Մազութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մազութ, մածուցիկ հեղուկ՝ բենզինը, լիգրոինը, կերոսինը, և դիզելային վառելանյութը նավթից ուղղակի թորելով կամ կրեկինգով բաժանելուց հետո ստացվող մնացորդը։ Մազութի ֆիզիկական և քիմիական հատկությունները կախված են ելանյութ-նավթի բաղադրությունից և թեթև ֆրակցիաների մնացորդային պարունակությունից։ Մուգ, հաստ շերտում սև հեղուկ է։ Խտությունը՝ 890-1000 կգ/մ3 (20°C), այրման ջերմությունը՝ 38-42 Մչ/կգ (9100-10000 կկալ/կգ)։ Պարունակում է խեժեր (մինչև 60%), ծծումբ (0,8-3,5%), մոխիր (0,1-Ο,5%) և այլն։ Օգտագործվում է որպես հեղուկ վառելանյութ (գազագեներատորների, արտադրական վառարանների, շոգեկաթսաների համար), նաև որպես հումք՝ քսայուղեր, կուպր, կոքս, բենզին, դիզելային վառելանյութ ստանալու համար և այլ նպատակներով։ Մազութից բենզին և դիզելային վառելանյութ ստանալու համար այն ենթարկում են կրեկինգի կամ հիդըրման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png