բովանդակությամբ, դրսևորման ձևերով և եղանակներով իրավագիտության մեջ դասվում է իրավաբանական բարդ կատեգորիաների շարքը, որը կարելի է լուսաբանել, որպես պետության ֆինանսական գործունեության ոլորտի համապարտադիր իրավական վարքագծի մաս[2]։

Ֆինանսական հանցագործության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական հանցագործությունները համարվում է տնտեսական հանցագործությունների տարատեսակ։ Տնտեսական հանցագործությունները նախատեսված են Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքով. «Բաժին 8. Սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում, որն ընդգրկում է երկու գլուխ`

  • Գլուխ 21. Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ (ՀՀ Քրեական օրենսգիրք հոդ. 175-186.1)
  • Գլուխ 22. Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ (ՀՀ Քրեական օրենսգիրք հոդ. 187-216)[3]:

Ավելի ծավալուն, ֆինանսական հանցագործությունները ներկայացված են «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ» գլխում, դրանք են`

  • Օրինական ձեռնարկության գործունեությանը խոչընդոտելը (ՀՀ ՔՕ հոդ. 187)
  • Ապօրինի և կեղծ ձեռնարկությունը (ՀՀ ՔՕ հոդ. 188-189)
  • Փողերի լվացում (ՀՀ ՔՕ հոդ. 190)
  • Վարկերի ոչ նպատակային օգտագործումը (ՀՀ ՔՕ հոդ. 191)
  • Սնանկացման վերաբերյալ հանցագործություններ (ՀՀ ՔՕ հոդ. 192-194)
  • Հակամրցակցային գործունեություն (ՀՀ ՔՕ հոդ. 195)
  • Հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խափանելը (ՀՀ ՔՕ հոդ. 196)
  • Ապրանքային նշանը ապօրինաբար օգտագործելը (ՀՀ ՔՕ հոդ. 197)
  • Կեղծ գովազդ (ՀՀ ՔՕ հոդ. 198)
  • Առևտրային, ապահովագրական և բանկային տեղեկատվությունը և տարածումը (ՀՀ ՔՕ հոդ. 199-199.1)
  • Առևտրային և առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառքը (ՀՀ ՔՕ հոդ. 200-201)
  • Կեղծ փողեր, արտարժույթի և վճարային փաստաթղթերի պատրաստում կամ իրացում (ՀՀ ՔՕ հոդ. 202-204 )
  • Հարկերից խուսափում (ՀՀ ՔՕ հոդ. 205-206)
  • Ակցիզային դրոշմանիշների վերաբերյալ խախտումներ (ՀՀ ՔՕ հոդ. 207-211)
  • Խաբեություն, վաշխառություն, լիազորությունների չարաշահում (ՀՀ ՔՕ հոդ. 212-214)
  • Մաքսանենգություն և հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերում (ՀՀ ՔՕ հոդ. 215-216)[3]:

Ֆինանսական հանցագործությունների շարքին են դասվում ոչ միայն ՀՀ Քրեական օրենսգրքի 22-րդ գլխում թվարկվածները, այլև առկա են այնպիսի գործողություններ, որոնք չեն ընդգրկված այդ գլխում (օրինակ` պետական լիազորությունների չարաշահում)։ Բյուջետային և հարկային հանցագործությունները անկասկած համարվում են ֆինանսական հանցագործությունների տարատեսակներ։ Դա բխում է ֆինանսական, բյուջետային (պետական) և հարկային իրավունքի հատկանիշներից, քանի որ դրանք հանդիսանում են ֆինանսական իրավունքի ենթատեսակները։ Բացի հարկային և բյուջետային հարաբերություններից, ֆինանսական իրավունքի մաս են կազմում արժութային, բանկային և այլ հարաբերությունները։ Այդ պատճառով ֆինանսական հանցագործությունների օբյեկտն են հարկային, բյուջետային, արժութային, բանկային և այլ հարաբերությունները[1]։

Այսպիսով կարելի է ֆինանսական հանցագործությունները դասակարգել հետևյալ ընդհանուր խմբերի`

  • Հարկերի վճարման հետ կապված հանցագործություններ
  • Բյուջետային օրենքի հետ կապված հանցագործություններ
  • Արժութային օրենքի հետ կապված հանցագործություններ
  • Անօրինական բանկային գործունեության հետ կապված հանցագործություններ[1]։

