Կառավարչական հաշվառում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կառավարչական հաշվառում, տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման, հավաքագրման, վերլուծության, վերամշակման և դրանք կառավարչական անձնակազմին փոխանցելու գործընթաց, որն օգտագործվում է կազմակերպության գործունեության պլանավորման, կազմակերպման և կառավարման համար։

Կազմակերպությունները անընդհատ ստանում են ահռելի քանակությամբ օպերատիվ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է դասակարգել և խմբավորել, որի հիման վրա էլ անհրաժեշտ է կայացնել կառավարչական որոշումներ։ Կառավարչական հաշվառումը զբաղվում է հենց այդ տեղեկատվության հավաքագրմամբ, վերամշակմամբ և վերլուծությամբ։ Այսպիսով այն նախատեսված է ներքին կառավարչական խնդիրները լուծելու, արտադրանքի թողարկման ծախսումների օպերատիվ հաշվառման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կառավարչական օղակներին տեղեկատվության տրամադրման համար։ Կառավարչական հաշվառման տեղեկատվութունը տրամադրվում է միայն կազմակերպության տեղեկատվության ներքին օգտագործողներին` ղեկավարներին, ֆինանսական ստորաբաժանման աշխատակիցներին և թույլատվություն ունեցող այլ անձանց։ Ընդ որում այս տվյալները գաղտնի են, հետևաբար դրանք չեն կարող օգտագործվել տեղեկատվության արտաքին օգտագործողների կողմից։

Կառավարչական հաշվառման ծագում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարչական հաշվառումը, ըստ մասնագիտական գրականության, առաջացել է Մեծ Բրիտանիայում 1875 թվականին։ Իր զարգացումը ստացել ԱՄՆ-ում 1928 թվականի ճգնաժամի տարիներին, որում զգալի դեր է խաղացել հաշվապահների ազգային ասոցիացիան։ Հետպատերազմյան շրջանում պարզ է դառնում, որ հաշվապահական հաշվառումը ակտիվ ներգրավվածություն է ունեցել կառավարչական քաղաքականության ձևավորման և կատարման գործում, իսկ հաշվապահն ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել կանխատեսումներին, պլանավորմանը, որոշումների կայացմանը և ինֆորմացիա տրամադրող օղակների վերահսկմանը։

Կառավարչական հաշվառման ստեղծման գործում էական դեր է խաղացել կալկուլյացիոն հաշվառման առանձնացումը և երկու՝ ֆինանսական և կառավարչական հաշվառումների ստեղծումը։ Այս փաստը մեծ նշանակություն է ունեցել նաև ազգային հաշիվների ձևավորման վրա, որի պատճառով ավելի մեծ դեր է տրվել ամերիկյան կապիտալին։

Կառավարչական հաշվառում բառի բացատրությունը երկու մոտեցում ունի։ Առաջինը կապված է անգլ.՝ management accounting տերմինի հետ, իսկ երկրորդը՝ եվրոպական անգլ.՝ controlling բառի հետ։ Առաջին տերմինը կարող է թարգմանվել, որպես հաշվառման կազմակերպում` ելնելով կառավարման օղակների կարիքներից։ Այս դեպքում կառավարչական հաշվառումը ոչ միայն տեղեկատվության հավաքագրման և վերլուծության համակարգ է, այլ նաև բյուջետավորման, ստորաբաժանումների գործունեության գնահատման համակարգ։ Կապված երկրորդ տերմինի հետ կառավարչական հաշվառումը ինչպես ծախսերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և մեկնաբանման համակարգ է, այնպես էլ առանձին և լայն ոլորտ, որը զբաղվում է ձեռնարկության գործունեության վերահսկմամբ։

Կառավարչական հաշվառման տեղեկատվության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարչական հաշվառման մեջ օգտագործվում են ինչպես ամբողջական, այնպես էլ ոչ ամբողջական տեղեկություններ հետազոտվող օբյեկտի վերաբերյալ։ Ամբողջական տեղեկությունը ենթակա է արագ վերամշակման և հաճախ լինում է բավարար մի շարք ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Կառավարչական հաշվառման տեղեկությունները պետք է ունենան մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես`

