Ամորտիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամորտիզացիան իրենից ներկայացնում է հիմնական կապիտալի արժեքի աստիճանաբար փոխանցումը ստացվող արդյունքին:

Ամորտիզացիա, մաշվածքամարում։ Նշանակում է

  • իրական ակտիվի (օրինակ՝ հիմնական արտադրական ֆոնդերի) արժեքի մասի ամենամյա դուրսգրումը, մարումը, մեքենաների, սարքավորման, շենքերի արժեքի փոխանցումը պատրաստի արտադրանքի վրա, վաղաժամկետ դուրսգրումը (մաշվածքից ավելի արագ) հնարավորություն է տալիս արագորեն թարմացնել, նորացնել հիմնական ֆոնդերը
  • վարկի փուլային մարումը որոշակի գրաֆիկին համաձայն

Հիմնական ֆոնդերի արժեքի մաս առ մաս փոխանցումը (մաշվելու համեմատ) դրանց միջոցով արտադրվող արդյունքին և այդ արժեքի օգտագործումը՝ աշխատանքի միջոցների մաշվածքը փոխհատուցելու համար։ Հիմնական ֆոնդերի ամորտիզացիան աշխատանքի միջոցների այն մասն Է, որը մաշվելուն համեմատ նրանցից անջատվում Է, փոխանցվում արդյունքի մեջ՝ նախապես գոյություն ունենալով որպես անավարտ արտադրության, այնուհետև՝ պատրաստի ապրանքային արտադրանքի արժեքի մաս, իսկ վերջինիս իրացումից հետո դրամական գումար՝ նախատեսված մաշումը փոխհատուցելու համար։

Հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա անհրաժեշտությունը բխում է վերարտադրության պրոցեսում հիմնական ֆոնդերի մասնակցության առանձնահատկություններից հիմնական ֆոնդերը գործում են արտադրության մի շարք պարբերաշրջանների ընթացքում՝ պահպանելով իրենց բնաիրային ձևը։ Արդյունքի յուրաքանչյուր միավորի արժեքը պարունակում է հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա, սւյսինքն՝ հիմնական ֆոնդերի սկզբնական (եթե կատարվել է վերագնահատում, ապա վերականգնման) արժեքի մի մասը։ Համապատասխանաբար, որոշակի մեծության հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա է պարունակում և ձեռնարկության տարեկան հասույթը։ Հիմնական ֆոնդերի օգտագործման ժամկետը լրանալուց հետո նրանց յուրաքանչյուր տարրի արժեքն ամբողջությամբ վերադառնում է դրամական ձևով, այսինքն՝ ավարտում է իր պտույտը, և հիմնական ֆոնդերը փոխհատուցվում են արժեքային արտահայտությամբ։ Բնաիրային ձևով հիմնական ֆոնդերը վերարտադրվում են մասնակիորեն (կապիտալ նորոգում) և ամբողջովին (նորացում)։ Հիմնական ֆոնդերի արժեքային մաշվածքին զուգընթաց գոյանում է փոխհատուցման ֆոնդ, որը կոչվում է ամորտիզացիոն ֆոնդ։ Այդ ֆոնդը ստեղծվում է ամենամսյա ամորտիզացիոն մասհանումների միջոցով՝ պետության սահմանած նորմաներով։ Գիտականորեն հիմնավորված ամորտիզացիոն նորմաների սահմանումը ենթադրում է հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն ժամանակ աշրջանի (ծառայության ժամկետի) որոշումը՝ հաշվի առնելով ինչպես դրանց ֆիզիկական, այնպես էլ բարոյական մաշումը։ Գործող նորմաների կարևորագույն առանձնահատկությունն այն Է, որ գրեթե լրիվ հաշվի են առնում սարքավորումների բարոյական մաշումը, ինչպես նաև միջին նորոգման ծախսերը, որ տարեկան կատարվում են մեկ անգամից ոչ ավելի և իրենց տնտեսական բնույթով չեն տարբերվում կապիտալ նորոգումից։ Ամորտիզացիոն մասհանումները մտնում են արտադրանքի ինքնարժեքի մեջ՝ բաժանվելով երկու մասի՝ հիմնական ֆոնդերի լրիվ փոխհատուցման և դրանց մասնակի նորոգման համար։ Ընդ որում, առաջանցիկ տեմպերով աճում են հիմնական ֆոնդերի նորացման մասհանումները։

Ժամանակակից պայմաններում առավել տարածված են ամորտիզացիայի հետևյալ մեթոդները։

Գծային ամորտիզացիայի մեթոդ - նշանակում է հիմնական կապիտալի տարրերի արժեքի դուրս գրում պատրաստի ապրանքի արժեքին` տարբեր մասերով օգտագործման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում։ Դրա շնորհիվ ձեռնարկությունները հնարավորություն են ստանում նվազագույնի հասցնել ծախսերը և մեծացնել շահույթը` միայն շրջանառու կապիտալի ծախսերի կրճատման հաշվին։ Մաշվածքի գումարը, ըստ օգտակար շահագործման տարիների, բաշխվում է հավասար մասերով և արտահայտվում է կայուն չափերով` ըստ ամբողջ ժամանակաշրջանի։ Ամորտիզացիոն հատկացումների գումարը որոշելու համար պահանջվում է ունենալ համապատասխան ակտիվի սկզբնական արժեքը, նրա օգտակար շահագործման տևողությունը` արտահայտված տարիներով և, անհրաժեշտության դեպքում, նաև մնացորդային արժեքի գնահատականը։

Ամորտիզացիայի նվազող մնացորդի մեթոդ - բնութագրվում է հիմնական կապիտալի արժեքի արագացված դուրս գրմամբ` թողարկվող արտադրանքին։ Այս դեպքում հիմք է ընդունվում հաշվեկշռային արժեքը տվյալ պահին։ Սովորաբար ամորտիզացիայի նորման բարձրացվում է արագացման գործակցով։ Արդյունքում ակտիվի շահագործման առաջին տարիներին ամորտիզացիան կատարվում է մեծ չափերով, որ այնուհետև տարեց տարի նվազում է։ Ամորտիզացիայի նվազող մնացորդի մեթոդը հիմնված ակտիվ հիմնական միջոցների արտադրողականության վրա, որը հնարավորություն է տալիս ձևավորել արտադրության հավասարաչափ  ծախսեր արտադրանքի միավորի հաշվով, հետևաբար, չի հանգեցնում գների բարձրացմանը, պահանջարկի ու իրացման ծավալների կրճատմանը։

Վերագնահատման մեթոդով մաշվածքի հաշվարկումը կառուցված է ըստ ակտիվների վերագնահատված արժեքի։ Վերագնահատումից հետո ոչ ընթացիկ ակտիվների մաշվածքի գումարը պետք է հաշվարկվի նոր արժեքից ելնելով։  Մաշվածքի հաշվարկման ժամանակ ոչ գծային մեթոդների կիրառման փորձը նախատեսում է պակասեցվող մնացորդի որոշման բազմակիություն։

Ընդհանրապես ամորտիզացիայի նորմաները սահմանվում են կազմակերպությունների կողմից, պայմանավորված օգտակար ծառայության ժամկետներով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 327 CC-BY-SA-icon-80x15.png