Ֆինանսաիրավական պատասխանատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական պատասխանատվությունն անառարկելիորեն իրավաբանական պատասխանատվության տարատեսակ է, որն առաջին հերթին պայմանավորված է պետության և նրա լիազոր մարմինների ճյուղային գործունեության յուրահատուկ ոլորտով, որն այսօր ընդունված է համարել պետության ֆինանսական գործունեություն, որտեղ խոսքը միայն ֆինանսական իրավունքի սուբյեկտների, դրանց պետական ֆինանսական պարտավորությունների մասին է, որոնք բացառապես աչքի են ընկնում իրենց գույքային, արժեքային և հանրային բնույթով[2]։

Ֆինանսաիրավական պատասխանատվությունն իր բնույթով իրավավերականգնողական է, որի նպատակը պետության ֆինանսական համակարգին հասցված ցանկացած բացասական և այլ անցանկալի հետևանքների վերացումն է։ Ֆինանսաիրավական պատասխանատվության յուրահատկությունն այն է, որ, ի տարբերություն իրավաբանական վերականգնողական պատասխանատվության այլ տեսակների, այն կյանքի է կոչված վերականգնելու և ապահովելու ոչ թե որևէ կոնկրետ անձի կամ կազմակերպության իրավունքների և օրինական շահերի իրականացումը, այլ խնդիր ունի ապահովելու ողջ հասարակության և ֆինանսական համակարգի ֆինանսական կայունությունը։

Այն ապահովվում է ֆինանսական հարկադրանքի միջոցների կիրառման հնարավորությամբ։ Ֆինանսական հարկադրանքն ունի մի շարք այնպիսի առանձնահատկություններ, որոնք հնարավորություն են տալիս վերջինս սահմանազատելու պետական հարկադրանքի, այդ թվում՝ վարչաիրավական հարկադրանքի և պատասխանատվության միջոցներից, որոնք գործնականում ֆինանսական իրավախախտումները կարգավորելիս հանդես են գալիս միահյուսված և տպավորություն են ստեղծում, թե պետության ֆինանսական գործունեության ոլորտում ծագած իրավախախտումներն ըստ էության իրենց բնույթով վարչաիրավական են։ Մեր դիքորոշումը հիմնավորելու համար նկատենք և հատուկ սահմանազատենք այն յուրահատկությունները, որոնք կամա թե ակամա օբյեկտիվորեն սահմանագծում են ֆինանսական և վարչական պատասխանատվության կիրառման տարբերությունները[2]։

Ֆինանսական պատասխանատվությունն ունի ամենօրյա կիրառում, որի իրականացման սուբյեկտներ են դատարանները, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ապարատի ընդհանուր կառավարման կազմակերպման, ինչպես նաև ֆինանսական վերահսկողության մարմինները, որոնց ֆինանսական օրենսդրությամբ իրավունք է վերապահված ֆինանսական իրավախախտումներ թույլ տված ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելու ֆինանսական պատասխանատվության միջոցներ՝ նպատակ ունենալով վերականգնելու պետությանը և ֆինանսական համակարգին հասցված վնասները, ինչպես նաև կանխելու պետության ֆինանսական գործունեության ոլորտում ֆինանսական իրավախախտումների հետագա զարգացումները։

Ֆինանսաիրավական պատասխանատվությունը սահմանազատվում է իրավաբանական պատասխանատվության մյուս տեսակներից արտահայտվում է նրանով, որ դա, որպես կանոն, ֆինանսական գործունեությունը խախտողների նկատմամբ իրացվում է ֆինանսական սանկցիաների կիրառման միջոցով, որոնք հանդես են գալիս որպես ֆինանսաիրավական հարկադրանքի ինքնուրույն միջոցներ։

Ի տարբերություն պատասխանատվության այլ միջոցների, սկզբնական է, առաջնային և սկզբից ևեթ միահյուսված է ֆինանսական պարտավորության հետ և անբաժան է նրանից։ Այսինքն՝ ֆինանսական պարտավորության կատարման թերացումն անգամ հիմք է ֆինանսական պատասխանատվության կիրառման համար, այն դեպքում, երբ պատասխանատվության մյուս տեսակների կիրառման համար պարտադիր է իրավախախտման փաստի առկայությունը։ Ֆինանսական պատասխանատվության առանձնահատկությունն այս դեպքում այն է, որ վերջինս իրացվում է հատուկ «պաշտպանական իրավահարաբերության» շրջանակներում, որոնք ծագում և դադարեցվում են ֆինանսական օրենսդրությամբ սահմանված հատուկ դեպքերում։

