Jump to content

Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Մարքս (1818-1883)

Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմ (ռուս.՝ Государственно-монополистический капитализм), կապիտալիստական տնտեսական և քաղաքական տիրապետման ձև, որը բնութագրվում է նրանով, որ մասնավոր կապիտալիստական տնտեսությունները վերածվում են պետական տնտեսությունների և պետությունը լայնորեն միջամտում է երկրի տնտեսական կյանքին։

Տերմինի ծագման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքսիզմի հիմնադիրներ Կառլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը կանխատեսում էին, որ «կգա, մի ժամանակ, երբ արտադրության և հաղորդակցման միջոցները դուրս կգան բաժնետիրական կազմակերպությունների ղեկավարման ոլորտից և բուրժուական իշխանության պետականացումը տնտեսապես անխուսափելի կլինի»[1]։

…Պետության, արտաքին առևտրի, համաշխարհային շուկայի միջև կապն ակնհայտ է… Հայտնի ոլորտները մոնոպոլիայի հաստատմանն են հանգեցնում և հետևաբար պահանջում են պետական միջամտություն[2]։

Մոնոպոլիստական կապիտալիզմը պետական մոնոպոլիստական կապիտալիզմի վերաճման օբյեկտիվ միտումն ու օրինաչափությունը բացահայտել և տեսականորեն հիմնավորել է Վ․ Ի․ Լենինը։ Նա առաջինն է կիրառել այդ տերմինը։

Մարքս, Էնգելս, Լենին

Նպատակն է պահպանել և ամրապնդել կապիտալիստական կարգը, մեծացնել մոնոպոլիաների շահույթները, պայքարել սոցիալիստական համակարգի դեմ, ճնշել բանվորական և ազգային–ազատագրական շարժումները, իրականացնել նվաճողական արտաքին քաղաքականություն։

Պետական կապիտալիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ-մոնոպոլիստական շրջանում կապիտալիզմը պետական էր և ծառայում էր կապիտալիստական վերարտադրության պրոցեսի արագացմանը։ Պետական միջամտությունն արտահայտվում էր նրանով, որ ստեղծվում էին բարենպաստ պայմաններ կապիտալիստական տնտեսության զարգացման համար (մասնավոր կապիտալիստներին տրվող դրամական նպաստներ, պրոտեկցիոնիզմ, պետության հաշվին խոշոր ձեռնարկությունների կառուցում և այլն)։ Կապիտալիստների կողմից պետությունն օգտագործվում էր նաև գաղութային զավթումների համար։

Պետականի վերաճումը պետական–մոնոպոլիստականի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպերիալիզմի դարաշրջանում տնտեսության մեջ պետության միջամտության սահմաններն աճում են․ արտադրության համակենտրոնացման ու հանրայնացման աճումը մոնոպոլիստներին թույլ է տալիս վերահսկելու երկրի տնտեսությունը պետության միջոցով։ Ձևավորվում է պետական–մոնոպոլիստական կապիտալիզմ, որի համար բնորոշ է խոշորագույն մոնոպոլիաների միաձուլումը, սերտաճումը բուրժուական պետական ապարատի հետ՝ աշխատավորների առավելագույն կողոպտման և մոնոպոլ–բարձր շահույթների ստացման նպատակով։ Տնտեսության մեջ պետական միջամտությունը կատարվում է վերջին հաշվով հօգուտ ֆինանսական կապիտալի և ընդդեմ բանվոր դասակարգի, որը հանգեցնում է շահագործման ուժեղացման (թեպետև դա չի բացառում կոնֆլիկտները պետության և մասնավոր մոնոպոլիստական խմբերի միջև)։

Ձևավորման փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մոնոպոլիստական կապիտալիզմի առաջացումը մոնոպոլիստական կապիտալիզմի ներքին օրինաչափությունների զարգացման հետևանք է։

