Միջազգային տնտեսական համագործակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջազգային տնտեսական համագործակցություն, առանձին երկրների, երկրների խմբերի, համաշխարհային սոցիալիստական ու կապիտալիստական համակարգերի միջև ու դրանց ներսում զարգացող տնտեսական կապերի ամբողջություն։ Իրականացվում է անկախության, իրավահավասարության և կողմերի փոխադարձ շահավետության սկզբունքներով։ Հիմքը աշխատանքի միջազգային բաժանման խորացումն է։ Կապիտալիստական երկրների միջազգային տնտեսական համագործակցությունը առանձին մոնոպոլիաների և մոնոպոլիստական միությունների միջև միջազգային արտադրական կապերի, միջպետական տնտեսական միավորումների (օրինակ՝ Եվրոպական տնտեսական համագործակցություն) բարդ ու համակողմանի համակարգ է։ Տնտեսական կապերն իրագործվում են կապիտալների միջազգային շարժի, արտաքին առևտրի, աշխատուժի միջազգային արտագաղթի և արժութային հարաբերությունների ձևերով՝ երկրների մրցապայքարի, անհաշտելի հակասությունների խորացման, անհամաչափ զարգացման, համաշխարհային սոցիալիստական համակարգի հզորացման, զարգացող երկրների տնտեսության վերելքի պայմաններում։ Արդյունաբերությամբ զարգացած կապիտալիստական երկրները հարստանում են կախյալ և նախկին գաղութային պետությունների շահագործման հաշվին։ Զարգացած կապիտալիստական և զարգացող երկրների տնտեսական կապերը ձևավորում են մի կողմից ներգաղութատիրության, զարգացող երկրները մոնոպոլիստական կապիտալիզմի ազդեցության ոլորտում պահելու, մյուս կողմից՝ գաղութային համակարգի մնացորդներից, տնտեսական կախվածությունից ազատագրվելու և սեփական արդյունաբերություն ստեղծելու համար մղվող պայքարում։ Համաշխարհային տնտեսության երկու համակարգերը զարգանում են միջազգային տնտեսական կապերի մեջ, որոնք իրագործվում են այդ համակարգերի միջև դասակարգային և գաղափարական անհաշտելի հակասությունների պայմաններում։ Նրանց տնտեսական համագործակցության գլխավոր ձևն արտաքին առևտուրն է, կապված են նաև շինարարական, գիտատեխնիկական, արժութավարկային և այլ հարաբերություններով։ Հասարակական տարբեր կարգ ունեցող երկրների խաղաղ գոյակցության քաղաքականությունը նպաստում է տնտեսական կապերի բարենպաստ զարգացմանը։ Իր հերթին այդ կապերի զարգացումը երաշխիք է դառնում կայուն և երկարատև խաղաղության համար։ Միջազգային տնտեսական համագործակցության կարևորագույն ոլորտ են սոցիալիստական և զարգացող երկրների տնտեսական կապերը, որոնք ընդգրկում են արտաքին առևտուրը, վարկերի տրամադրումը, շինարարությունը, որակյալ կադրերի պատրաստումը և այլն։ ԽՍՀՄ արտաքին առևտրի շրջանառության ծավալը զարգացած կապիտալիստական երկրների հետ 1979 թվականին կազմել է 25, 7 (1950 թվականին՝ 0, 4), զարգացող երկրների հետ 9, 5 միլիարդ ռուբլի (1950 թվականին՝ 0, 1 միլիարդ ռուբլի)։ ԽՍՀՄ աջակցությամբ զարգացող երկրներում կառուցվել է 1069 ձեռնարկություն։ Որակական նոր զարգացում է ստանում սոցիալիստական երկրների միջազգային տնտեսական համագործակցությունը։ Տնտեսական կապերն առավել բազմակողմանի են հատկապես Տնտեսական փոխօգնության խորհրդի անդամ երկրների միջև, որոնք զարգանում են սոցիալիստական տնտեսական ինտեգրացման լայն ու համակողմանի ծրագրերի իրականացման ուղով։ Սոցիալիստական երկրների միջազգային