Մեղրակեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղրակեր
Մեղրակեր
Մեղրակեր
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Վերնաընտանիք Musteloidea
Ընտանիք Կզաքիսներ (Mustelidae)
Ենթաընտանիք Mellivorinae
Ցեղ 'Mellivora'
Տեսակ Մեղրակեր (M. capensis)
Միջազգային անվանում
Mellivora capensis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մեղրակեր կամ ճաղատ գորշուկ (լատին․՝ Mellivora capensis), Mustelidae ընտանիքին պատկանող տեսակ։ Տարածված է Աֆրիկայում և Ասիայում։ Հայտնի է իր վայրագությամբ և անվախությամբ, թեև ունի շատ փոքր չափեր[1][2]։ Գինեսի ռեկորդների գիրքն իր 1998-2003 թվականների հրատարակություններում մեղրակերին հռչակել է «աշխարհի ամենաանվախ կաթնասունը»[3][4]։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրակերի մազածածկույթն ունի սև ու սպիտակ գունավորում՝ հստակ տարանջատումներով։ Որպես կանոն՝ գլխից մինչև պոչն ընկած վերին հատվածը սպիտակ և մոխրագույն է։ Կողերի և մարմնի ստորին մասի, այդ թվում՝ դնչի և վերջույթների գունավորումը սև է։ Աֆրիկյան որոշ ջունգլիների շրջաններում, օրինակ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսում, հանդիպում են նաև ամբողջությամբ սև առանձնյակներ։ Մեղրակերները բավականին ամրակազմ են, վերջույթները և պոչը համեմատաբար կարճ են, իսկ առջևի թաթերի վրա կան սուր ճանկեր։ Գլուխը լայն է՝ կարճ սուր քթով, աչքերը փոքր են, ականջների տեսանելի մասեր չկան։ Մեղրակերի չափը հասնում է 77 սանտիմետրի՝ չհաշված պոչը, որի երկարությունը հասնում է 25 սանտիմետրի։ Քաշը տատանվում է 7-13 կիլոգրամի սահմաններում, արուներն էգերից մի փոքր ծանր են[5][6]։

Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրակերներն ակտիվ են հիմնականում մթնշաղին կամ գիշերը, սակայն մարդու կողմից անձեռնմխելի շրջաններում կամ սառը եղանակի դեպքում նրանց կարելի է տեսնել նաև ցերեկը։ Քնելու համար նրանք օգտագործում են ինքնուրույն փորած մեկից երեք մետր խորությամբ փոսերը, որոնք ունեն փափուկ նյութով պատված փոքր խցիկ։ Իրենց տարածքում մեղրակերներն ունեն մի քանի բույն, և քանի որ նրանք ամեն օր կատարում են հեռավոր արշավներ, գրեթե երբեք չեն գիշերում նույն տեղում երկու գիշեր անընդմեջ։ Սնունդ փնտրելիս նրանք տեղաշարժվում են գետնի վրայով, բայց երբեմն բարձրանում են նաև ծառերի վրա, հատկապես երբ ուզում են հասնել մեղրի մոտ, ինչը նրանք շատ են սիրում։

Ինչպես և Mustelidae ընտանիքի շատ այլ տեսակներ, մեղրակերներն ապրում են միայնակ և շատ հազվադեպ կարող են հանդիպել փոքր խմբեր, որոնք, որպես կանոն, երիտասարդ ընտանիքներ են կամ ամուրի երամներ։ Նրանք ունեն համեմատաբար խոշոր անհատական տարածքներ, որոնք ընդգրկում են մի քանի քառակուսի կիլոմետր։ Իրենց ներկայության մասին ցեղակիցներին տեղեկացնում են հատուկ սրբանային գեղձերի արտազատուկների միջոցով։

Մեղրակերները համարվում են շատ անվախ և նույնիսկ ագրեսիվ կենդանիներ, որոնք գրեթե չունեն բնական թշնամիներ[7]։ Նրանց շատ հաստ մաշկը (բացառությամբ որովայնի բարակ շերտի) առանձին դեպքերում չի կարող խոցվել նույնիսկ խոշոր գիշատիչ կատվազգիների և թունավոր օձերի ատամներով:

Մեղրակերը Ղազախստանի փոստային նամականիշի վրա, 2009

Մեղրակերների երկար ճանկերով դիմացի ուժեղ ոտքերը և ատամները համարվում են արդյունավետ պաշտպանական զենք։ Նրանք ժանտաքիսների նման կարողանում են գարշահոտ արձակել, երբ նրանց վրա հարձակվում են։ Երբ սպառնալիք են զգում, հարձակվում են կենդանիների վրա, որոնց չափը կարող է զգալիորեն գերազանցել իրենց չափին, այդ թվում՝ կովերի և գոմեշների վրա։ Իրենց արտաքին տեսքով, մարմնի կառուցվածքով, անվախությամբ, բնորոշ ագրեսիվ վարքագծով և ամենակերությամբ մեղրակերները հիշեցնում են Mustelidae ընտանիքին պատկանող մեկ այլ ներկայացուցչի՝ կուղխի[8][9][10][11]։

