Դրամի շուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրամի շուկա, ֆինանսական շուկայի կարևոր հատված, որտեղ դրամական միջոցները վաճառվում են մինչև մեկ տարի ժամկետով։ Դրամի շուկան իր մեջ ներառում է և՛ փոխատվական կապիտալի, և՛ արժեթղթերի շուկաներից հատվածներ։

Դրամի շուկան իր հերթին ստորաբաժանվում է մի քանի առանձին շուկաների, որտեղ կատարվում են առանձին պարտավորությունների ու ֆինանսական գործիքների առք և վաճառքը։ Այդ շուկաներից են օրինակ, պետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջբանկային վարկերի, արտարժույթի,բանկային հավաստագրերի, առևտրային արժեթղթերի, մուրհակների շուկաները։

Դրամի շուկաները ֆինանսավարկային ու նաև այլ կազմակերպություններին ապահովում են իրենց ակտիվների իրացվելիության ապահովման համար արդյունավետ ֆինանսական գործիքներով։ Քանի որ դրամական միջոցների մուտքերի ժամկետները մեծ մասամբ չեն համընկնում ծախսերի կատարման ժամկետների հետ, տնտեսավարող անձիք, ֆինանսական ինստիտուտները, առևտրային կամ արդյունաբերական կազմակերպությունները, պետական կառույցները ժամանակ առ ժամանակ առերեսվում են իրենց ակտիվների իրացվելիության կառավարման խնդիրների հետ, որոնք կարգավորվում են դրամի շուկայի օգնությամբ և միջոցով։ Օրինակ, եթե որևէ կազմակերպություն ունի ժամանակավորապես ազատ դրամական միջոցներ, նա կարող է այդ միջոցներն ուղղել դրամի շուկա՝ ներդրելով դրանք բանկային հավաստագրերում, կարճաժամկետ փոխառություններում կամ առևտրային արժեթղթերում կամ էլ դրամի շուկայի այլ գործիքներում, և ստանալ որոշակի եկամուտ։

Դրամի շուկաները տնտեսության մեջ կատարում են յուրահատուկ կուտակիչի դեր՝ դրանք մի կողմից հավաքագրում են տնտեսության մեջ ժամանակավորապես ազատ դրամական միջոցները և մյուս կողմից այդ միջոցները տրամադրում են դրանց կարիքն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին։

Դրամի շուկայի ֆինանսական գործիքները պետք է ունենան հետևյալ բնութագրերը՝

  1. չվճարումների ցածր ռիսկը,
  2. դրանց արժեքի տատանման ցածր ռիսկը,
  3. բարձր իրացվելիությունը,
  4. գործարքային ցածր ծախսերը։

Դրամի շուկայի գործիքները, բացի վերը նշված բնութագրիչներից, պետք է ունենան ստանդարտ վավերապայմաններ, իսկ դրանց թողարկողները պետք է ունենան ֆինանսատնտեսական լավ ցուցանիշներ և բարձր վարկանիշ։

Դրամի շուկայի պետական կարգավորումն իրականացվում է բանկային համակարգը կարգավորող լիազորված պետական մարմնի կողմից։ Մեր հանրապետությունում այն իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, իսկ օրինակ, ԱՄՆ-ում Ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից, իսկ մի շարք այլ երկրներում՝ ազգային բանկերի կողմից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Բադանյան, Կ․ Աբգարյան, Գ․ Չատինյան, Ա․ Մաթևոսյան և ուրիշներ (2.8.2021). «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ». Երևան: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան. էջ 49-55.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)