Պետական մոնոպոլիստական կապիտալիզմի տարրերը սկսել են առաջանալ 19-րդ դարի վերջին, սակայն այն կազմավորվել է առաջին համաշխարհային պատերազմի սկզբից մինչև 1930-ական թվականները։ Այս փուլում պետական մոնոպոլիստական կապիտալիզմն իր զարգացման բարձր աստիճանին է հասել ռազմական էկոնոմիկայի ստեղծման պայմաններում։ Պատերազմից հետո ընդլայնվել է պետության վարկա–ֆինանսական գործունեությունը, իսկ 1920-ական թվականներին էկոնոմիկայի պետական կարգավորումը սահմանափակվել է գլխավորապես երկրի ռազմատնտեսական պոտենցիալի ապահովման միջոցառումներով։

Երկրորդ փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, պետական մոնոպոլիստական կապիտալիզմի բովանդակությունն էին կազմում հակաճգնաժամային քաղաքականությունը և կապիտալիստական էկոնոմիկայի պետական կարգավորման ուղիով շուկայի տարերայնությունը կասեցնելու փորձերը։ Բարձր աստիճանի էր հասել երկիրը ռազմական էկոնոմիկայի ուղու վրա փոխադրելու մեխանիզմը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև 1950-ական թվականների վերջն ընկած ժամանակահատվածում հակաճգնաժամային քաղաքականությունը լրացվեց էկոնոմիկայի երկարատև ու համեմատաբար կայուն աճի ապահովմանն ուղղված միջոցառումների համակարգի ստեղծմամբ։ Անցում կատարվեց պետական մոնոպոլիստական կապիտալիզմի առավել կենտրոնացված ձևերին, որոնք ապահովում էին երկրի էկոնոմիկայի համամասնությունների նպատակային փոփոխություններն ու պետության համակողմանի ներգործությունը վերարտադրության ամբողջ պրոցեսին։

Չորրորդ փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացման չորրորդ փուլը սկսվել է 1950-ական թվականների վերջերից։ Այս փուլին բնորոշ են էկոնոմիկայի զարգացման կանխատեսումն ու ծրագրավորումը։ Բոլոր փուլերում պետական մոնոպոլիստական կապիտալիզմը պահպանում է իր արմատական յուրահատկությունները։ Նրա զարգացումը չի փոխում իմպերիալիզմի բնույթը, բայց յուրաքանչյուր փուլում այն ձեռք է բերում այնպիսի հատկություններ, որոնք ազդում են նրա գործողության ամբողջ մեխանիզմի վրա։

Արտահայտման ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալիստական յուրաքանչյուր երկրում, կախված պատմական պայմաններից և կոնկրետ իրադրությունից, պետական մոնոպոլիստական կապիտալիզմն արտահայտվում է այս կամ այն, կամ դրանց զուգակցված ձևերով։

