Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

«Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամ» (ռուս.՝ Общий кризис капитализма), խորհրդային պրոպագանդայում լայնորեն օգտագործվող հասկացություն, որը բացատրվում է որպես «կապիտալիզմի համաշխարհային համակարգի հեղափոխական կործանման և համաշխարհային մասշտաբով սոցիալիզմին, կոմունիզմին անցնելու պատմականորեն օրինաչափ պրոցես»։ Սույ ձևակերպումն առաջին անգամ շրջանառվել է ԽՄԿԿ III ծրագրում։ Կապիտալիզմից սոցիալիզմին անցման հնարավորությունը այն փորձում է բացատրել արտադրողական ուժերի արդի բնույթով և զարգացման մակարդակով, արտադրության հանրայնացման բարձր աստիճանով, հակաիմպերիալիստական ուժերի համախմբմամբ, կապիտալիզմի ենթադրյալ բոլոր հակասությունների ծայրահեղ սրմամբ։ Իմպերիալիզմը փորձելով բնորոշել որպես պրոլետարիատի սոցիալիստական հեղափոխության նախօրյակ, բոլշևիկյան առաջնորդ Վլադիմիր Լենինը պնդում էր, որ կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամն անխուսափելի է։ Խորհրդային գաղափարախոսությամբ այն սկսվել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակով և պետք է ավարտվեր համաշխարհային մասշտաբով սոցիալիզմի և կոմունիզմի վերջնական հաստատմամբ։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամում պետք է նաև ընդգրկեր դրա տնտեսական և պետական կարգը, քաղաքականությունը, գաղափարախոսությունը, մշակույթը։

Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի էությունը բացատրվել է չորս հիմնական գծերով։

  • Առաջին գծով, աշխարհը պառակտվում է երկու հակադիր սոցիալ-տնաեսական համակարգերի՝ սոցիալիզմի ու կապիտալիզմի, և պայքար է ծավալվում դրանց միջև։ Իմպերիալիզմի դիրքերը ենթադրաբար թուլանում են, կրճատվում են կապիտալիզմի համաշխարհային համակարգի տիրապետության ոլորտները, իսկ դրան հակառակ պիտի ամրապնդվեր ու զարգանար սոցիալիզմի համաշխարհային համակարգը։
  • Երկրորդ գիծն այսպես կոչված իմպերիալիզմի գաղութային համակարգի ճգնաժամն էր և դրա քայքայումը։ Պետք է վերելք ապրեր գաղութային ժողովուրդների անկախության պայքարը, թուլանար իմպերիալիզմի դիրքերը, ճնշված երկրների ժողովուրդները պետք է ազատագրվեին իմպերիալիզմի տիրապետությունից։
  • Երրորդ գիծը կապիտալիստական գերտերությունների տնտեսական ներքին հակասությունների սրումն էր, դրա անկայունության ուժեղացումը։ Պետք է զանգվածային բնույթ ստանար կապիտալիզմի համաշխարհային տնտեսության ճգնաժամը, համաշխարհային շուկայում դժվարանում բարդանար ապրանքների իրացումը, խոչընդոտվեր կապիտալի արտահանումը, ավելի խճճվեր արժութային հարաբերությունները, քայքայվեին տնտեսական կապերը։
  • Չորրորդ գծում պետք է խորանար այսպես կոչված բուրժական քաղաքականության և գաղափարախոսության ճգնաժամը։ Ուժեղանար քաղաքական ռեակցիան, վերանային բուրժուա-դեմոկրատական ազատությունները, և հաստատվեին ֆաշիստական կարգեր, որոշ դեպքերում կատարվեին տակտիկական զիջումներ։

Ձևակերպման մեջ ընդգրկվում էին կապիտալիզմի ներքին հակասությունների սրման երկարատև միտումներ, նաև ժամանակավոր գործող պրոցեսներ (ինֆլյացիայի ուժեղացում, վճարունակ հաշվեկշռի վատթարացում, սոցիալ-տնտեսական ցնցումներ և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 261 CC-BY-SA-icon-80x15.png