  • կրճատություն, որը պետք է լինի կարճ և կոնկրետ և իր մեջ չպարունակի ավելորդ ոչինչ,
  • ճշգրիտ, որի օգտագործողը պետք է վստահ լինի դրա ճշմարտացիությանը,
  • օպերատիվ, որի տեղեկատվությունը պետք է լինի պատրաստ յուրաքանչյուր պահին օգտագործվելու համար,
  • վերլուծական բնույթի, որի ինֆորմացիան պետք է թույլ տա արագ վերուծություն իրականացնել և լինի քիչ ժամանակատար,
  • օգտակար, որի տեղեկությունը պետք է գրավի ղեկավարների ուշադրությունը դեպի հնարավոր ռիսկային ոլորտներ և թույլ տա օբյեկտիվորեն գնահատել կատարված աշխատանքը։

Կառավարչական հաշվառման էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարչական հաշվառումը բնութագրել են ռուս տնտեսագետներ Կառպովը, Վախռուշինան, Շերեմետը և նրա սահմանումը տվել են իր հիմնական գործառույթներին և նպատակներին անդրադառնալու միջոցով։ Մասնավորապես.

Կառավարչական հաշվառումը հաշվապահական հաշվառման ենթահամակարգ է, որը կազմակերպությանը ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությամբ, որի միջոցով իրականացվում է կազմակերպության գործունեության կազմակերպում և վերահսկում։ Այս գործընթացը ներառում է ինֆորմացիայի հայտնաբերում, գնահատում, հավաքագրում, վերլուծում, մեկնաբանում և փոխանցում կառավարչական օղակներին, որտեղ այս տեղեկություններն օգտագործվում են կառավարչական որոշումների կայացման նպատակով։

Ըստ Ա.Դ.Շերեմետի՝ կառավարչական հաշվառումը ծախսերի և եկամուտների հաշվառման համակարգ է, նորմավորված, պլանավորված վերահսկման և վերլուծության իրականացման համար, որը համակարգում է օպտիմալ կառավարչական որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկությունները։

Տ.Պ.Կառպովան այն բնութագրել է որպես հաշվապահական հաշվառման ինքնուրույն ուղղություն, որն ապահովում է կազմակերպության գործունեության պլանավորման, կառավարման, վերահսկման և նրա նպատակների գնահատման համար անհրաժեշտ ինֆորմացիոն բազան։

Մ.Ա.Վախռուշինան կառավարչական հաշվառումը ներկայացնում է որպես տեղեկատվության հավաքագրման, համակարգման և մեկնաբանման համակարգ է, որի վերջնական նպատակը կազմակերպության կառավարչական օղակներին տեղեկատվության տրամադրումն է, որի հիման վրա էլ` կառավարչական որոշումների կայացումը։

Կառավարչական հաշվառման առարկա, օբյեկտներ և սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարչական հաշվառումը ինչպես և յուրաքանչյուր գիտություն ունի իր առարկան, սկզբունքները, օբյեկտները, նպատակները և խնդիրները։ Կառավարչական հաշվառման առարկան են ինչպես ողջ կազմակերպության, այնպես էլ նրա առանձին ստորաբաժանումների արտադրական գործունեությունը։ Վերջերս կազմակերպության համար ավելի արդիական է չհիմնավորված ծախսերի կասեցումը, քան ճիշտ և լրիվ ինքնարժեքի որոշումը։ Այս խնդրի լուծումը` դարձավ ստանդարտ-քոսթինգ համակարգի առաջացումը, որը համեմատում է փաստացի տվյալները նորմատիվայինների հետ։ Կառավարչական հաշվառման օբյեկտներն են ողջ կազմակերպության և պատասխանատվության կենտրոնների ծախսերը, տնտեսական գործունեության արդյունքները, գնագոյացումը, բյուջետավորումը և ներքին հաշվետվությունները։

Կառավարչական հաշվառման սկզբունքներն են'"`

  • փոխկապվածությունը, որի տեղեկությունների հավասարակշռված լինելը պայմանավորված է թե՛ ներքին և թե՛ արտաքին տեղեկատվության ստացման աղբյուրներից։ Ինֆորմացիան ներմուծվում է միմյանց հետ ֆունկցիոնալ առումով փոխկապակցված ստորաբաժանումներից, մասնավորապես տեխնիկական, արտադրական, ֆինանսական և այլ ստորաբաժանումներից,
  • պատասխանատվություն, որը պատասխանատու է օպտիմալ կառավարչական որոշումներ կայացնելու համար,
  • հավաստիություն, որի տվյալները պետք է լինեն կոնկրետ և ճշմարիտ։
  • անընդհատություն, այսինքն ինֆորմացիան պետք է լինի ճշգրիտ, հասկանալի, որակյալ և ժամանակին ներկայացվի կառավարչական անձնակազմին։

