Ֆինանսական գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսական գործիք, պայմանագիր, որը մի կազմակերպությունում առաջացնում է ֆինանսական ակտիվ, մյուսում` ֆինանսական պարտավորություն կամ բաժնային գործիք: Ֆինանսական ակտիվի (նաև դրամական միջոց, այլ կազմակերպության բաժնային գործիք, պայմանագրային իրավունք) միջոցով կարելի է այլ կազմակերպությունից ստանալ դրամական միջոց կամ այլ ֆինանսական ակտիվ, ինչպես նաև այլ կազմակերպության հետ, իր համար պոտենցիալ նպաստավոր պայմաններով, փոխանակել ֆինանսական ակտիվներ կամ ֆինանսական պարտավորություններ: Ֆինանսական ակտիվի օրինակ է դեբիտորական պարտքը, բանկերում ավանդադրված գումարը և այլն: Ֆինանսական պարտավորությունը պայմանագրային պարտականություն է, որի միջոցով այլ կազմակերպությանը կարելի է տրամադրել դրամական միջոց կամ այլ ֆինանսական ակտիվ և այլ կազմակերպության հետ, իր համար պոտենցիալ ոչ նպաստավոր պայմաններով, փոխանակել ֆինանսական ակտիվներ կամ ֆինանսական պարտավորություններ: Ֆինանսական պարտավորության օրինակ է ստացված վարկը, բյուջեի գծով պարտավորությունը, ձեռքբերված նյութերի գծով կրեդիտորական պարտքը: Տրված (ստացված) կանխավճարը ֆինանսական ակտիվ (պարտավորություն) չէ: Բաժնային գործիքը պայմանագիր է, որը հավաստում է կազմակերպության` բոլոր պարտավորությունները հանելուց հետո մնացած ակտիվների բաժնի նկատմամբ իրավունք: Բաժնային գործիքի օրինակ է բաժնետիրական ընկերության սովորական բաժնետոմսերը: Հաշվետու կազմակերպությանը պատկանող մեկ այլ կազմակերպության բաժնետոմսերը հաշվետու կազմակերպության համար ֆինանսական ակտիվ են, իսկ մյուսի համար` բաժնային գործիք[1]:

Ֆինանսական ակտիվների և ֆինանսական պարտավորությունների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի համաձայն` ֆինանսական գործիքների տարատեսակներ են հիմնական ֆինանսական գործիքները (առևտրական դեբիտորական պարտքերը, դրամական միջոցները և այլն) և այլ ֆինանսական գործիքները (ֆյուչերսային, ֆորվարդային պայմանագրերը և այլն):

Ըստ ՖՀՄՍ 9-ի՝ ֆինանսական ակտիվները դասակարգվում են որպես. ամորտիզացված արժեքով չափվող, իրական արժեքով չափվող` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով, իրական արժեքով չափվող` շահույթի կամ վնասի միջոցով, իսկ ֆինանսական պարտավորությունները` ամորտիցացված արժեքով չափվող, իրական արժեքով չափվող` շահույթի կամ վնասի միջոցով:

Ֆինանսական ակտիվը պետք է չափվի ամորտիզացված արժեքով, եթե բավարարվում են հետևյալ 2 պայմանները`

  • ֆինանսական ակտիվը պահվում է բիզնես մոդելի շրջանակում, որի նպատակն է պայմանագրային դրամական հոսքերի հավաքման համար ֆինանսական ակտիվներ պահելը, և
  • ֆինանսական ակտիվի պայմանագրային պայմանները որոշակի ամսաթվերին առաջացնում են դրամական հոսքեր, որոնք բացառապես մայր գումարի և չմարված մայր գումարի վրա հաշվարկված տոկոսների վճարումներ են:

Ֆինանսական ակտիվը պետք է չափվի իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով, եթե բավարարվում են հետևյալ 2 պայմանները`

  • ֆինանսական ակտիվը պահվում է բիզնես մոդելի շրջանակում, որի նպատակն իրագործվում է թե պայմանագրային դրամական հոսքերի հավաքման միջոցով, թե ֆինանսական ակտիվներ վաճառելով, և
  • ֆինանսական ակտիվի պայմանագրային պայմանները որոշակի ամսաթվերին առաջացնում են դրամական հոսքեր, որոնք բացառապես մայր գումարի և չմարված մայր գումարի վրա հաշվարկված տոկոսների վճարումներ են:

Ֆինանսական ակտիվը պետք է չափվի իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով, բացառությամբ երբ այն չափվում է ամորտիզացված արժեքով կամ իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով:

Ֆինանսական գործիքների ճանաչում և չափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը ֆինանսական ակտիվը կամ ֆինանսական պարտավորությունն իր ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում պետք է ճանաչի այն և միայն այն դեպքում, երբ դառնում է գործիքի պայմանագրային կողմ:

