Շվեյցարիայի դաշնային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շվեյցարիայի դաշնային խորհուրդ
Bundesratsfoto 2019.jpg
Տեսակպետության կոլեկտիվ ղեկավար և ֆեդերալ կառավարություն
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Ստեղծման թվական1848
ՇտաբակայանՇվեյցարիայի դաշնային պալատ
Կայքwww.admin.ch

Շվեյցարիայի դաշնային խորհուրդ (գերմ.՝ Schweizerischer Bundesrat, ֆր.՝ Conseil fédéral suisse, իտալ.՝ Consiglio federale svizzero, ռոմանշ.՝ Cussegl federal svizzer), Շվեյցարական Համադաշնության ազգային կառավարությունը։ Միաժամանակ համարվում է պետության հավաքական ղեկավարությունը։ Չնայած ամբողջ խորհուրդը պատասխանատու է Համադաշնության ղեկավարության համար, բայց յոթ խորհրդականներից յուրաքանչյուրը ղեկավարում է իր նախարարությունը՝ դաշնային դեպարտամենտը։ Ներկայումս Դաշնային խորհրդի անդամներ են համարվում (ժամանակագրական հաջորդականությամբ)՝

  • Ուելի Մաուեր (ՇԺԿ), Ֆինանսների դաշնային դեպարտամենտ,
  • Սիմոնետա Սոմարուգա (ՍԴԿ), Շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի և հաղորդակցության դաշնային դեպարտամենտ,
  • Ալեն Բերսե (ՍԴԿ), Ներքին գործերի դաշնային դեպարտամենտ, փոխնախագահ՝ 2022 թվակական,
  • Գի Պարմելեն (ՇԱԿ), Տնտեսական հարցերի, կրթության և հետազոտությունների դաշնային դեպարտամենտ, նախագահ՝ 2021 թվակական,
  • Ինյացիո Կասիս (ՍԴԿ։ Լիբերալներ), Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտ, փոխնախագահ՝ 2021 թվակական, նախագահ՝ 2022 թվակական,
  • Վիոլա Ամերդ (ՔԴԱԿ), Պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտ,
  • Կարին Կելեր-Զուտտեր (ՍԴԿ։ Լիբերալներ), Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի դաշնային խորհուրդ (2018)

Դաշնային խորհրդի կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամները, 2021 թվական
Առաջին Դաշնային խորհրդի անդամները, 1848 թվական

Դաշնային խորհուրդը ստեղծվել է 1848 թվականին, Դաշնային Սահմանադրությամբ[1]։ Երբ Սահմանադրությունը գրվեց, հանրապետական ժողովրդավարությունը դեռ սաղմնային վիճակում էր, և Շվեյցարիայի հիմնադիր հայրերը քիչ օրինակներ ունեին։ Թեև նրանք մեծապես հիմնված էին ԱՄՆ Սահմանադրության վրա՝ դաշնային պետությունն ամբողջությամբ կազմակերպելու համար, նրանք գերադասեցին գործադիր իշխանության կոլեգիալ, այլ ոչ թե նախագահական համակարգը։ Շվեյցարիայում կոլեկտիվ կառավարման երկարատև ավանդույթը շարունակվեց։ Միջնադարից ի վեր Շվեյցարական միության կանտոնները կառավարվում էին նշանավոր քաղաքացիների խորհուրդներով, ավելի ուշ՝ Հելվետյան հանրապետությունը (Դիրեկտորիային համարժեք[2]), իսկ 1830 թվականից հետո կանտոնները՝ իրենց ազատական սահմանադրություններով, նույնպես այդ կարգի կառավարման լավ փորձ ունեին[3][4]։

Ներկայումս, բացի Շվեյցարիայից, միայն չորս պետություններ ունեն կոլեկտիվ, այլ ոչ թե միասնական պետության ղեկավար՝ Բոսնիա և Հերցեգովինան, Անդորրան, Սան Մարինոն և ԿԺԴՀ-ն։ Սակայն, կառավարման կոլեգիալ համակարգը լայնորեն տարածված է ժամանակակից խորհրդարանական ժողովրդավարական երկրներում՝ կոլեկտիվ պատասխանատվությամբ կառավարման տեսքով։