Կառավարչական հաշվառման ֆունկացիաներ, նպատակներ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարչական հաշվառման ֆունկցիաներն են`

  • պլանավորում, որը կառավարման կարևոր տարրերից է։ Կազմակերպության ղեկավարները սահմանում են հեռանկարային նպատակներ և որոշում են դրանցից յուրաքանչյուրի առաջնայնությունը։ Օպերատիվ պլանավորման ժամանակ ամեն ստորաբաժանման ղեկավար պատասխանատվություն է կրում իր բաժնի առաջ սահմանված նպատակների կատարման համար և կազմակերպության ընդհանուր խնդիրների լուծման մեջ ունենում է իր ուրույն ավանդը։ Պլանավորման ընթացքում կոորդինացվում են բոլոր ստորաբաժանումների ղեկավարների ուժերը մեկ միասնական նպատակի հասնելու համար,
  • ներքին կառավարման կազմակերպում, ըստ որի, կառավարչական հաշվառումը ապահովում է ինֆորմացիայի շրջանառությունը տարբեր կառավարչական օղակների միջև, որը թույլ է տալիս կառավարել խնդիրների կատարման հաջորդականությունը, կայացնել օպտիմալ կառավարչական որոշումներ,
  • հաշվառում և վերահսկողություն, ըստ որի, հաշվառումը վարվում է հաշվապահական հաշվառման հաշիվների հիման վրա, չնայած սրա կառավարչական հաշվառումը տարբերվում է ֆինանսական հաշվառումից մի շարք առանձնահատկություններով, մասնավորապես կառավարչական որոշումների կայացման համար անհրաժեշտ են լրացուցիչ տվյալներ, որոնք հավաքագրվում են արտաքին աղբյուրներից։ Հենց սրանում է կայանում այս երկու հաշվառումների տարբերությունը` բազմազան աղբյուրներից հավաքագրված տեղեկատվություն և դրանց վերամշակման առանձնահատւկ մեթոդներ,
  • գնահատում, որը կազմակերպության գործունեության արդյունքների և աշխատակազմի կատարած աշխատանքների արդյունավետության գնահատումն է,
  • կոորդինացում և ինֆորմացիայի փոխանակում, որը կառավարչական հաշվառումն ընդգրկում է կազմակերպության բոլոր օղակները, պլանավորում է յուրաքանչյուր ստորաբաժանման խնդիրները, տեղեկատվությունը փոխանցելով օղակ առ օղակ։ Ընդհանուր խնդիրների իրագործման ժամանակ բաժնի ղեկավարները պարտավոր են համաձայնեցնել իրենց գործողությունները միմյանց հետ,
  • կառավարչական օղակների համար ինֆորմացիայի ձևավորում և տրամադրում։

Կառավարչական հաշվառման խնդիրներն են`

  • նյութական, ֆինանսական, աշխատանքային ռեսուրսների առկայության և շարժի հաշվառում և ներկայացում կառավարչական օղակներին,
  • ծախսերի և եկամուտների հաշվառում,
  • ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման ռեզերվների բացահայտում,
  • տնտեսական գործունեության վերահսկողության նպատակով ինֆորմացիայի ապահովում։

Կառավարչական հաշվառման նպատակներն են՝

  • կառավարչական պրոցեսի կողմնորոշում դեպի հիմնական նպատակների իրագործում,
  • կազմակերպության գործունեության արդյունավետության գնահատում,
  • ծախսերի վերահսկում
  • կազմակերպության գործունեության արդյունքների մեկնաբանում և ներկայացում,
  • շահույթի մաքսիմալացում,
  • բյուջեի պլանավորում/կառավարում,
  • ռազմավարութան մշակում և կառավարչական որոշումների կայացում,
  • ռազմավարության ներդրում,
  • նոր ինֆորմացիոն համակարգերի մշակում և ներդրում։

