Պլոտինոս
Ծնվել է | 205[1] Lycopolis, Հին Եգիպտոս, Եգիպտոս և Ասյուտ, Եգիպտոս |
---|---|
Մահացել է | 270[2][3][4][…] Մինտուրնո, Լատինա, Լացիո, Իտալիա |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | փիլիսոփա և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և հին հունարեն[5] |
Ուսուցիչ | Ամմոնիուս Սակկաս |
Աշակերտներ | Պորփյուր և Cassius Longinus? |
Plotinus Վիքիպահեստում |
Պլոտինոս Լիկոպոլսեցի (հին հունարեն՝ Πλωτῖνος, 205[1], Lycopolis, Հին Եգիպտոս, Եգիպտոս և Ասյուտ, Եգիպտոս - 270[2][3][4][…], Մինտուրնո, Լատինա, Լացիո, Իտալիա), հին հույն փիլիսոփա, նորպլատոնականության փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Նրա ուսմունքը, որը շարադրված է «Էննեադներ» երկասիրության մեջ, Պլատոնի փիլիսոփայության և անտիկ աշխարհի մի շարք փիլիսոփայական ուսմունքների՝ արիստոտելականության, պյութագորականության և ստոիկականության մի բարդ ձուլվածք էր՝ իդեալիզմի հիմքի վրա։ Այն դարձավ անտիկ աշխարհի մայրամուտի և վաղ միջնադարի ամենատարածված և ազդեցիկ հոսանքը, որը ազդեց ինչպես քրիստոնեական աստվածաբանության, այնպես էլ գիտության անտիկ ավանդույթները շարունակող աշխարհիկ փիլիսոփայական մտքի ձևավորման վրա։ III-VI դարերում գործում էին նորպլատոնականության տարբեր դպրոցներ, այդ թվում նաև արիստոտելյան փիլիսոփայության ուժեղ ազդեցությունը կրած Ալեքսանդրիայի դպրոցը, որի հետևորդն էր Դավիթ Անհաղթը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիկոպոլսեցին ինքնուրույն սկսել է զբաղվել 40 տարեկանից՝ Հռոմ փոխադրվելուց հետո, ուր բացել է դպրոց և ղեկավարել այն մինչև կյանքի վերջը։ Ունեցել է բազմաթիվ աշակերտներ և հետևորդներ։ Պլոտինոսի աշխատությունները նրա աշակերտ Պորփյուրը բաժանել է 6 իննյակների (էննեադների) և հրապարակել ուսուցչի մահվանից հետո։
Պլոտինոս զարգացրել է Պլատոնի գաղափարների մասին ուսմունքը՝ զուգակցելով այն Արիստոտելի, ստոիցիզմի, Պյութագորասի փիլիսոփայության իդեալիստական կողմերի և Արևելքի կրոնամիստիկական ուսմունքների հետ։ Ամեն ինչի հիմքը, ըստ Պլոտինոսի, գերբնական և գերզգայական աստվածային «առաջնամիակն» է, որը ենթակա չէ որևէ սահմանման, բանական կամ զգայական ճանաչման։
Ուսմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ողջ կեցությունը «առաջնամիակի» էմանացիայի արդյունքն է․ այն արտազեղում, ճառագայթում է իրենից աստվածային միտք, այնուհետև՝ հոգի և վերջապես՝ բնություն, որը աստվածայինի ամենաստորին դրսևորումն է։ Աշխարհն ստեղծվում է խավարի (նյութի) մեջ աստվածային լույսի ներթափանցման շնորհիվ։ Այդ ժամանակ կատարվում է անցում միասնությունից դեպի բազմություն, կատարելությունից դեպի անկատարելություն։ էմանացիայի վերին և ստորին աստիճանները կազմում են հակադրամիասնություն։
Մարդու նպատակն է բարձրանալ կեցության ստորին աստիճաններից դեպի վերին աստիճանները և ձուլվել աստվածային լույսի հետ։ Պլոտինոս ընդգծել է Պլատոնի դիալեկտիկայի տարրերը, սակայն դրանք միախառնելով խորհրդապաշտական գաղափարների հետ, մոտեցել է կրոնական փիլիսոփայությանը։ Պլոտինոսի ուսմունքը և նեոպլատոնականությունը ազդել են քրիստոնեական, միջնադարյան (այդ թվում հայ) փիլիսոփայության վրա։
Պլոտինոսի Էննեադներ գիրքը բաղկացած է 6 գրքից. դրա 5-րդ գիրքը հայերեն է թարգմանել Ալբերտ Ստեփանյանը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118595164 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․) — Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
- ↑ 3,0 3,1 3,2 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
- ↑ 4,0 4,1 4,2 Post-Reformation Digital Library
- ↑ CONOR.Sl
- ↑ Պլոտինոս, Էննեադներ, գիրք V (հաղագս Բանականի) թարգմանություն հին հունարենից, ուսումնասիրություն, մեկնաբանություններ Ա. Ստեփանյանի, Երևան, 1999
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 332)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլոտինոս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլոտինոս» հոդվածին։ |
|