1848 թվականի սահմանադրական դրույթները, որոնք նախատեսում էին Դաշնային խորհուրդ, մինչ օրս մնացել են անփոփոխ, թեև շվեյցարական հասարակությունը դրանից հետո շատ է փոխվել։ Այսպիսով, Դաշնային խորհուրդը ներկայացնում է շարունակական ժողովրդավարական կառավարման աշխարհի հնագույն ավանդույթներից մեկը և համեմատելի է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի հետ։

Տարածաշրջանների հաշվեկշիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1999 թվականը օրենքը թույլ չէր տալիս կանտոնին Դաշնային խորհրդում մեկից ավելի ներկայացուցիչ ունենալ։ Դրա վերացումից հետո Խորհրդի տեղերը բաշխվում են ավելի արդարացիորեն երկրի կանտոնների և լեզվական տարածաշրջանների միջև՝ առանց կոնկրետ քվոտաներ սահմանելու։ Երբ խորհրդի անդամը հրաժարական է տալիս, նրան փոխարինողը սովորաբար ոչ միայն նույն կուսակցության անդամ է, այլև նույն լեզվական տարածաշրջանից։ Սակայն կան բացառություններ, օրինակ՝ 2006 թվականին ֆրանսախոս Ժոզեֆ Դեյսի հրաժարականից հետո նրա տեղը զբաղեցրեց գերմանախոս Դորիս Լոյթհարդը։

Պատմականորեն ձևավորվել է այնպես, որ Խորհրդում առնվազն երկու տեղ միշտ զբաղեցրել են ֆրանսախոս կամ իտալախոս շվեյցարացիները և մեկ կանտոն ունի ոչ ավելի, քան մեկ ներկայացուցիչ։ 2003-2007 թվականներին, սակայն, Դաշնային խորհրդի երկու անդամներ՝ Մորից Լոյենբերգերը և Քրիստոֆ Բլոխերը, ապրել են Ցյուրիխի կանտոնում։

Խորհրդի ներկայիս կազմը բաղկացած է երեք գերմանախոս անդամներից և երկու ֆրանսախոս ու իտալախոս անդամներից։

Կանայք խորհրդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայում կանայք դաշնային մակարդակով ընտրական իրավունք են ստացել 1971 թվականին։ Սակայն մինչև 1984 թվականի ընտրությունները նրանք դեռ ներկայացված չէին Դաշնային խորհրդում։

1984 թվականից ի վեր Դաշնային խորհուրդի կազմում ընդգրկվել է ինը կին, որոնցից հինգը դարձել են նախագահներ (երեքը՝ երկու անգամ)․

Դաշնային խորհրդի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնի Դաշնային պալատի արևմտյան թևի ինտերիերը, որտեղ անցկացվում են Դաշնային խորհրդի նիստերը:

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի Դաշնային խորհրդի յոթ անդամներից մեկը Դաշնային ժողովի կողմից ընտրվում է Կոնֆեդերացիայի նախագահ[5]։ Դաշնային ժողովը ընտրում է նաև փոխնախագահ։ Համաձայնությամբ խորհրդի յուրաքանչյուր անդամ յոթ տարին մեկ դառնում է փոխնախագահ, իսկ հաջորդ տարի՝ նախագահ։

Համադաշնության նախագահը պետության ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Նա նախագահում է Խորհրդի նիստերը և իրականացնում որոշակի ներկայացուցչական գործառույթներ, որոնք այլ երկրներում կատարում է պետության ղեկավարը[6]։ Արտակարգ իրավիճակներում նա իրավունք ունի գործելու ամբողջ Խորհրդի անունից։ Թեև նախագահը հավասարների մեջ առաջինն է, նա իշխանություն չունի խորհրդի մյուս վեց անդամների նկատմամբ[5]։

Նախագահը Շվեյցարիայի պետության ղեկավարը չէ (այս գործառույթն իրականացնում է ամբողջ խորհուրդը)։ Սակայն վերջերս սովորական է դարձել, որ նախագահը հանդես է գալիս և ճանաչվում որպես պետության ղեկավար արտասահմանյան պաշտոնական այցեր կատարելիս, քանի որ Խորհուրդը (նաև համաձայնությամբ) չի կարող ամբողջությամբ լքել երկիրը։ Ավելի հաճախ, սակայն, պաշտոնական այցեր արտերկիր իրականացվում են արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարի կողմից։