Կառավարչական հաշվառման «Դիրեքթ քոսթինգ» մեթոդի էությունը

Հայտնի փաստ է որ նոր արտադրահարաբերությունները պահանջում են նոր մոտեցումներ, այդպիսի մոտեցումներից է հանդիսանում՝ «Դիրեքթ-քոսթինգ» մեթոդը։  Ոչ լրիվ ծախսումներով ինքնարժեքի՝ «Դիրեքթ-քոսթինգ» մեթոդի էությունը կայանում է նրանում, որ ծախսումները բաժանվում են հաստատուն և փոփոխուն բաղադրատարրերի, ընդ որում հաստատուն ծախսումները համարվում են ժամանակաշրջանի ծախսեր, չեն բաշխվում արտադրատեսակների միջև և վերագրվում են ֆինանսական արդյունքին։ Որպես հետևանք այս ծախսումները ավելի արագ են վերագրվում արդյունքին, քան լրիվ ծախսումներով հաշվառման դեպքում, ընդ որում՝ պատրաստի արտադրանքի մնացորդը և անավարտ արտադրանքը գնահատվում են միայն փոփոխուն ծախսումներով։ Փոփոխուն ծախսումները հստակեցվում են ըստ պատրաստի արտադրատեսակների, հաստատուն ծախսումները հավաքագրվում են առանձին հաշիվներում և վերագվում այն հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքին, որում ծագել են։ Եթե յուրաքանչյուր արտադրատեսակի հասույթի գումարից հանենք փոփոխուն ծախսումները այդ արտադրատեսակի գծով, ապա կստանանք այդ արտադրատեսակի գծով մարժինալ շահույթը։ Գումարելով բոլոր արտադրատեսակների մարժինալ շահույթները՝ կարելի է ստանալ ամբողջ սահմանային շահույթի մեծությունը, որը նախատեսված է հաստատուն ծախսումների ծածկման համար։ « Մարժինալ շահույթ»  արտահայտությունը թարգմանվում է որպես «սահմանային շահույթ»։[1] Փոփոխուն ծախսումների համակարգը առավել ճկուն է։

«Դիրեքթ-քոսթինգ» մեթոդն ունի մի շարք առանձնահատկություններ.

  • Արտադրական ծախսումները ստորաբաժանվում են հաստատունի և փոփոխունի,
  • Արտադրված և իրացված արտադրանքի ինքնարժեքը հաշվարկվում է միայն փոփոխուն ծախսումներով,
  • Անավարտ արտադրության և պատրաստի արտադրանքի պաշարները գնահատվում են միայն փոփոխուն ծախսումներով,
  • Առանձին է տարվում հաստատուն ծախսումների հաշվառումը և նրանց միջոցով նվազեցում է սահմանային շահույթը,
  • Այս եղանակով ստացված արտադրական փոփոխուն ինքնարժեքի և իրացման գնի համեմատումը նպատակ ունի որոշելու տարբերությունը փոխհատուցելու համար հաստատուն ծախսումներն ու հաստատուն ծախսերը,
  • Հաշվառումը մշտապես ուղղված է վերջնական արդյունքին,
  • Փոփոխուն ծախսումների հաշվառումը տարվում է ըստ արտադրատեսակների,
  •  Ըստ արտադրատեսակների սահմանային շահույթի որոշումը գների և գնագոյացման օպերատիվ կառավարման գործընթացի հիմքն է:[2]

«Դիրեքթ-քոսթինգ» մեթոդը հնարավորություն է տալիս բարձրացնելու ներքին կառավարման համակարգի արդյունավետությունը վերլուծելով փոփոխուն ծախսումների ցուցանիշները, որոնցով ընդունվում են ընթացիկ որոշումներ, և համեմատել այդ ցուցանիշները համապատասխան նորմատիվների հետ։ Ինքնարժեքի կալկուլյացիան դառնում է պարզ և օբյեկտիվ, քանի որ վերանում է անուղղակի ծախսումների պայմանական բաշխման անհրաժեշտությունը։ Փոփոխուն ծախսումներով ինքնարժեքի կալկուլյացիան նախատեսում է հաստատուն ծախսումների անփոփոխ մեծություն արտադրության ցանկացած ծավալի դեպքում, այդ իսկ պատճառով էլ հիմնական ուշադրությունը կառավարչական հաշվառման մեջ հատկացվում է հաստատուն ծախսումներին, և կազմակերպության ղեկավարող օղակները ուժեղացնում են վերահսկողությունը այդ ծախսումների կառավարման նկատմամբ։ Այն հնարավորություն է ստեղծում ինքնարժեքը համեմատելու տարբեր ժամանակաշրջանների ինքնարժեքների հետ, սահմանային շահույթները սահմանային շահույթների հետ։ Ընդ որում կազմակերպության կառուցվածքի փոփոխությունը չի ազդում փոփոխուն ինքնարժեքի վրա։

