Շվեյցարիայի ազգային բանկ
Տեսակ | կենտրոնական բանկ և հանրային ընկերություն |
---|---|
Երկիր | Շվեյցարիա |
Մասն է | The system of official statistics? |
Հիմնադրված է | հունիսի 20, 1907[1] |
Պաշտոնական կայք |
Շվեյցարիայի ազգային բանկ, Շվեյցարիայի կենտրոնական բանկը։ Բանկի անվանումը Շվեյցարիայի պաշտոնական լեզուներով՝ գերմ.՝ Schweizerische Nationalbank, ֆր.՝ Banque Nationale Suisse, իտալ.՝ Banca Nazionale Svizzera, ռոմանշ.՝ Banca Naziunala Svizra: Ըստ Ազգային բանկի մասին Շվեյցարիայի դաշնային օրենքի՝ Շվեյցարիայի կենտրոնական բանկը բաժնետիրական ընկերություն է՝ առանձնահատուկ կարգավիճակով[2]։
Բանկն ունի երկու գլխամասային գրասենյակ՝ Բեռնում և Ցյուրիխում։ Բանկի ներկայացուցչությունները գտնվում են Ժնևում, Բազելում, Լոզանում, Լուգանոյում, Լյուցեռնում և Սանկտ Գալլենում։ Շվեյցարիայի ազգային բանկը թողարկում է շվեյցարական ֆրանկի թղթադրամներ, իսկ մետաղադրամները թողարկում է Շվեյցարիայի դրամահատարանը։
Բանկի առաջնահերթ նպատակը երկրում տնտեսական իրավիճակին համապատասխան գնային կայունության ապահովումն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվականի մարտի 20-ին ազգային խորհրդատու Շերեր-Ֆուլերն առաջարկել է կենտրոնական բանկի ստեղծման օրինագիծ։ 1905 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունվել է Շվեյցարիայի ազգային բանկի մասին դաշնային օրենքը։ 1907 թվականի հունիսի 20-ին Շվեյցարիայի ազգային բանկն սկսել է իր գործունեությունը Բազելում, Բեռնում, Ժնևում, Սանկտ Գալլենում և Ցյուրիխում։ Նույն տարի բանկն սկսել է թողարկել շվեյցարական ֆրանկի թղթադրամներ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկի գործունեությունը սահմանված է Շվեյցարիայի սահմանադրության 99-րդ հոդվածով․
- Գումարային և արժութային գործը վարում է Կոնֆեդերացիան, նրան է պատկանում մետաղադրամների ու թղթադրամների թողարկման իրավունքը։
- Շվեյցարիայի ազգային բանկը, որպես անկախ կենտրոնական բանկ, իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որը ծառայում է ամբողջ երկրի ընդհանուր շահին։ Այն ղեկավարվում է Կոնֆեդերացիայի մասնակցությամբ և վերահսկողությամբ։
- Բանկն իր եկամուտներից ձևավորում է բավականաչափ տարադրամային ռեզերվներ, որոնց մի մասը պահվում է ոսկով։
- Բանկի մաքուր շահույթի ոչ պակաս, քան երկու երրորդը ուղղվում է կանտոններին[3]։
Բանկի գործունեությունն առավել մանրամասն ներկայացված է Ազգային բանկի մասին Շվեյցարիայի դաշնային օրենքում։
Բանկի հիմնական խնդիրներն են․
- Ապահովել շվեյցարական ֆրանկի լիկվիդայնությունը շուկայում,
- ապահովել կանխիկ փողի թողարկումն ու բաշխումը,
- իրականացնել անկանխիկ հաշվարկներ,
- ղեկավարել տարադրամային ռեզերվները,
- վերահսկել ֆինանսական համակարգի կայունությունը։
Բանկը մասնակցում է միջազգային արժութային համագործակցությանը՝ այդ նպատակով համագործակցելով Դաշնային խորհրդի հետ՝ համաձայն գործող դաշնային օերնսդրությանը։
Բանկը Կոնֆեդերացիային մատուցում է բանկային ծառայություններ՝ գործելով կոմպետենտ դաշնային կառույցների անունից[2]։
