Jump to content

Պլոտինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պլոտինից)
Պլոտինոս
Πλωτῖνος
Ծնվել է205[1] Lycopolis, Հին Եգիպտոս, Եգիպտոս
Մահացել է270[2][3][4][…] Մինտուրնո, Լատինա, Լացիո, Իտալիա
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունփիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինլատիներեն և հին հունարեն[5]
ՈւսուցիչԱմմոնիուս Սակկաս
ԱշակերտներՊորփյուր և Cassius Longinus?
 Plotinus Վիքիպահեստում

Պլոտինոս Լիկոպոլսեցի (հին հունարեն՝ Πλωτῖνος, 205[1], Lycopolis, Հին Եգիպտոս, Եգիպտոս - 270[2][3][4][…], Մինտուրնո, Լատինա, Լացիո, Իտալիա), հին հույն փիլիսոփա, նորպլատոնականության փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Նրա ուսմունքը, որը շարադրված է «Էննեադներ» երկասիրության մեջ, Պլատոնի փիլիսոփայության և անտիկ աշխարհի մի շարք փիլիսոփայական ուսմունքների՝ արիստոտելականության, պյութագորականության և ստոիկականության մի բարդ ձուլվածք էր՝ իդեալիզմի հիմքի վրա։ Այն դարձավ անտիկ աշխարհի մայրամուտի և վաղ միջնադարի ամենատարածված և ազդեցիկ հոսանքը, որը ազդեց ինչպես քրիստոնեական աստվածաբանության, այնպես էլ գիտության անտիկ ավանդույթները շարունակող աշխարհիկ փիլիսոփայական մտքի ձևավորման վրա։ III-VI դարերում գործում էին նորպլատոնականության տարբեր դպրոցներ, այդ թվում նաև արիստոտելյան փիլիսոփայության ուժեղ ազդեցությունը կրած Ալեքսանդրիայի դպրոցը, որի հետևորդն էր Դավիթ Անհաղթը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիկոպոլսեցին ինքնուրույն սկսել է զբաղվել 40 տարեկանից՝ Հռոմ փոխադրվելուց հետո, ուր բացել է դպրոց և ղեկավարել այն մինչև կյանքի վերջը։ Ունեցել է բազմաթիվ աշակերտներ և հետևորդներ։ Պլոտինոսի աշխատությունները նրա աշակերտ Պորփյուրը բաժանել է 6 իննյակների (էննեադների) և հրապարակել ուսուցչի մահվանից հետո։

Պլոտինոս զարգացրել է Պլատոնի գաղափարների մասին ուսմունքը՝ զուգակցելով այն Արիստոտելի, ստոիցիզմի, Պյութագորասի փիլիսոփայության իդեալիստական կողմերի և Արևելքի կրոնամիստիկական ուսմունքների հետ։ Ամեն ինչի հիմքը, ըստ Պլոտինոսի, գերբնական և գերզգայական աստվածային «առաջնամիակն» է, որը ենթակա չէ որևէ սահմանման, բանական կամ զգայական ճանաչման։

Ողջ կեցությունը «առաջնամիակի» էմանացիայի արդյունքն է․ այն արտազեղում, ճառագայթում է իրենից աստվածային միտք, այնուհետև՝ հոգի և վերջապես՝ բնություն, որը աստվածայինի ամենաստորին դրսևորումն է։ Աշխարհն ստեղծվում է խավարի (նյութի) մեջ աստվածային լույսի ներթափանցման շնորհիվ։ Այդ ժամանակ կատարվում է անցում միասնությունից դեպի բազմություն, կատարելությունից դեպի անկատարելություն։ էմանացիայի վերին և ստորին աստիճանները կազմում են հակադրամիասնություն։

Մարդու նպատակն է բարձրանալ կեցության ստորին աստիճաններից դեպի վերին աստիճանները և ձուլվել աստվածային լույսի հետ։ Պլոտինոս ընդգծել է Պլատոնի դիալեկտիկայի տարրերը, սակայն դրանք միախառնելով խորհրդապաշտական գաղափարների հետ, մոտեցել է կրոնական փիլիսոփայությանը։ Պլոտինոսի ուսմունքը և նեոպլատոնականությունը ազդել են քրիստոնեական, միջնադարյան (այդ թվում հայ) փիլիսոփայության վրա։

Պլոտինոսի Էննեադներ գիրքը բաղկացած է 6 գրքից. դրա 5-րդ գիրքը հայերեն է թարգմանել Ալբերտ Ստեփանյանը[6]։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պլոտինոս հոդվածին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118595164 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․)Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
  3. 3,0 3,1 3,2 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
  4. 4,0 4,1 4,2 Post-Reformation Digital Library
  5. CONOR.Sl
  6. Պլոտինոս, Էննեադներ, գիրք V (հաղագս Բանականի) թարգմանություն հին հունարենից, ուսումնասիրություն, մեկնաբանություններ Ա. Ստեփանյանի, Երևան, 1999
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 332
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլոտինոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլոտինոս» հոդվածին։