  Ինչպես նշվել է, «Դիրեքթ-քոսթինգ» մեթոդի հիմնական առանձ-նահատկությունը այն է, որ արտադրանքի թողարկման և իրացման ծախսերը ստորաբաժանվում են երկու խոշոր խմբի՝ փոփոխուն և հաստատուն, ընդ որում հաստատուն ծախսումները համարվում են ժամանակաշրջանի ծախս և վերագրվում ֆինանսական արդյունքին, իսկ արտադրանքի ինքնարժեքի մեջ մտնում են միայն փոփոխուն ծախսումները։ Պատրաստի արտադրանքի և անավարտ արտադրության մնացորդները հաշվառվում են միայն փոփոխուն ծախսումներով։

«Դիրեքթ-քոսթինգի» լայնորեն կիրառումը հիմնված է այն փաստի վրա, որ ծախսերը հաշվառվում են այն եկամուտներին համապատասխան, որոնց ստացման համար կատարվել են։

«Դիրեքթ-քոսթինգի» առավելություններից են՝

  • Համամասնությունների սահմանումը արտադրության ծավալի և ծախսերի մեջ,
  • Արդյունավետ գնային քաղաքականության իրականացման հնարավորությունը,
  • Արտադրատեսակների շահութաբերության շեմերի գնահատումը,
  • Սահմանային շահույթի փոփոխությունների բացահայտումը ինչպես ամբողջ կազմակերպության մակարդակով, այնպես էլ ըստ առանձին արտադրատեսակների,
  • Ֆինանսական հաշվետվությունների մեջ շահույթի փոփոխության արտացոլումը ի հաշիվ փոփոխուն ծախսումների, իրացման գնի և թողարկվող արտադրատեսականու կառուցվածքի փոփոխության,
  • Արտադրատեսակների իրացման անվնասաբերության ծավալների որոշումը,
  • Յուրաքանչյուր արտադրատեսակի գծով անվտանգության գոտու որոշումը,
  • Յուրաքանչյուր արտադրատեսակի գծով ցանկալի շահույթի մեծությանը համապատասխան իրացման ծավալի որոշումը։ [3]
  • Ինքնարժեքի կալկուլացիան դառնում է պարզ և օբյեկտիվ,
  • Հնարավորություն է տալիս բարձրացնել ներքին կառավարման արդյունավետությունը,
  • Հնարավորություն է տալիս ինքնարժեքը համեմատելու տարբեր ժամանակաշրջանների ինքնարժեքերի հետ, նույն ձև սահմանային շահույթը։

Այսպիսի վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտելու ցանկացած արտադրատեսակի գծով շահութաբերության շեմը, անվնասաբերության կետը, ֆինանսական կայունության պաշարը և հնարավորություն է տալիս համապատասխան վերլուծության միջոցով լիկվիդացնել վնասաբեր արտադրատեսակները:[4]

               «Դիրեքթ-քոսթինգի» թերություններն են՝

  • Նպատակահարմար է կարճաժամկետ իրավիճակների համար, քան երկարաժամկետ
  • Հաշվի է առնվում միայն ամբողջական փոփոխական ծախսերը իսկ ընդհանուր ծախսերը՝ ոչ։[5]

[1] Կառավարչական հաշվառում։ Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար։ Ա․Զ․Սարգսյան, Մ․Բ․Պողոսյան ։

[2] https://www.accountingtools.com/articles/2017/5/14/direct-costing

[3] http://accounting-financial-tax.com/2010/02/advantages-and-disadvantages-of-direct-costing/

[4] Կառավարչական հաշվառում։ Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար։ Ա․Զ․Սարգսյան, Մ․Բ․Պողոսյան ։

[5] http://accounting-financial-tax.com/2010/02/advantages-and-disadvantages-of-direct-costing/

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • К. Н. Алданиязов “Управленческий учет и анализ”
  • П. М. Мансуров “Управленческий учет”
  • М. К. Санин “Управленческий учет”
  • Е. И. Костюков “Бухгалтерский управленческий учет”
  • А. Е. Карпов “Постановка и автоматизация управленческого учета”
  • Ա. Զ. Սարգսյան, Մ.Բ. Պողոսյան «Կառավարչական հաշվառում»
  • Մերուժան Գալստյան «Ինքնարժեքի հաշվառում»
  • Ս. Ծ. Ղազարյան «Ֆինանսական արդյունքների կառավարչական հաշվառումը»