Խորհրդի նիստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային խորհուրդը հիմնականում աշխատում է ամենշաբաթյա ռեժիմով կազմակերպվող նիստերով, որոնք անցկացվում են ամեն չորեքշաբթի Բեռնի Դաշնային պալատում[6]՝ Շվեյցարիայի դաշնային կառավարության նստավայրում։

Յոթ անդամներից բացի ժողովներին մասնակցում են նաև դաշնային կանցլերը և երկու փոխկանցլերներ։ Դաշնային կանցլերը կառավարության և Դաշնային կանցլերի աշխատակազմի ղեկավարն է, նա մասնակցում է քննարկումներին, բայց իրավունք չունի քվեարկելու խորհրդի որոշումներում։ Սակայն նրա պաշտոնը սովորաբար համարվում է «Դաշնային խորհրդի ութերորդ անդամը»։ Առաջին փոխկանցլերը Դաշնային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչն է։ Նիստերիից հետո նա ամենշաբաթյա ճեպազրույց է տալիս։ Մեկ այլ փոխկանցլեր պատասխանատու է Դաշնային գրասենյակի և Դաշնային խորհրդի հատվածի համար։

Որոշումների ընդունումը և պատասխանատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային խորհրդի յուրաքանչյուր անդամ, լինելով կառավարական դեպարտամենտի ղեկավար, համապատասխանում է այլ երկրների կառավարությունների նախարարներին[7]։ Խոսակցականում և մամուլում նրանց հաճախ անվանում են նախարարներ։ Օրինակ՝ պաշտպանության, հանրային պաշտպանության և սպորտի դեպարտամենտի ղեկավարին անվանում են «Պաշտպանության նախարար», թեև պաշտոնապես նման պաշտոն գոյություն չունի։ Սակայն, որպես Խորհրդի անդամներ, նրանք պատասխանատու են ոչ միայն իրենց դեպարտամենտի, այլ նաև իրենց գործընկերների դեպարտամենտների, ինչպես նաև ընդհանրապես կառավարության գործունեության համար։

Խորհրդի կողմից ընդունված որոշումները միշտ պատրաստվում են պատասխանատու դեպարտամենտի կողմից[6]։ Օրինակ, դաշնային աշխատողների աշխատավարձերի փոփոխությունները Խորհրդին առաջարկում է Ֆինանսների դաշնային դեպարտամենտի ղեկավարը, որի գերատեսչությունը ներառում է Անձնակազմի դաշնային գրասենյակը։ Խորհրդի նիստում քվեարկությունից առաջ դեպարտամենտների ղեկավարների բոլոր առաջարկությունները գրավոր շրջանառվում են։ Դեպարտամենտների բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հանձնաժողովը` դաշնային գործակալությունների ղեկավարները, գրավոր պատասխան են պատրաստում քննադատություններին և առաջարկություններին։ Սա կոչվում է համազեկուցման ընթացակարգ, որն ուղղված է Խորհրդի նիստից առաջ կոնսենսուս ստեղծելուն[8]։

Կարևոր որոշումներին նախապատրաստվելու համար երբեմն անցկացվում են լրացուցիչ հանրային խորհրդակցություններ, որոնց հրավիրվում են կանտոնների, քաղաքական կուսակցությունների և հիմնական շահագրգիռ խմբերի ներկայացուցիչները, որոնց կարող են մասնակցել նաև հասարակության անդամները։ Եթե դաշնային օրենքում փոփոխություններ են կատարվում, դրանք պետք է ներկայացվեն Դաշնային ժողով։ Նման դեպքերում խորհրդակցությունների ընթացակարգը ծառայում է քաղաքական խնդիրների բացահայտմանը, որպեսզի կասեցվի օրինագծի ընդունումը, որը հետագայում կարող է ներկայացվել համաժողովրդական հանրաքվեի։

Որոշումները ձևականորեն ընդունվում են քվեարկությանը մասնակցողների հարցման միջոցով՝ նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ։ Որոշումների ճնշող մեծամասնությունն ընդունվում է կոնսենսուսով, թեև վերջին շրջանում նկատվում է ավելի ինտենսիվ քննարկումների միտում։

