Հասարակական-տնտեսական կացութաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասարակական-տնտեսական կացութաձև, էկոնոմիկայի ճյուղ, տնտեսության տիպ, որի հիմքում արտադրության միջոցների սեփականության որոշակի ձևն է և դրան համապատասխանող արտադրական-տնտեսական հարաբերությունները։ Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիայում կարող են գոյություն ունենալ մեկ կամ մի քանի հասարակական-տնտեսական կացութաձևեր։ Այսպես, ստրկատիրության ծաղկման շրջանում, անգամ միևնույն պետության մեջ, որոշ ցեղերի մոտ պահպանվում էին նախնադարյան-համայնական հարաբերությունները՝ զարգացման տարբեր աստիճաններում։ Ֆեոդալիզմի ժամանակ պահպանվեցին և ստրկատիրական, և նախնադարյան, իսկ կապիտալիստական հարաբերությունների տիրապետության շրջանում՝ մինչկապիտալիստական ֆորմացիաներին յուրահատուկ գրեթե բոլոր հասարակական-տնտեսական կացութաձևերը։ Բազմակացութաձև հասարակարգերում կացութաձևերից որևէ մեկը, որպես կարգ, տիրապետող է, գերակշռող։ Միավորելով և իրեն ենթարկելով մնացած բոլոր հասարակական-տնտեսական կացութաձևերը՝ այն որոշում է հասարակարգի սոցիալ-տնտեսական բնույթը, դառնում նրա հիմքը, հենարանը։ Միաժամանակ, մինչսոցիալիստական ֆորմացիաների ընդերքում տիրապետող կացութաձևին զուգահեռ, տարերայնորեն ծագում և զարգանում են հասարակական-տնտական նոր ֆորմացիայի սաղմերը հանդիսացող կացութաձևերը։ Սակայն սոցիալիստական կացութաձևը, որպես տնտեսական հարաբերությունների ամբողջական համակարգ, չի կարող ծագել կապիտալիզմի ընդերքում, այն առաջանում է սոցիալիստական հեղափոխության հաղթանակի հետևանքով, արտադրության միջոցները հանրայնացնելու ուղիով։ Այդ պատճառով կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանի էկոնոմիկային բնորոշ է բազմակացութաձևությունը։ Դրանց թիվը պայմանավորված է տվյալ երկրի զարգացման առանձնահատկություններով, բայց սոցիալիստական, մանրապրանքային և մասնավոր կապիտալիստական կացութաձևերի առկայությունն անխուսափելի է։ Անցման շրջանում հնարավոր է նաև պետական կապիտալիստական, իսկ առավել թույլ զարգացած երկրներում՝ նահապետական կացութաձևերի գոյությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 251