  • Պետական մոնոպոլիստական կապիտալիզմը հիմնվում է մասնավոր մոնոպոլիստական և պետական մոնոպոլիստական սեփականության միահյուսման վրա։ Պետությունն անմիջաբար մասնակցում է արտադրության պրոցեսին, հանդես գալիս որպես հավաքական մոնոպոլիստական կապիտալիստ–ձեռնարկատեր և շահագործում բանվորներին։ Արտադրության միջոցների կապիտալիստական սեփականության պետական մոնոպոլիստական ձևն առաջանում է պետական բյուջեի հաշվին ռազմական, կապիտալատար և այլ ձեռնարկությունների ու օբյեկտների կառուցման, արդյունաբերության և տրանսպորտի առանձին ձեռնարկությունների, ճյուղերի (պետության համար կարևոր կամ քիչ եկամտաբեր) ագգայնացման, մոնոպոլիստական ձեռնարկությունների բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման ուղիով։ Մասնավոր ֆիրմաներին վերահսկելու, խառը միավորումներ ստեղծելու նպատակով պետության կողմից ֆինանսական միջոցներն օգտագործելու (ներդրումներ, սուբսիդիաներ, արտոնյալ վարկեր և այլն), բաժնետոմսերի ձեռքբերմամբ մասնավոր կապիտալը պետական սեկտոր ներթափանցելու ուղիով ավելի ու ավելի են միահյուսվում մասնավոր և պետական մոնոպոլիաները։
  • Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմը արտահայտվում է նաև պետության և մասնավոր մոնոպոլիաների միջև շուկայական կապերի զարգացմամբ։ Աճում է հատկապես պետական սպառումը։ Պայմանագրային կարգով նա մոնոպոլիաներից բարձր գներով գնում է արդյունաբերական ապրանքներ, մի շարք երկրներում նաև գյուղատնտեսական արտադրանքի «ավելցուկը»։ Պետությունը միաժամանակ ապրանքների և ծառայությունների խոշոր վաճառող է։ Պետական ձեռնարկություններն իրենց արտադրանքը մասնավոր մոնոպոլիաներին են վաճառում և ծառայություններ կատարում ցածր գներով։
  • Ուժեղանում են էկոնոմիկայի ռազմականացումը և սպառազինությունների մրցավազքը։ Պետությունը վիթխարի ծախսեր է կատարում զենքի պատվերների և գնման, ստրատեգիական պաշարների ստեղծման, զինված ուժերի պահպանման համար։ Բարձր շահույթներ ստանալու նպատակով մոնոպոլիստական կապիտալը լայնորեն օգտագործում է միլիտարիզմը։ Գլխավոր կապիտալիստական երկրներում ստեղծվել է ռազմաարդյունաբերական կոմպլեքս։ Ընթացքի մեջ դնելով ռազմական տնտեսության մեխանիզմը պետությունը մոնոպոլիաներին ապահովում է կապիտալ ներդրումների նոր ոլորտով, ֆինանսավորում նրանց, մատակարարում հիմնական կապիտալ, աշխատուժ, դեֆիցիտային հումք, ապրանքները գնում մենաշնորհային բարձր գներով և այլն։
  • Բուրժուական պետությունը վևրաբաշխում է ազգային եկամտի զգալի մասը և պետականացնում ֆինանսական վիթխարի միջոցներ։ Հիմնականում հարկերի միջոցով պետությունը կենտրոնացնում է խոշոր դրամական գումարներ (ազգային եկամտի 25–55%–ը), պետական փոխառությունների, բանկնոտների թողարկման ուղիով ստանում վարկ, վճռական դիրքեր զբաղեցնում բանկային գործում, իր ձեռքում կենտրոնացնում բնակչության խնայողությունները, սոցիալական ապահովագրության ֆոնդերը։ Պետական սուբսիդիաների և վարկի տրամադրումը, հարկային արտոնությունները, պետական ամորտիզացիոն քաղաքականությունը (ամորտիզացիայի բարձր նորմայի սահմանում) զգալիորեն մեծացնում են մոնոպոլիաների ֆինանսական միջոցները նոր կապիտալ ներդրումների համար։
  • Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի ձևերից է էկոնոմիկայի պետական կարգավորումը և ծրագրավորումը։ Պետությունն իրականացնում է հակացիկլային քաղաքականություն։ Տնտեսությունն անկայուն վիճակից դուրս բերելու նպատակով փորձում է ընթացիկ կարգավորումը լրացնել տնտեսության զարգացման երկարաժամկետ կանխատեսումներով և ծրագրավորմամբ, որն էկոնոմիկայի պետական միջամտության բարձրագույն աստիճանն է։ Կառավարական տնտեսական ծրագրերը, սակայն, դիրեկտիվ բնույթ ունեն միայն պետական սեկտորում, իսկ մասնավոր մոնոպոլիստների համար հանձնարարականներ են։ Ծրագրավորումը որոշակիորեն ազդում է էկոնոմիկայի վրա, փոխում տնտեսության կառուցվածքը, արագացնում արտադրության մոնոպոլիստական հանրայնացման պրոցեսը։ Սակայն կապիտալիզմի պայմաններում էկոնոմիկայի պետական կարգավորումն ու ծրագրավորումը չեն կարող կապիտալիզմը փրկել գերարտադրության տնտեսական ճգնաժամերից, ինֆլյացիայից, գործազրկությունից և այլ երևույթներից։
  • Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմը զարգանում է նաև մոնոպոլիստական կապիտալի արտաքին տնտեսական էքսպանսիայի և նեոգաղութացման ուղղությամբ։ Մոնոպոլիաները պետությունն օգտագործում են իրենց արտաքին տնտեսական էքսպանսիան ֆինանսավորելու և պաշտպանելու համար։ Այդ նպատակին են ծառայում մաքսային քաղաքականությունը, ապրանքներ արտահանող մոնոպոլիաներին հարկային արտոնություններ տալը, արտահանմանն ու արտասահմանյան ներդրումներին կառավարության աջակցությունը և այլն։ «Օգնության» ձևով պետական կապիտալի արտահանումը նեոգաղութացման ուղիներից մեկն է։
  • Զարգանում է միջազգային պետական մոնոպոլիստական ինտեգրացումը։ Ստեղծվում են իմպերիալիստական պետությունների միջպետական ռեգիոնալ մոնոպոլիստական տնտեսական միավորումներ։ Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, հենվելով պետության վրա, մոնոպոլիաները գործում են նաև միջազգային ասպարեզում՝ ստեղծելով կարտելային համաձայնություններ։

