Հաշվապահական հաշվառում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաշվապահական հաշվառման առարկան և նրա կարևորագույն օբյեկտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվապահական հաշվառում առարկան հասկանալու և սահմանելու համար պետք է պարզել, թե ինչն է հանդիսանում հաշվառման օբյեկտը։ Հաշվառման օբյեկտ հանդիսանում են բիզնեսի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները և դրանց գոյացման աղբյուրները։ Ցանկացած տիպի գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ներդրված կապիտալ (սեփական), որը աղբյուր է տնտեսական միջոցների (մեքենաներ, սարքավորումներ, գույք, նյութեր) ձեռք բերելու համար։ Սեփական կապիտալի անբավարարության դեպքում, բիզնեսի կազմակերպման համար օգտագործում են փոխառու (ներգրավված) աղբյուրներ (բանկի կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերը, ստացված փոխառությունները և այլն)։ Տնտեսական գործունեության ընթացքում կազմակերպությունը ձեռք է բերում որոշակի պարտավորություններ մատակարարի նկատմամբ, խախտողների նկատմամբ և այլն։ Կազմակերպության տնտեսական միջոցները և դրանց գոյացման աղբյուրները տնտեսական գործառնությունների հետևանքով անընդհատ գտնվում են շարժի և փոփոխության մեջ։ Այսպիսով, հաշվապահական հաշվառման առարկան բիզնեսի կազմակերպման համար օգտագործվող տնտեսական միջոցներն են, դրանց գոյացման աղբյուրները, ինչպես նաև գործունեության ժամանակ տեղի ունեցող բոլոր տնտեսական գործառնությունները։

Տնտեսական միջոցների և դրանց գոյացման աղբյուրների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության տնտեսական միջոցները ըստ իրացվելիության աստիճանի՝բաժանվում են 2 խմբի՝

  1. երկարաժամկետ (ոչ ընթացիկ) ակտիվներ
  2. կարճաժամկետ (ընթացիկ) ակտիվներ

Ոչ ընթացիկ ակտիվները 1 տարուց ավելի օգտագործվող այն միջոցներն են, որոնք ձեռք են բերվում երկարաժամկետ օգտագործման նպատակով և որոնց օգտագործումից ակնկալվում է ստանալ շահույթ։ Ոչ ընթացիկ ակտիվները նախատեսված չեն վաճառքի համար։ Դրանց թվին դասվում են շենքերը, սարքավորումները, գույքը, համակարգչային ծրագրերը, լիցենզիաները և այլն։ Ընթացիկ են կոչվում այն միջոցները, որոնք վաճառվում, օգտագործվում և սպառվում են 12 ամսից պակաս ժամկետում։ Ընթացիկ ակտիվներ են հանդիսանում նյութերը, արտադրանքը, ապրանքները, վաճառքի գծով դեբիտորական պարտքերը, դրամական միջոցները և այլն։ Կազմակերպության տնտեսական միջոցների գոյացման աղբյուրները բաժանվում են 2 խմբի՝

  1. սեփական կապիտալ
  2. պարտավորություններ

Սեփական կապիտալը հիմնադիրների կողմից ներդրված կապիտալն է, բիզնեսի արդյունքում ստացված շահույթը, շահույթի հաշվին ձևավորված պահուստները և այլն։ Պարտավորություններն իրենց հերթին բաժանվում են 2 խմբի՝

  1. ոչ ընթացիկ պարտավորություններ
  2. ընթացիկ պարտավորություններ

Ոչ ընթացիկ պարտավորությունը ժամկետային այն պարտավորությունն է, որը պետք է մարվի մեկ տարուց ավելի ժամկետում։ Դրանք են բանկի երկարաժամկետ վարկերը, երկարաժամկետ ստացված փոխառությունները և այլն։ Ընթացիկ պարտավորությունը այն ժամկետային պարտավորությունն է, որը գոյանում է գործառնական գործունեության ժամանակ և մարվում են 12 ամսից պակաս ժամկետում։ Դրանք են բանկի կարճաժամկետ վարկերը, գնումների գծով կրեդիտորական պարտքերը(մատակարար), աշխատավարձի գծով կրեդիտորական պարտքերը և այլն։

Հաշվապահական հաշվառման մեթոդը և նրա հիմնական տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ամեն մի գիտություն, հաշվապահական հաշվառման մասին գիտությունը նույնպես ունի իր ուսումնասիրման առանձնահատուկ եղանակները, որոնց ամբողջությունը կազմում է նրա մեթոդի բովանդակությունը։ Այդ առանձնահատուկ եղանակները կոչվում են հաշվապահական հաշվառման մեթոդի տարրեր։ Դրանք են՝