Քվեարկության գաղտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային խորհրդի նիստերը և քվեարկության արդյունքները փակ են հանրության համար, իսկ ձայնագրությունները մնում են կնքված 50 տարի։ Սա վերջերս որոշ քննադատության առարկա է դարձել։ Մասնավորապես, ծայրահեղ քաղաքական կարծիքի քաղաքական գործիչները պնդում են, որ գաղտնիությունը հակասում է թափանցիկության սկզբունքին։ Այնուամենայնիվ, Խորհուրդը միշտ կարծում է, որ անհրաժեշտ է հասնել կոնսենսուսի և պահպանել առանձին անդամների կոլեգիալությունն ու քաղաքական անկախությունը։

Չնայած գաղտնիությանը, Խորհրդում քվեարկության մանրամասները և փաստարկները երբեմն արտահոսում են մամուլ, ինչը արտահոսք թույլ տված աշխատակցի նկատմամբ հանգեցնում է (որպես կանոն անհաջող) հետաքննությունների և քրեական հետապնդումների։

Սահմանադրական կոնվենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային խորհրդի՝ որպես քաղաքական հակառակորդների կամավոր մեծ կոալիցիայի յուրահատուկ բնույթի պատճառով, նրա գործողությունները կարգավորվում են բազմաթիվ սահմանադրական կոնվենցիաներով։ Ամենաուշագրավը կոլեգիալության սկզբունքն է, այն է՝ անդամները չպետք է հրապարակավ քննադատեն միմյանց, թեև հաճախ քաղաքական հակառակորդներ են։ Փաստորեն, նրանք պետք է հրապարակայնորեն աջակցեն Խորհրդի բոլոր որոշումներին, եթե նույնիսկ դրանք հակասում են իրենց անձնական համոզմունքներին կամ իրենց քաղաքական կուսակցության կարծիքին[6]։ Շատ դիտորդների աչքում այս կոնվենցիայի կիրառումը 2003 թվականի ընտրություններից հետո Խորհրդում լարվածության հանգեցրեց։

Ընտրություններ և հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային խորհրդի անդամներն ընտրվում են չորս տարի ժամկետով Դաշնային ժողովի երկու պալատների համատեղ նիստում։ Խորհրդի յուրաքանչյուր անդամ ընտրվում է անհատական գաղտնի քվեարկությամբ, ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Շվեյցարիայի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի ունի դրա իրավունքը, սակայն գործնականում միայն խորհրդարանի անդամները կամ, հազվադեպ, կանտոնային կառավարության անդամները, որոնք առաջադրվել են քաղաքական կուսակցությունների կողմից, ստանում են զգալի թվով ձայներ։ Քվեարկությունն իրականացվում է մի քանի փուլով. առաջին երկու փուլերում յուրաքանչյուրը կարող է մուտքագրել իր անունը, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ փուլում նվազագույն թվով ձայներ ստացած թեկնածուն հանվում է ընտրություններին մասնակցելուց մինչև մեկ թեկնածու չստանա բացարձակ մեծամասնություն։

Խորհրդի տեղերը բաշխվում են չգրված համաձայնագրի համաձայն, ուստի Դաշնային խորհրդի ընտրությունները հիմնականում համարվում են հնապաշտական միջոցառում։ Սովորաբար, թափուր տեղը զբաղեցնող կուսակցությունը Դաշնային ժողովին ներկայացնում է հիմնական տեսակետներով երկու թեկնածուի, որն այնուհետ ընտրում է նրանցից մեկին։ Սակայն 2003 թվականի ընտրությունների ընթացքում, որոնք ամենավիճահարույցն էին վերջին տարիներին, փոխվեց ուժերի հարաբերակցությունը։