Բայց այս ամենը չի փոխում կապիտալիզմի սոցիալական էությունը և չի ծառայում կապիտալիզմի էվոլյուցիոն վերափոխմանը սոցիալիզմի։ Կապիտալիզմի էությունն այնպիսին է, որ պետականացման պրոցեսը սահմանափակված է որոշակի շրջանակներով և չի կարող ընդգրկել կապիտալիստական արտադրությունն ամբողջությամբ։ Պետական մոնոպոլիստական կապիտալիզմը չի ոչնչացնում կապիտալիզմի հիմնական օրենքները և չի վերացնում արտադրության անարխիան, տնտեսական ճգնաժամերը։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամն անխուսափելի է դառնում։ Արտադրության հետագա համակենտրոնացումն ու հանրայնացումը, ծայրահեղորեն սրում է կապիտալիզմի հիմնական հակասությունը՝ արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միջև, աշխատանքի և կապիտալի միջև եղած հակասությունը և դրանով իսկ մոտեցնում է կապիտալիզմի վերջնական կործանումը։

Պետական մոնոպոլիստական կապիտալիզմը սոցիալիզմի նյութական ամենալիակատար նախապատրաստումն է, նրա նախադուռն է, պատմական սանդուղքի այն աստիճանն է, որի ու սոցիալիզմ կոչվող աստիճանի միջև ոչ մի միջանկյալ աստիճան չկա։
- Վ․ Ի․ Լենին, հատոր 25, էջ 460

Տնտեսության կարգավորման ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կարգավորման ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալիստական տնտեսության պետական կարգավորումը պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի դեպքում կատարվում է տարբեր ձևերով, որոնցից գլխավորներն են․

Միջազգային կարգավորման ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրության աճող հանրայանցումը համաշխարհային կապիտալիստական տնտեսության շրջանակներում առաջ է բերում պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի միջազգային ձևեր՝ միջազգային տնտեսական հարաբերությունների միջպետական կարգավորում միջազգային տնտեսական կազմակերպությունների միջոցով։ Օրինակ,

Գաղութատիրությունից ազատագրված երկրների համար դրական միտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական–մոնոպոլիստական կապիտալիզմից, որն ուժեղացնում է աշխատավորների շահագործումը, ճնշում է բանվորական ու ազգային շարժումները, անհրաժեշտ է տարբերել այն պետական կապիտալիզմից, որ առկա է գաղութային տիրապետությունից ազատագրված երկրներում։ Այստեղ այն առաջադիմական դեր է խաղում՝ նպաստելով ազգային տնտեսության զարգացմանը և ազգային անկախության ամրապնդմանը։

Այս կամ այն երկրում եղած պետական կապիտալիզմի գնահատման ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, թե ում շահերի համար է այն օգտագործվում՝ մոնոպոլիաների, թե՝ ժողովրդի։ Պրոլետարիատի դիկտատուրայի պայմաններում պետական կապիտալիզմը, հիմնական կացութաձև չլինելով, ձեռք է բերում սկզբունքորեն այլ բովանդակություն, քանի որ գտնվում է բանվոր դասակարգի վերահսկողության տակ և օգտագործվում է խոշոր արտադրության զարգացման համար։

Անցումը կոմունիզմին հնարավոր է նաև պետական կապիտալիզմի միջոցով, եթե իշխանությունը պետության մեջ բանվոր դասակարգի ձեռքում է։
- Վ․ Ի․ Լենին, հատոր 33, էջ 479

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 245