Ոսկու տարադրամային ռեզերվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի վերջին ոսկու տարադրամային ռեզերվը կազմում էր 140 միլիարդ շվեյցարական ֆրանկ, ինչը 61 միլիարդով ավելի էր, քան 2008 թվականին։ Դա հիմնականում պայմանավորված էր 45 միլիարդ շվեյցարական ֆրանկի չափով օտարերկրյա արժույթի ձեռքբերմամբ։ 2009 թվականին ռեզերվների 18%-ը պահվում էր ոսկու, իսկ 46%-ը՝ արժույթի տեսքով[4]։ 2014 թվականի օգոստոսին տարադրամային ռեզերվը կազմում էր 453,86 միլիարդ շվեյցարական ֆրանկ (495,77 միլիարդ ամերիկյան դոլար)[5]։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկի ղեկավար օրգաններն են բանկային խորհուրդը (Bankrat, Conseil de banque) և ղեկավարների խորհուրդը (Direktorium, Directoire)։ Բանկային խորհուրդը հսկողություն է իրականացնում Շվեյցարիայի ազգային բանկի գործունեության նկատմամբ։ Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չորս տարի է, իսկ ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել տասներկու տարին։ Բանկային խորհուրդը կազմված է 11 անդամից, որոնցից 6-ը, այդ թվում՝ նախագահը և փոխնախագահը, նշանակվում են Դաշնային խորհրդի, իսկ 5-ը՝ բաժնետերերի խորհրդի (Generalversammlung) կողմից։
Ղեկավարների խորհուրդն ունի երեք անդամ, որոնք նշանակվում են Դաշնային խորհրդի կողմից․
- Թոմաս Յորդան՝ նախագահ
- Ֆրիտց Ցուրբրյուգ՝ փոխնախագահ
- Անդրեա Մեհլեր՝ խորհրդի անդամ
Ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմում ընդգրկված են․
- Թոմաս Մոզեր
- Մարտին Շլեգել
- Դեվետ Մոզեր[6]
Խորհրդի յուրաքանչյուր անդամ ղեկավարում է բանկի դեպարտամենտներից մեկը․
- Առաջին դեպարտամենտը կազմված է յոթ բաժնից՝ տնտեսական հարցերի բաժին, միջազգային արժութային համագործակցության հարցերի բաժին, իրավական և գույքային հարցերի բաժին, գլխավոր քարտուղարություն, ներքին աուդիտորների բաժին, իրավական նորմերի կարգավորման բաժին և կայունացնող ֆոնդ։
- Երկրորդ դեպարտամենտը կազմված է երեք բաժնից՝ ֆինանսների և ռիսկերի հարցերի բաժին, ֆինանսական կայունության հարցերի բաժին և դրամական կարգավորման հարցերի բաժին։
- Երրորդ դեպարտամենտը կազմված է երեք բաժնից՝ ֆինանսական շուկայի բաժին, բանկային գործողությունների բաժին և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժին։
Բաժնետիրական կապիտակի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանոնադրական (ուստավային) կապիտալն ունի 100 000 բաժնետոմս։ Ըստ 2016 թվականի տվյալների՝ բաժնետոմսերի 52%-ը պատկանում է կառավարությանը (կանտոններին և կանտոնային բանկերին)։ Շվեյցարիայի դաշնային կառավարությունը բաժնետոմսեր չունի։ Բաժնետոմսերի 48%-ը պատկանում է շուրջ 2200 մասնավոր ներդրողների։ Ամենախոշոր մասնավոր բաժնետերը Մյունխենի համալսարանի պրոֆեսոր, գործարար Թեո Զիգերտն է, որին պատկանում է բանկի բաժնետոմսերի շուրջ 7%-ը։ Բաժնետոմսերը գնորոշվում են Շվեյցարական բորսայում։ Սովորաբար շահութաբաժինը տարեկան կազմում է 15 շվեյցարական ֆրանկ և չի կարող գերազանցել կանոնադրական կապիտալի 6%-ը[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.snb.ch/en/mmr/reference/hist_fest_snb_2007/source/hist_fest_snb_2007.en.pdf
- ↑ 2,0 2,1 Federal Act on the Swiss National Bank Արխիվացված 2018-11-10 Wayback Machine, The portal of Swiss government(անգլերեն)
- ↑ «Конституция Швейцарии». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Swiss National Bank Accountability report for 2009» (pdf) — Отчёт банка за 2009 год. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Monthly Statistical Bulletin October 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Direktorium» (գերմաներեն) — Совет правления банка. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Кто пытается купить Национальный банк Швейцарии?». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ В Швейцарии нашлась альтернатива надежным активам Արխիվացված 2018-04-16 Wayback Machine Ведомости