Ընտրվելուց հետո Խորհրդի անդամները մնում են իրենց քաղաքական կուսակցությունների անդամներ, սակայն դրանցում առաջատար պաշտոններ չեն զբաղեցնում։ Իրականում, նրանք սովորաբար որոշակի քաղաքական հեռավորություն են պահպանում կուսակցության ղեկավարությունից, քանի որ, կոլեգիալության կանոններին համապատասխան, նրանք հաճախ ստիպված են հրապարակայնորեն աջակցել Խորհրդի որոշումներին, որոնք չեն համընկնում իրենց կուսակցության կամ իրենց քաղաքական համոզմունքների հետ։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարի ժամկետով ընտրվելուց հետո Դաշնային խորհրդի անդամը չի կարող պաշտոնանկ արվել անվստահություն հայտնելու կամ իմպիչմենտով։ Չափազանց հազվադեպ է պատահում, որ խորհրդարանը նիստի ժամանակ չվերընտրի խորհրդի անդամներին։ Նման դեպք տեղի է ունեցել ընդամենը չորս անգամ, տարբեր տարիների չեն վերընտրվել՝ Ուլրիխ Օքսենբայնը 1854 թվականին, Ժան-Ժակ Շալե-Վենելը 1872 թվականին, Ռութ Մեցլեր-Առնոլդը 2003 թվականին և Քրիստոֆ Բլոխերը 2007 թվականին[9]։ Գործնականում Խորհրդի անդամները ծառայում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն որոշել հրաժարական տալ և անցնել անձնական կյանքի, որպես կանոն՝ երեքից հինգ ժամկետից հետո։

Խորհրդի անդամների կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդի անդամների կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի Դաշնային խորհուրդը և Շվեյցարիայի բնակիչները

Ի տարբերություն այլ երկրների կառավարության բարձրաստիճան անդամների մեծ մասի, Դաշնային խորհրդի անդամները պաշտոնական բնակարանի իրավունք չունեն։ Շատ դեպքերում նրանք նախընտրում են Բեռնում բնակարան կամ հյուրանոց վարձակալել (իրենց հաշվին)։ Ներկայումս միակ բացառությունը Մորից Լոյենբերգերն է, ով ամեն օր գնացքով Ցյուրիխից Բեռն է մեկնում։ Այնուամենայնիվ, նրանք իրավունք ունեն օգտվելու Կերզացում գտնվող Լոն պալատից, տոնակատարությունների, ինչպես նաև Շվեյցարիայի պաշտոնական հյուրերի ընդունելության ժամանակ։

Չնայած Խորհրդի անդամները կարող են օգտվել բանակի ծառայություններից, եթե նրանց անձնական պաշտպանության կարիք է առաջանում (հատկապես պաշտոնական միջոցառումների ժամանակ), նրանց սովորաբար կարելի է հանդիպել առանց ուղեկցության Բեռնի փողոցներում, ռեստորաններում և տրամվայներում[10]։ Նրանք նաև իրավունք ունեն անձնական դատական պրիստավ (Weibel) ունենալ, որը գունագեղ համազգեստով ուղեկցում է նրանց պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Այս ավանդույթը գալիս է հին շվեյցարական կանտոնների հանրապետական իշխանություններից և հին հռոմեական հանրապետության պաշտոնյաների թիկնապահներից։

Խորհրդի անդամների ամուսինները չեն մասնակցում կառավարության պաշտոնական գործերին, բացառությամբ պաշտոնական ընդունելությունների ընթացքում ուղեկցելուց։

Աշխատավարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային խորհրդի անդամը տարեկան ստանում է մոտ 400 հազար շվեյցարական ֆրանկ (CHF) (մոտ 256,000 եվրո կամ 370,000 դոլար) վարձատրություն[11]։ Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նրանք իրավունք ունեն ստանալ տարեկան բազմամյա կենսաթոշակ՝ այդ գումարի կեսի չափով։

Թեև Խորհրդի անդամներին օրենքով արգելված է իրենց պաշտոնավարման ընթացքում զբաղեցնել որևէ այլ պաշտոն, նրանց համար սովորություն է դարձել պաշտոնը թողնելուց հետո շահութաբեր բիզնեսներ ձեռնարկելը, օրինակ՝ շվեյցարական խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդներում ընդգրկվելը։

Անձեռնմխելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային խորհրդի անդամները, ինչպես և խորհրդարանի անդամները, իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում օգտվում են բացարձակ իրավական անձեռնմխելիությունից։

Հանցագործությունների և իրավախախտումների համար, որոնք կապված չեն իրենց ծառայողական պարտականությունների հետ, նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել միայն Դաշնային խորհրդի թույլտվությամբ։ Դատախազը կարող է բողոքարկել թույլտվություն տրամադրելու մերժումը Դաշնային ժողովին[12]։