տնտեսական համագործակցությունը ընդգրկում էր համատեղ պլանային գործունեությունը, արտադրության մասնագիտացումն ու կոոպերացումը, գիտահետազոտական կապերը, արդյունաբերական և տրանսպորտային օբյեկտների համատեղ կառուցումն ու շահագործումը, ապրանքափոխանակությունն ու միջազգային հաշվարկները։ Այն բխում է աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման խորացման պահանջներից և իրականացվում ՏՓԽ-ի անդամ երկրների ժողովրդատնտեսական պլանների կոորդինացման ու համատեղ ընդհանուր պլան-կանխագծումների մշակման ուղով։ Արտադրության միջպետական մասնագիտացումն ու կոոպերացումը հատկապես ընդգրկում են մեքենաշինության, քիմիական, փայտամշակման և արտադրության այլ բնագավառներ։ Տնտեսական ինտեգրացման զարգացմանը զուգընթաց համագործակցությունը կենտրոնացվում է գիտատեխնիկական առաջընթացի նոր պրոբլեմների համատեղ մշակման բնագավառում։ 1976-1980 թվականներին համատեղ մշակվել է ավելի քան 250 խնդիր։ Համակողմանի հիմքով գիտատեխնիկական համագործակցությանը մասնակցել է ՏՓԽ-ի անդամ երկրների գիտահետազոտական 1600 կազմակերպության, գիտական կոորդինացիոն 53 կենտրոն և միջազգային գիտական այլ կոլեկտիվներ։ 1957 թվականից ՏՓԽ-ի անդամ երկրների միջև երկկողմանի և բազմակողմանի խոշոր համաձայնագրեր են կնքվում վարկային մասնակցությամբ արդյունաբերական և տրանսպորտային օբյեկտներ կառուցելու, արդյունաբերության առանձին ճյուղեր զարգացնելու վերաբերյալ։ Այդպիսի համագործակցության օրինակ կարող են ծառայել ածխի, պղնձի և ծծմբի արտադրության զարգացումը Լեհաստանում, կալիումական աղերինը՝ Բուլղարիայում, նիկելինը՝ Կուբայում, էլեկտրակայանների գործարկումը Ռումինիայում, Ուստ-Իլիմսկի թաղանթանյութի-թղթի համալիրի, Կիեմբաևսկի հանքահարստացուցիչ կոմբինատի, Օրենբուրգ—ԽՍՀՄ արևմտյան սահման գազամուղի կառուցումը ԽՍՀՄ-ում, «Դրուժբա» նավթամուղի կառուցումը և «Միր» միացյալ էներգահամակարգի ստեղծումը եվրոպական սոցիալիստական երկրներում և այլն։ ԽՍՀՄ առևտրատնտեսական կապերի մեջ էր աշխարհի 131 երկրի հետ։ Նրա արտաքին առևտրի շրջանառության ծավալը 1979 թվականին կազմել է 80, 3 միլիարդ ռուբլի, որից սոցիալիստական երկրների հետ՝ 45, 1 միլիարդ ռուբլի, այդ թվում ՏՓԽ-ի անդամ երկրների հետ՝ 41, 7 միլիարդ ռուբլի։ Սոցիալիստական երկրների տնտեսական ինտեգրացիայում զգալիորեն աճել է Տնտեսական համագործակցության միջազգային բանկի և Միջազգային ինվեստիցիոն բանկի դերը։ Միջազգային տնտեսական համագործակցության մեջ իր բաժինն ունի նաև Հայաստանը։ Հայ մասնագետները նախագծել և իրականացրել են էլեկտրատեխնիկական գործարանի կառուցումն ու շահագործումը Բաղդադում (Իրաք)։ Հայաստանը մասնակցել է Ասուանի (Եգիպտոս) հիդրոհամալիրի, Նաղլուի (Աֆղանստան) հիդրոէլեկտրակայանի, Հինդիկուշի (Հնդկաստան) բարձր լեռնային ավտոճանապարհի, ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի այլ երկրներում ԽՍՀՄ-ի օգնությամբ բազմաթիվ օբյեկտների կառուցմանը։ ՀԽՍՀ-ում արտադրված տրանսֆորմատորները, մետաղահատ հաստոցները, սինթետիկ կաուչուկը, գորգերը, կոնյակները, աղանդերային գինիները և այլ արտադրատեսակներ լայն ճանաչում ունեին համաշխարհային շուկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 581 CC-BY-SA-icon-80x15.png