Ֆինանսական պատասխանատվության աչքի զարնող առանձնահատկությունների մի մասը պայմանավորված է ֆինանսական իրավախախտումների բնույթով, որոնք ֆինանսական պատասխանատվության իրացման հիմք են և ընդգծում են ֆինանսական պատասխանատվության առանձնահատկություններն ինչպես վարչական, կարգապահական զանցանքների համար կիրառվող պատասխանատվության տեսակներից, այնպես էլ քրեապես հետապնդելի ֆինանսական հանցագործություններից, քաղաքացիաիրավական խախտումներից, որոնց սուբյեկտները, որպես կանոն, հանդես են գալիս որպես ֆինանսական գործունեության ինքնուրույն անհատական սուբյեկտներ, ֆիզիկական անձինք, որոնք իրենց հակաիրավական վարքագծով որակվում են որպես կոնկրետ իրավախախտներ[2]։

Ֆինանսական իրավախախտումները քաղաքացիաիրավական խախտումներից հիմնականում սահմանազատվում են իրավախախտման օբյեկտով։ Ֆինանսական իրավախախտման դեպքում գույքային շահերի վնասն ունի ոչ թե մասնավոր գույքային շահերի բնույթ, այլ դրսևորվում է որպես հանրային շահ, որով վնասվում է պետության ֆինանսական համակարգը։

Ըստ ժամանակակից իրավագիտության ոլորտում տեղ գտած և արմատավորված ֆինանսական պատասխանատվության առանձնահատկությունների ընդհանրացումների՝ ֆինանսական պատասխանատվությունը բնութագրվում է որպես ֆինանսական, ֆիզիկական և բարոյական ներգործության միջոցների ամբողջություն, որը սահմանված է ֆինանսական օրենսդրությամբ։ Ֆինանսական պատասխանատվության հասկացության նշված սահմանումը, կարծում ենք՝ ամբողջական չէ, այն ընդամենը պատասխանատվության արտաքին կողմերի արտացոլումն է, մինչդեռ պետք է լուսաբանել այնպիսի օրինաչափությունների դրսևորումներով, որոնք արտացոլում են պատասխանատվության ներքին բովանդակությունը, ապահովելով պատասխանատվության դերն ու նշանակությունը հասարակական կյանքում, որոնք պատասխանատվություն սահմանող հետևանքների միջոցով ապահովում են իրավական նորմում արտահայտված պետական հարկադրանքի առկայություն, որը ֆինանսական իրավախախտի նկատմամբ հարկադրանքի ուժով սահմանված պարտավորությունների ամբողջություն է։ Այլ խոսքով, ֆինանսական պատասխանատվությունը կարելի է բնութագրել որպես ֆինանսական իրավախախտի նկատմամբ պատժողական սանկցիաներով ամրագրված պետական հարկադրանքի միջոցների ամբողջություն, որը կիրառվում է պետության և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական գործունեության խախտումների դեպքում՝ որպես պետական հարկադրանք կրելու պատասխանատվություն։