Խորհրդի անդամների պաշտոնական գործունեության հետ կապված հանցագործությունների և իրավախախտումների համար քրեական հետապնդումը պահանջում է Դաշնային ժողովի համաձայնությունը։ Նման դեպքերում խորհրդարանը կարող է կասեցնել նրա լիազորությունները (բայց ոչ պաշտոնանկ անել)[13]։

Դաշնային կանցլերի գրասենյակի պաշտոնական հայտարարության համաձայն[14], Դաշնային խորհրդի անդամի դեմ մեղադրանքների մի քանի դեպքերից և ոչ մեկում հետապնդման թույլտվություն չի տրվել։ Սակայն, խորհրդի անդամներից մեկը, ով ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից էր դարձել իր հրաժարականի ամսաթվից անմիջապես առաջ, կամավոր հրաժարվել էր իր անձեռնմխելիությունից, իսկ Էլիզաբեթ Կոպը որոշեց հեռանալ պաշտոնից՝ պաշտոնական գաղտնիքների բացահայտման մասին հաղորդումներից հետո։

Գնահատում և փոփոխության կոչեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն Շվեյցարիայի կոլեգիալ կառավարությունը միջազգային և ազգային մակարդակով գնահատվել է որպես բացառիկ կայուն և իրավասու։ Դաշնային խորհուրդը, որպես ամբողջություն (չնայած ոչ առանձին անդամներ), վայելում է բնակչության ավելի քան վաթսուն տոկոսի շարունակական հավանությունն ու վստահությունը, հնարավոր է նաև այն պատճառով, որ շվեյցարական ուղղակի ժողովրդավարության համակարգում ընտրողները կարող են բացահայտորեն արտահայտել իրենց դժգոհությունը կառավարության որոշումներից՝ որոշակի խնդիրների հետ կապված։

Սակայն, վերջերս մեղադրանքներ են հնչել, որ Դաշնային խորհուրդը հաճախ չափազանց դանդաղ է արձագանքում բողոքներին և առաջարկություններին, դիմադրում է փոփոխություններին և չափազանց թույլ է հզոր դաշնային բյուրոկրատիան կառավարելու համար։ Այս հարցերը լուծելու համար առաջարկվել են մի շարք փոփոխություններ, ներառյալ նախագահի լիազորությունների ընդլայնումը, բուն Դաշնային խորհրդի ընդլայնումը կամ Խորհրդի և դեպարտամենտների միջև նախարարների երկրորդ շերտի ավելացումը։ Այս առաջարկներից ոչ մեկը դեռևս չի ընդունվել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cst. art. 174»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-08-ին։ Վերցված է 2009-12-10 
  2. Директория в Историческом словаре Швейцарии
  3. «Федеральный департамент в Историческом словаре Швейцарии»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-30-ին։ Վերցված է 2009-12-10 
  4. Коллегиальная система в Историческом словаре Швейцарии
  5. 5,0 5,1 Information services of the Federal Chancellery (2008) The Swiss Confederation a brief guide 2008. — С. 42. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-11-ին։ Վերցված է 2009-12-10 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Information services of the Federal Chancellery (2008) The Swiss Confederation a brief guide 2008. — С. 43. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-11-ին։ Վերցված է 2009-12-10 
  7. Information services of the Federal Chancellery (2008) The Swiss Confederation a brief guide 2008. — С. 44—45. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-11-ին։ Վերցված է 2009-12-10 
  8. Information services of the Federal Chancellery (2008) The Swiss Confederation a brief guide 2008. — С. 46. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-11-ին։ Վերցված է 2009-12-10 
  9. Information services of the Federal Chancellery (2008) The Swiss Confederation a brief guide 2008. — С. 13. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-11-ին։ Վերցված է 2009-12-10 
  10. Information services of the Federal Chancellery (2008) The Swiss Confederation a brief guide 2008. — С. 41. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-11-ին։ Վերցված է 2009-12-10 
  11. Art. 1 of the Parliamentary Ordinance on the Salary and Pension of Magistrates
  12. Art. 61a of the Government and Administration Organisation Law
  13. Art. 14 of the Federal Law on the Responsibility of the Confederation and its Members of Authorities and Functionaries
  14. «Bisher stets immun: Wegen Albisguetli-Rede steht die Immunitat von Christoph Blocher erneut zur Debatte»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-17-ին։ Վերցված է 2009-12-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]