Բաշշար ալ-Ասադ
| Բաշշար Հաֆեզի ալ-Ասադ | |
| արաբ․՝ بشار حافظ الأسد | |
| Սիրիայի Արաբական Հանրապետության 16-րդ նախագահ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | 2000 թ. հուլիսի 17 |
|---|---|
| Կուսակցություն՝ | Բաաս |
| Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 11, 1965 (50 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Դամասկոս |
| Ամուսին ՝ | Ասմա ալ-Ասադ |
| Երեխաներ՝ | որդի։ Հաֆեզ, Կարիմ դուստր։ Զեյն |
| Հայր՝ | Հաֆեզ ալ-Ասադ |
| Մայր՝ | Անիսա ալ-Ասադ |
Բաշշար Հաֆեզի ալ-Ասադ (արաբ․՝ بشار حافظ الأسد; ծնվել է 1965 թ.-ի սեպտեմբերի 11-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում), սիրիական քաղաքական և պետական գործիչ, Սիրիայի նախագահ, Բաաս կուսակցության սիրիական ճյուղի նախագահ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել]
Երիտասարդական տարիները[խմբագրել]
Բաշշար ալ-Ասադը ծնվել է 1965 թ.-ի սեպտեմբերի 11-ին Դամասկոսում՝ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Հաֆեզ ալ-Ասադի ընտանիքում, որը պատկանում է մուսուլման փոքրամասնություն համարվող ալավիտներին։[1] Երբ Բաշշարը 5 տարեկան էր, նրա հայրը դարձավ Սիրիայի նախագահ, իսկ ավելի ուշ սկսեց գլխավորել Բաաս կուսակցությունը։
Նախնական կրթությունը Բաշշար ալ-Ասադը ստացել է Դամասկոսում գտնվող արաբա-ֆրանսիական «Հուրիա» քոլեջում։ 1982 թ.-ին նա ավարտել ուսուցումը և ստացել բակալավրի կոչում։ 1988 թ.-ին կարմիր դիպլոմով ավարտել է Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի ակնաբուժական բաժինը, որից հետո աշխատել է Տիշրին զինվորական հոսպիտալում։[2].
1991 թ.-ին (այլ տվյալներով՝ 1992թ.-ին) նա մեկնել է Մեծ Բրիտանիա՝ պրակտիկան անցկացնելով Western Eye Hospital ակնաբուժական կենտրոնում։ Արտասահմանում Ասադը իր անվան փոխարեն օգատագործել է կեղծանուն, որպեսզի ոչ ոք չիմանա, որ իր հայրը Սիրիայի նախագահն է։
Սկզբնական շրջանում Հաֆեզ ալ-Ասադը նախատեսում էր նախագահի պաշտոնում նշանակել իր որդի Բասիլին, բայց վերջինս 1994 թ.-ին ավտովթարից զոհվում է։ Դժբախտությունը տեղի ունեցավ, երբ Բաշշարը գտնվում էր Լոնդոնում։[3]. Եղբոր մահից հետո նա վերադառնում է Սիրիա և ընդունվում Հոմս քաղաքում գտնվող զինվորական ակադեմիա։ 1995 թ.-ին կապիտանի կոչումով արդեն գլխավորում էր տանկային գումարտակ, այնուհետև Հանրապետական գվարդիան։ 1999 թ.-ի հունվարին նրան շնորհվում է գնդապետ զինվորական կոչում։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել]
2000 թ.-ի հունիսի 10-ին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը սրտի անբավարարությունից մահանում է։ Հաջորդ օրը նախագահի պաշտոնակատար երկրի առաջին փոխնախագահը Բաշշար ալ-Ասադին շնորհում է գեներալ-լեյտենանտ զինվորական կոչում և նշանակում բանակի գերագույն հրամանատար։ Հունիսի 20-ին իշխող կուսակցության նիստում Բաշշար ալ-Ասադը ընտրվում է կուսակցության գլխավոր քարտուղար և նրա թեկնածությունը առաջադրվում է նախագահական ընտրություններում։ Հուլիսի 10-ին երկրում անցկացվում է ընտրություններ, որրի արդյունքում Սիրիայի նախագահ է դառնում Բաշշարը՝ հավաքելով 97,29 % ձայն։[4] 2007 թ.-ի մայիսի 27-ին Բաշշարը վերընտրվում է։