Ֆինանսաիրավական պատասխանատվության նորմատիվ կազմակերպական հիմքերին` պետք է նշել, որ գործնականում, որպես կանոն, դա կիրառվում է այն դեպքերում, երբ ֆինանսական պարտավորությունները չեն կատարվում, որի համար իրավախախտում կատարած անձը (կազմակերպությունը) ենթարկվում է ֆինանսաիրավական նորմի սանկցիայով նախատեսված իրավունքների սահմանափակումների։ Ֆինանսաիրավական պատասխանատվության կիրառման պահը պետք է համարել այն նոր պարտավորությունը, որն առաջանում է տվյալ պահին արձանագրված ֆինանսաիրավական խախտման համար, և այս յուրահատկությամբ դա սահմանազատվում է ֆինանսաիրավական պատասխանատվություն նախատեսող մնացած իրավական ակտերից, որոնց սանկցիաները որոշակիորեն արտահայտում են ֆինանսական պատասխանատվությունը, դրա տեսակները և, նախապես հայտնի լինելով, ստիպում ֆինանսաիրավական հարաբերությունների սուբյեկտներին ձեռնպահ մնալխախտումներից, իսկ հակառակ դեպքում` կամովին, առանց հարկադրանքի վերականգնել հասցված վնասը։ Իսկ այն դեպքերում, երբ ֆինանսական գործունեույան սահմաված կարգը խաղտող ֆիզիկական և իրավաբանական անձը հրաժարվում է կատարել իրավական ակտի պահանջները, ապա պետական լիզաոր մարմինները ցանկացած պահի հիմնավոր արձանագրում են խախտման փաստը, որին հետևում է ֆինանսական պատասխանատվության հարկադիր կիրառման կարգը[2]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«PwC» կազմակերպությունը, տնտեսական հանցագործությունների վերաբերյալ իր ուսումնասիրությունները ամփոփել է 2020 թվականի հաշվետվության մեջ։ Այնտեղ ներկայացրել է 5000 և ավելի կազմակերպությունների նյութերի վերլուծություն` վերջին 24 ամիսների տվյալների հիման վրա։ Փաստացի, խաբեության արդյունքում, կազմակերպությունները վերջին 24 ամսիների ընթացքում ունեցել են 42 մլդ. դոլլարի կորուստներ[4]։ «PwC» կազմակերպությունը 2020 թվականի համար ներկայացրել է տնտեսական հանցագործությունների վերաբերյալ վիճակագրություն, որն ունի հետևյալ պատկերը`

2020 թվականի տնտեսական հանցագործությունների վերաբերյալ վիճակագրություն[4]
No. Տեսակ %
1 Հաճախորդների դեմ խաբեություն 35%
2 Կիբերհանցագործություն 34%
3 Ակտիվների անօրինական թողարկում 31%
4 Կաշառակերություն և կոռուպցիա 30%
5 Հաշվապահական հաշվառման հաշվետվություններում խաբեություն 28%
6 Գնումների գործընթացի խաբեություն 19%
7 Մարդկային ռեսուրսների խաբեություն 17%
8 Կեղծ բիզնեսի գործունեություն 16%
9 Հակամրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտում 13%
10 Փողերի լվացում և սանկցիաներ 11%
11 Մտավոր սեփականության գողություն 11%
12 Չարտոնված առևտուր 10%
13 Հարկային խաբեություն 8%
14 Այլ 4%

2022 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկ արդեն 2022 թվականի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվում է, որ վերջին 24 ամիսներին առաջացել են ֆինանսատնտեսական հանցագործոթյունների նոր տեսակներ, որոնք ընդգրկում են հիմնականում կիբերհանցագործությունները` 40%։ Այդ ոլորտում նոր տեսակի հանցագործությունները կազմում են 29%։ Նոր տեսակի հանցագործությունների ավելացումը պայամանավորված է COVID-19-ի համաճարակային սանկցիաների հետ[5]։

Վիճակագրությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն երկամսյակը մեկ անգամ ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» հաշվետվությունը։ Այդ վիճակագրության 2022 թվականի հուվար-փետրվար ամիսների տվյալների համաձայն, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները կազմում են ընդհանուր 177 դեպք, այդ թվում`

  • կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը` 47 դեպք
  • հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)` 1 դեպք
  • տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ` 129 դեպք[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «ПОНЯТИЕ И КЛАССИФИКАЦИЯ ФИНАНСОВЫХ ПРЕСТУПЛЕНИЙ». cyberleninka.ru. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Տնտեսական օրենսդրության խախտումների պատասխանատվությունը» (PDF). Եր. : Տնտեսագետ; 2016.
  3. 3,0 3,1 «ՀՀ Քրեական օրենսգիրք». www.arlis.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  4. 4,0 4,1 PricewaterhouseCoopers. «Глобальный обзор экономических преступлений, 2020». PwC (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  5. PricewaterhouseCoopers. «PwC's Global Economic Crime and Fraud Survey 2022». PwC (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 6-ին.
  6. ««Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թվականի հունվար-փետրվարին» ` 5.4 Իրավախախտումներ» (PDF).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինանսական հանցագործություն» հոդվածին։