  1. հաշվապահական հաշվեկշիռ
  2. ֆինանսական հաշվետվություն
  3. հաշվապահական հաշիվներ
  4. կրկնակի գրանցման եղանակ
  5. փաստաթղթավորում
  6. գույքագրում
  7. գնահատում
  8. կալկուլյացիա

Հաշվապահական հաշվեկշիռը կազմակերպության տնտեսական միջոցների և դրանց գոյացման աղբյուրների արտացոլումն է որոշակի ժամկետում դրամական արտահայտությամբ։ Այն կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր կազմակերպության տնտեսական գործունեությունը հաշվառելու, կառավարելու, վերահսկելու և համապատասխան օգտագործողներին հաշվետվություն ներկայացնելու համար։ Յուրաքանչյուր կազմակերպություն հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմում է ֆինանսական հաշվետվություն, որը կազմված է մի շարք ձևերից։ Հաշվետվության ձևերից առաջինը հաշվապահական հաշվեկշիռն է։ Ֆինանսական հաշվետվության նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ներկայացնում է այդ հաշվետվությունը օգտագործողներին (բաժնետերերը, կառավարող անձնակազմը, կազմակերպության աշխատողները, պետական մարմինները և այլն), որը նրանց անհրաժեշտ է տնտեսական որոշումներ կայացնելու համար։ Ֆինանսական հաշվետվությունը բացի հաշվապահական հաշվեկշռից ընդգրկում է նաև հաշվետվության մի շարք այլ ձևեր, որոնք արտացոլում են կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական գործունեության կարևոր կողմերը։ Կազմակերպության տնտեսական գործունեության գործընթացում անընդհատ փոփոխությունների են ենթարկվում նրա ակտիվները, սեփական կապիտալը և պարտավորությունները։ Այդ փոփոխությունների ընթացիկ հաշվառումը կազմակերպելու նպատակով ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների առանձին խմբերի, ենթախմբերի և տեսակների համար բացվում են առանձին հաշվապահական հաշիվներ։ Դրանք հատուկ ձևի և բովանդակության, 2 կողմից բաղկացած աղյուսակներ են, որոնց մեջ գրանցվում են մնացորդները և կատարված փոփոխությունները։ Հաշվետու ժամանակաշրջանի վերջում որոշվում է յուրաքանչյուր հաշվի մնացորդը և ստացված մնացորդներով կազմվում է հաշվեկշիռ։ Հաշվապահական հաշիվներում տնտեսական գործառնությունների հետևանքով առաջացած փոփոխությունները գրանցվում են կրկնակի գրանցման եղանակով, այսինքն՝ գործառնության գումարը միաժամանակ գրանցվում է 2 տարբեր հաշիվներում։ Հաշիվներում գրանցումներ կատարելու այս եղանակը յուրահատուկ է միայն հաշվապահական հաշվառմանը։ Կրկնակի գրանցման եղանակը հնարավորություն է ստեղծում ստուգելու կատարված գրանցումների ճշտությունը և ապահովում է գործառնությունների փոխադարձ կապի արտացոլումը։ Կազմակերպությունում կատարված յուրաքանչյուր գործառնության համար լրացվում է համապատասխան ձևի փաստաթուղթ։ Գործառնությունների առաջացրած փոփոխությունները հաշիվներում գրանցվում են այդ փաստաթղթերի հիման վրա։ Փաստաթղթերի կազմումը կոչվում է փաստաթղթավորում կամ սկզբնական հաշվառում։ Կազմակերպության միջոցների կազմում առաջացած որոշ փոփոխություններ հաշվառելու, դրանց առկա չափը որոշելու համար կատարվում է գույքագրում։ Գույքագրումը հատկապես կարևոր նշանակություն ունի ապրանքանյութական, գույքային և դրամական միջոցների չափը որոշելու, նյութական պատասխանատու անձանց վստահված արժեքների պահպանումը ստուգելու համար՝ օգտվելով ընթացիկ հաշվառման տվյալներից կարելի է պատասխանել այն հարցին, թե տվյալ պատասխանատու անձի մոտ որքան արժեքներ պետք է լինեն այս կամ այն պահին, բայց թե իրականում որքան են այդ արժեքները, կարելի է պարզել միայն գույքագրման միջոցով։