Սկզբնական չափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական գործիքի իրական արժեքը սկզբնական ճանաչման պահին սովորաբար գործարքի գինն է (այսինքն՝ վճարված կամ ստացված հատուցման իրական արժեքը: Սակայն, եթե վճարված կամ ստացված հատուցման մի մասը ֆինանսական գործիքի դիմաց չէ, ապա կազմակերպությունը պետք է չափի ֆինանսական գործիքի իրական արժեքը։ Օրինակ՝ ոչ տոկոսակիր երկարաժամկետ փոխառության կամ դեբիտորական պարտքի իրական արժեքը կարելի է չափել` որպես բոլոր ապագա դրամական միջոցների մուտքերի ներկա արժեք՝ զեղչված համանման պարտքային վարկանիշով համանման գործիքների (համանման՝ արժույթի, ժամկետի, տոկոսադրույքի տեսակի և այլ գործոնների տեսանկյունից) համար շուկայում գերակշռող տոկոսադրույքով (տոկոսադրույքներով): Փոխառությամբ տրված ցանկացած լրացուցիչ գումար ծախս է կամ եկամտի նվազեցում, եթե միայն այն չի համապատասխանում որևէ այլ տիպի ակտիվ ճանաչվելու պահանջներին: Եթե կազմակերպությունը տրամադրում է փոխառություն, որը կրում է շուկայականից տարբեր տոկոսադրույք (օրինակ՝ 5 տոկոս, երբ համանման փոխառությունների շուկայական տոկոսադրույքը 8 տոկոս է), և որպես հատուցում սկզբնապես գանձում է վճար, ապա կազմակերպությունը ճանաչում է փոխառությունն իր իրական արժեքով, այսինքն՝ ստացված վճարը հանած: Սկզբնական ճանաչման պահին ֆինանսական գործիքի իրական արժեքի լավագույն ապացույցը սովորաբար գործարքի գինն է (այսինքն` տրված կամ ստացված հատուցման իրական արժեքը)։ Եթե կազմակերպությունը որոշում է, որ սկզբնական ճանաչման պահին իրական արժեքը տարբերվում է գործարքի գնից, ապա կազմակերպությունը պետք է հաշվառի այդ գործիքն այդ ամսաթվով: Կազմակերպությունը պետք է սկզբնական ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունը ճանաչի որպես օգուտ կամ կորուստ։

Հետագա չափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության հետագա չափումը, ինչպես նաև օգուտների ու կորուստերի հետագա ճանաչումը պետք է համապատասխանի ՖՀՄՍ-ի պահանջներին։

ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի համաձայն` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կազմակերպությունը պետք է չափի հիմնական ֆինանսական գործիքները ամորտիզացված արժեքով՝ կիրառելով արդյունքային տոկոսադրույքի մեթոդը` առանց հանելու գործառնության հետ կապված որևէ ծախսում, որը կազմակերպությունը կարող է կրել վաճառքի կամ այլ օտարման դեպքում:

Ամորտիզացված արժեք և արդյունավետ տոկոսադրույքի մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության ամորտիզացված արժեքը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ստորև նշվածների զուտ գումարն է`

  1. գումարը, որով ֆինանսական ակտիվը կամ ֆինանսական պարտավորությունը չափվում է սկզբնական ճանաչման պահին,
  2. հանած հիմնական գումարի ցանկացած մարումներ,
  3. գումարած կամ հանած սկզբնական ճանաչման գումարի և մարման գումարի միջև ցանկացած տարբերության կուտակված ամորտիզացիան` հաշվարկված արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով,
  4. հանած ֆինանսական ակտիվի արժեզրկման կամ անհավաքագրելիության գծով ցանկացած նվազեցում:

Ֆինանսական ակտիվները և ֆինանսական պարտավորությունները, որոնք չունեն սահմանված (անվանական) տոկոսադրույք և դասակարգված են որպես ընթացիկ ակտիվներ կամ ընթացիկ պարտավորություններ, սկզբնապես չափվում են չզեղչված գումարով: Վերոնշյալ 3-րդ կետը չի կիրառվում դրանց նկատմամբ: Արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության ամորտիզացված արժեքի հաշվարկման և համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում տոկոսային հասույթի կամ տոկոսային ծախսի բաշխման մեթոդ է: Արդյունավետ տոկոսադրույքը այն դրույքն է, որը ֆինանսական գործիքի գործողության ակնկալվող ժամկետի համար, գնահատված դրամական միջոցների ապագա վճարումները կամ ստացվելիք գումարները ճշգրտորեն զեղչում է մինչև ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության հաշվեկշռային արժեքը: Արդյունավետ տոկոսադրույքը որոշվում է ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության սկզբնական ճանաչման պահի դրությամբ հաշվեկշռային արժեքի հիման վրա: Արդյունավետ տոկոսադրույքի մեթոդի համաձայն` ֆինանսական ակտիվի (պարտավորության) ամորտիզացված արժեքը ապագա դրամական մուտքերի (վճարումների) ներկա արժեքն է` զեղչված արդյունավետ տոկոսադրույքով, ժամանակաշրջանի տոկոսային ծախսը (հասույթը) հավասար է ժամանակաշրջանի սկզբի դրությամբ ֆինանսական պարտավորության (ակտիվի) հաշվեկշռային արժեքի և ժամանակաշրջանի արդյունավետ տոկոսադրույքի արտադրյալին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թաթուլ Մովսիսյան «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)/-Եր., «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ, 2020, 552 էջ