Մեղրակեր Պրահայի կենդանաբանական այգում

Մեղրակերները գիշատիչ կենդանիներ են։ Նրանք սնվում են տարբեր կրծողներով, ինչպես նաև ավելի մեծ տեսակների երիտասարդ առանձնյակներով, ինչպիսիք են աղվեսը կամ այծքաղը, թռչուններով և նրանց ձվերով, սողուններով, այդ թվում՝ փոքր կոկորդիլոսներով և օձերով (անգամ թունավոր), երկկենցաղներով, կենդանու դիակներով, միջատների թրթուրներով, կարիճներով և այլ անողնաշարավորներով։ Mustelidae ընտանիքի այլ տեսակների համեմատ մեղրակերները բուսական սնունդ քիչ են օգտագործում, սնվում են միայն հատապտուղներով, մրգերով, արմատներով և պալարներով։ Հատկանշական է մեղրի հանդեպ սերը, որտեղից էլ առաջացել է նրանց անվանումը։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ժամկետի մասին տարբեր տվյալներ կան, ինչը, հավանաբար, պայմանավորված է բեղմնավորված ձվաբջջի զարգացման տատանվող տեմպով։ Զուգավորումից մինչև ծնունդ տևում է հինգ կամ վեց ամիս, բայց անմիջական հղիությունը, հավանաբար, կարճ է։ Ծնում են երկուսից չորս ձագ։ Մատղաշն իր մոր հետ մնում է բավականին երկար, հաճախ՝ ավելի քան մեկ տարի։ Վայրի բնության մեջ մեղրակերի կյանքի տևողությունն անհայտ է, անազատության մեջ ապրում է մինչև 24 տարի[12]։

Մինչ օրս չի ուսումնասիրվել օձերի թույնի հանդեպ մեղրակերների անսովոր արձագանքը։ Արտաքին արձագանքը կծելուց հետո կարծես ջղաձգություն և մահ է, բայց հետագայում (2 ժամ անց) կենդանին վերակենդանանանում է և վերադառնում նորմալ կյանքին[13]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրակերը խորհրդային փոստային նամականիշի վրա, 1987

Մեղրակերների արեալն ընդգրկում է Աֆրիկայի և Ասիայի մեծ մասը։ Աֆրիկայում հանդիպում են գրեթե ամենուր՝ Մարոկկոյից և Եգիպտոսից մինչև Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Ասիայում նրանց տարածման տերիտորիան ընդգրկում է Արաբական թերակղզուց մինչև Միջին Ասիա ընկած տարածքը, ինչպես նաև մինչև Հնդկաստան և Նեպալ։ Մեղրակերներն ապրում են տարբեր կլիմայական գոտիներում, այդ թվում՝ մինչև 3000 մետր բարձրությամբ տափաստաններում, անտառներում և լեռնային շրջաններում։ Սակայն նրանք խուսափում են շատ շոգ կամ խոնավ շրջաններից, ինչպիսիք են անապատները կամ արևադարձային անտառները։

Մեղրակեր և մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իրենց լայն աշխարհագրական տարածմանը՝ մեղրակերները հազվադեպ են հանդիպում, քանի որ կենդանիներից յուրաքանչյուրն ապրում է սեփական շատ մեծ տարածքում։ Մարդիկ նրանց ավելի շուտ ընկալում են որպես վնասատուներ, քանի որ մեղր փնտրելիս նրանք ոչնչացնում են մեղվի բները, ինչպես նաև երբեմն ներթափանցում են հավաբներ՝ ընտանի թռչուն գողանալու համար։ Թունավորված խայծերի և թակարդների օգնությամբ մեղրակերների դեմ պայքարը հանգեցրել է նրան, որ նրանց պոպուլյացիան որոշ շրջաններում, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայում, զգալիորեն նվազել է։ Դրա հետ մեկտեղ, մեղրակերն այսօր ներառված չէ անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների ցանկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zambatis N. The honey badger — a tough customer. // Fauna and Flora. — 1970. — No. 27 — P. 1. Цитата: "For its ferocity and fearlessness the honey badger is surprisingly small."
  2. Luke Hunter, ‎Susan Rhind, ‎David Andrew. Watching Wildlife: Southern Africa. — 2002. — P. 239. Цитата: "their reputation for ferocity is well earned".
  3. The Guinness Book of Records. — 1998. — P. 119. Цитата: "BRAVEST MAMMAL".
  4. The Guinness Book of Records. — 2003. — P. 82. Цитата: "MOST FEARLESS MAMMAL"
  5. Rosevear 1974, էջ. 113
  6. «Kingdon 1977. The Virtual Sett – The data». badgers.org.
  7. «Медоеды». dynozavri.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  8. Lenain, D., & Ostrowski, S. (1998). Opportunistic predation of trapped mammals by the ratel, Mellivora capensis wilsoni. Zoology in the Middle East, 16(1), 13–18.
  9. Wroe, S., & Milne, N. (2007). Convergence and remarkably consistent constraint in the evolution of carnivore skull shape. Evolution, 61(5), 1251–1260.
  10. Sheppey, K., & Bernard, R. T. F. (1984). Relative brain size in the mammalian carnivores of the Cape Province of South Africa. African Zoology, 19(4), 305–308.
  11. Ahasan, S. A., Iqbal, M. S., & Shakif-Ul-Azam, M. (2010). Prevalence of parasitic infestations in captive wild carnivores at Dhaka Zoo(չաշխատող հղում). Magazine of Zoo Outreach Organisation, 25(6), 34.
  12. Rosevear 1974, էջ. 123
  13. «National geographic Documentary - Honey Badger». gizmodo.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ronald M. Nowak: Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցե՛ք «մեղրակեր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։
  • Vanderhaar, Jane M.; Hwang, Yeen Ten (2003 թ․ հուլիսի 30). «Mellivora capensis» (PDF). Mammalian Species (721): 1–8.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղրակեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղրակեր» հոդվածին։