Ծնվել է ազդեցիկ հոգևորականի ընտանիքում։ Կրթություն է ստացել Հերաթում և Սամարղանդում։ Հարել է «նաքշբանդիյե» սուֆիական օրդենին։ 1456 թվականին աներոջից ժառանգել է օրդենի ղեկավարի պաշտոնը Հերաթում։ Ջամինի վաղ շրջանի ստեղծագործություններից են սուֆիական արձակ տրակտատները, «Ոսկե շղթա» պոեմի առաջին մասը (1472), ինչպես նաև ռիթմին ու տաղաչափությանը վերաբերող աշխարհիկ տրակտատները, մուհամմաներ կազմելու ձեռնարկը։
او که یک ترک بود و من تاجیک، هردو داشتیم خویشی نزدیک. 'У ки як турк буд ва ман тоҷик Ҳарду доштим хуши наздик ' Չնայած նրան, որ նա եղել է թուրք, իսկ ես տաջիկ, Մենք երջանիկ էինք միասին
Ջամիի գրական գործունեության ծաղկման շրջանը (1474 թվականից հետո) սկսվում է «Գաղտնիքների ծով» (1475) ու «Ոգու շողարձակում» կրոնափիլիսոփայական քասիդներով ու «Բարեկամության հովեր որբության օթևանից» (1476-1478) ժողովածուով (սուֆիական սրբերի վարքագրություններ)։ 1480-1487 թվականներին ավարտել է «Յոթ թագ» («Մեծ արջ համաստեղությունը») պոեմների շարքը, որի մեջ ամփոփված «Սալաման և Աբսալ», «Յուսուֆ և Զուլեյխա» և «Լեյլի ու Մեջնուն» պոեմներում հեղինակը սիրավեպի դասական ժանրն օգտագործել է ճշմարիտ, աստվածային սիրո ճանապարհին մարմնական սերը հաղթահարելու սուֆիական ուսմունքը շարադրելու համար։ «Ընծա ազնվազարմներին» (1481-1482) պոեմն ընդգրկում է 20 առակ, որոնցում մերկացվում է իշխանությունների կամայականությունն ու հոգևորականության երկերեսանիությունը։ «Արդարակյացների տերողորմյան» (1482-1483) և «Ոսկե շղթա» (մ․ 2-3, 1485-1486) պոեմներն աչքի են ընկնում շառլատանության մերկացումով և երկիրն իմաստությամբ ու մարդասիրաբար կառավարելու կոչերով։
Շարքը եզրափակում է «Գիրք իմաստության Իսկանդարի» (1486-1487) պոեմը՝ Նիզամիի «Իսքանդարնամե»-ի բանաստեղծական պատասխանը։ Ջամիի կյանքի վերջին տարիները նշանավորվել են բանաստեղծություններով ընդմիջվող «Բահարիստան» (1487) արձակ ստեղծագործությամբ, քնարական 3 դիվանով (1479-1491) և «Տրակտատ երաժշտության մասին» գործով։ Ջամիի ստեղծագործությունը վիթխարի ազդեցություն է թողել ինչպես պարսկալեզու, այնպես էլ իսլամական աշխարհի շատ ուրիշ գրականությունների զարգացման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 474)։